HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Շունն Աստծո դեմ. Շունը ոչնչացնում է Արեւմտյան քաղաքակրթության հիմքերը». «Publishers Weekly»-ն` Մելիքյանի վեպի մասին

Մաս 1

Ամերիկաբնակ մտածող, գրող Արմեն Մելիքյանի «Ճանապարհորդություն դեպի կուսական հողեր» վեպն արդեն իսկ արժանացել է գրականության ոլորտի լուրջ մրցանակների, գրականության եւ գրականագիտության ներկայացուցիչների համառոտ եւ ընդգրկուն կարծիքների, այնինչ ամբողջական տեսքով հանրությանը կներկայանա նոյեմբեր ամսին:

Ընթերցողների մի մասը գուցե նրան մտաբերեց նախեւառաջ որպես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեծ աղմուկ բարձրացրած «Հայ կրոնի հեղափոխություն» շարժման պաշտոնական էջի հիմնադրի:

Բեյրութում ծնված, 30 տարուց ավելի Ամերիկայում բնակվող Արմեն Մելիքյանը մասնագիտությամբ միջազգայնագետ էԲացի Վաշինգտոնի Ամերիկյան համալասարանում ստացած կրթությունից՝ Մելիքյանը մաթեմատիկա է ուսումնասիրել Հարվարդում, ապա ընդունվել Օքսֆորդի համալասարանի մաթեմատիկայի ասպիրանտուրա` ուսումնասիրելով վերլուծական երկրաչափություն, մաթեմատիկական ֆիզիկա:

Այսօր արդեն, հաշվի առնելով Մելիքյանի ունեցած գրական մրցանակները (մեկ տասնյակից ավելի, ինչպիսիք են «Written Art Award», «Reviewers' Choice Award»), կարելի է փաստել, որ քաղաքական, փիլիսոփայական, կրոնական եւ այլ թեմաները, որոնք արծարծված են նրա վեպում, պատահական հենքեր չունեն:

«Ճանապարհորդություն դեպի կուսական հողեր» («Journey to Virginland») վեպի, «Հայ կրոնի հեղափոխության» գաղափարախոսության եւ մի շարք այլ հարցերի մասին զրուցեցի Արմեն Մելիքյանի հետ:

Վաշինգտոնի Ամերիկյան համալասարանն ավարտելուց հետո հիմնեցիք «Հայաստանի ամերիկյան բարեկամներ» կազմակերպությունը, որը բավականին լուրջ կազմ ուներ` կոնգրեսականներ, նահանգապետեր: Ո՞րն էր կազմակերպության նպատակը, եւ ինչու՞ այն ցրեցիք:

Այո, ուներ 17 նահանգապետերի և ԱՄՆ Կոնգրեսի բազում անդամների աջակցությունն ու ներգրավվումը: Նպատակը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ մշակութային, կրթական, գիտական եւ տնտեսական կապերի խորացումն էր: Այն հիմնել եմ համալսարանն ավարտելուց հետո Վաշինգտոնում, ցրել եմ Հայաստանի անկախացումից հետո` հավատալով, որ անկախ պետությունն ունակ է այդ քայլերն իրականացնելու առանց իմ աջակցության: Ժամանակը ցույց տվեց, որ սխալվել եմ:

Այն գրողներն, ովքեր սկսում են ավելի ուշ տարիքում գրել, սովորաբար կենսագրական կարեւոր իրադարձություններն ու դրվագները ներառում են գրականության մեջ: Գրել սկսեցիք վերջին տասը տարիներին: Որքանո՞վ կապ ունի Ձեր գրականությունը Արմեն Մելիքյան անձի եւ կենսագրության հետ:

Տարանջատելը դժվար է: Սակայն պետք է մտաբերել, որ ստեղծված կերպարներն ու հեղինակը նույն անձերը չեն եւ չեն կարող լինել: Տառացի ընկալողների համար դժվար է նման տարանջատման հնարավորությունն ընդունել: Իսկ սովորաբար տառացի ընկալողները գրականության հետ որեւէ կապ չունեցող մարդիկ են: Գլխավոր կերպարը` Շունը կամ պարոն Շունը, ոչ միայն սփյուռքյան անհայրենիք հայի ոդիսականն է արտահայտում, այլեւ օտարացված մարդու ոդիսականը` մեր աշխարհի բոլոր քաղաքակրթություններից և գաղափարախոսություններից:

«Ճանապարհորդություն դեպի կուսական հողեր» վեպն արժանացել է մի շարք մրցանակների

Անդրադառնալով Ձեր` «Ճանապարհորդություն դեպի կուսական հողեր» վեպին. ինքս վեպը չեմ կարդացել, բայց ծանոթ եմ վեպի մասին բազմաթիվ կարծիքների: Հատկանաշական է այն, որ վեպը դուրս է դասական ընկալումից: Քննադատներից մեկն էլ այն «փորձարարական» է անվանում: Պատմեք, խնդրում եմ, վեպում առկա նյութի մասին` նշելով Ձեր գնահատականը վերջինիս դասականությունից դուրս լինելու, նոր շունչ ունենալու մասին:

Կարծիք արտահայտողների զգալի մասը վեպը չեն իսկ կարդացել: Ոմանք կարդացել են հին նախահրատարակչական առաջին տարբերակը, որը փոքր քանակով մատուցվեց ընթերցողներին` գրքի շուրջ հետաքրքրություն առաջացնելու նպատակով: Գիրքը լույս կտեսնի նոյեմբերին: Այս շուրջ մեկուկես տարվա ընթացքում բնականաբար արել եմ գեղարվեստական փոփոխություններ գրքում. այն հարատեւ ստեղծագործության մեջ է: Փորձարարական անվանողները չեն վրիպում, սակայն հաճախ մոռացվում է այն, որ լինելով անհայրենիք մարդու գիրք, այն նաեւ անհայրենիք է իր կառույցով: Որպես գրական-քաղաքական ուղեգիծ` գիրքը մերժում է կայսրությունների ստեղծած գրականությունների կառույցները, նաեւ պետականության ենթակա գրականությունների, որոնք սիրահոժար կապկում են այդ կայսրությունների գրականության ձեւն ու ոճը: Հայերեն տարբերակ չկա: Սարսափում եմ նույնիսկ այն թարգմանելու հեռանկարից: Ահռելի աշխատանք է, որի հնարավորությունը պարզապես չունեմ, չեմ էլ պատկերացնում առայժմ: Կա երկրորդ հատորը, որը կպահանջի եւս երկու տարի, ապա երրորդը` մոտ հինգ տարի էլ դրա համար է հարկավոր:

Forbes.com-ի նոթի համաձայն` Ձեր վեպը լայնորեն շոշափում է փիլիսոփայական, կրոնական, քաղաքական, սեռական եւ գենդերային հարցեր: Լինելով ավելի լայն սահմաններ ունեցող տարածականության` «սփյուռքի բնակիչ», այս բոլոր հարցերին ի՞նչ տեսանկյունից եք վերաբերում:

Գիրքը եւ վերատեսության է ենթարկում առկա գաղափարախոսությունները հակահերոսի` Շան տեսանկյունից:

Իռլանդիայի համալսարանի պրոֆեսոր Փոլ Մըքարթին ձեր վեպը համամետում է Ջ. Օրուելի գրականության հետ: Համեմատության եզրեր դուք ինքներդ անցկացնու՞մ եք:

Օրուելի հետ համեմատության եզրերը բխում են քաղաքական հարցերի անդրանցականացման որոշակի մոտեցումից: Այնտեղ չկան ոճային կամ այլ նմանություններ` ըստ իս: Պրոֆեսորի ցանկությունը եղել է գիրքը ծանոթացնել ավելի լայն շրջանակների: Նա միշտ եղել է իմ կողքին` ժպիտով արհամարհելով բոլոր քննադատությունները: Հավատում է, որ գիրքը հսկայական ներուժ ունի իր մեջ եւ ապագա: Ինքս այն չեմ համեմատում որևէ հեղինակի գործի հետ: Չեմ էլ ցանկանում: Ընթերցողներն են, որ կարող են արտահայտել սեփական տեսակետներն այդ մասին:

Բոլոր կարծիքների մեջ հստակ առանձնանում է այն կարմիր թելը, որը այս գիրքը տարբեր է բոլոր այն գրքերից, որոնք Ձեր սերնդակիցները կարդացել են երբեւէ: Ձեզ համար այդ հատկանշական տարբերությունը ո՞րն է:

Մասամբ ոչինչ չտվող գրական սեթեւեթանքներից արմատական խզման մեջ, նաեւ շուկա կոչված հրեշի պահանջները առհասարակ արհամարհելու մեջ: Շուկան ոչ այլ ինչ է, քան աշխարհագրական որոշ տարածքների տեր կամ տվյալ տարածքներում մշակութային գերազդեցություն բանեցնող պետությունների հովանավորած գաղափարախոսություններով ձեւավորված պահանջարկի մի դաշտ: 

Մասնագիտությամբ մաթեմատիկոս եք. պետք է որ վեպը վերլուծական տարրով հագեցած լինի: Կենսական առումով բոլոր հարցադրումնե՞րն են արդյոք ճշգրիտ պատասխաններ ունենում, ինչպես մաթեմատիկական խնդիրների արդյունքում:

Վերլուծական որոշ պահեր նկատել են ոմանք: Սակայն իմ մեջ կան մի քանի աշխարհներ: Ուսողությունը չի ներազդել կառույցի վրա, որը հակաուսողական է:

Մարդու հարաբերությունը կրոնի փիլիսոփայության հետ ինչպիսի՞ խզումներ է պարունակում:

Եթե Ձեզ ճիշտ հասկացա, ասեմ հետեւյալը: Կրոնի փիլիսոփայություն կոչվածը ինքնին ինչ-որ տեղ հակասում է կրոնին, եթե վերջինն ընկալենք կրոնի պատմականից մեկնող կրոնի բնութագրման հենքի վրա: Այս առումով, թե՛ կրոնը, թե՛ փիլիսոփայությունը առնչվում են կյանքի երեւույթին առհասարակ եւ առաջադրում տարբեր մոտեցումներ` կարգավորելու եւ օպտիմալացնելու նպատակով կյանքի ներուժը` ընդհուպ մինչև անմահություն:

Կրոնը վերաճումն է նախնադարյան մարդու հավատալիքների դեպի ավելի ամբողջական մի համակարգ: Բանականության զարգացման հետեւանքով զարգացող փիլիսոփայությունը այս առումով շրջանցում է կրոնին: Սակայն փիլիսոփայությունը եւս, ժամանակային պայմանավորվածությամբ, բախվելով գոյության առեղծվածի ընկալումների սահմանափակումներին, վերաճում է մի տեսակ կրոնի, եթե վերջին հղացքով նկատի ունենանք «կյանքի փիլիսոփայություն» եզրը:

Ապագա կրոնի գլխավոր մարտահրավերներից մեկը այս բախման ոգեղենացումն է:Անցյալի կրոնները այն չեն կարող անել` խորը կերպով կլանված լինելով հազարամյակների ենթագիտակցական արմատներով, որոնցից մարդը փորձում է ազատագրվել` թեւակոխելու համար լինելիության ավելի բարձր դաշտեր:

«Ֆեյսբուքում» «Հայ կրոնի հեղափոխություն» խորագրով էջը վրդովմունքի ալիք բարձրացրեց շատերի մոտ: Դուք ինքներդ այն բնութագրում եք որպես հեղափոխություն մեր մտքերի եւ հոգիների մեջ: Ո՞րն է այդ հեղափոխության իրականացման տեսլականը: Ո՞ր պահից այն կարելի է հաջողված անվանել:

Առաջիկա 50 տարիները մեր ազգի համար կլինեն ստեղծագործական հրաշալի տարիներ, որը կհանգեցնի նոր կրոնի ստեղծմանը: Անհնար է այն կանխել: Դրա ոտնաձայներն էր լսում Դանիել Վարուժանը: Մեր ազգի ոգեղեն ընդերքից եկող այդ հարահոսը կասեցվեց մասամբ ցեղասպանության և Հայաստանի խորհրդայնացման հետևանքով: Անկախությունից հետո պատմականորեն կազմակերպված կառույցները ներխուժեցին հայ մարդու կյանքի մեջ` իրենց իշխանությունը հաստատելու և ամրապնդելու նպատակով:

Հաջողության հասնելով հասարակության նվազ գիտակից տարրերի մեջ՝ նրանց լարում են մեր ազգային զարթոնքի և համամարդկային նոր թռիչքների հնարավոր կրողների ջանքերը վիժեցնելու նպատակով: Այսպիսով նրանք կատարում են մշակութասպանություն, ազգասպանություն, և այս ոճիրների համար էլ պետք է դատվեն:

Առնվազն 1000 հայ թե Հայաստանում, թե արտերկրում, գիտակցորեն կամ ոչ, բազմաթիվ բնագավառներում աշխատում է հայ կրոնի ստեղծման ուղղությամբ: Ստեղծվում է դաշտ, որի վրա կարող է խոյանալ նոր կրոնի թռիչքը: Երբ կձերբազատվենք գաղափարախոսական ստրկատիրության առաջնորդող կրոնի ճիրաններից, երբ սիրով ու անձնուրացորեն, նաեւ պետական համակարգի եւ քաղաքական գլխավոր ուժերի օժանդակությամբ կամ առնվազն չխոչընդոտելու պայմաններում, կկարողանանք մշակել այդ դաշտը, երբ կգա այն օրը, որ փոխանակ հոգեւոր մուրացկանների կարգավիճակում լինելու, ինքներս կկարողանանք ողջ մարդկությանը տալ վեհագույն դրսեւորումներով հատկանշվող մի կրոն, այդ պահից հեղափոխության տեսլականը կարելի է մասամբ իրականացված համարել: Մասամբ, քանի որ մարդու փոխակերպման գործընթացը դեպի լինելության ավելի բարձր դաշտեր հազարամյակներ պահանջող իրադրություն է:

Արդյո՞ք կարող է մարդը տիեզերքի կործանումը շրջանցել: Ահա մի հարց, որին առ այսօր տրվել են միայն կեղծ պատասխաններ, սուտ պատասխաններ առկա բոլոր կրոնների կողմից` էշացնելով մարդուն:

«Ճանապարհորդություն դեպի կուսական հողեր» 
(«Կատենա» խորագրով)

Նոր գաղափարախոսությունների ալիքը, որն, ըստ Ձեզ, միտված է փոփոխություն մտցնել կենցաղից մինչ հոգեւորը, արդյոք հնարավորության տեղ ունի՞ եւ տարածություն:

Տեղն ու տարածությունը աշխարհագրական միավորներ չեն, այլ հոգեկան, կախյալ ցանկությունից, որն իր հերթին կախյալ է գիտակցությունից, որն էլ անսահման է:

Բոլոր կրոններն ու գաղափարախոսությունները որոնք սահմանափակելով խեղում են գիտակցության զարգացումը, արհեստականորեն ստեղծում են փակ համակարգեր, որտեղ տեղի ու տարածության ահռելի փոքրացում է տեղի ունենում, ինչը ծայրահեղության ալիք է առաջացնում համակարգից դուրս (չասելու համար դրան բացառող) բոլոր մտքերի դեմ:

Որքանո՞վ կարող է վտարանդի գրողը մարտահրավեր նետել սեփական հողում այլ գաղափարախոսությամբ առաջնորդվող ժողովրդին: Եվ որպես այդպիսին ինչպե՞ս կբնութագրեք հայ մարդու, որը շարունակում է ապրել Հայաստանում, գաղափարական հենքն ու մտածողությունը:

Հարցադրումը ճիշտ չեմ նկատում: Ո՞ր ժողովրդի, ի՞նչ գաղափարախոսության մասին է խոսքը: Կան ժողովրդի տարբեր հատվածներ եւ տարբեր գաղափարախոսությունների հարող մարդիկ: Սրանից միօրինակություն ստեղծելը տանում է ազգի քայքայմանը:

Իսկ առկա գաղափարախոսություններն առհասարակ նման են թաթարական գերեզմանից դուրս եկած խորթլախների, որոնք իրենց մեռելածին կնիքն են դնում ազգի գիտակցության ճակատին. նարցիսիզմով հիվանդ` հաստատում են գաղափարների բռնատիրություն եւ ամբողջավարություն, պատրաստում ազգի գերեզմանը` իրենց վերապահելով մեռելաթաղի իրավունքը:

Հ.Գ. Հարցազրույցի երկրորդ մասում ներկայացված է «Ճանապարհորդություն դեպի կուսական հողեր» վեպից փոքր մի հատված` հեղինակի կողմից թարգմանած:

Մեկնաբանություններ (8)

Կարօ
Օրդուխանյաններն են որ այսօր Հայաստանը տանում են կործանման։ Տգիտության մարմնացումն ակնհայտ է բոլորիս։ Ինչ երկիր ինչ սուրբ․․․
Sench
յուրաքանչյուրն ունակ է և պարտավոր է արտահայտել իր կարծիքը, ու հայհոյանքներով սեփական գաղափարի ինքակայացման ձգտող ցանկացած ոք առնվազն հիմար է; Մի փորձեք բռնանալ կարծիքների ու տեսակետերի վրա, քանզի բռնությամբ միայն բռնության կհասնեք; սովորեք պահպանել տարրական էթիկա ու բանավեճի կանոններ, հարգեք որ ձեզ էլ հարգեն
Vache
Hay azgi paraktman nor cragiren irakanacnum ,ays chivaxneri miutyuny.ay suti hayrenaserner,vochnchov chek tarbervum caxvac hogevorakanneric.
Artin
ՄեկնաբանություԴժբախտաբար, հայրենակիցներիցս շատերը շարունակում են ապրել դեպի անդունդը գլորող ինքնաշարժի մեջ: Ինքնաշարժ որը կառավարվում է ամենատգետ ու ամենահակահայ տեսակի կողմից: Այդ տեսակը որը ապրում է Հուդաքրիստոնեական մշակույթով թքած ունի մեր Հայ ինքնության և մարդ տեսակի վրա և օգտվելով զգայուն մասաների պարզամտությունից և կույր հավատքից, հանդեպ առաքելական եկեղեցին, շարունակում է Հայկական պետականությունը և իհետևանք Հային տանել դեպի վերջնական կործանում: Պր. Մելիքյան, դուք միայնակ չեք ու կան շատ ու շատ Հայեր ովքեր համակրում են ձեզ և որդեգրելով Հայ բանականությունը և մարդկային տրամաբանությունը խեղտում են իրենց մեջի Հուդան: Չգիտեմ թե այս պայքարում կհաղթի արդեօք Հայկը թե Հուդան բայց համոզված եմ որ մենք երբեք չենք կործանվելու ու Փյունիկի մոխիրից կվերակենդանանա Հայը որը մոխրացել էլ 301 անիծյալ թվին:նը...
Noune
Hamadzajn em Vachei het Hay azgi mi nor paraktman cragir!!! Karcum en ajsipisi temaner miajn petqa arhamarel.
ճատրակ
եհովականներ,մորմոններ,սատանայականներ,հայ կրոնի հեղափոխականներ... նույն դպրոցն է...մասսոնական
Noem Movsesyan
Շատ հետաքրքիր էր թե հարցազրույցը, թե վեպից հատվածը: Շատ կուզեի կարդալ ամբողջ վեպը: Հետաքրքիր է, հեղինակը մտածու՞մ է վեպը հայերեն թարգմանելու մասին:
Օրդուխանյան
Քանի կամ ես ու իմ նմանները, Մելիքյանը ու նրա գաղափարակիցները տեղ չունեն մեր հայրենի հողում, իսկ ովքեր արդեն ստեղ են, սնատում են համապատասխան վերաբերմունք.. մի խորհուրդ՝ հեռու մնացեք մեր երկրից, եթե նոր , ավելի բարձր արժեքների եք ձգտում,,ապա գտեք ձեզ համապատասխան տարածք..հեռու մեր ՍՈՒՐԲ ԵՐԿՐԻՑ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter