Գավառում «օրակարգային հարցեր չկան» ավագանու նիստ հրավիրելու համար
Որոշել էի մասնակցել Գավառ քաղաքի ավագանու նիստին եւ ուզում էի հերթական նիստի օրը ճշտել: Նախ փորձեցի «անձնական կապերով» պարզել եւ դիմեցի ավագանու անդամ Մհեր Մարինոսյանին, սակայն վերջինս հայտեց, թե տեղյակ չէ եւ խորհուրդ տվեց Գավառի քաղաքապետարանի կայքէջից տեղականալ:
Գավառի քաղաքապետարանը երկու կայքէջ ունի, որոնցից մեկը` ներկայացվում է որպես պաշտոնական կայք, սակայն այնտեղ ավագանիների նկարներից բացի նրանց գործունեության մասին հուշող ոչինչ չգտա:
Քաղաքապետարանի մյուս կայքը, որը որպես համայնքային տիպային կայք Տարածքային կառավարման նախարարության պատվերով պատրաստել է «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» հ/կ-ն եւ գտնվում է ինտրանետ համակարգում (www.infosys.am կայքէջում գրանցված է), դարձյալ քաղաքապետարանի եւ քաղաքի ավագանու գործունեության մասին տեղեկատվություն չի պարունակում:
Վերջին հույսս տեղեկատվական ցուցատախտակներն էին, որտեղ պետք է փակցված լինեին ավագանու եւ քաղաքապետարանի գործունեության մասին իրազեկող տեղեկատվությունը կամ գոնե ավագանու կայացրած վերջին որոշումները, սակայն այնտեղ գտա միայն Գավառ քաղաքի 2003 թվականի բյուջեի նախագիծը:
Մտածեցի, որ այդ հարցում ինձ կարող է օգնել Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանը: Նա հայտնեց, որ վերջերս է տեղի ունեցել ավագանու նիստը եւ քանի որ օրակարգային հարցեր չկան` առաջիկայում նախատեսված չէ ավագանու նիստ անցկացնել: Իմ այն հարցին, որ եթե չկան օրակարգային հարցեր, ինչը ենթադրում է, որ չի լինելու արտահերթ նիստ, ապա ե՞րբ է տեղի ունենալու ավագանու հերթական նիստը, որին կցանկանայի մասնակցել, նա տվեց նույն պատասխանը` «օրակարգային հարցեր չկան»:
Մտածելու տեղիք է տալիս` մի քաղաքում, որտեղ կան բազմաթիվ խնդիրներ, հնարավո՞ր է երկու ամսում հարցեր չլինեն նիստի օրակարգ ձեւավորելու համար: Սա չի՞ ենթադրում, որ ավագանին մտահոգված չէ համայնքի խնդիրներով: Նշենք, որ ՏԻՄ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` առնվազն ավագանու նիստերը պետք է տեղի ունենան երկու ամիսը մեկ անգամ:
Այսպիսով, ստացվում է, որ քաղաքացին ոչ մի կերպ չի կարող տեղեկանալ ավագանու նիստերի անցկացման մասին, եթե դա չեն ցանկանում համայնքի ղեկավարն ու աշխատակազմի քարտուղարը: Մինչդեռ քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը կայքէջի այցելուներին վստահեցնում է, որ «կայքը հնարավորություն կտա ծանոթանալու տեղական ինքնակառավարումն իրականացնող մարմինների մասին համակողմանի տեղեկատվությանը… »:
Լիանա Մակվեցյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել