Արցախում դեռևս հնձման ենթակա է 11 հազար հա գարու ցանքատարածություն
Հունիսի 18-ին Արցախի վարչապետ Արա Հարությունյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված աշնանացան բերքահավաքի կազմակերպմանն ու գարնանացանի ընթացքին:
Գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանն ասաց, որ հանրապետության ողջ տարածքում ներկայում ընթանում է գարու բերքահավաքը. հնձման ենթակա է դեռևս 11 հազար հա գարու ցանքատարածություն, միջին բերքատվությունը կազմում է հեկտարից 17 ցենտներ:
Ա. Հարությունյանը շրջվարչակազմի ղեկավարներին հորդորեց երկու օրվա ընթացքում ավարտել գարու հունձը, քանի որ եղանակային անբարենպաստ պայմաններ են կանխատեսվում: Նա նաև հանձնարարեց առկա տեխնիկան ամբողջապես և առաջնահերթ ներգրավել գարու բերքահավաքի աշխատանքներին:
Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ տևական ժամանակ է՝ հանրապետությունում հացահատիկային մշակաբույսերի ցանքսի ժամանակ փորձարկվում են տարբեր խթանիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում ավելի նվազեցնել բերքի կորուստը: Ա. Հարությունյանը ներկաներին խորհուրդ տվեց տեղերում այդ ուղղությամբ իրականացնել համապատասխան բացատրական աշխատանքներ՝ արդեն առաջիկա ցանքսի ժամանակ այդ մեթոդը կիրառելու նպատակով:
Խորհրդակցության ժամանակ անդրադարձան նաև ցորենի ընդունման գներին: Վարչապետը տեղեկացրեց, որ ալրաղացները ցորենն ընդունելու են կիլոգրամը 160 դրամով: Ցորենի արտադրությամբ զբաղվողները ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին որպես վարկերի մարման տարբերակ կարող են բերքը վաճառել կիլոգրամը 155 դրամով: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել