Գավառում ճանապարհների թույլատրված կամ չթույլատրված հատվածն՝ ըստ ոստիկանության
Ամիսներ առաջ Գավառ քաղաքում տեղի ունեցած ավտովթարը կյանքից զրկեց 65-ամյա Օֆիկ Դադոյանին: Հարուցված քրեական գործի քննությունից պարզ դարձավ, որ վթարի հետևանքով տեղում մահացած Օ. Դադոյանը փողոցը փորձել էր հատել չթուլատրված հատվածից:
Ինչպե՞ս պետք է իմանար քաղաքացին, թե որն է թույլատրված կամ արգելված հատվածը, երբ քաղաքում ճանապարհային երթևեկությունը կանոնակարգող նշաններ չկան, խաչմերուկներում երթևեկությունը կարգավորող լուսացույցեր չեն տեղադրվել, անգամ հետիոտնի անցումը տարանջատված չէ հոծ գծով: Այս պայմաններում հարց է առաջանում, թե ինչպես կողմնորոշվել՝ ճի՞շտ ես հատել փողոցը, թե՞ ոչ:
Ճանհապարհային ոստիկանության ընդհանուր հսկողության բաժնի պետ Կոստա Կոստանյանը հայտնեց, որ ճանահապարհային երթևեկության նշանները պետք է տեղադրվեն Գավառի քաղաքապետարանի պահանջով և այն դեպքում, երբ քաղաքապետարանը անհրաժեշտ ֆինանսավորումը հատկացնի:
Գավառի փոխքաղաքապետ Գրիգոր Բոշյանը մեր այն հարցին, թե ինչու քաղաքապետարանը չի կազմակերպում փողոցի վերանորոգման ու կահավորման աշխատանքները, պատասխանեց, որ այս տարվա բյուջեով նախատեսված են միայն փոսերի վերանորոգման աշխատանքներ:
Հաջորդ հարցին, թե որքա՞ն գումար է քաղաքապետարանը նախատեսել դրա համար, և երթևեկության նշաններ տեղադրվելո՞ւ են, նա չցանկացավ պատասխանել և ասաց, որ տեղեկությունը կտրամադրեն միայն գրավոր հարցման դեպքում:
Նախշուն Մարկոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել