
Կենդանիներն արածում են միջնադարյան Նեղուցի վանքի տարածքում (լուսանկար)
Նեղուցի վանական համալիրի գիտավերականգնման գործընթացը կմեկնարկի համապատասխան ֆինանսական միջոցներ լինելու դեպքում: Այս մասին «Հետքին» հայտնեցին Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից` առանց հստակեցնելու, թե երբ կլինեն ֆինանսական միջոցներ:
2011 թ. ուսումնասիրվել է վանական համալիրի հուշարձանների տեխնիկական վիճակը պահպանվածության առումով առավել վտանգված և հուշարձանների տեխնիկական վիճակի մոնիթորինգի ծրագրով, և հենց այս ուսումնասիրության հիման վրա էլ նախատեսվում է կատարել գիտական վերականգնումը:
Վանական համալիրը՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան, ընդգրկված է կառավարության հաստատած, Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:
Նեղուցի վանքը գտնվում է Արզական գյուղում՝ բլրի բացատում:
Հուշարձանը նաև կոչել են Նեղոսի վանք, Արզականի Սուրբ Աստվածածին եկեղեցի:
Վանքի Սբ. Աստվածածին եկեղեցին 10-13-րդ դարերի հուշարձան է, որն այժմ կիսավեր է:
Եկեղեցու պատերի տակ թափված են հուշարձանից պոկված քարերը, այդ թվում նաև փորագրված:
Սբ. Աստվածածին եկեղեցու մուտքը:
Մուտքի զարդաքանդակները:
Միջնադարյան արձանագրություններ եկեղեցու պատերին:
Ինչպես շատ հնավայրերում, Նեղուցի վանքում ևս միջնադարյան արձանագրությունների կողքին կարելի է տեսնել այցելուների թողած ժամանակակից գրություններ:
Եկեղեցին կիսավեր վիճակում էլ այցելուների պակաս չունի:
Նրանցից ոմանք, սակայն, մոմերը վառել են ուր պատահի՝ մրոտելով հուշարձանի պատերն ու սյուները:
Հին քարեր ու տապանաքարեր եկեղեցու ներսում:
Նեղուցի վանքում կան բազմաթիվ ամբողջական ու կոտրված, կանգուն ու ընկած խաչքարեր:
Որոշ խաչքարեր էլ պատի դեր են կատարում Սբ. Աստվածածին եկեղուցուց մի քանի մետր վերև գտնվող մատուռի համար:
Մատուռը ևս կիսավեր է:
Սբ. Աստվածածին եկեղեցին՝ մատուռից:
Երախտապարտ արզականցիները Նեղուցի վանքի մոտ կանգնեցրել են ցայտաղբյուր, որը մեր այցելության ժամանակ չէր գործում:
Իսկ ոչ երախտապարտ արզականցիներն իրենց կենդանիներն արածեցնում են հուշարձանի տարածքում: Հուշարձանի ներսում եղած հետքերը վկայում են, որ կենդանիներն անարգել մտնում են նաև Սբ. Աստվածածին եկեղեցի և մատուռ:
Պեղված հիմքեր ու սյուներ Սբ. Աստվածածին եկեղեցու կողքին:
Նեղուցի վանքի աջ կողմում անտառ է:
Վերադարձ Նեղուցի վանքից Արզականի գյուղամեջ:
Մեկնաբանել