HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Կհաջողվի՞ համագործակցել կառավարության հետ

«IDEAS ներառական որոշումներ հավասար եւ հաշվետու հասարակության համար» եռամյա, տարածաշրջանային ծրագրի նպատակն է աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններին եւ քաղաքացիական հասարակությանը՝ միասին կայացնել որոշումներ՝ հաշվի նստելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ։ Այսօրվա ծրագրի բացման ասուլիսի բանախոսներն էին Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը, «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։

Բանախոսները հակիրճ անդրադարձան հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումներին Հայաստանում՝ հույս հայտնելով, որ այս ծրագիրը հնարավորություն կընձեռի ՀԿ ոլորտի ներկայացուցիչների, լրագրողների եւ կառավարության համագործակցությամբ ստեղծել ներառական որոշումներ կայացնող հասարակություն, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք կունենան կարեւոր մասնակցություն՝ որոշումներ ընդունելիս։

Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն իր խոսքում նշեց, որ Ազգային ժողովում քննարկման է դրվելու տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի փոփոխություն այն մասին, որ 16 տարին լրացած յուրաքանչյուր համայնքային խումբ իրավունք ունի իրեն անհանգստացնող խնդրով կամ առաջարկով դիմել ավագանուն, որն էլ պարտավոր է առաջարկված հարցերն ընդգրկել օրակարգում: «Այսինքն՝ մեր քաղաքացիները կմասնակցեն որոշումների կայացմանը ոչ միայն էլեկտրոնային միջոցներով, սոցիալական ցանցերով, այլ նաեւ օրենքով սահմանված կարգով»,- նշեց նախարարի տեղակալը։

Վերջինս բացման խոսքից հետո անմիջապես հեռացավ՝ առանց պատասխանելու լրագրողների հարցերին։

«Հետքի» հարցին, թե ինչպես են ՀԿ ոլորտի ներկայացուցիչները պատկերացնում համագործակցությունը կառավարության հետ, երբ նախարարության ներկայացուցիչը նույնիսկ չի սպասում ասուլիսի ավարտին, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը պատասխանեց․ «Մենք ի սկզբանե տեղյակ էինք, որ պարոն Տերտերյանը շատ կարճ ժամանակով է միացել, բայց համագործակցություն պատկերացնում ենք, քանի որ ծրագրի գաղափարը ներկայացրել ենք պետական մարմիններին եւ նրանք մեծ պատրաստակամություն են հայտնել համագործակցել մեզ հետ»։

Հարցին անդրադարձավ նաեւ «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը: «Համաժողովին տարածքային կառավարման նախարարությունից այլ անդամ ներկա լինելու է։ Եվ հետո մենք պարտավոր ենք համագործակցել պետական մարմինների հետ։ Ինձ հետաքրքիր է ոչ թե նրանց մասնակցությունը, այլ արված գործը։ Եթե գործ չեն անի, առաջին քննադատողը մենք կլինենք, մենք ազատ ենք, բայց կարծում եմ սկզբից եւեթ պետք է լավատես լինենք»,- նշեց Արմեն Ալավերդյանը։

Այս պահին մեկնարկել է «IDEAS ներառական որոշումներ հավասար եւ հաշվետու հասարակության համար» ծրագրի առաջին համաժողովը, որին ներկա են ՀԿ ներկայացուցիչներ, լրագրողներ եւ ՀՀ կառավարության եւ մարզպետարանների աշխատակիցներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter