HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հանքարդյունաբերությունը պետք է խիստ վերահսկվի Հայաստանում»,- կարծում է իռլանդացի լրագրողը

Կիրան Կուկը (Kieran Cooke) բնապահպանության և կլիմայի փոփոխության ոլորտում մասնագիտացած լրագրող է: Էկոլոգիական լրագրության թեմայով դասավանդում է «Dautsche Welle»-ի ակադեմիայում: Իռլանդացի է: Աշխատել է «BBC»-ում և «Financial Times»-ում: Այս օրերին գտնվում է Հայաստանում և վարում է Կովկասում կլիմայի փոփոխության վերաբերյալ դասընթացը  Հայաստանը, Վրաստանը, Աբխազիան, Հարավային Օսիան և Լեռնային Ղարաբաղը ներկայացնող լրագրողների համար: Կիրան Կուկի այս այցը Հայաստան առաջինը չէ, երրորդն է:

Բնապահպանական ի՞նչ հիմնական խնդիրներ են աչքի ընկում, երբ գալիս եք Հայաստան թե որպես օտարերկրացի, թե որպես լրագրող:

Որոշ բաներ անմիջապես տեսանելի է նաև ոչ լրագրողին: Ես կարծում եմ, որ առաջինը աղբի խնդիրն է այստեղ, բնակչության վերաբերմունքն է՝  գցել աղբը փողոցներում կամ այգիներում՝  լինի դա պլաստիկ իր կամ ծխախոտ: Կարող է թվալ, որ դա շատ փոքր, բայց նաև շատ ակնառու խնդիր է: Ես կարծում եմ, որ Հայաստանն, օրինակ, ուզում է զարգացնել զբոսաշրջությունը, ուրեմն պետք է մտածի այս խնդրի մասին, պետք է փոխի մարդկանց վերաբերմունքը՝ այլևս աղբը չփռել, որովհետև զբոսաշրջիկներն ուզում են գալ Հայաստան: Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, բայց նրանք չեն ուզում գալ և տեսնել եկեղեցին և դույլերով աղբը՝ լցրած դրա շուրջը:

Դա հատկապես աչք է ծակում Երևանո՞ւմ, թե՞ մարզերում նույնպես:

Ես տեսել եմ դա Երևանում, և տեսել եմ նաև Սևանա լճի շրջակայքում և այլ տեղերում: Հանկարծ տեսնում ես դույլերով աղբ: Ասենք՝ Գերմանիայից եկած այցելուին դա դուր չի գա: Նրանք չեն սիրում աղբ տեսնել շրջակայքում:

Երկրորդ խնդիրը հանքարդյունաբերությունն է: Հայաստանը մշտապես ասում է, որ ուզում է զարգացնել տնտեսությունը, աշխատատեղեր ունենալ: Մտահոգիչն այն է, որ եթե մարդիկ գալիս և ոչնչացնում են լանդշաֆտը, ինչպես հանքարդունաբերության դեպքում, դուք ոչնչացնում եք մի բան, որը երբևէ չի վերականգնվի: Շատ հանքարդյունաբերական ընկերություններ ասում են. «Օհ, մենք կարող ենք գալ և ծառեր տնկել, և ամեն ինչ ավելի լավ կլինի, քան նախկինում էր»: Այդպես չէ: Դուք ընտրություն ունեք՝ աշխատատեղով ապահովել, քանի որ հանքարդյունաբերական ընկերություններն ասում են. «Օհ, մենք 200 աշխատատեղ ենք բացում»: Դա հասկանալի է, մարդիկ սոված են, նրանց աշխատանք է պետք, փող է պետք: Կամ՝ կարող եք մտածել սնկերի, անտառների և բնամթերքի մասին, դրանք փաթեթավորելու և այլ երկրներին վաճառելու մասին: Այսինքն՝ այդպիսի արդյունաբերություն ձևավորել, այլ ոչ թե ոչնչացնող արդյունաբերություն ունենալ, ինչպես հանքարդյունաբերությունն է: Անշուշտ, Հայաստանն ունի հանքարդյունաբերական ռեսուրսներ, որը լավ է, սակայն դա պետք է վերահսկել:

Կլիմայի փոփոխման տեսանկյունից Հայաստանն ինչպիսի՞ դիրքերում է:

Երկարաժամկետ խնդիրը հենց սա է, և ես այստեղ եմ կլիմայի փոփոխման մասին խոսելու համար: Գուցե շատ մարդկանց թվա, որ սա մի խնդիր է, որն իրենց չի վերաբերում և առնչություն չունի, բայց փորձագետներն ասում են, որ Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա: Ավելի քիչ տեղումներ կլինեն: Գիտեմ, որ վերջերս բավականին շատ տեղումներ են եղել, սակայն երկարաժամկետ հատվածում անձրևները կնվազեն, և ջերմաստիճանը կբարձրանա: Եվ դա նշանակում է, որ մարդիկ պետք է փոխեն իրենց ապրելակերպը, իրենց տնտեսության կառավարման ձևերը, գուցե նաև այլ բուսատեսակներ պիտի մշակեն ապագայում: Ֆերմերներն ավանդապաշտ են, չեն ուզում փոփոխություններ մտցնել, բայց եթե չանեն դա, ո՞վ պետք է մթերք աճեցնի:

Հատապես ի՞նչ պետք է փոխեն:

Նրանք պետք է փոխեն ջուրն օգտագործելու ձևերը: Նրանք ավելի խնայողաբար պետք է օգտագործեն ջուրը՝ թե խմելու, թե ոռոգման: Նրանք պետք է ջուրը պահպանելու այլ ճանապարհներ մշակեն, ստորգետնյա ջրատարներ կառուցեն այնպես, որ արևը չտեսնի այդ ջուրը: Շատ տեղերում տեսել եմ, թե ինչպես է խողովակներից ջուրը կաթկթում: Ջուրը պահպանելու բավարար միջոցներ չեն ձեռնարկվում: Այնինչ ջուրը շատ կարևոր է: Գուցե նրանք մտածում են սերմերի մասին, բայց պետք է նաև մտածեն ավելի դիմացկուն տեսակների մասին, որոնք կարող են ավելի տաք եղանակային պայմաններում էլ աճեն: Մարդիկ պետք է մտածեն այս ամենի մասին, բայց կառավարությունը նույնպես պետք է ասի այդ մասին մարդկանց, պետք է անկեղծ լինի բնակչության հետ: Այո, հիմա դուք ունեք տեղումներ, բայց մտածեք՝ 10 տարի հետո կունենա՞ք, ի՞նչ կլինի այդ ժամանակ: Մտածեք ձեր երեխաների մասին: Մանավանդ որ Հայաստանը հարուստ երկիր չէ: 

Հայաստանը մեղավոր չէ կլիմայի փոփոխման համար, ինչպես և իմ երկիրը՝ Իռլանդիան: Մեղավոր են ԱՄՆ-ն, Չինաստանը և այլ երկրներ, բայց եթե փոփոխություններ չմտցնի, ապագան կանի դա: Շատ տվյալներ ցույց են տալիս, որ Երևանում և Արարատյան դաշտում մեծ փոփոխություններ են լինելու: Ջերմաստիճանը բարձրանալու է, և ինչ է հետո լինելու, ինչ են անելու մարդիկ: Ավելի շատ օդորակիչնե՞ր կգնեն, ավելի շատ փող կծախսեն օդարակիչների վրա, և ավելի շատ ջուր կծախսեն իրենց մթերքն աճեցնելու համար: Մարդիկ պետք է հասկանան, որ դա մի օր գալու է:

Իսկ ինչպե՞ս ճիշտ բացատրել սովորական քաղաքացուն, որ չանի մի շարք բաներ, որպեսզի չխթանի ածխաթթու գազի ավելացմանը, որը կբերի կլիմայի փոփոխության:

Դա շատ դժվար է: Կարծում եմ՝ երեխաներին կրթելը ուղիներից մեկն է: Բացատրել, որ կրակ անելիս դու նպաստում ես ածխաթթու գազի ավելացմանը, ուրեմն պետք չէ դա անել: Դու պետք է խնայես ջուրը: Երբեմն երեխաներն ավելի լավ են հասկանում, որովհետև երևակայություն ունեն, նման բաներն ընկալում են:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանը CO2 (ածխաթթու գազ) «արտադրող» երկիր չէ:

Ցավոք, չնայած Հայաստանը քիչ CO2 է «արտադրում», բայց դրա վտանգը չի նվազում, քանի որ ածխաթթու գազը սահմաններ չի ճանաչում, անձնագիր չի ճանաչում, գալիս է ամեն տեղից, կարող է գալ ԱՄՆ-ից, Արկտիկայից և Չինաստանից: Դա գլոբալ երևույթ է, և դա է խնդիրը, թե ինչ համաձայնություն պետք է լինի երկրների միջև: Դա մեկ կառավարության խնդիր չէ: Օրինակ՝ Հայաստանը կարող է ասել ավելի հարուստ երկրներին՝ մեզ գումար պետք է տաք, որպեսզի մենք էլ զարգացնենք մեր տնտեսությունը այն ճանապարհով, որը չի վնասի բնությունը, որովհետև դուք եք այդ խնդիրն առաջացրել, և մենք դրանում մեղավոր չենք:

Նկատելի՞ է, որ ՀՀ կառավարությունը հոգ է տանում բնությանը, դա օտարերկրացու համար տեսանելի՞ է:

Ինչպես բազմաթիվ երկրներում, Հայաստանում նույնպես տնտեսությունը առաջնային է կառավարության համար: Եվ դա պարզ է: Ես կարող եմ դա հասկանալ, քանի որ մարդիկ, ովքեր ընտրել են նրանց, աշխատանք են ուզում, ուզում են, որ տնտեսությունը լավ լինի, որ նրանք կարողանան փող վաստակել, ավելի շատ գումար ծախսել իրենց երեխաների կրթության համար, ավելի լավ տուն, մեքենա ունենալու համար: Բայց ամբողջ գաղափարն այն է, որ դու կարող ես հարուտ տնտեսություն ստեղծել, բայց չմտածել բնության մասին, և ասել, որ դրա մասին հետո կմտածենք: Ասենք՝ 10 տարի հետո: Դա լավ չէ, քանի որ տաս տարի հետո կարող է բնություն չլինել այլևս, եթե հիմա այդ մասին չմտածեք: Եվ ես կարծում եմ, որ երբեմն կառավարությունն ու պաշտոնյաները բավական երևակայություն չեն ունենում:

Նրանք մտածում են տնտեսության զարգացման մասին, դա նշանակում է հանքարդյունաբերություն և այլն: Իսկ ի՞նչ կասեք գյուղատնտեսության մասին, ի՞նչ կասեք մեղր, սունկ արդյունահանելու մասին, մթերք, որով Հայաստանը հայտնի է, բանջարեղեն, այսինքն՝ զարգացնել արդյունաբերության այդ ճյուղը: Այսինքն՝ բացի նրանից, որ ցեմենտի գործարան կառուցել, կառուցել նաև մթերքի արդյունահանման գործարան, փաթեթավորել կամ պահածոյացնել դրանք և վաճառել, ասենք, Լոնդոնին կամ Նյու Յորքին: 

Բնապահպանությանը պետք է առաջնություն տրվի, պետք է ավելի շատ գումար ներդնել, և հարկավոր է շատ մանրակրկիտ ուսումնասիրել հանքարդյունաբերական նախագծերը, որովհետև հանքարդյունաբերությունը մի բան է, որը ոչնչացնում է դաշտեր, տարածքներ, կտրվում են ծառեր, հոտ է լինում, ինչպես Ալավերդիում է: Դա պետք է խիստ վերահսկվի: Չպետք է թույլ տալ մարդկանց, որ գան և խոստումներ տան. «Ահա փողը, ես կբացեմ 2000 աշխատատեղ»: Պետք է նաև ասել, լավ, մենք տալիս ենք օրինական համաձայնություն, բայց դուք պետք է անեք սա, սա և սա: Եվ Արևմուտքում հիմա հանքարդյունաբերական ընկերությունների համար տրվող թույլտվությունները շատ խստապահանջ են, որովհետև ոչ ոք չի հավատում այլևս նրանց խոստումներին: Հետևաբար, ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը պետք է ավելի ուժեղ լինի հանքարդյունաբերության քաղաքականության հարցում:

Կլիմայի փոփոխությունը նաև ծառերի հատման հետ է կապված, եթե կտրում եք ծառերը, նաև հիվանդություններ եք բերում երկիր, օրինակ՝ եթե մալարիան անկում է ապրել երկրում վերջին տասնամյակում, ապա կարող է գլուխ բարձրացնել: Եվ իհարկե, ծառերը նաև շատ լավ են ջրային համակարգի պահպանման համար:

Հայաստանը հրաշալի երկիր է, ես կարող եմ երևակայել, որ շատ լավ է զբոսաշրջության տեսակետից, բայց կրկնում եմ՝ զբոսաշրջիկները չեն ուզում հյուրանոցում մնալ և պատուհանից շնչել հանքերից եկող հոտը, հատկապես դա զգալի է Ալավերդիում: Դա լավ գովազդ չէ երկրի համար:

Լուսանկարը՝ www.thetimes.co.uk-ից

Մեկնաբանություններ (4)

Michael Chambers
Hi Kieran, hope you are well. I get no reply from Ritas phone. Could you give me a contact please and love to Gene and the Boys. Ml and maura
Ընթերցող
Իսկ Իռլանդիայից ինչ որ վարսավիր չկա՞, գա մեզ հանքերի մասին խորհուրդներ տա
Հասմիկ
Մարդիկ, ովքեր դպրոցում չեն սովորել, չգիտեն, որ բնության մեջ ամեն ինչ կապակցված է, որ բնությունը չի ներում իրեն նեղացնողներին: Հարգելի ընթերցող, դպրոցական կրթությունը բավական է այդքանն իմանալու համար:
Հասմիկ
Այնպիսի տպավորույթուն է, կարշես թե մենք չգիտենք մեր երկրի հնարավորություններն ու ծնդիրները, պարզապես մենք չգիտես ինչու թույլ ենք տալիս որ ամեն մենկն գա ու ասի այդ մասին կամ սկսեն քարկոծել, ամբողջ աշխարհում գույթություն ունեն տուրիզմն ու հանքարդյունաբերությունն իրար հետ, պարզապես պետ է ճիշտ կազմակերպել ու վերջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter