HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Մարիա Սահակյան. «Ես ու կինոն սիրում ենք իրար և ուզում ենք միասին լինել»

«Իմ երազանքն է Հայաստանում աշխատել` ոչ մի տեղ չգնալով: Լիքը հետաքրքիր պատմություններ կան, որ կարող ենք Հայստանում նկարել, բնությունն էլ լայն հնարավորություններ է տալիս, բայց, բայց…», - ասում է ռեժիսոր Մարիա Սահակյանը:

Ռուսաստանում հայտնի հայ ռեժիսորն արդեն մի քանի տարի է, ինչ տեղափոխվել է Հայաստան: Մինչև 12 տարեկան հենց այստեղ է ապրել, որից հետո ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա: Հենց այնտեղ էլ նա սկսել է իր կինոգործունեությունը:

«Արդեն 9 տարեկանից գիտեի, որ կինոյի ոլորտն եմ ուզում», - ասում է Մարիան:

Կինոյի ասպարեզում լինելը վերջնական որոշում էր: Սակայն ապագա ռեժիսորը սկզբում ցանկանում էր դերասանուհի դառնալ: Այնուհետև հասկացավ, որ դերասանուհիները հաճախ են լինում ուշադրության կենտրոնում, ու նրանց կյանքը դառնում է հանրությանը:  

«Հետո ցանկացա լինել այն մեկը, ում չեն տեսնում, բայց ով այդ ամեն ինչը վերահսկում է», - հիշում է Մարիան:

«Քո երազը դառնում է իրականություն. դու կարող ես դա բռնել և ուրիշներին էլ ցույց տալ»

Կինոյի նրա առաջնեկը «Հրաժեշտ» կարճամետրաժ ֆիլմն է (2004 թ.), որը «Ոսկե ծիրանում» արժանացել է «Լավագույն դեբյուտային ֆիլմ» մրցանակին: Այնուհետև ֆիլմն արժանացել է «Սուրբ Աննա» փառատոնի դիպլոմին ու ՎԳԻԿ փառատոնին՝ «Կոդակ» ֆիրմայի մրցանակին:  

Մեծ էր Մարիայի հիացմունքը հենց առաջին ֆիլմի ստեղծման ժամանակ, երբ տեսնում է, որ այն, ինչը մինչ այդ պատկերացրել ու նախատեսել էր, այժմ իրականություն է:

«Գեղեցիկ ու աննման զգացողություն էր: Քո երազը դառնում է իրականություն. դու կարող ես դա բռնել և ուրիշներին էլ ցույց տալ», - հիշում է Մարիան:

Նրա լիամետրաժ «Փարոս» ֆիլմը «ծնվում է» արդեն 2006 թ.-ին: Այստեղ գլխավոր դերակատարներն են Սոս Սարգսյանն ու Սոֆիկո Չիաուրելին: Երևանյան «Կին» միջազգային փառատոնում այն հաղթում է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Սոբչակն ինքն էր խնդրել իրեն վերցնել այդ ֆիլմում նկարահանվելու համար

«Շատ հեշտ հարմարվող եմ: Երբեք կոնֆլիկտի չեմ գնում, առավել ևս, եթե դերասանն ինձ պետք է», - ասում է ռեժիսորը:

Այս խոսքերի հետ Մարիան հիշում է, թե ինչպես էր սկզբում կինոհրապարակում իրեն պահում Քսենիա Սոբչակը: Նրանք միասին աշխատել են «Էնտրոպիա» (2012) ֆիլմում:

Ֆիլմի սցենարիստ Գրիգորի Մատյուխինն ինքն էր առաջարկել Մարիային որպես ռեժիսոր աշխատել ֆիլմում: Ֆիլմում նկարահանվում են Քսենիա Սոբչակը, Վալերիա Գայ-Գերմանիկան, Դիանա Դելը,  Եվգենի Ցիգանովը և Դանիլա Պոլյակովը:

Մարիան հիշում է, որ Սոբչակն ինքն էր խնդրել իրեն վերցնել ֆիլմում նկարահանվելու համար, սակայն նկարահանման ժամանակ փորձում է իր օրենքները թելադրել:

«Ես ասացի` ստոպ, դու այստեղ ես, որովհետև դու ես այդպես ուզում, եթե դու դա չես ուզում, ցտեսություն», - պատմում է Մարիան, որից հետո ամեն ինչ շատ ավելի հարթ ընթացավ:

Աշխարհի վերջը ներկայացնող ֆիլմը, որտեղ հանդիսատեսն ինքն է որոշում, թե որքանով են հերոսները դեր տանում կամ ներկայանում իրենց իրական կերպարներով և որքանով է ֆիլմը գեղարվեստական կամ վավերագրական, բազմաթիվ սուր քննադատությունների առիթ է տվել: Սակայն դա հենց այն էր, ինչ պետք էր ռեժիսորին. լավ, թե վատ, բայց ֆիլմի մասին շատ խոսվեց:

«Կինոն այն ոլորտն է, որ լրիվ քեզ տանում է. դու պետք է ամբողջությամբ տրվես»

Երիտասարդ ռեժիսորը, ով չի պատկերացնում իրեն առանց կինոյի, ցանկանում է ամբողջությամբ նվիրվել սիրելի աշխատանքին: Միաժամանակ, նա ուզում է շատ ժամանակ հատկացնել իր հարազատ ընտանիքին: Սակայն ժամանակը միշտ խոչընդոտներ է ստեղծում:

«Կինոն այն ոլորտն է, որ լրիվ քեզ տանում է. դու պետք է ամբողջությամբ տրվես», - ասում է Մարիան:

Այնուամենայնիվ, նրան հաջողվել է համատեղել աշխատանքն ու ընտանիքը: Հիմա նա աշխատում է իր «Հեքիաթ» լիամետրաժ ֆիլմի վրա, որը նկարահանել է Հայաստանում: Մանկական ֆիլմ նկարահանելու մտահաղացումը ծնվել է նրա երեխաների շնորհիվ: Մարիան երեք աղջիկ ունի, որոնցից երկուսը նկարահանվել են այս ֆիլմում: Նա հիշում է, որ երեխաները իրենց շատ լավ էին զգում նկարհանման հրապարակում, և չնայած հոգնածությանը` ցանկանում էին աշխատել ամբողջ օրը: «Հեքիաթը» պատմում է մի տղայի մասին, ով սիրահարվում է պարուհու ու նրա շնորհիվ բացահայտում պարի յուրօրինակ աշխարհը:

«Մոսկվայում ռեժիսորների գոնե ¾-ը հույս ունի, որ հետ կբերի իր փողը»

Հայաստանում է «ծնվել» նաև Մարիայի «Ալավերդի» ֆիլմը: Սակայն կինոռեժիսորի համար դժվար է աշխատել Հայաստանում: Թեմաներ ու մտահաղացումներ շատ կան, բայց դրանց իրականացումը մշտապես խոչընդոտվում է ֆինանսի պատճառով: Ապրելով Հայաստանում` Մարիան ստիպված է տարվա մեջ մի քանի ամսով մեկնել Ռուսաստան: Այստեղ աշխատելով հերթական նախագծի վրա` նա կրկին  վերադառնում է Հայաստան: Այս երկատվածությունը վնասում է թե գործին, թե ընտանեկան կյանքին:

Հայաստանում հնարավորությունները շատ սահմանափակ են. չկա  ոչ կինոարտադրություն, ոչ կինոշուկա, ոչ մրցակցություն:

«Այստեղ երիտասարդների համար շատ ավելի դժվար է, քան Ռուսաստանում: Մեր տարաքծը փոքր է, ինչը խոչընդոտում է կինոինդուստրիայի զարգացմանը: Պարզապես շատ խելոք քաղաքականություն պետք է վարել, - ասում է երիտասարդ ռեժիսորը: - Մոսկվայում ռեժիսորների գոնե ¾-ը հույս ունի, որ հետ կբերի իր փողը: Հայաստանում մի կինոթատրոն կա, ինքը որտեղի՞ց պետք է հետ բերի իր փողը»:

Այժմ էլ մի քանի կինոնախագծեր ունի, որոնցից մեկը կապված է Ղարաբաղի հետ, մեկը` Երկրորդ համաշխարհային պատերազմի, և մեծ ցանկություն` նկարահանելու այդ ֆիլմերը:

«Տեսնենք, ես երբեք հույսս չեմ կորցնում: Հավատում եմ, որ այսինչ բանը կլինի: Պետք է փորձես, ամեն ինչ անես, որ հասնես նպատակիդ», - ասում է ռեժիսորը:

«Ես գիտեմ` ինձ ինչն է երջանիկ դարձնում, ու դա կինոն է»

Մարիայի խոսքերով` չնայած բոլոր դժվարություններին, ուրախ է, որ հնարավորություն է ստեղծվել վերադառնալ Հայաստան, քանի որ «այստեղ տանն ես», և երեխաներն էլ հնարավորություն ունեն իրենց մանկությունն այստեղ անցկացնել:

«Կարծում եմ` ավելի լավ է գոհ լինես քո ամենօրյա կյանքից և ուրախ լինես այն ամենի համար, ինչ ունես, քան մտածես, որ կդառնաս աշխարհահռչակ ռեժիսոր, բայց ամենօրյա կյանքդ քեզ տանջի», - ասում է Մարիան:

Նրա խոսքերով` ժամանակն իրեն սովորեցրել է սպասել. ոչինչ միանգամից չի լինում: Ու պետք է մտածել, որ ամեն ինչ լավ է կամ որ կարող էր ավելի վատ լինել:

«Ես գիտեմ` ինձ ինչն է երջանիկ դարձնում, ու դա կինոն է: Ինչքան քեզ կդնես մի բանի մեջ, այնքան էլ հետ կստանաս: Եթե մի բան չի ստացվում, պետք է մտածես, որ քեզ այնքան չես տվել, ինչքան պետք էր, - ասում է Մարիան: - Ես ու կինոն սիրում ենք իրար և ուզում ենք միասին լինել»:

Լուսանկարը տրամադրել է Մարիա Սահակյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter