Հույները բողոքում են հանրային հեռարձակողին փակելու իրենց կառավարության որոշման դեմ
Հունաստանում հանրային հեռուստատեսությունն այնքան արագ փակվեց, որ քչերը հասցրին հասկանալ, թե ինչ է կատարվում: Երկրի վարչապետ և կոալիցիոն կառավարության ղեկավար Անտոնիս Սամարասը հայտարարեց, որ ERT պետական հեռուստաալիքը, որը համարժեք է BBC-ին, փակվելու է հունիսի 11-ի կեսգիշերից հետո: Սամարասն ասաց, որ ERT-ն կվերաբացվի երեք ամսից անհամեմատ ավելի փոքր անձնակազմով:
Ներկայում երկրով մեկ ERT-ում աշխատում է 2656 լրագրող: Հանրային թղթակիցների տեղեկացմամբ՝ վարչապետի հայտարարությունից հետո Աթենքում, Թեսալոնիկում՝ ERT-ի գրասենյակների մոտ, եղել են ոստիկանական ուժերի կուտակումներ, որոնք հետ են քաշվել, երբ տեսել են, որ հեռուստաընկերության փակման մասին անսպասելի լուրից կատաղած ու արագորեն փողոց դուրս եկած ցուցարարների ամբոխը հսկայական չափերի է հասնում:
Եվրոպական հեռարձակողների միության նախագահ Ժան Պոլ Ֆիլիպոն խիստ քննադատել է Անտոնիս Սամարասի որոշումը և հորդորել Հունաստանի կառավարությանը չեղյալ հայտարարել որոշումը: Ժան Պոլ Ֆիլիպոն նշել է, որ հանրությանը ծառայող լրատվամիջոցների գոյությունը, կառավարության ստերից դրանց անկախությունը ժողովրդավարական հասարակությունների հիմքերից է, ուստի հանրային լրատվամիջոցների համակարգում հեռուն գնացող որևէ որոշում կայացնելուն պետք է նախորդի բաց ու ժողովրդավարական բանավեճ խորհրդարանում, մի բան, որը չի արվել Հունաստանում:
Եվրոպական հեռարձակողների միությունը հունիսի 12-ին փորձել է հունական հեռարձակողի լուրերի թողարկումը եթեր վերադարձնելուն միտված քայլեր կատարել, որոնք թույլ կտան հունական արբանյակի բաժանորդներին հեռուստացույցով դիտել NET-ը՝ հեռուստաընկերության լուրերի ալիքը:
Ժամեր անց NET-ի լուրերի թողարկումները, որոնք հեռարձակվում էին ERT-ի Թեսալոնիկի ստուդիաներից՝ չնայած գործունեությունը դադարեցնելու մասին կառավարության հրահանգին, կրկին հայտնվել են հույների էկրաններին:
Ազդանշանը հասանելի է նաև ամբողջ աշխարհում հետևյալ արբանյակներով. Hotbird 13A՝ Եվրոպայում, APSTAR 7՝ Ասիայում, Intelsat 19 և Optus D2՝ Օկեանիայում:Եվրոպական հեռարձակողների միության գործադիր խորհուրդը հունիսի 12-ին որոշում է կայացրել ձեռնարկել քայլեր, որոնք եթերում կպահեն ERT-ն:
Ժուռնալիստների եվրոպական ընկերակցությունը նույնպես դատապարտել է այն մեթոդները, որ Հունաստանի կառավարությունը կիրառել է Հանրային ERT հեռուստաընկերության հեռարձակումը դադարեցնելու համար: Միեւնույն ժամանակ ընկերակցության հունական մասնաճյուղը հայտարարել է, որ նախկինում տիրող իրավիճակը պետք է արմատապես փոխվի: Անմիջապես պետք է hամապատասխան օրենսդրություն մշակվի, այնպես, որ հեռարձակման նոր մարմինը հնարավորինս շուտ սկսի գործել:
Նյութը պատրաստվել է ըստ http://www.indexoncensorship.org-ի
Լուսանկարի հեղինակ՝ MICHALIS MICHAILIDIS/Demotix
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել