HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պատվի համար. Դանիա-Հայաստան՝ 0-4

Մալթայի հավաքականին Երեւանում պարտվելուց 4 օր անց հայ Հայաստանի հավաքականը Կոպենհագենում ստիպեց դանիացի երկրպագուներին ծափահարել իրեն: Հաղթանակ 4-0 հաշվով: Այս հաշիվը խոշորագույնն է մեր թիմի հաղթանակների մեջ. նման արդյունք մեկ էլ գրանցվել էր «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Հայաստան-Անդորրա եւ Սլովակիա-Հայաստան խաղերի ժամանակ:

Մերոնք ու դանիացիները առաջին անգամ հանդիպել էին դեռ «Եվրո-1996»-ի ընտրական փուլում, երբ Երեւանում հյուրերը հաղթել էին 2-0, իսկ Կոպենհագենում՝ 3-1 հաշվով: Այն ժամանակ դանիացիները Եվրոպայի գործող չեմպիոններն էին, ու նրանց կազմում խաղում էին Պետեր Շմեյխելի ու Միքայել Լաուդրուպի նման աստղեր: Ժամանակները փոխվել են, սակայն Դանիան շարունակում է պահպանել ուժեղ թիմի համբավը (այս պահին վարկանիշով աշխարհում նրանք 20-րդն են, իսկ մեր թիմը՝ 89-րդը): Բայց երեկ Հայաստանի հավաքականը, թող անհամեստ չհնչի, գետնով տվեց դանիացիների համբավը:

Վարդան Մինասյանի թիմը հայ երկրպագուի առաջ պարզերես լինելու, սասանված հեղինակությունը վերականգնելու խնդիր ուներ գաճաճ Մալթային պարտվելուց հետո: Ընտրական փուլում 4 անընդմեջ պարտությունները այլեւս հիասթափեցրել էին հանդիսատեսին: Ճիշտ է՝ գործանականում գրեթե անհնար է հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը լուծելը, սակայն ընտրանին պարտավոր է հուսախաբ չանել իր երկրպագուներին թեկուզ գեղեցիկ խաղով, որը ցուցադրել է նախորդ շրջափուլում: Եվ երեկվա հանդիպումը խաղ էր սեփական պատվի համար: Հավաքականն ապացուցեց, որ ունի ներուժ, ապագա, պարզապես պակասում է կայունությունը, ինչը թերեւս ժամանակի հարց է:

Մինասյանը 4 փոփոխություն էր կատարել Մալթայի հետ խաղի համեմատ, եւ դրանք բոլորն էլ արդարացրին իրենց: Յուրա Մովսիսյանը դարձավ դուբլի հեղինակ, Գեւորգ Ղազարյանը ծանր ու արդյունավետ աշխատանք կատարեց կիսապաշտպանության ձախ եզրում, կարող էր նաեւ գոլ խփել, եթե դանիացիներին չօգներ դարպասաձողը, Արթուր Եդիգարյանը գրագետ գործեց հենակետային գոտում՝ չեզոքացնելով դաշտի տերերի գրոհները, իսկ Վարազդատ Հարոյանը շատ վստահ էր հատկապես երկրորդ հարկում, որտեղ պայքարում էր իրենից ավելի բարձրահասակ սկանդինավցիների դեմ:  

Խոստովանենք, որ դաշտի տերերի գլխին պաղ ցնցուղ եղավ հենց առաջին րոպեին Մովսիսյանի խփած գոլը: Իսկ 19-րդ րոպեին Արասի հարվածը պարզապես շոկ էր «Պարկեն» մարզադաշտում հավաքված դանիացիների համար: Օզբիլիզն իր տեխնիկական հնարքներով եւ կարճ տարածության վրա գնդակ վարելու ունակությամբ կարծես հիպնոսացնում էր դանիացիներին, որոնք սովոր են երկար ուղերթներով արագ գրոհների ու կոշտ պայքարի: Եթե առաջին դրվագում գեղեցիկ փոխանցում կատարեց Արասը, ապա երկրորդում աչքի ընկավ Վալերի Ալեքսանյանը, որը ձախ պաշտպանի իր գոտուց գնդակն ուղարկեց առջեւում հերթապահող մեր խաղացողին: Այստեղ էլ Օզբիլիզը պաշտպաններին «բռնեց» արհեստական խաղից դուրս վիճակ ստեղծելու անհաջող փորձի վրա ու մեն-մենակ մնաց դարպասապահ Անդերսենի դեմ՝ 0-2:

Բնականաբար, դանիացիները մտածում էին խաղը փրկելու մասին, քանի որ դեռ 70 րոպե կար, սակայն նրանց գործողություններում չկային բարձր արագություն, եզրային ճեղքումներ: Նույնը պետք է ասել մեր թիմի մասին: Պատճառներից մեկն այն է, որ թիմն առաջին հերթին մտածում էր դարպասը անառիկ պահելու մասին, երբ ավելի լավ է գնդակը հեռացնել անորոշ ուղղությամբ, քան մի պահ կանգնել ու փնտրել խաղընկերներին՝ ռիսկի դիմելով սխալվել ի օգուտ պրեսինգի դիմող մրցակցի: Այսպիսի հուզմունք նկատվեց գրեթե ամբողջ խաղի ընթացքում: Կարելի է բացառություն համարել միայն վերջին 10 րոպեն, երբ դաշտի տերերն իրոք հանձնվեցին: Շատ կարեւոր հանգամանք էր նաեւ խոտածածկի որակը, որի անհարթություններն ավելորդ դժվարություններին էին ստեղծում երկու թիմերի համար էլ:

Առաջին խաղակեսում որոշակի մտահոգության տեղիք տվեց կենտրոնական պաշտպանությունը. խոսքն առաջին հերթին Ռոբերտ Արզումանյանի մասին է, որն ամենափորձառուն է այդ գծում, սակայն հենց ինքը մի քանի դրվագներում պարզ սխալներ թույլ տվեց: Դե իսկ 42-րդ րոպեին ժամանակ ձգելու համար նրա ստացած դեղին քարտը միամտության կամ անմտության ոլորտից էր: Լավ է, որ նա ու մյուս կենտրոնական պաշտպանը՝ նույնպես դեղին քարտ ստացած Հարոյանը, առաջին անգամ էին զգուշացվում եւ զերծ մնացին որակազրկումից:

Իր վստահ ու անկաշկանդ խաղով շատ լավ տպավորություն թողեց Վարազդատ Հարոյանը: Հատկապես տպավորիչ էր երկրորդ հարկում նրա առավելությունը դանիացիների հանդեպ: Այս ֆոնին պետք է համեմատական անցկացնել Հարոյանի ու նույն դիրքը մինչ այս խաղը զբաղեցրած Տարոն Ոսկանյանի միջեւ: Երկրպագուները երեւի չեն մոռացել Չեխիայի հետ երեւանյան խաղում Ոսկանյանի սխալները հենց «վերեւում», ինչի հետեւանքով երկու գոլ բաց թողեցինք: Լավի ու վատի խնդիր այստեղ չկա, պարզապես փաստ է, որ այս պահին Հարոյանն ավելի գերադասելի է Ոսկանյանից, իսկ երբ շարք վերադառնա Հրայր Մկոյանը, երիտասարդները պիտի «կռիվ տան»՝ մեկնարկային կազմում տեղ ունենալու համար: Հարոյանը ավելի կոշտ ֆուտբոլիստ է, հիշենք նրա մասնակցությամբ առաջին խաղը լիտվացիների դեմ, երբ հեռացվեց դաշտից: Բայց կոշտ պայքարի դիմող դանիացիների դեմ հենց նման խաղացող էր պետք: Նույնը պետք է ասել երկու հենակետայիններով խաղալու եւ Մանուչարյանի փոխարեն դրիբլինգով աչքի ընկնող ու պաշտպանների հետ կոշտ պայքարի մեջ մտնելու ունակ Մովսիսյանին խաղացնելու մասին:

Վերջինս իր երկրորդ գոլը խփեց «ֆիրմային» ոճով՝ սուր անկյան տակ, ինչպես որ եղել էր Սլովակիա-Հայաստան խաղում: Պատահական չէ, որ Մովսիսյանի ֆուտբոլային կուռքը Թիերի Անրին է, որը նույնպես նման դիրքերից աչքի ընկնելու վարպետ է:   

Յուրան այս խաղում խփեց հավաքականում իր 6-րդ եւ 7-րդ գնդակները, Արասն աչքի ընկավ 3-րդ անգամ, իսկ Հենրիխ Մխիթարյանը 11 գոլով հավասարվեց ազգային թիմի լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանին:

Հենրիխը կարող էր աչքի ընկնել երկու անգամ: Ղազարյանի հետ նրա գեղեցիկ խաղարկումն ու ճեղքումն արժանի էին գոլով ավարտվելուն, սակայն Անդերսենը փրկեց իրավիճակը: Բայց Հենոն 82-րդ րոպեին արեց իր գործը: Ձախ եզրից անցում կատարելով եւ մտնելով տուգանային հրապարակ՝ նա լավ հնարավորություն  ուներ փոխանցում կատարելու Մովսիսյանին, սակայն դանիացիները հենց այդպես էլ երեւի մտածում էին, ու Մխիթարյանը անակնկալի բերեց թե նրանց, թե դարպասապահին:       

Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը միավորներով հավասարվեց ու լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցավ Դանիայից: Մեր թիմը տեսականորեն դեռ փլեյ-օֆ դուրս գալու հնարավորություն ունի, սակայն գործնականում դա անհնար է թվում: Այդուհանդերձ, Մինասյանի ընտրանին ապացուցեց, որ ցանկության եւ աշխատասիրության դեպքում կարող է հավասարը հավասարի պես, երբեմն էլ ավելի լավ խաղալ իրենից բարձր կարգ ունեցող թիմերի դեմ: Այս հաղթանակը հույս է տալիս, որ մնացած 4 խաղերում էլ հավաքականը առնվազն գեղեցիկ ու գրագետ խաղ կցուցադրի՝ պարզ պահելով թե թիմի, թե երկրպագուի, թե երկրի դեմքը:

թիմ

խաղ

հաղթանակ

ոչ-ոքի

պարտություն

գոլեր

միավոր

1.Իտալիա

6

4

2

0

12-4

14

2.Բուլղարիա

6

2

4

0

11-4

10

3.Չեխիա

6

2

3

1

6-4

9

4.Հայաստան

6

2

0

4

6-8

6

5.Դանիա

6

1

3

2

6-9

6

6.Մալթա

6

1

0

5

2-14

3

Լուս.՝ ffa.am

Մեկնաբանություններ (1)

Tigran
Կեցցեք տղաներ։ Պատկերացրեք, որ ամեն անգամ ձեր տարած հաղթանակներից հետո ինձ մոտ հույս է առաջանում, որ Հայաստանում ամեն ինչ չէ որ փլուզվում է՝ ամեն օր լսում ենք արտագաղթ, ճգնաժամ, աղքատություն։ Հիմա մեր աշխարհասփյուռ հայության ուշադրության կենտրոնում եք, մի տեսակ արթնացնում եք պայքարի ոգին մեր մեջ։ Շատերի մոտ համոզված եմ նման հաղթանակներից հետո ցանկություն է առաջանում վերադաձ դեպի Հայրենիք, շատերին էլ ձեր հաղթանակները ստիպում են մեկ անգամ ևս մտածել ճամպրունկները հավաքելուց առաջ։ Կեցցեկ տղաներ, բառեր չեմ գտնում հիացմունք արտահայտելու, միայն կուզենաի իշխանությունները հասկանային, որ դուք նրանցից շատ ավելի գործ էք անում մեր ժողովուրդի համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter