HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ն.Փաշինյան. առանձնատան և Ի.Զաքարյանի կենսագրության համադրությունը ստիպում է մտածել կոռուպցիոն ռիսկերի մասին

Ազգային ժողովում շարունակվում են Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումները: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հաշվետվությունը հետաքրքրաշարժ է այն համատեքստում, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը վերջին 9 ամսվա ընթացքում ավարտել է իր մի քանի միլիոն դոլարանոց առանձնատան շինարարությունը:

«Ընդ որում, 9 ամիսը շատ կարևոր ժամանակահատված է, որովհետև 9 ամիս առաջ Իշխան Զաքարյանը Ազգային ժողովում զեկուցում էր ուրիշների չարաշահումների մասին և այսօր էլ՝ 9 ամիս հետո, զեկուցում է ուրիշների չարաշահումների մասին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը կոչ արեց ուշադիր ընթերցել Իշխան Զաքարյանի կենսագրությունը, քանի որ դրանում չեն տեսնի որևէ դրվագ, որը հնարավորություն կտա հանդարտ վերաբերել մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն ունենալու փաստին: Պատգամավորի խոսքով՝ առանձնատան և Իշխան Զաքարյանի կենսագրության համադրությունը ստիպում է մտածել կոռուպցիոն ռիսկերի մասին:

«Ես զարմանում եմ, թե ինչպես է Իշխան Զաքարյանը ԱԺ ամբիոնից խրոխտ կեցվածքով հերոսաբար զեկուցում ուրիշների չարաշահումների մասին: Պարոն Զաքարյանին թվում է, թե մյուս մարդիկ, ովքեր չարաշահում են, այդ միջոցներով «շպիոնա՞ժ» են անում Ադրբեջանի օգտին: Ոչ: Նրանք էլ են առանձնատներ կառուցում պարոն Զաքարյանի նման, և համոզված եմ, որ նրանցից շատ-շատերը կերազեն և նույնիսկ չեն կարող երազել նույնպիսի առանձնատուն ունենալու մասին»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորն ասաց, որ Իշխան Զաքարյանի առանձնատունը միակ հետաքրքիր ու զարմանալի դրվագը չէ: Օրինակ՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով պետական 20-ամյա պաշտոնավարման ընթացքում, ռուսական և հայկական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, դարձել է Հայաստանի խոշորագույն սեփականատերերից մեկը, փնտրում-փնտրում ու այդպես էլ չի գտնում, թե ովքեր են այն ավազակները, որոնք անխնա կերպով կողոպտում են մեր հայրենիքը:

Վարդան Այվազյանը, ում անունը, բանախոսի ասելով, բնապահպանության նախարար եղած տարիներին կապվել է երրորդ հանրապետության կոռուպցիոն ամենաաղմկոտ սկանդալի հետ, պահանջում է բացահայտել և պատժել բոլոր կոռումպացվածներին:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Վերահսկիչ պալատի բացահայտումները վերաբերում են Տիգրան Սարգսյանի կառավարությանը, ով, հայտնված լինելով «օֆշորային խայտառակ սկանդալի կիզակետում», առիթը բաց չի թողնում խոսելու կոռուպցիայի դեմ պայքարի և արդյունավետ կառավարման մասին, մինչդեռ հենց իր՝ Կենտրոնական բանկի նախագահ եղած տարիներին Հայաստանը զրկվեց ոսկու պաշարներից:

«Այս երևույթը այլ կերպ, քան իշխանության երկվություն չեմ կարող անվանել: Սա իշխանության երկվություն է: Այս իշխանությունը հա՛մ կոռումպացված է, հա՛մ պայքարում է կոռուպցիայի դեմ, հա՛մ ապօրինի են, հա՛մ պայքարում են ապօրինության դեմ...»,- ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը հեգնեց, որ հանրությունը հավատում է, թե Սերժ Սարգսյանը պայքարում է կոռուպցիայի դեմ, և մնում է կռահել, թե ինչպիսին կլինեն այդ պայքարի արդյունքները:

«Այսինքն՝ ինչքանով կավելանա Ալեքսանդր Սարգսյանի և Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի հարստությունը, որը նույնպես Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամ դառնալուց հետո դարձավ միլիոնատեր, բնականաբար, միանգամայն օրինական ճանապարհով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանություններ (1)

GB
I wonder sometimes what is the positive position of a corrupted MP in Armenian Parliament, where he can not perform his duty, as a real MP!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter