HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Շունն Աստծո դեմ. Շունը ոչնչացնում է Արևմտյան քաղաքակրթության հիմքերը». “Publishers Weekly”-ն` Մելիքյանի վեպի մասին

Մաս 2

Ամերիկաբնակ մտածող, գրող Արմեն Մելիքյանի «Ճանապարհորդություն դեպի կուսական հողեր» վեպն արդեն իսկ արժանացել է գրականության ոլորտի լուրջ մրցանակների, գրականության եւ գրականագիտության ներկայացուցիչների համառոտ եւ ընդգրկուն կարծիքների, այնինչ ամբողջական տեսքով հանրությանը կներկայանա նոյեմբեր ամսին:

Ներկայացնում ենք «Ճանապարհորդություն դեպի կուսական հողեր» վեպից փոքր մի հատված`հեղինակի կողմից թարգմանած:

Կխնդրեի, եթե դժվարություն չի ներկայացնում, մի փոքր հատված թարգմանաբար ներկայացնեիք:

Դժվարություն ներկայացնում է: Նաև չեմ ցանկանում. գիրքը պետք է կարդալ ամբողջությամբ: Որևէ առանձին հատված չի կարող արտահայտել գրքի նյութը կամ ոճը` բազմաշերտության պատճառով: Կարող է և ապակողմնորոշել: Լավ` մեկ փոքր հատված` հապավումներով:

«Մի օր Սատանոնն ինձ այցելության եկավ Դրախտ: Հանդիպեցինք Արտգործի շենքի առջեւ:

-Բարեւ, շովեն, ի՞նչ կա, չկա՞:

Քանի որ շներին չեն սիրում Դրախտում, ինձ լավ զգացի Սատանոնի գրկում` նստած շենքի աստիճաններին, զրուցելիս: Սատանոնն ուներ ծիրանի գլուխ եւ տասներկու աչք: Շոյելով դունչս` Սատանոնն ասաց. «Էս որտե՞ղ ես կորել, անառակ որդի»:

-Չգիտեմ, հոպար: Չի հաջողվում:

-Ի՞նչը:

-Գոդոշի հետ միությունը:

-Ի՞նչ դժոխս էիր ուտում մինչ հիմա Դրախտում:

-Չգիտեմ, հոպար: Խոտորել եմ:

- Ինձ այդպես էլ տեղեկացրել են:

Սատանոնը կերպարանափովեց: Եռակտոր գործազգեստ հագած տղամարդ է հիմա, խոսում է հանգիստ: Բաճկոնի գրպանից, որի վրա սեպված էր Աքիլլեսի պատկերով ոսկեդրամ, հանեց մի թուղթ եւ սկսեց կարդալ:

Այդ պահին արևածակի դեմքով երկու սեւազգեստ տղամարդ աստիճաններով բարձրանալիս մի ափ արեւածաղկի կուտի կեղեւ թքեցին մեզ վրա:

-Տեսնո՞ւմ ես, հոպար, թե ինչու միությունը չի հաջողվում: Ցնորքներ ես հյուսում Գոդոշի հետ կապված:

-Լավ, այդ խնդիրը թող ինձ: Ես սրա դասը կտամ: Ընթացքում  ուզում եմ, որ Դրախտում քարոզես իմ վեցաբանյան:

Ականջներս տնկում եմ:

-Առաջին` Արևը արեգակնային դրության կենտրոնն է: Հասկացա՞ր: Երկրորդ` Արևը բաղկացած է հյուլեներից: Երրորդ` Երկիր մոլորակը պտտվում է Արևի շուրջ: Չորրորդ` Կյանքը պայքար է: Հինգերորդ` Մարդը տերն է Երկիր մոլորակի: Վեցերորդ` Գոդոշը նախ ստեղծեց տղամարդը, ապա` կինը:

Այդ պահին Սատանոնի դեմքի վրա տեսա մեծ մորուք: Մեծ հոր աչքերով նայում էր ինձ, գլխին` փաթթոց: Ֆաքիրիստանի քրմերի ժպիտով հագեցած դեմքը մոտեցրեց, քերեց կզակս` վստահ լինելու, որ ամեն բան հասկացա:

-Իսկ ի՞նչ ես դու այս բոլորից շահելու, հոպար:

Սատանոնը դարձյալ ժպտաց` արդեն խորհրդավոր, ու ասաց.

-Եթե հաջողությամբ կատարես այս թելադրանքս, քեզ կարգելու եմ Թագավոր Երկիր մոլորակի:

-Բայց, հոպար, ես շան ձագ եմ եւ ժամանակ չեմ վաճառում: Ամեն դեպքում` ինչքա՞ն ես վճարում մարգարեներին:

-Կախում ունի թե ինչ ես արտադրում:

-Քաք: Օրը մի քանի անգամ:

-Զուգարաններում, անշուշտ:

-Որտեղ որ լինի: Դրախտում, Դժոխքում:

-Ոչ մի դրամ: Չէ, լուրջ, ի՞նչ ես արտադրում:

-Մահ:

Սատանոնը ցնցվեց այնպես, կարծես Գոդոշն էր հանկարծ հայտնվել գրկում: Բաց թողեց ինձ այնպես, կարծես հրդեհ լինեի նրա անդամի առանցքում: Ձեւացրեց, որ տիրապետում է իրեն, ամրացրեց փողկապի եռանկյունին, հարգալից ժպտաց` շռայլելով քաղաքական անկեղծ ժպիտ, բարի ճանապարհ մաղթելով:

-Ի՞նչ է հեռախոսահամարդ, հաճի...,-շունը հաչեց նրա հետեւից:

-Համարներ ես չունեմ, որդիս: Ինքս եմ համարակալում բոլորին:

-Ինչպե՞ս քեզ գտնեմ, հաճի... Ի՞նչ անուն ես օգտագործում այս տարածքում:

-Հա~- հա~- հա~... Ես եմ նա, ով անվանում է բոլորին: Անուն ես չունեմ, որդիս:

-Ես քեզ տալու եմ անուն եւ համար, հաճի... Այսօրվանից դու կոչվում ես...

-Հա~- հա~ -հա~...

Եվ Սատանոնը` հավիտենական կյանքի պահապանը, թողեց Շանը մենակ` Գոդոշ հրապարակի մեջտեղում ու բարձրացավ աստիճաններից` Գոդոշի Արտգործնախարարի` Զուլֆիքար Ճեյմս Լութֆուլլահի հետ իր հանդիպմանը, որը պատշգամում կանգնած դիտում էր հրապարակի անցուդարձը: Շունը հաչեց Սատանոնի հետևից.

-Ես գիտե՛մ քո համարը` 393206637:

Սատանոնի գլուխը վերածվեց անարյուն ադամանդի: Կուլ տվեց սեփական գլուխը և բարձրացավ: Արդեն որոշել էր Շան ճակատագիրը:

Զանգվածեղ սեւ ամպեր երկնքից իջան Արարատ լեռան վրա, թավալվեցին ներքեւ ու իրենց հազարներով նստեցին Կուսապատի` Դրախտի մայրաքաղաքի վրա»:

Հ.Գ. Արմեն Մելիքյանի հետ ունեցած հարցազրույցն` այստեղ:

Մեկնաբանություններ (2)

Լևոն
Ինչպես տեսնում եմ դուք չեք տարբերում հայտառը լատինատառից: Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
ANNA
karsum em shat lavn e,es kasei' hrashali....ktsankanayi kardal ays girkn amboghjutyamb...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter