2014-ից կգործի քրեակատարողական ծառայությունից անկախ, առանձին պրոբացիայի ծառայությունը
Հունիսի 14-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին: Հանդիպման նպատակն էր քննարկել ԵԽ նախաձեռնած «Ազատազրկման հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը եվրոպական ստանդարտներին համապատասխան» ծրագրի շրջանակներում համագործակցությունը:
Օլեքսանդր Պավլյուկի խոսքով՝ ծրագրի նպատակն է աջակցել, որ հայաստանյան բանտերի համակարգը համապատասխանեցվի եվրոպական կանոններին և ԵԽ այլ հանձնարարականներին, ինչպիսիք են ԵԽ պրոբացիոն կանոնները, խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի չափորոշիչները, ՄԻԵԴ-ի նախադեպերը և եվրոպական լավագույն փորձը:
Ծրագիրն իրականացվելու է ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի շրջանակներում: Հրայր Թովմասյանն ասել է, որ իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրով նախատեսված է ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքում ստեղծել քրեակատարողական ծառայությունից անկախ, առանձին պրոբացիայի ծառայություն, և նախարարությունն արդեն մշակել է ծառայության գործունեությունը կարգավորող իրավական ակտի նախագիծը:
«ՀՀ նախագահի հաստատած ժամանակացույցի համաձայն՝ 2014-ի հունվարի 1-ից պետք է գործի պրոբացիայի ծառայությունը»,- ասել է Հրայր Թովմասյանը: Այս մասին հայտնում է արդարադատության նախարարության կայքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել