HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դսեղը տիկնիկային թատրոն ունի

2006 թ. Դսեղում հիմք դրվեց «Թումանյանական հեքիաթի օր» ամենամյա տոնակատարությանը: Այդ հրաշալի միջոցառումն անցկացնելու համար Դսեղ ժամանեցին թատերական խմբեր ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի շատ երկներից: Տեսնելով այդ ամենը, հենց հաջորդ տարի Դսեղի հանրակրթական դպրոցի գերմաներեն լեզվի ուսուցչուհի Սուսաննա Թումանյանը, սեփական նախաձեռնությամբ, ստեղծեց ինքնագործ թատերական խումբ և բեմադրեց առաջին ներկայացումները:

Ուսուցչուհին հաճախ է կազմակերպում գերմաներեն լեզվով միջոցառումներ` գերմանացի դասականների` Հայնեի, Գյոթեի, Շիլլերի ստեղծագործությունների հիման վրա: Սուսաննա Թումանյանի հետ մեր զրույցն իր ստեղծած` Դսեղի տիկնիկային թատրոնի մասին է:

Ի՞նչը հիմք դարձավ խմբի ստեղծման համար:

Թումանյանի հարկի տակ փառատոն էր կազմակերպվում, և մենք լինեինք դիտորդի՞ դերում, դա մեզ պատիվ չէր բերում: Ես, որպես Թումանյանի համագյուղացի, մի տեսակ «նախանձախնդրությամբ» լցվեցի. ինչո՞ւ պետք է Թումանյանին մեծարեին եւ գնահատեին միայն օտարները: Իմ դասղեկական դասարանից ստեղծեցի թատերական խումբ և սկսեցինք աշխատանքները:

Ո՞րն էր խմբի  առաջին ներկայացումը:

Առաջին ներկայացումը «Կիկոսի մահն»  էր` գերմաներեն լեզվով: Բացի նշված ստեղծագործությունից, բեմադրեցինք նաև «Անտառի տնակը»:

Ո՞րն էր գերմաներեն լեզվով հանդես գալու պատճառը:

Քանի որ ես ինքս գերմաներեն լեզվի մասնագետ եմ, որոշեցի հենց այդ լեզվով կազմակերպել ներկայացումները` հետապնդելով մի քանի նպատակ: Նախ՝ ակտիվացնել իմ դասարանը, խթանել գերմաներենի ուսուցումը, հանրությանը ճանաչելի դարձնել Թումանյանի ստեղծագործությունները, ինչպես նաև իմ համայնքի երեխաների և օտարների շփումները դարձնել ավելի ինտենսիվ:

Ունեցել ենք նաև ներկայացումներ հայերեն լեզվով: Հիմք ընդունելով Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը, սակայն, ժամանակակից կյանքին համապատասխանող մոտիվներով: Այս ներկայացումը բուռն արձագանք գտավ հասարակության շրջանում: Հաջորդ տարի խումբը բեմադրեց «Պապն ու շաղգամը» ստեղծագործությունը: Հանդիսատեսը միշտ էլ ծափողջյուններով է արձագանքել խմբի ելույթներին:

Որտե՞ղ եք հանդես եկել ձեր ներկայացումներով:

Խումբը ելույթներով հանդես է եկել ինչպես Հովհ. Թումանյանի տուն-թանգարան այցելած զբոսաշրջիկների համար, այնպես էլ «Բերքի տոն»-ին կազմակերպված մեծ միջոցառմանը` Գյուլագարակում: Խումբը ելույթներ է ունեցել նաև Երևանում: Ստացել է պատվոգրեր և «Լավ բեմադրություն» նոմինացիա:

Ունեի՞ք  բեմադրությունների համար անհրաժեշտ սեփական տիկնիկներ եւ հագուստներ:

Բեմադրությունների համար անհրաժեշտ տիկնիկները և պարագաները ժամանակավոր տրամադրել են փառատոնի կազմակերպիչները` հանձինս Արմեն Սաֆարյանի և մեր համագյուղացի Արմենուհի Խաչատրյանի, ովքեր մեզ օժանդակել են թատրոնի կայացման գործընթացում: Մի քանի տիկնիկ էլ խումբը նվեր է ստացել:

Այժմ գործո՞ւմ է խումբը:

Թատերական խմբի սաները 2012 թվականին ավարտեցին դպրոցը և խումբը ցրվեց:

Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում, քանի որ թատերական խումբը ցրվել է:

Ես ամեն տարի առիթը բաց չեմ թողնում տարբեր դասարանների, իմ սաների հետ ներկայացումներ կամ այլ բնույթի միջոցառումներ կազմակերպել: Օրինակ, 2012 թ. աշնանը 9-րդ դասարանի աշակերտների ուժերով ներկայացրինք Gestatten, Froschkönig! (Թույլ տվե´ք, գորտ-թագավոր) հեքիաթը տուն-թանգարան այցելած մեծաթիվ զբոսաշրջիկների և համագյուղացիների համար, որը նույնպես ջերմ ընդունելիություն արժանացավ:

Հարցազրույցը՝ Էֆրիդա Եգանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter