HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արծվիկ Մինասյան. «Տնտեսության մեջ ամենավատ բանն է, երբ մարդն իր ապագայում անորոշություն է տեսնում»

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ԱԺ ամբիոնից խոսելով կառավարության ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի մասին, որով հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրանալու է 10.000 դրամով, ասաց, որ ընդամենը 6 ամիս առաջ ՀՅԴ հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը մերժվել էր:

Այդ նախագծով առաջարկվում էր հստակ բանաձեւ, որով յուրաքանչյուր անձ իմանալու էր, թե հաջորդ տարի որքան է լինելու իր սպասվելիք աշխատավարձը, ինչը կբերեր նրան, որ մարդն անորոշության մեջ չէր հայտնվի:

«Տնտեսության մեջ ամենավատ բանն է, երբ մարդն իր ապագայում անորոշություն է տեսնում, եւ սա բերում է նրան, որ մարդիկ սկսում են վատատեսական սցենարներով շարժվել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորն ասաց, որ իրենք եւս առաջարկել են նվազագույն աշատավարձը բարձրացնել 45.000 դրամ եւ դա լինելու էր հունվարի 1-ից, ինչը թույլ կտար մեղմել այս 6 ամիսների սոցիալական լարվածությունը: Իսկ եթե ՀՅԴ-ի մյուս առաջարկն էլ ընդունվեր, որով նվազագույն հարկը չպիտի հարկվեր եկամտահարկով, ապա տնտեսվարող սուբյեկտներին թույլ կտար վստահ գործել:

«Կառավարությունը սա մերժեց եւ 6 ամիս անց բերեց եւ անունը դրեց, թե իբր միջանկյալ լուծում են տալիս: Իրականում, կառավարությունը ոչ թե միջանկյալ լուծում է տալիս, այլ իր անգործությունը, անհետեւողական քաղաքականությունը եւս մեկ անգամ հաստատում է: 6 ամիս առաջ դուք չգիտեի՞ք, որ տեղի է ունենալու գազի եւ էլեկտրաէներգիայի գների բարձրացում, 6 ամիս առաջ դուք չգիտեի՞ք, որ բնականոն գնաճ է լինելու, 6 ամիս առաջ դուք չգիտեի՞ք, որ աղքատությունը մեծանալու է: Գիտեիք, եթե գիտեիք, այդ ժամանակ անեիք, իսկ եթե չեք արել, հիմա բերել եք տարվա կեսից նվազագույն աշխատավարձ եք իրականացնում, տնտեսական քաղաքականության տեսակետից եմ ասում, սա այլանդակ բան է»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Պատգամավոր նշեց, որ նվազագույն սպառողական զամբյուղն առաջին եռամսյակի գներով կազմում է 55.347 դրամ, որը եւս ավելանալու է 12 %-ով, իսկ 45.000 դրամը նույնիսկ չի ծածկում սպառողական նվազագույն զամբյուղը:

«Դուք եկել եք աղքատության հաղթահարումից, նվազեցնելուց եք խոսում, ինչից եք խոսում, անհասկանալի է: Այն ժամանակ ոչ միայն կենսաապահովման բյուջեի կեսի չափը չեք ապահովելու, այլ կարծում եմ՝ դրա 40 %-ն էլ չեք ձգելու»,- ասաց Ա. Մինասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter