HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Հեղինակային» պանրի, հեղինակային ֆիլմի և ճանապարհների մասին. Քշիշտոֆ Զանուսսի

Բացառիկ հարցազրույց լեհ անվանի կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսիի հետ

Հյուրանոցի նախասրահում հայտնվում է բարձրահասակ, ժպտադեմ, սպիտակ տաբատով լեհը: Անմիջական ժպիտով մոտենում է, սեղմում ձեռքս: Պարզության և բնականության սկզբունքով առաջնորդվող աշխարհահռչակ այս ռեժիսորին կարելի է ժամերով լսել: Երկու օրվա դիտարկումներս վարպետության դասերի, դրանց ընդմիջումների և անձնական զրույցի ընթացքում ահռելի տեղեկատվության աղբյուր էին: Յոթ օր շարունակ փորձում էի հնարավորինս սեղմել տպավորությունը և փոխանցել ընթերցողին այն կարևորը, որն իբրև լրագրող առանձնացրել եմ:

Քշիշտոֆ Զանուսսի` մեծ փորձառության, բազմաթիվ ֆիլմերի և կյանքն աշխարհի տարբեր անկյուններում անցկացրած աշխարհահռչակ ռեժիսոր, ում հնարավորություն ունեցա երկու օր շարունակ տեսնել և լսել:

Այս անգամ նրա այցելության նպատակը Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերում վարպետության դաս անցկացնելն էր:

Տեսակետը բխում է նստելու տեղից (տարածքից): Եվ այդ փորձից են բխում աշխարհայացքը, կարծիքը և հետագա փորձը: Ես պարտավոր եմ ասելու, թե որտեղից եմ գալիս՝ չնայած ոչ մեկին դա պարտադրված չէ իմանալ:

Բայց այս ամենն ասում եմ, որպեսզի հասկանաք, թե ես որքանով իրավունք ունեմ կամ չունեմ ասելու որոշակի բաներ: Շատ վաղուց եմ ծնվել և ինքս էլ զարմանում եմ, թե ինչպես կարելի էր այդքան վաղուց ծնվել` 74 տարի առաջ. նշանակում է՝ ես արդեն բացարձակ ծերուկ եմ ու դրանից զարմանում եմ, և մի օր էլ անպայման դուք կզարմանաք:

Մարդն անընդհատ ծերանում է և մտածում, որ այդ ամենը կարող էր տեղի ունենալ ուրիշի հետ, բայց ինչո՞ւ է նաև իր հետ տեղի ունենում: 1939 թ.-ին եմ ծնվել` Համաշխարհային պատերազմից երեք ամիս առաջ, բավականաչափ հարուստ մի ընտանիքում : Նախապապերս Իտալիայից եկել էին երկաթուղի կառուցելու Ավստրիական կայսրությունում:

Այստեղ Զանուսսին մի պահ կանգ է առնում, շունչ քաշում ու կենսագրական տարրը տանում դեպի մտածողություն: Հիմքում ճանապարհն է:

Ահա սա իմ կենսագրությունից մի մաս է, բայց ուշադրություն դարձրեք` մշակույթների մեծ մասի մեջ ճանապարհը խորհրդանիշ է` ինչ-որ նոր, լավ բանի ուղենիշ: Ամերիկան է դրա հիմքի վրա կառուցված. մարդիկ գնացին Եվրոպայից` հույս ունենալով ավելի լավ կյանքի, որովհետև այնտեղ տարածականությունը թույլ էր տալիս ամեն բանից հեռու գնալ: Այդտեղից է առաջացել road movie-ն` ժանր, որում ամեն բան տեղի է ունենում ճանապարհին: Եվ սա բնական է Ամերիկայի համար:

Ռուսաստանում ճանապարհն օձ է: Այն մոտեցող թշնամի է, և ավելի լավ է՝ ճանապարհ չլինի: Եվ մոնղոլները, և թաթարները, և լեհերը, և Նապոլեոնը, և գերմանացիները, բոլորը ճանապարհներով եկան, որպեսզի զավթեն տներ, տարածքներ, հող: Նայեք քարտեզին, տեսեք՝ ինչ խիտ են եվրոպական ճանապարհները, ապա ուշադրություն  դարձրեք Ռուսաստանին. դատարկություն:

Պատերազմ, ռմբակոծություն՝ Զանուսսիի ծննդյան օրվանից ընդամենը երեք ամիս անց: Զանուսսին սպասված երեխա էր, նույնիսկ այդ պայմաններում բուժքույրը հետևում էր նրա քնին, առողջությանը, իսկ այդ ընթացքում մայրը գդալի մեջ մոմի միջոցով եռացնում էր ջուրը:

Հակադրությունները միշտ են հետաքրքիր: Այս ամենն ուղղակիորեն ազդել է իմ կյանքի վրա: Երբ երեխան այդպիսի ուղղակի կապ է ունենում մահվան հետ, այն ամբողջ կյանքում շարունակում է կրել: Մահվան մասին անընդհատ մտածում եմ: Այն հաճախ է հայտնվում իմ ֆիլմերում: Այնպես որ, մահն ինձ համար տարբերության դրսևորում չէ: Ես չեմ խաղարկում մահը:

Քշիշտոֆ Զանուսսին մինչ ռեժիսորական կրթություն ստանալը երկու այլ մասնագիտություն ձեռք բերեց` ֆիզիկոսի և փիլիսոփայի:

Ես սիրեցի ֆիզիկան, բայց նա ինձ երբեք չսիրեց:

Դպրոցից հետո` 1955թ.-ին, ընդունվեցի համալսարան: Այն ժամանակ ցանկությունը մեկն էր` ընդունվել մի տեղ, որտեղ գաղափարախոսություն, քաղաքականություն և կեղտ չկային, որը տանել չէինք կարողանում: Իմ միջավայրը, ընտանիքը, ծնողները ատում էին կոմունիզմը: Կուսակցական լինելը ամոթալի էր, և մենք նման մարդկանց նույնիսկ հյուր չէինք հրավիրում:

Ես ընդունվեցի ֆիզիկայի ֆակուլտետ: Չորս տարի ուսումնասիրեցի ֆիզիկա: Եվ ավարտելուց հետո նոր ընտրության առաջ էի կանգնել: Ընդուվեցի փիլիսոփայության ֆակուլտետ, որտեղ, բնականաբար, դասական փիլիսոփայություն էինք ուսումնասիրում, ոչ թե մարքսիստականը:

Այդ ժամանակ սիրողական ֆիլմեր էի նկարում: Դա իմ մեծ ուրախությունն էր: Այդպես տարբեր մրցույթներում հաղթեցի: Եվ մի անգամ ազգային մի մրցույթի ժամանակ տասը մրցանակից  յոթը ստացա: Ոչ մի այլ տիրույթում ինձ չէին գնահատել այդկերպ. ես ոչ լավ ֆիզիկոս էի, ոչ էլ լավ փիլիսոփա: Որոշեցի ընդունվել կինոակադեմիա:

Քննությունը տևեց 10 օր: Ով հայտնվում էր կինոդպրոցում (ռեժիսորների համար նախատեսված էր 5-6 տեղ) մի երկրում, որտեղ 40 միլիոն մարդ է ապրում, կրթությունից հետո հաստատապես ունենում էր աշխատանք: Քանի որ պետության համար այդ կրթությունը շատ թանկ էր, հնարավորինս բարդացված էր ընտրության ընթացքը: Մեկ տեղի համար 100 թեկնածու կար: Ես անցա քննական շեմը:

Երեք տարի անց Զանուսսիին հեռացնում են կինոդպրոցից:

Սկզբից ես իրենց շատ էի դուր գալիս, հետո սկսեցի շատ դուր չգալ: Դա պատահում է: Սա է հասարակության հետ հաղորդակցության ձևը: Դուք մեկ կարող եք դուր գալ, մեկ` ոչ: Այդ դեքպում ինչի՞ն հենվել:

Հասարակությունը միշտ չէ, որ ճիշտ է, քննադատները` նույնպես: Մի կողմից կարելի է դոն Կիխոտ լինել, նկարել ֆիլմեր, որոնք մարդիկ չեն ուզում դիտել, մյուս կողմից ուրախություն է գալ նկարահանման հրապարակ, աշխատել, նայել դերասաններին, որոնք քո սպասածից ավելի լավ են խաղում: Իմ հասակակիցներից շատերն այդպիսի բերկրանք չեն ապրում արդեն, իսկ ես ունեմ նման երջանկության հնարավորություն:

Եվ այսպես, ինձ երկորդ անգամ ընդունեցին կինոդպրոց: Լավ է իմանալ ուրիշների մասին, որովհետև երբ մենք հարված ենք ստանում, գիտենք, որ առաջինը չենք և ոչ էլ վերջինը: Ինձ վռնդեցին կուրսային աշխատանքից հետո, երբ ես Ֆրանսիայում «Նոր ալիք» կոչվածին բախվեցի: Ես ուսանող էի, ով հայտնվել էր Ֆրանսիայում նորարարական մի շրջանում: Սրանք այն մարդիկ էին, ովքեր հեղափոխություն էին մտցրել կինոյի մեջ: Ես տեսա` նրանք ինչ են անում. դա լրիվ այն ամենի հակապատկերն էր, ինչ ինձ սովորեցրել էին իմ պրոֆեսորները:

Երբ ես վերադարձա, միանգամից ֆիլմ նկարեցի, որը փոքր-ինչ նման էր Ֆրանսիայում իմ տեսածին. իմպրովիզացիա, մարդիկ, որոնք չգիտեին, որ իրենց նկարում են, ոչ ամբողջական սցենար: Եվ ուրախ էի, որ յուրօրինակ բան եմ անում, իսկ իմ պրոֆեսորներն ասացին, որ հայտնվել եմ այստեղ սիրողական կինոյի մակարդակով և նորից վերադառնում եմ դրան: Իմ արածն անվանեցին ոչ պրոֆեսիոնալ… Ես այնքան էի ուզում կինոռեժիսոր դառնալ, որ կուլ տվեցի այդ վիրավորանքը, և ինձ նորից ընդունեցին կինոդպրոց:

Ձեր կյանքի պատմության հատվածները լսելուց հետո ինձ թվաց, որ Դուք ամեն բան համեմատում եք ճանապարհների հետ: Նեղ ճանապարհը մի բանի խորհրդանիշ է, լայնը` մեկ այլ: Այդ համեմատություններն ինչ-որ հստակ պատճառներ ունեն: Գուցե Ձեր ապրած ժամանակաշրջանի՞ց է այդ հիմքը, պան Զանուսսի:

Ամեն դեպքում ես ապրել եմ ավիացիայի զարգացման ժամակաշրջանում, իսկ հորեղբայրս Համաշխարհային պատերազմի ժամանակ զբաղված էր ինքնաթիռների արտադրությամբ: Օդը ամբողջական փոխաբերություն կարելի է դիտարկել. այն շարժվելու ազատության հնարավորություն է տալիս բոլոր ուղղություններով, իսկ ճանապարհը` միայն երկու:

Շատ եք ճանապարհորդում և բոլոր մայրցամաքներով: Դուք ամենուր տեսնում եք մարդուն իր խնդիրներով` Լատինական Ամերիկայում, Ասայիում,Եվրոպայում: Ո՞րն է բոլոր այդ մարդկանց առաջնային խնդիրը:

Բոլոր տեղերում էլ նույն խնդիրներն են ուղղակի տարբեր ձևակերպումներով: Մարդը գիտակցաբար կամ հաճախ անգիտակցաբար նպատակաուղղված է լիարժեք կյանքով ապրելուն և միշտ չի կարողանում ամբողջացնել, սահմանել, թե ինչպիսին է այդ լիարժեք կյանքը, ինչի վրա է հիմնված: Սա մշտական խնդիր է, որին ամենուր կարող ես հանդիպել:

Այս հարցի համատեքստում աչքիս առաջ եկավ Ձեր դիպլոմային ֆիլմը` «Գավառականի մահը» (ֆիլմը սկզբնական անվանումը` «Վանականի մահը»): Վանականն այդտեղ ապրում է իր բնությանը հատուկ կյանքով` լիարժեք տեսակի մեջ, սակայն չգիտի և չի տեսնում հակառակ ափին ապրող մարդուն, որն այլ կերպ է դիտարկում ամեն հարց: Այդ դեպքում վանականն ապրո՞ւմ է լիարժեք կյանքով, թե՞ ոչ:

Կախված է գիտակցության մակարդակից, ոչ թե ապրելու վայրից: Կարելի է ապրել վանականի կյանքով կամ գիտնականի և նկատել այլ կյանքով ապրող մարդկանց, իսկ հնարավոր է նաև ապրել առավել հետաքրքիր, այլ կյանքով և ոչինչ էլ չնկատել: Եթե մարդը ճիգ չի գործադրում ուրիշներին հասկանալու, ուրեմն առնետի կյանքով է ապրում: Եվ շատերն են այդպես ապրում… առնետի կամ խլուրդի պես:

Եթե մի սահմանափակ տիրույթում շատերն են առնետ, նավը գուցեև խորտակվի…

Գիտե՞ք` նավը միշտ էլ առաջ է մղում փոքրամասնությունը, ինչպես հասարակությանն առաջ է մղում էլիտան:

Չգիտեմ` որտեղ ինչպես է ընկալվում «էլիտա» եզրույթը, բայց Հայաստանում էլիտան հաճախ ներկայացվում կամ դիտարկվում է այն խավը, որն ունի իշխանություն, փառք և փող:

Նրանք, ովքեր ունեն իշխանություն և փող, կարող են շատ պարզունակ լինել, իսկ էլիտան ներկայացնում են նրանք, ովքեր ընդունում են այն պատասխանատվությունը, որ ունեն ուրիշների հանդեպ: Էլիտան կարող է լինել և հավաքարարների, և նախարարների շրջանում. դրանք միշտ փոքրամասնությունն են ներկայացնում` ունենալով գիտակցության ավելի բարձր մակարդակ, կենդանի խիղճ և պատասխանատվության զգացում:

Պան Զանուսսի, վարպետության դասի ընթացքում ուսանողներին ասացիք` պետք չէ ասել «ես ուզում եմ», այլ դրա փոխարեն` «ես կարող եմ»:Սոցիումը հաճախ հնարավորություն չի տալիս կարողանալու մղումն առաջ տանել, և եթե մարդը հավատում է կարողությանը, դեռևս պայմաններ չունենալով, ասում է, որ ուզում է…

Երբ ես երիտասարդների համար դասախոսություն եմ անում, գիտեմ, որ իրենք հաճախ պատրանքներ ունեն, իսկ ես ուզում եմ` նրանց զգուշացված լինի դրա մասին, որպեսզի հետո չզղջան այն կյանքի համար, որն անցնելու է իրենց կողքով: Ուզում եմ՝ նախապես իմանան, որ պետք է ահռելի փոխզիջումների գնալ:

Ձեր սերնդակից տարբեր արվեստագետների հետ ունեցած զրույցներից լսել եմ այն կարծիքը, որ իրենք ռեժիմի, քաղաքական ճնշման տակ ավելի լավ են ստեղծագործել և հիմա այս մասսայականության և համատարած ազատության մեջ ավելի են դժվարանում ասելիք ունենալ:Այդպե՞ս է:

Ճնշում միշտ է եղել: Գուցե ուրիշ բան կար նախկինում: Կար հանդիսատես, որն ավելի ուշադիր էր, հանդիսատես, որն ուներ սահմանափակ ընտրություն և պատահականության սկզբունքով չէր առաջնորդվում: Իսկ հիմա մենք շատ մեծ մրցակցության պայմաններում ենք աշխատում, իսկ այդ մրցակցության մեջ հաղթանակում է «պոպսան»: Եվ պետք չէ կենտրոնանալ այս ամենի վրա, պետք է աշխատել այս պայմաններում:

Այդ դեպքում մա՞րդն է իր ժամանակաշրջանը կերտում, թե՞ ժամանակն է հստակ ազդեցություն ունենում մարդու վրա:

Մենք բոլորս կախված ենք պայմաններից: Մարքսիստները կենտրոնացել էին, թե ինչպես կարելի է աշխատել պայմաններ փոխելու վրա, իսկ ինձ ավելի հետաքրքիր է մտածել, թե ներկա պայմաններում` վատ կամ լավ, ինչպես գտնել քեզ համար տարածություն և դրսևորել ազատությունդ: Սա ուղղակի իմ փիլիսոփայությունն է:

Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ արվեստը, ֆիլմը մարդու հետ հաղորդակցվելու միջոց են: Եթե այդպես է, ապա հեղինակային ֆիլմն, ամեն դեպքում, յուրահատուկ է, և ամեն մեկը չէ, որ կարող է հաղորդակցվել:

Գիտեք` ինչին է նման. կա հագուստ, որը դերձակն է կարում որոշակի մեկի համար, և հակառակը` կա հագուստ, որը նախատեսված է բոլորի համար, և դուք պետք է ձեր մարմնի չափերով գտնեք, բայց զանգվածային արտադրության հագուստն այդպես էլ ամբողջապես չի համընկնում ձեր չափին:

Շատ շնորհակալ եմ անկեղծության և երկու օրվա ահռելի տեղեկատվության համար: Հարցազրույցի վերջում կցանկանայի ընթերցողին ներկայացնել «հեղինակային» պանրի և հեղինակային ֆիլմի համեմատության մասին ձեր պատմությունը, եթե դեմ չեք:

Խնդրեմ:

***

Լեհական հեռուստահաղորդումներից մեկի շրջանակներում հանդիպեցի մեկին, ով մասնագիտությամբ փիլիսոփա էր, բայց պանիր էր ցուցադրում` ասելով, որ իր պանիրը «հեղինակային» է և տարբերվում է զանգվածային արտադրության պանիրներից: Երբեք չէի պատկերացնում, որ կյանքի էությունն ինձ համար բացահայտվելու է նաև խոհանոցի տիրույթի միջոցով:

«Ես այդ պանիրը հնարել եմ»,- ասում էր նա: Հաղորդումից հետո ինձ ուղարկեց այդ պանրից, որը զարմանալիորեն սկսեց անհետանալ սառնարանից: Սկզբից կարծում էինք` գուցե սպասավորն է սոված և վերցնում է պանիրը: Հետո տեսագրության միջոցով տեսա, որ ինը շներիցս մեկը` ճապոնական ազնվական ցեղատեսակից, գողանում է պանիրը:

Այդ շունը երբեք ուշադրություն չի դարձրել պանրին, եթե նույնիսկ այն սեղանին է դրված եղել, և առաջին պանիրը, որ նա գողացավ, այդ «հեղինակայինն» էր:

Հեղինակային ֆիլմը և այդ «հեղինակային» պանիրն ինչ-որ տեղ նման են իրար: Այդ փիլիսոփան իրեն դրսևորել է իր «հեղինակային» պանրի միջոցով և ուրախ է, որ մարդիկ դրա մասին գիտեն, օգտվում են, իսկ իր բաղադրատոմսը գաղտնի է:

Ինձ համար ևս ուրախություն է, երբ մարդիկ հասկանում են՝ որն է իմ ֆիլմը, որովհետև լեզուն, աշախարհայացքն իմն են: Ես երջանիկ եմ ինձ զգում:

Չնայած ես չեմ հասել այն ամենի կեսին, ինչի մասին երազել եմ, բայց սպասածիցս շատ ավելին եմ ստացել:

Լուսանկարում՝ Քշիշտոֆ Զանուսսին և հարցազրույցի հեղինակ Անուշ Քոչարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter