HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Հայաստանի բոլոր ատրակցիոնները ստացել են դրական եզրակացություն

«Մեր փորձաքննության իմաստը հիմնական անվտանգության հանգույցների ստուգումն է, եթե մենք ուշադրություն դարձնենք վերելակի խցիկի տեսքին, թույլ լուսավորությանը, ապա, հավատացեք, այդ դեպքում Երևան քաղաքում ոչ մի վերելակ փորձաքննության դրական եզրակացություն չի ստանա»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը:

Նրա ներկայացրած տվյալներով՝ ՀՀ-ում գրանցված է բնակելի շենքերում տեղադրված 4348 վերելակ և վարչական շենքերում տեղադրված 1864 վերելակ:

Բնակֆոնդի վերելակներից Երևանում գործում է 4141 վերելակ, Արարատում` 27, Արագածոտնում` 2, Արմավիրում` 35, Գեղարքունիքում` 14, Լոռիում` 29, Կոտայքում` 50, Շիրակում չկան, Սյունիքում` 12, Տավուշում` 29, Վայքում` 9:

Օրենքի պահանջով ցանկացած արտադրական վտանգավոր օբյեկտ (վերելակներ, ատրակցիոններ, վերամբարձ կռունկներ և այլն) տարեկան մեկ անգամ պարտադիր պետք է անցնի տեխնիկական անվտանգության փորձաքննություն: Երևանում այս տարվա փորձաքննությունն անցել է 1034 վերելակ, որոնցից 35-ի շահագործումը դադարեցվել է բացասական եզրակացության պատճառով:

Իսկ ահա ատրակցիոններից ոչ մեկը բացասական փորձագիտական եզրակացություն չի ստացել: Հայաստանում կա 126 գրանցված ատրակցիոն. Երևանում գործում է 83, Կոտայքում` 6, Լոռիում` 9, Շիրակում` 19, Սյունիքում` 9 ատրակցիոն:

Ըստ օրենքի՝ տեխնիկական փորձաքննության պայմանագիրը կնքվում է շահագործող կողմի հետ: Ատրակցիոնների դեպքում տեխնիկական փորձաքննությունն արժե միջինը 10-20 հազար դրամ, վերելակների անվտանգությունը ստուգվում է 2930 դրամով:

Անդրադառնալով դժբախտ պատահարների դեպքում պատասխանատավությանը՝  Լուսինե Հովհաննիսյանը նշեց, որ այն միայն փորձաքննություն իրականացրած մարմնի վրա չի տարածվում. շահագործող անձը նույնպես պարտավոր է հետևել իր ապրանքին, տվյալ դեպքում՝ վերելակի ճիշտ և ընթացակարգային շահագործմանը: Այդ առումով վերելակը համարվում է ամենառիսկային արտադրական վտանգավոր օբյեկտը, քանի որ, ի տարբերություն այլ օբյեկտների, օրինակ՝ վերամբարձ կռունկի, որը հստակ շահագործվում է կռունկավարի օգնությամբ, վերելակի դեպքում ով տվյալ դեպքում հայտնվեց խցիկում, նա էլ համարվում է  վերելակի շահագործողը:

2006 թվականից մինչ օրս տեղի ունեցած դժբախտ դեպքերի մեծ մասը, Լուսինե Հովհաննիսյանի խոսքերով, սխալ միջամտության հետևանք է, երբ մարդիկ փորձել են ինքնաէվակուացվել` ինքնուրույն դուրս գալ կանգնած վերելակից:

Հ.Գ. Հայաստանի ամենահին ատրակցիոնը` «Հաղթանակ» զբոսայգում տեղադրված բոլորին հայտնի «Սատանայի անիվը» («Чертовое колесо»), 37 տարեկան է: Այն ենթարկվել է չքայքայվող մեթոդով լաբորատոր ստուգման: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը ուլտրաձայնային հետազոտության միջոցով փորձել է պարզել է` տվյալ ատրակցիոնի մետաղը հոգնած է, թե` ոչ: Փորձաքննության արդյունքում պարզ է դարձել, որ ատրակցիոնն ի վիճակի է շահագործվելու:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter