Մրցանակներ՝ մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարողներին
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանին այսօր հանձնել է ազատության պաշտպանի մրցանակը: «Լևոնը արտասովոր քաջություն և անձնական նվիրվածություն է ցուցաբերել` պաշտպանելով լայն շրջանակի իրավունքներ և տրամադրելով խոսքի ազատության իրացման բաց հարթակ յուրաքանչյուրին` անկախ քաղաքական, ազգային, սոցիալական կամ կրոնական համոզմունքներից», - ասել է Օլեքսանդր Պավլյուկը:
Մրցանակը հանձնվել է ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողության ժամանակ, որը ԱՄՆ դեսպանության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է:
Նման պարգեւատրումներով մեծարվում են այն անհատները, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու կառավարման ու ազատ խոսքի խթանման դիրքերից:
Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը «Իրավունքի Եվրոպա միավորմանը» հանձնել է «Քաղաքացիական ակտիվիզմ» մրցանակը: Իր խոսքում դեսպանը նշել է. «Այս տարվա քաղաքացիական ակտիվության մրցանակի հաղթողները՝ «Իրավունքի Եվրոպա միավորումը», ցույց է տվել, որ մեր քվեարկելու իրավունքը պաշտպանելու կարևոր գործիքներից մեկը հենց իրավական համակարգն է: Այն պահանջում է արհեստավարժ ու քրտնաջան աշխատանք՝ օրենքի առաջնակարգ իմացությամբ, և երիտասարդ իրավաբանների այս խումբը ցույց է տվել, որ նրանք ունեն վճռականություն փոփոխություն անելու»:
«Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Քարլ Հոֆսթրան «Սիվիլնեթին» հանձնել է մեդիա գերազանցության մրցանակը: «Սիվիլիթասը փոխեց և բարելավեց Հայաստանի մեդիա հարթակը: Տրամադրելովբովանդակալից նորություններ, օգտագործելով սոցիալական մեդիայի բոլոր հնարավորությունները և մոբիլիզացնելովերիտասարդ տեղական, ինչպես նաև սփյուռքի լրագրողներին՝ Սիվիլնեթը բարձր չափանիշ սահմանեց Հայաստանիլրատվամիջոցների համար», - ասել է պարոն Հոֆսթրան:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը Արմավիրի զարգացման կենտրոնի ղեկավար Նաիրա Առաքելյանին հանձնել է «Խիզախ կին» մրցանակը: «Նաիրան ցուցաբերել է հսկայական քաջություն` նպաստելով իր համայնքի տնտեսական, սոցիալական և քաղաքական զարգացմանը: Նա իսկապես ոգեշնչման աղբյուր է, և ես հպարտ եմ պարգևատրելու մեկին, ով մարմնավորում է այն պարտավորությունների ոգին, որոնց վրա հիմնված է ԵԱՀԿ-ն»,-ասել է դեսպան Սորոկինը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Թրայան Հրիսթեան Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանին հանձնել է տեղական ինքնակառավարման բարեփոխչի պարգևը: «Համայնքները Հայաստանի հասարակության կարևոր օղակն են և դրական տեղաշարժերի օջախ դառնալու ներուժ ունեն: Պ-ն Վարոսյանն իր գործունեությամբ թափանցիկ ու ներառական տեղական ինքնակառավարումը խթանող առաջնորդի վառ օրինակ է», - ասել է դեսպան Հրիսթեան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել