HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ժողովրդական արվեստի նմուշների ցուցահանդես՝ Տաթևում

Մշակութային տուրիզմի զարգացման նպատակով «Տաթևի արհեստավորաց թև» մշակութային հասարակական կազմակերպությունը Տաթևի վանքի մոտակայքում (վանքային համալիրից 300 մետր հեռավորությամբ) կազմակերպում է ժողովրդական արվեստի նմուշների ցուցահանդես, որը հանդիսավոր բացման արարողությամբ կմեկնարկի հունիսի 22-ին և կտևի մինչև ամառային զբոսաշրջային սեզոնի ավարտը:

Ցուցահանդեսը բաց կլինի շաբաթ-կիրակի օրերին: ՄՀԿ-ի հիմնադիր նախագահ, նախաձեռնության կազմակերպիչ, տաթևցի քանդակագործ Դերենիկ Եփրեմյանի (Նաղաշ Դերո) խոսքով՝ Տաթևը շատ բան ունի ցույց տալու աշխարհին, առաջարկը մեծ է, որը, սակայն, զիջում է պահանջարկին:

Դերենիկ Եփրեմյանի խոսքով՝ պատճառներից մեկն այն է, որ թե տեղացի, թե արտասահմանցի զբոսաշրջիկները, ովքեր, Երևանից 300 կմ կտրելով, գալիս են Տաթև, 11 րոպե վայելում են ճոպանողին, մոտ 40 րոպե անցկացնում են վանքում, այնուհետև անելու բան չեն ունենում:

Այդ պատճառով «Տաթևի արհեստավորաց թևը» ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու նպատակով Նիդերլանդներից հրավիրել է PR մասնագետ Հանս Սիջսին (Hans Cijs):

Հանսը կամավոր է, տուրիզմի բնագավառում աշխատելու շուրջ 40 տարվա փորձ ունի: Նա կօգնի ներկայացնել հայկական մշակույթը արտասահմանցի զբոսաշրջիկներին:

Եվրոպացին ընդամենը երեկ է ժամանել Հայաստան, բայց հասցրել է փոքր-ինչ ծանոթանալ մեր մշակույթին: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը արևելյան և արևմտյան մշակույթների հետաքրքիր խառնուրդ է, և ցանկության դեպքում կարելի է այն ներկայացնել տարբեր կողմերից:

Հոլանդացու կարծիքով՝ մեր երկիրը լավ հեռանկարներ կարող է ունենալ նաև էկոտուրիզմի զարգացման հարցում, ինչպես, օրինակ, Կոստա-Ռիկան, սակայն անհրաժեշտ կլինեն լուրջ ֆինանսական ներդրումներ:

Լուսանկարում՝ ձախից Դերենիկ Եփրեմյան և Հանս Սիջս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter