HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մալազիական եւ ինդոնեզական կահույքն ինչպե՞ս է հայտնվել դպրոցի ավտոտնակում

Վերջերս «Հետքն» անդրադարձել էր Երեւանի թիվ 27 դպրոցի լարված մթնոլորտին, որը գնալով «թեժանում» է: Դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը մեր հրապարակումից հետո` հունիսի 5-ին, 07-Ա հրամանով աշխատանքից ազատել է դպրոցի տնտեսական գծով փոխտնօրեն Սեյրան Ստեփանյանին` աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու պատճառաբանությամբ:

Մինչեւ աշխատանքից ազատելը Սուսաննա Սարգսյանն իր հրամաններով մի քանի անգամ փոխտնօրենին կարգապահական պատասխանատվության է ենթարկել, ինչի հետ վերջինս համաձայն չի եղել: Ս. Ստեփանյանը տնօրենի հրամանների օրինականությունը վիճարկելու նպատակով դեռեւս մայիսի 14-ին դիմել էր աշխատանքի պետական տեսչություն: Ս. Սարգսյանը, չսպասելով տեսչության որոշմանը, հունիսի 5-ին աշխատանքից ազատել է Ս. Ստեփանյանին` լուծելով դպրոցի ու աշխատողի միջեւ 2006 թ. սեպտեմբերի 1-ին անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը: Իսկ օրեր առաջ տեսչությունը որոշել է, որ դպրոցի տնօրենը պետք է վերանայի աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին իր հրամանները, քանի որ օրենքի խախտումներով է կայացրել:

Սեյրան Ստեփանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ խախտումները վերացնելու նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին դպրոցը մինչեւ հուլիսի 1-ը պետք է պարզաբանում ներկայացնի տեսչությանը, եթե այդ պարզաբանումը իրեն չգոհացնի, ապա կդիմի դատարան: Ի դեպ, Սեյրան Ստեփանյանը դպրոցի հայոց լեզվի եւ գրականության արդեն նախկին ուսուցչուհի Գոհար Ստեփանյանի հայրն է, ում նույնպես տնօրենն աշխատանքից ազատել է, եւ գործն այժմ դատարանում է:

Դպրոցի տնօրենի նմանատիպ հրամանների, դատական գործերի մասին արդեն տեղեկացրել ենք, սակայն Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը աչք է փակում այդ գործողությունների վրա: Ըստ խոսակցությունների` Սուսաննա Սարգսյանը գտնվում է անձամբ վարչության պետ Գայանե Սողոմոնյանի հովանու ներքո: Գայանե Սողոմոնյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Նա երեկվանից կամ տեղում չէր լինում, կամ էլ խորհրդակցությունների մեջ էր:

Թիվ 27 դպրոցում խնդիրներն այնքան են խորացել, որ բանը հասել է նույնիսկ քրեական գործին, ու դա նույնպես չի սթափեցրել պատկան մարմիններին:

Այս տարվա փետրվարի 20-ին Շենգավիթի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Կամո Շառոյանի կողմից քրեական գործ է հարուցվել` քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314 հոդվածով (Պաշտոնեական կեղծիքը): Քրեական գործ հարուցելու հիմքը եղել է ԱԺ նախկին պատգամավոր, կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի հաղորդագրությունը:

Քննիչը պարզել է, որ Երեւան քաղաքի բնակիչ Հայկ Սիմոնյանը 2011 թ. դեկտեմբերի 1-ին կնքված աշխատանքային պայմանագրով 3 ամիս ժամկետով աշխատել է թիվ 27 դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ: Սակայն պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նշված դպրոցի պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայողական շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով աշխատանքային պայմանագիրը լուծելու փոխարեն, քաջատեղյակ լինելով Հ. Սիմոնյանի կողմից մինչ այդ իր պարտականությունները պատշաճ չկատարելու մասին, արդեն իսկ կնքված աշխատանքային պայմանագրում կեղծման եղանակով 3 ամիսը դարձնելով 6 ամիս, հնարավորություն են ընձեռել Հ. Սիմոնյանին իր աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարելով ստանալ աշխատավարձ: Ըստ քննիչի` դրանով խաթարվել է դպրոցի հեղինակությունը եւ էական վնաս պատճառվել պետության օրինական շահերին:

Ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ գործը նախաքննության փուլում է:

Քրեական գործի շրջանակներում ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը ստուգումներ է կատարել թիվ 27 դպրոցում եւ դրա վերաբերյալ նյութերն ապրիլի 5-ին ուղարկել է ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

«Թիվ 27 դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության հետ կապված մի շարք հարցեր պարզելու անհրաժեշտություն է առաջացել 25.01.2013 թ. Շեգավիթի քննչական բաժնի ավագ քննիչի կայացրած  որոշման համաձայն` քննությամբ նախապատրաստվող նյութերի հավաքագրման համար: Այլ տեղեկություններ ստանալու նպատակով առաջարկում ենք դիմել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն»,- տեղեկացրին նախարարությունից:

Քանի որ գործը նախաքննության փուլում է մանրամասն տեղեկություններ չենք հրապարակի, սակայն մեր տեղեկություններով՝ ֆիննախը մի շարք չարաշահումներ է հայտնաբերել դպրոցում:

Այդ չարաշահումներից մեկը կարող է վերաբերել դպրոցի գույքին: Դպրոցի արդեն նախկին փոխտնօրեն Սեյրան Ստեփանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ հունիսի 1-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետները քրեական գործի շրջանակներում գույքագրելու նպատակով այցելել են դպրոց եւ վերջինիս պատկանող ավտոտնակում հայտնաբերել են մի քանի տեսակի թանկարժեք գույք, որոնք եղել են մալազիական եւ ինդոնեզական արտադրության:

Ըստ Սեյրան Ստեփանյանի` հայտնաբերված գույքը ավտոտնակ է բերվել ստուգումներից 15-20 օր առաջ, քանի որ դրանից առաջ ավտոտնակում գործ են ունեցել, եւ այնտեղ նման կահույք չի եղել:

«Տնօրենն այնքան ձգձգեց, որ ստուգումն արվեր ժամը 4-ից հետո, որպեսզի ես տուն գնայի ու չտեսնեի այդ ամենը: Երբ իմացել են, որ գույքագրում պետք է արվի, գույքը բերել լցրել են ավտոտնակում: Այդ գույքը դպրոցում երբեւէ չի օգտագործվել: Առաջին անգամ հունիսի 1-ին եմ տեսել ու ապշել եմ, սփրթնել էի, այսպես ասեմ, որ պատկերավոր լինի»,- ասում է Սեյրան Ստեփանյանը:

Իսկ հայտնաբերվածը, ըստ նախկին փոխտնօրենի` եղել է մեծ եւ փոքր ապակյա  նախշերով 2 սեղան, փայտյա օվալաձեւ սեղան, փայտյա կլոր սեղան, ալյումինե ոտքերով, փափուկ նստատեղով 6 հատ աթոռ, 2 բազմաթոռ, «Sony» ֆիրմայի մեծ հեռուստացույց,  35*35*220սմ չափերով բաղնիքի դարակներ, փոշեկուլ եւ այլն: Նախկին փոխտնօրենն ասաց, որ քննիչը, իմանալով այդ գույքի մասին, կապարակնքել է ավտոտնակի դուռը:

Սեյրան Ստեփանյանն ասաց, որ ինքը կասկածներ է ունեցել «մութ գործարքների» վերաբերյալ եւ խնդիրներից խուսափելու նպատակով չի ստորագրել նոր աշխատանքային պայմանագիրը եւ դրան կից հավելվածը` պահատվության հանձնված լիակատար նյութական պատասխանատվության ենթակա գույքի ցանկը: Ս. Սեյրանյանի ասելով` տնօրենը ցանկում չի նշել այն գույքի տեսակները, որը փոխտնօրենը պետք է ընդուներ, փոխարենը գրել է միայն դրանց ընդհանուր արժեքը` մոտ 73 մլն դրամ:  

«Հաշվապահն ու տնօրենն ինձ ստիպում էին, որ ստորագրեմ, ես էլ չէի ստորագրում, նույնիսկ էթիկայի հանձնաժողով ստեղծեցին, որ բռնի ուժով ստորագրեմ, բայց էլի չստորագրեցի: Դպրոցում 2007 թ.-ից ի վեր գույքագրում չի արվել: Այդ թվականից սկսած ինչ թանկաժեք գույք, որ գնել են, ինձանից գաղտնի են արել, ես ոչ մի հաշիվ-ապրանքագրի տակ չեմ ստորագրել, մրցույթի չեմ մասնակցել: Ես դպրոցը մաքուր պահելու համար ընդամենը ստացել եմ օճառ ու «ռաքշա»»,- ավելացրեց Ս. Ստեփանյանը:

Ըստ նրա` հենց ինքը պետք է ի պաշտոնե ընդուներ ավտոտնակում առկա գույքը, սակայն նման բան չէր եղել, քանի որ այդ գույքը ձեռք է բերվել իրենից գաղտնի եւ դպրոցում չի օգտագործվել: Թե այդ ապրանքը որտեղից է բերվել եւ ներկայացվել որպես վերջին 3 տարում գնված ապրանք, Սեյրան Ստեփանյանը տեղյակ չէ:

«Այս գույքը պետք է տանեն խանութներին վերադարձնեն ու գումարները նստացնեն դպրոցի հաշվին, որովհետեւ այդ ապրանքը դպրոցին պետք չէ: Իմ սիրտը ցավում է, որ այդ ապրանքը մտնի դպրոց ու հենց այնպես մի կաբինետում դրվի: Հիմա դպրոցում զուգարանները լավ վիճակում չեն, զուգարան կա, որ փակ է, տնօրենը 8000 դրամ չի տրամադրում, որ գան խցանումը բացեն: Տանիքը կաթում է, պատուհանները փոխված չեն ու դրա մասին չեն մտածում»,- ավելացրեց Սեյրան Ստեփանյանը:

Նա նաեւ նշեց, որ օբյեկտիվ ստուգումների դեպքում դպրոցում այլ խախտումներ էլ կհայտնաբերեն: Օրինակ` մինչեւ քրեական գործ հարուցելը տնօրենի եղբոր կինը` Սիրանույշ Հարությունյանը, տղայի կինը` Սյուզաննա Քոչարյանը, հաշվապահի եղբայրը` Սարգիս Սարգսյանը, տնօրենի ամուսինը` Սուրեն Մարգարյանը, մայրը` թոշակառու Ռայա Հարությունյանը, որպես աշխատող ձեւակերպված են եղել դպրոցում, սակայն նրանցից ոմանց դպրոցում աշխատելիս չեն տեսել:

Սեյրան Ստեփանյանի ասելով` Սուրեն Մարգարյանը երկարօրյա խմբի ղեկավար է, այն դեպքում, երբ 7-8 աշակերտ կա երկարօրյա խմբում, որն ունի ղեկավար, սակայն երկրորդ խումբն են բացել, որպեսզի տնօրենի ամուսինը ձեւակերպվի որպես աշխատող: 

«2012 թ. վերջին զանգից հետո նա դպրոց չի մտել, մեկ-մեկ հենց այնպես եկել է, իսկ սեպտեմբերից ընդհանրապես չի եկել, սակայն 80 հազար դրամ գումար է ստացել: Լրիվ փաստերը կան, եւ դրանք երեւում են աշխատավարձերի ցուցակներում»,- նշեց Սեյրան Ստեփանյանը:

Տնօրեն Սուսաննա Սարգսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Սեյրան Ստեփանյանին աշխատանքից ազատելու համար ունեցել է օրինական բոլոր հիմքերը, եւ դրանք մինչեւ հուլիսի 1-ը ներկայացնելու է աշխատանքի պետական տեսչություն: Ինչ վերաբերում է հարուցված քրեական գործին ու դպրոցի ավտոտնակում հայտնաբերված կահույքին, ապա ըստ տնօրենի` այժմ նախաքննություն է գնում, եւ չի ցանկանում անդրադառնալ գործի մանրամասներին:

«Քրեական գործն իմ դեմ հարուցված չէ, ինչպես բոլորը, այնպես էլ ես ու Սեյրան Ստեփանյանը գործով անցնում ենք որպես վկա»,-նշեց Սուսաննա Սարգսյանը:

Լուսանկարը՝ Սուսաննա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանություններ (3)

Mika
Բոլոր դպրոցներում գրեթե նույն վիճակն է,
Մատաղ սերունդ
Բոլոր դպրոցներ նույն վիճակում են: Գյուղական դպրոցներն էլ ավելի սարսափելի վիճակում են: Խղճում եմ մեր մատաղ սերնդին:
Անի Մեհրաբյան
Կարծում եմ, որ բոլոր դպրոցներն այս վիծակում չեն: Չկա մեկ այլ դպրոց, որտեղ տնօրենը բռնի ուժով ստորագրել է տալիս մաքրուհիներին մի փաստաթուղթ, որով նրանք հաստատում են, որ ստացել են մաքրության համար նախատեսված պարագաներ, բայց իրականում այդ ամենը մտնում է հենց տնօրենի տուն: Ցավում եմ, որ ընկեր Սեյրանի նման լավ մարդն էլ արժանացավ նման վերաբերմունքի, ցնայաց կարելի էր կռահել, չեմ կարծում, որ ընկեր Ստեփանյանին հանելով աշխատանքից, ընկեր Սեյրանին պետք է պահեր: Ուղղակի արդեն իրոք ծիծաղելի է: Մարդը դպրոցը սարքել է իր անձնական բիզնեսը: Մի հաստատություն, որտեղ կրթում են երեխաների... չնայած արդեն կասկածում եմ, կրթում են թե խեղճ երեխաների հաշվին լցնում իրենց գրպանները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter