Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Կավալենկո Շահգալդյան. «Պապ չեմ սպանել, տերտեր չեմ սպանել, կարծում եմ բնակչության մեծամասնությունն ինձ կհիշի»



- Կոտայքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով պլանավորված գործողություններից ի՞նչը հաջողվեց Ձեզ իրականություն դարձնել անցնող երկու տարիներին, ի՞նչը՝ ոչ, որո՞նք են չհաջողված ծրագրերի պատճառները:

- Մարզի սոցիալ-տնտեսական ծրագրի 80%-ից ավելին կատարված է: Ամենակարեւորը, որ չենք կատարել՝ աշխատունակ ժողովրդին աշխատանքով ապահովելն է: Սակայն մարզպետարանը աշխատատեղեր պլանավորելու գործառույթ չունի, մենք ընդամենը պետք է նպաստավոր պայմաններ ստեղծենք մարզում գործարարությունը զարգացնելու, նեդրումների քանակությունն ավելացնելու համար:

- Հարցս հենց դրան է ուղղված:  

- Սա գլոբալ խնդիր է, բավականին փաստարկներ կան, որոնք, դժբախտաբար, մինչեւ հիմա չենք կարողանում լուծել՝ տնտեսական ճգնաժամ եւ այլն: Մենք էլ համաշխարհային տնտեսության մաս ենք կազմում, եւ այդ գործոնները եւս մեզ վրա իրենց ազդեցությունն ունենում են:

- Ներդրումների առումով վերջին տարիներին դրական ցուցանիշներ գրանցվե՞լ են, Կոտայքի մարզն իր ռեսուրսով ներդրողի համար որքանո՞վ կարող է հրապուրիչ լինել:

- Իհարկե, բավականին լուրջ ներդրումներ կան. մեր մարզի համար ամենամեծ ռեսուրսը զբոսաշրջությունն է, եւ այստեղ բավականին ներդրումներ արվել են՝ Ծաղկաձորում միջազգային չափանիշներին համապատասխանող 2 բարձրակարգ հյուրանոց շահագործման հանձնվեց: Չարենցավան քաղաքում լուրջ ներդրումներ են արվում՝ ամրանների արտադրություն ստեղծելու համար, այդ ձեռնարկությունը շուրջ 600  աշխատատեղով կգործարկվի այս սեպտեմբեր ամսից:

- Մարզի սոցիալ-տնտեսական ծրագիրը կազմելիս հաշվի է առնվում առկա իրավիճակը, եւ դրանից ելելով՝ մշակվում են այն ծրագրերը, որոնց իրագործումով պետք է հասնել իրավիճակի փոփոխմանը: Անընդհատ նշում եք այն գործոնը, որ մարզի քաղաքներն արդյունաբերական լինելով՝ դադարեցրել են իրենց գործունեությունը, եւ գործազրկությունը դրա հետեւանք է: Ձեր ընդունած փաստաթղթում որո՞նք էին այն կարեւոր ծրագրերը, որոնք պետք է ուղղված լինեին առկա խնդիրների լուծմանը:

- Ես ինձ տնտեսության մասնագետ եմ համարում, եւ այդ հարցն ինձ համար ամենապարզն է: Սովետական երկրում արդյունաբերական քաղաքականությունը միտված էր տեղական շուկայում արտադրատեսակներ ստեղծելուն: Խոշոր ներդրումներ էին անհրաժեշտ, որպեսզի կարողանայինք այդ ձեռնարկությունների արտադրանքը դարձնել արտաքին շուկայում պահանջարկ ունեցող: Ձեռնարկությունները պահպանելը ինքնանպատակ չէր կարող լինել:

- Մի քանի օր առաջ երեխաների պաշտպանության միջազգային օրն էր, եւ մարզպետարանի պաշտոնական կայքում Դուք ուղերձ ունեիք, որում ասում եք, որ «երեխաների իրավունքների պաշտպանությունն ու նրանց անհոգ մանկության ապահովումը մշտապես գտնվել եւ գտնվում է պետության հատուկ ուշադրության ներքո ...»: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` հանրապետությունում ծայրահեղ աղքատ երեխաների ամենաբարձր ցուցանիշը Կոտայքի մարզում է գրանցվել` 8.1%, եւ այս ցուցանիշով այն զիջում է միայն Շիրակի մարզին` 8.2% 2011թ.: Ձեր ուղերձում ասելիք չունեի՞ք ծայրահեղ աղքատության մեջ գտնվող երեխաներին:

- Ուղերձների մեջ վերլուծություններ չեն արվում, ուղերձը շնորհավորանք է տվյալ տոնական օրվա հետ կապված: Որ աղքատությունը մեր մարզում բարձր մակարդակի է, դա փաստ է: Այն, ինչ անկախության առաջին տարիներին աշխատատեղերի առումով Կոտայքի մարզն է կորցրել, մյուս բոլոր մարզերը գրեթե միասին վերցած այդքան չեն կորցրել: Մենք ունեինք միութենական նշանակության ձեռնարկություններ, որոնք իրենց գործունեությունը դադարեցրին: Այդ պարագայում մենք միայն արդյունաբերության մեջ 45,000 աշխատատեղ կորցրինք, իսկ դա վերականգնելու համար ե՛ւ լուրջ  ներդրումներ, ե՛ւ ժամանակ է հարկավոր:

- «Գառնիի առողջության կենտրոնում» վերջին ամիսներին իրականացված կրճատումներն ինչո՞վ էին պայմանավորված:

- Մարզպետը յուրաքանչյուր տարեսկզբին հաստատում է բուժհիմնարկների հաստիքացուցակները, որի հիմքում առողջապահության նախարարության հաստատած չափորոշիչներն են ընկած: Այս տարվա մարտ ամսին հաստատել ենք համապատասխան հաստիքացուցակը, եւ անհրաժեշտություն է առաջացել 14 հաստիք կրճատել Գառնիիում եւ 12-ը՝ «Չարենցավանի բժշկական կենտրոն»-ում: Դա կապված է բնակչության թվաքանակի, պետպատվերի եւ այլ բաղադրիչների հետ, որոնք էլ պայմանավորում են հաստիքների քանակը: Ես հանդիպել եմ «Գառնիի ԱԿ»-ի աշխատակիցների հետ եւ առանձին-առանձին բոլորի հետ զրուցել եմ, փորձել եմ հասկացնել, տրամադրվածությունս մարդկանց վատություն անելը չի եղել, մի մասն ընկալեց եւ ընդունեց, մի մասն էլ դժգոհ մնաց: Ոմանց էլ առաջարկեցինք դիմել դատարան, եւ նրանք դիմել են: Դատարանի վճիռը կլինի, բոլորս կբավարարվենք այդ վճռով:

- Պրն Շահգալդյան, կրճատումներն ինչո՞ւ են մարտ ամսին արվել, երբ մարզպետարանի ենթակայության հիմնարկների համար մարզպետարանը նախատեսված բյուջեն տարեսկզբին է պլանավորում:

- Ոչ, պետպատվերի պայմանագրերը բուժհիմնարկների եւ համապատասխան առողջապահական գործակալությունների հետ կնքվում են փետրվար ամսվա վերջին, եւ մենք էլ այդ ժամանակ ենք հաստիքները հաստատում:

- Ընդհանրապես ի՞նչ պլաններ կան «Գառնիի առողջության կենտրոն»-ի հետ կապված:

- Մտադրություն ունենք արդիականացնելու այս կենտրոնը: «Գառնիի ԱԿ»-ին այս պահին շատ անհրաժեշտ է շտապօգնության մեքենա, որը մեկ ամսվա ընթացքում կունենան: Իմ հրավերքով Գառնի է այցելել փոխվարչապետը, մենք միասին շրջայց ենք կատարել առողջության պահպանման կենտրոնում եւ մտադրություն ունենք հաջորդ տարի վերանորոգել, արդիականացնել «Գառնիի առողջության կենտրոն»-ը:

- Դուք խոսում եք վերանորոգման եւ արդիականացման մասին, իսկ կրճատումները տեղավորվո՞ւմ են այդ համատեքստում, խոսքս կրճատված անձանց չի վերաբերում, այլ դրա արդյունքում փակված բաժիններին:

- Ես «Գառնիի առողջության կենտրոն»-ի աշխատակիցներին խոստացել եմ՝ եթե իրադրությունը փոխվի, մենք ունենանք լրացուցիչ աշխատատեղեր, անպայման նախապատվությունը կտանք կրճատվածներին: Այդ հանձնարարությունը բժշկական անձնակազմի ներկայությամբ ստացել է բժշկական հաստատության տնօրենը:

- Այսինքն, երբ ֆինանսական հնարավորություննե՞ր կունենաք, դա՞ նկատի ունեք:

- Բնականաբար, հաստիքները պետպատվերի եւ ֆինանսական հնարավորությունների հետ են կապված:

- Բնակչության սոցիալ-տնտեսական մակարդակի բարելավման կարեւոր ցուցանիշներից մեկը առողջապահական ծառայությունների հասանելիության եւ մատչելիության ապահովումն է: Համենայնդեպս, մեր երկիրն իր ընդունած փաստաթղթերով առաջնային է համարում հիվանդությունների կանխարգելումն ու առողջության առաջնային պահպանումը: Ինչպե՞ս եք իրականացնում այդ քաղաքականությունը մարզում, եթե կարծում եք, որ բնակչության, մասնավորապես կանանց առողջության բարելավումն առանց մասնագիտական աջակցության միանգամայն հնարավոր է:

- Գառնիում, բացի ատամնաբուժական 2 կաբինետներից, գործում է ատամնաբուժական 5 մասնավոր կլինիկա: Գառնիում մենք ատամնաբուժարանի պետական պատվեր չունենք, այսինքն՝ սա վճարովի ծառայություն էր, եւ երկու ատամնաբույժներն էլ տարածքը զբաղեցնում էին եւ աշխատում էին վնասով: Մենք նրանց առաջարկել ենք, եւ նրանք էլ համաձայնել են վարձակալել տարածքները սիմվոլիկ գներով եւ շարունակել իրենց գործունեությունը: Կանանց կոնսուլտացիայում որեւէ խնդիր չկա, մենք այդ կրճատումներով ավելի բարձրացնելու ենք կանանց կոնսուլտացիայի աշխատանքի արդյունավետությունը եւ որակը:

- Բայց արդեն մասնագետ չկա այնտեղ:

- Դուք ճիշտ չեք, մասնագետ ունենք, բուժքույրերը եւս մասնագետներ են: Դա մեր խնդիրն է՝ բնակչության բուժսպասարկումն իրականացնել չափորոշիչներին համապատասխան:

- Այդ կենտրոնը սպասարկում է մոտ 8000 բնակչություն ունեցող Գառնիին եւ շրջակա մի քանի գյուղերի բնակչությանը...

- 20.000 բնակչություն կա, որին սպասարկում է այդ կենտրոնը: Կան չափորոշիչներ, եթե բուժքրոջ մի հաստիք է նախատեսվում 100 ծնունդի համար, 30 ծնունդի դեպքում կլինի՞ 2 բուժքույր պահենք:

- Ինչո՞ւ է կրճատվել ծնունդների թիվը, իմ կարծիքով՝ արհեստական կրճատում է դա, նախորդ տարիներին ծնունդները բավականին մեծ թիվ են կազմել:

- Նախ՝ բուժհաստատության պայմաններն այնպիսին չեն, որ մեծ ցանկություն ունենան այնտեղ ծննդաբերելու: Բնականաբար, քաղաքը կես ժամվա ճանապարհ է, եթե մենք հավաստագրերով ենք ծնունդն իրականացնում, նրանք էլ գնում են մայրաքաղաքի որեւէ բժշկական կենտրոն, ուր ավելի լավ պայմաններ են:

- Առողջապահության նախարարությունը մայիսի 1-ից հավաստագրերի տրամադրման կարգը փոխեց եւ տեղայնացրեց պետպատվերը:

- Մայիսի 1-ից փոխվելու արդյունքները դեռ չունենք: Այնտեղ լուսանցքներ կան, ոնց լինի` հայերը օրենքը շրջանցելու ձեւը կգտնեն, այս պահի դրությամբ որեւէ առաջընթաց չունենք, երբ կենտրոնը կվերանորոգենք, արդիական սարքավորումներով կապահովենք, ծնունդները կավելանան, բնականաբար, մենք բուժքրոջ հաստիքը կավելացնենք: Դա մեզնից կախված չէ, թվաբանություն կա:

- Վերջին 20 տարիներին, երբ այդ կենտրոնում դրական բարելավումներ չեն եղել ո՛չ անձնակազմի, ո՛չ սարքավորումների առումով, կանայք գերադասում էին մնալ գյուղի հիվանդանոցում, Աբովյան կամ Երեւան գնալու շահագրգռվածություն չեն ունեցել:

- Շահագրգռվածությունը լավ պայմաններում սպասարկվելն է, ծննդկանին Գառնիից Աբովյան հասցնելն ընդամենը 30 րոպե է: Տաքսին կարժենա երեւի 1000-1500 դրամ:

- Մի մարզ, որն աղքատության բավական բարձր ցուցանիշներ ունի, ինչո՞ւ ենք կարծում, որ մարդկանց ձեռնտու է 40-45 կմ հեռավորությամբ Աբովյան գնալը:

- Հատկապես ծնունդների համար հարազատները նախապատվությունը տալիս են լավ պայմաններին:

- Մի կողմ թողնենք բյուջեի հնարավորությունները եւ մայրաքաղաքին մոտ գտնվելու հանգամանքը, այնուամենայնիվ, 14 մարդ աշխատում էր իր բնակավայրում, եւ դրանով նրանք կապված էին իրենց բնակավայրին, այս երկրին, որն այս պահին, կարծում եմ, շատ ավելի կարեւոր է: Արդյոք հնարավո՞ր չէր լուծումներ գտնել այդ հարցին՝ մարդկանց լրացուցիչ չհիասթափեցնելու համար:

- Բուժքույրերից մեկն այլ հիվանդանոցում է անցնելու աշխատանքի, մեկն էլ համատեղությամբ էր աշխատում, ես տնօրենին հանձնարարեցի ազատել աշխատանքից եւ այդ երկուսին հետ ենք վերցնելու: Ես պարտավորվել եմ, որ առաջիկայում, երբ հաստիքներ ավելացնելու անհրաժեշտություն կունենանք, նախապատվությունը կտանք կրճատված աշխատակիցներին: Չնայած, չեմ կարծում, որ որեւէ մեկը 35 հազար դրամով է ապրում:

- Այնուամենայնիվ, գործազուրկների բանակը սրանով ավելացավ...

- Եթե ելքը գտնեինք, ինչո՞ւ էինք ազատում:

- Ամենահեշտն է կրճատելը:

- Ամենադժվարն է կրճատելը: Իմ հասկացողությունը հետեւյալն է, եթե ուզում ես մարդուն վատություն անել՝ աշխատանքից զրկիր: Ես այս երկրում ապրող հազվադեպ մարդկանցից եմ, ով ամենից բարձր է դասում աշխատանքը: 13 տարի է մարզպետ եմ, հազվադեպ է պատահել, որ ծայրահեղ միջոցների դիմեմ: Այլ հնարավորություն չկար:

- Դպրոցներն ու բուժհիմնարկները քանի որ մարզպետարանի ենթակայության են, մարզպետարանի ֆինանսական միջոցներով պետք է լուծվեն նրանց խնդիրները, սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ համայնքային բյուջեից գումարներ են հատկացվում այդ հիմնարկները վերանորոգելուն, գույքով ապահովելուն եւ այլն: Ինչո՞վ եք բացատրում այս հանգամանքը, եւ որքանո՞վ  է այն օրինական:

- Օրինականը՝ օրինական է, որովհետեւ համայնքի բյուջեն տնօրինում է համայնքի ղեկավարն ու ավագանին, եւ որոշումներն իրենք են կայացնում: Բայց ձեր ասածը կարող է եզակի դեպքեր լինեն:

- Որքանո՞վ են թույլատրելի եզակի դեպքերը:

-Նորից եմ կրկնում, համայնքի բյուջեն տնօրինում են համայնքի ղեկավարն ու համայնքի ավագանին: Իրենց համայնքի դպրոցներն են, իսկ ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Պիտի իրենց հարցնես, ինչո՞ւ են նման որոշում կայացրել:

- Վատ չէր ընկալվի, եթե նրանք իրենց համայնքում այլ խնդիրներ չունենային:

- Հուրախություն մեր մարզի բնակիչների, պիտի ասեմ, որ մեր կողմից վարվող քաղաքականությունը միտված է նախապատվությունը տալ դպրոցների եւ մանկապարտեզների վերանորոգմանը: Մենք մարզում ունենք104 հանրակրթական դպրոց, որոնցից 11-ը ավագ դպրոց են, դրանց 60-65%-ն ամբողջովին վերանորոգված են, մի մասն էլ կահավորված է:

- Շատ ուրախալի է եւ ցանկալի է, որ բոլորը բարեակարգ լինեն, բայց այն, որ համայնքի բնակիչների հարկերից եւ դոտացիայից ձեւավորվող համայնքի բյուջեն պետք է ծառայեցվի համայնքի բարեկարգմանը...

- Ինչո՞ւ, դպրոցը համայնքինը չէ՞:

- Համայնքինն է, բայց դրանք բարեկարգելու պարտավորությունը համայնքապետարանի վրա չի դրված, նրանք կարող են անել, երբ իրենց համայնքում ջրագիծը կանցկացնեն, ասֆալտապատումը, աղբահանումը կատարած կլինեն, դրանից հետո կարող են անցնել մարզպետարանի պարտավորությունների կատարմանը:

- Անցյալ տարի համայնքներից որեւէ մեկը դպրոցների վրա ներդրում չի արել, կարող եմ վստահաբար ասել:

- Գառնիի համայնքային բյուջեով վերանորոգման աշխատանքներ են կատարվել «Գառնիի առողջության կենտրոն»-ում, եթե կապիտալ վերանորոգում եք պլանավորել «Գառնիի ԱԿ»-ում, ինչո՞ւ էին լրացուցիչ ծախսեր արվում համայնքային բյուջեից:

- Դա չնչին վերանորոգում է, 3 հիվանդասենյակ եւ մեկ սանհանգույց է վերանորոգվել, ես կարծում եմ, որ 250 մլն դրամի վերանորոգման անհրաժեշտություն կա այնտեղ: Այս տարի, եթե կառավարությունը գումար տրամադրի մեզ, նախապատվությունը կտրվի «Գառնիի ԱԿ»-ին:

-  Երկու տարի առաջ, երբ «Գառնիի ԱԿ»-ում նոր տնօրեն նշանակվեց, Գառնիի եւ հարեւան համայնքների ղեկավարները համայնքային բյուջեով վերանորոգում էին նրա վարձակալած տունը: Նման արտոնյալ վիճակում չի եղել նույն բուժհիմնարկում աշխատողներից եւ ոչ մեկը: Ինչո՞վ էր պայմանավորված այդ առանձնահատուկ վերաբերմունքը:

- Ես դրան չեմ տիրապետում եւ կարծում եմ, որ սա իսկապես բամբասանքի ոլորտից է, ովքեր վերանորոգել են, նրանց այդ հարցը տվեք, ես ի՞նչ իմանամ:

- Ես ուզում եմ, որ Դուք՝ որպես մարզպետ, իրազեկված լինեք, թե ինչպես են համայնքի ղեկավարները ծախսում համայնքային բյուջեն:

- Ես կարծում եմ, որ ներկայիս տնօրենը աշխատանքային բոլոր ունակություններով անհամեմատ ավելի լավն է, քան նախկինը: Նախկինը կենտրոնը վերածել էր դուքանի:

- Նախագահական ընտրություններից առաջ նույն հիվանդանոցի տնօրենը բուժանձնակազմին «Հանրապետական»  կուսակցության տոմսեր է բաժանել: Ի՞նչ եք կարծում, նրանք դրանով դարձա՞ն «Հանրապետական» կուսակցության գաղափարախոսներ:

- Ես դրանից տեղյակ չեմ եւ դրան ամենեւին նշանակություն չեմ տալիս:

- Նման բաներն առանց մարզպետի տեղեկության չեն լինում: Եւս մեկ հարց. պրն Շահգալդյան, ո՞րն է Ձեր երկարակեցության գաղտնիքը մարզպետի պաշտոնում:

- Իմ գաղտնիքը աշխատանքի նկատմամբ ունեցած պատասխանատվությունն է, ուրիշ ոչինչ: 13 տարի մարզպետ եմ, մի անգամ իմ ղեկավարներն ինձ վատ աշխատանքի կամ պարտականություններս չկատարելու համար դիտողություն չեն արել:

- Երբ մարզպետ չեք լինի, մարզի բնակչությունն ինչպե՞ս կհիշի Ձեզ:

- Ես մեկ-մեկ ինձ այդ հարցը տալիս եմ: Կարծում եմ, որ գոնե այն հանգամանքը, որ թույլ եմ տվել նրանց ազատ խոսեն, իրենց միտքն ազատ արտահայտեն, որեւէ մեկին չեմ նեղացրել, պապ չեմ սպանել, տերտեր չեմ սպանել, կարծում եմ՝ բնակչության մեծամասնությունն ինձ կհիշի: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (8)
1. Գառնիի բնակիչ08:56 - 13 հունիսի, 2013
Գառնիի ԱԿ-ի նախկին տնօրենը վիրաբույժ էր,ամեն մի քերծվածքի համար Երևան չէինք հասնում,իսկ ներկայիս տնօրենը...ԱԿ-ն դարձըել է հյուրանոց...
2. ԱԲԳԱՐ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ20:43 - 13 հունիսի, 2013
Պարոն մարզպետը պետք է հիշի, որ ժողովրդին է փոխանցում իր կատարած թշնամությունը, օր-ծերության իր դեմ են գալու նրա արարքները, ու պատասխանը ամենևին էլ նման չի լինելու լրագրողի հարցերին տրված պատասխանին, պատասխանը լինելու է Ա Ս Տ Ծ ՈՒ Ն
3. Anush17:59 - 15 հունիսի, 2013
Harganqners lragroxin!!! Satkacrec! Bravo!!!
4. Գառնիի բնակիչ15:27 - 16 հունիսի, 2013
Երկիր Մեդիա-ի լրագրողին տված հարցազրույցում ԱԿ-ի տնօրենն ասաց, որ 14 աշխատողի կրճատումը եղել է հիմնարկի 4 մլն. եկամտային հարկի պարտքի պատճառով, իսկ Պրն. Շահգալդյանը հիմնավորում է այսպես,որ Մարզպետը յուրաքանչյուր տարեսկզբին հաստատում է բուժհիմնարկների հաստիքացուցակները, որի հիմքում առողջապահության նախարարության հաստատած չափորոշիչներն են ընկած, եւ անհրաժեշտություն է առաջացել 14 հաստիք կրճատել Գառնիիում, և այս ամենն այն դեպքում , երբ առողջապության փոխնախարարը աշխատակիցներին հավաստիացրել էր, համակարգում կրճատումներ նախատեսված չեն եղել: Դատելով մարզպետի կողմից տնօրենի հասցեին հնչած գովասանքերը կարելի է եզրակացնել , որ արդիականացնելու են իրենց գրպանների պարունակությունը;
5. Գառնիի բնակիչ15:41 - 16 հունիսի, 2013
Միգուցե պարոն մարզպետը 35000 դրամով չի որ ապրումա, բայց չմոռանանք,որ մեր երկրում նվազագույն աշխատավարձը դա է :
6. Գառնի ԱԿ կենտրոնի նախկին մի խումբ աշխատակիցներ 21:35 - 17 հունիսի, 2013
Գառնիի Ակ -ի տնօրեն Լիլիթ Կարապետյանը հայտնեց, որ աշխատակիցների կրճատման պատճառը 4 մլն դրամի ֆինասնական դիֆիցիտն է: ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանը պատրաստակամություն հայտնեց տրամադրել 10 մլն դրամ ,սակայն ԱԿ-ի ղեկավարության կողմից գումարը չընդունվեց:,փոխարենը առաջարկվեց այն օգնության կարգով բաժանել աշխատանքից ազատվածների միջև,որը բնականաբար մերժվեց:Մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ
7. чит.14:16 - 18 հունիսի, 2013
как противно смотреть на лицо этого существа.
8. Գառնեցի12:12 - 19 հունիսի, 2013
Դուք 13 տարի մարզպետի պաշտոնում ինչ եք արել մարզի համար՞, ձեր համար չե մարզի,ձերը գիտենք, նույն քարուքանդ ճանապարհներն են, նույն կիսաավերակ տներն ու շինությունները, նույն թշվառ բնակիչները, հա ազատ խոսելու իրավունք եք տվել՞ թե չե դու աստված եիր ու էտ իրավունքը դու էիր որ մարդկանց պիտի տաիր՞ դե մերսի գոնե դրա համար: Աչքերիցտ հեչ չի երեւում որ դու լավ մարդ կարաս լինես
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ