HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային ծառայությունների կարգավորում երկրում չի իրականացվում

Բաց նամակ ՀՀ իշխանություններին ՀՀ  Նախագահին,  ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ  վարչապետին

Բազմիցս եմ գրել Ձեզ, որ հանրային ծառայությունների բնագավառը երկրի տնտեսության զարգացման  խթանիչներից է: Այն մենաշնորհային է և պետք է կարգավորվի պետության կողմից: Դրա համար  պետությունը ստեղծել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ): 

Դուք կարող եք մտածել, թե ինչու եմ ես գրում այս ակնհայտ իրողությունը: Իսկ ես մտածում եմ, թե ինչու  եք Դուք հանդուրժում ստեղծված անօրինական իրավիճակն այդ բնագավառում: Չէ՞ որ այդ հարցի մասին բազմիցս եմ բարձրաձայնել:

Ձեր լռության պարագայում ես իրավունք ունեմ ենթադրել ամեն ինչ:

Որպես երկրի ներկայով և ապագայով մտահոգված Հայ մարդկանցից մեկը՝ հանրային  ծառայությունների բնագավառում ակտիվ գործունեություն իրականացնող հանրային կառույցի  ղեկավար, իմ խղճի և ապագայի համար չեմ կարող ևս մեկ անգամ չանդրադառնալ այս  ճակատագրական խնդրին:

Հանրային ծառայությունների կարգավորում երկրում չի իրականացվում, իսկ դրա համար  ստեղծված հանձնաժողովը` (ՀԾԿՀ) ֆունկցիոնալ առումով գոյություն չունի: 

Այդ հանձնաժողովում ոչ ոք չի հասկանում, թե ինչ է ծառայության կարգավորումը, այդտեղ մարդիկ  գնում են միայն աշխատավարձ ստանալու համար: Այդ հանձնաժողովի նախագահը և նրա չորս կցորդները  բացարձակ անտեղյակ են իրենց գործառույթից և ամեն օր խախտում են ՀՀ օրենքը:

Երկիրը պետք է ղեկավարվի օրենքով, հանրային ծառայությունները պետք է կարգավորվեն օրենքով, այլ  ոչ թե այդ իմիտացիոն հանձնաժողովի քմահաճույքով:

Ձեր կողմից նման իրավիճակի հանդուրժումը հղի է ծայրաստիճան բացասական հետևանքներով՝  հանրության մոտ բարոյահոգեբանական վիճակի անկում, տնտեսության հետամնացություն,  արտագաղթի ուժգնացում, քաղաքացու իրավունքների ոտնահարում, պետության հիմքերի խարխլում,  ազգային անվտանգության խնդիր և այսպես շարունակ: 

Մի՞թե երկրիս քաղաքական իշխանությունները սա են հետապնդում: 

Երկրի կառավարման համակարգում ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունները բացարձակ  հեռացել են հանրությունից, չեն կիսում հանրության կարծիքը, չեն լսում քաղաքացուն: Իսկ առավել  վտանգավորն այն է, որ կառավարման քողի տակ կազմակերպում են իմիտացիոն շոուներ:

Եթե իշխանությունները չեն կարողանում կառավարել ժողովրդին, ապա ժողովուրդն  է  կառավարում  նրանց, սա ակնհայտ է: Սա  վտանգավոր երևույթ է երկրի հանրային կյանքում:

Լավագույն օրինակ էր հունիսի 7-ին ՀԾԿՀ կողմից կազմակերպված շոուն: 

Հանրային ծառայությունների կարգավորումը ծառայություններ մատուցողի և դրանցից օգտվողի  իրավահավասար քննարկումների կազմակերպումն է, որը օրենքով պետք է անի ՀԾԿՀ-ն:

Սակայն, ՀԾԿՀ գործունեությունը ողողված է միայն ամեն գնով հանրությանը հեռու պահել  հանձնաժողովում քննարկվող հարցերից: Փոխանակ ՀԾԿՀ-ն իրականացնի հանրության հետ  ամենօրյա աշխատանք նրա կարծիքը իմանալու համար, այդ հանձնաժողովն ամեն հարցով վիճում է հանրության  հետ՝ ստեղծելով այլոց շահերը սպասարկելու տպավորություն:

Սրա լավագույն օրինակը գազի սակագնի հաստատման օրինակն է, երբ այդ հանձնաժողովը,  սպառելով իրեն, տապալեց սպառողների հետ քննարկումներ կազմակերպելու ամբողջ պրոցեսը, իրեն վեր դասեց  օրենքից՝ կատարելով ոչ թե իր գործառույթը, այլ  պատվեր, ոստիկանների միջոցով սպառողներին բռնությամբ հետ պահեց քննարկմանը մասնակցելու պրոցեսից, հանրության  հետևում, նրան խաբելով, փաստերն աղավաղելով, (հանձնաժողովի նախագահը նիստի ժամանակ սուտ խոսեց), իբրև թե  սահմանեց գազի և էլեկտրաէներգիայի սակագին: Սա աննախադեպ մի բան էր, երևի այսպիսի բան չի եղել ոչ մի տեղ: Սրանով այդ անգործ մարմինը (ՀԾԿՀ) արհամարհեց հանրությանը՝ առաջացնելով  մարդկանց արհամարհանքը իր և երկրի իշխանությունների հանդեպ:

Մի՞թե սա է կարգավորման պրոցեսը: Մի՞թե սա Ձեզ չի անհանգստացնում: Մի՞թե այս հանձնաժողովի  անդամները շարունակելու են այսպես աշխատել:

Իբրև թե այս հանձնաժողովը պետք է լինի «անկախ»: Սակայն, եթե այս հարցը չքննարկվի և ամեն ինչ  մնա նույնը, ճիշտ կլինի ենթադրել, որ այդ հանձնաժողովն անկախ է միայն հանրությունից, նա կախված  է ամեն ինչից և ստեղծված է մենաշնորհային բիզնեսը սպասարկելու և հանրության իրավունքները  ոտնահարելու համար:

Քննարկեք այս խնդիրը...

Իսկ լուծումները հանրությունը կառաջարկի:

 

Արամ Գրիգորյան` Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրեն

Մեկնաբանություններ (1)

Գևորգ
Հանձնաժողովը նորմալ կաշխատեր և կպաշտպաներ առաջին հերթին բնակչության շահերը,եթե ունենար նորմալ նախագահ:Կաշառակեր քաղաքապետին բերել են հանձնաժողովի նախագահ դրել. էլ ինչ եք սպասում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter