HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չեմ կարծում, որ նյութական խնդիրներն անտեսելով՝ գիտնականը կկարողանա վարել տևական գիտական գործունեություն»

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Վարդան Խաչատրյանն աշխատում է Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (ԱԱԳԼ), որպես գիտաշխատող: Զբաղվում է բարձր էներգիաների և տարրական մասնիկների ֆիզիկայի որոշ խնդիրներով. դիֆրակցիոն ֆիզիկայի մոդելավորում և համապատասխան տվյալների մշակում, կալորիմետրերի մոդելավորում և տրամաչափում:

-Վարդան, օրվա ո՞ր մասն եք նվիրում գիտական հետազոտություններին:

-Դա կախված է կոնկրետ պահից և կոնկրետ խնդրի բնույթից, որով զբաղվում եմ: Պատահում է այնպես, որ նույնիսկ անքնություն է սկսվում՝ հետաքրքիր խնդիրների լուծման վերաբերյալ եկող անդադար մտքերի պատճառով, որոնք ինձ ուցեկցում են նույնիսկ երազում: Այդ ժամանակ գիշերը վեր եմ կենում ու սկսում աշխատել: Այդ դեպքում աշխատանքին եմ տրամադրում ամբողջ ցերեկն ու գիշերվա մեծ մասը:

Կամ ստացվում է այնպես, որ խնդիրը հետաքրքիր, ակտուալ չէ, արդյունքում չեմ կարողանում տրամադրվել խնդրի լուծման վրա: Այս դեպքում, օրվա նախատեսած ամենաանհրաժեշտ գործերն ավարտելուց հետո, հեշտությամբ տրվում եմ ուրիշ զբաղմունքների: Սիրում եմ ֆիլմեր դիտել, ընկերներիս եմ հանդիպում:

-Ի՞նչն է ձգում գիտության մեջ, ինչո՞ւ որոշեցիք գիտնական դառնալ։

-Դեռ մանուկ հասակում ոգևորվում էի, երբ կարողանում էի դժվար խնդիրներ լուծել: Դա գայթակղիչ էր: Նման հաջողությամբ շարունակվեց նաև ուսանողական կյանքս: Այժմ զգում եմ, որ գիտությունը դարձել է կյանքիս զգալի մասը: Շատ եմ սիրում աշխատանքային պրոցեսը, մանավանդ այն հատվածները, երբ զգում եմ, որ օգտագործում եմ մտավոր հնարավորություններիս զգալի մասը:

Հաճախ նկատում եմ, թե ինչքան ընդհանրություններ կան ֆիզիկայի օրենքների և մեր կյանքի կանոնների միջև: Արդյունքում, գիտությունը կյանքը դարձնում է ավելի հետաքրքիր ու հասկանալի, իսկ ինձ՝ ավելի ճկուն ու կարգապահ կյանքում:

-Ի՞նչ մասնագիտական հաջողություններ կարող եք նշել։ 

-Նախ, հաջողություն եմ համարում այն, որ ունեմ ներդրում միջազգային համագործակցությունում (կոլլաբորացիայում) հայկական խմբի հաջող հանդես գալու գործում: Մեր խումբն ընդգրկված է CMS (Compact Muon Solenoid) միջազգային համագործակցությունում: CMS-ը մինչ այսօր կառուցված ամենաբարձր էներգիայով կոլայդերի՝ LHC-ի (Large Hadron Collider, CERN, Շվեյցարիա) 4 հիմնական գիտափորձերից մեկն է՝ մեր բնագավառում ամենամեծերից մեկը: Ստորաբաժանումը և լաբորատորիան ունեն խմբեր, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում այլ համագործակցություններում (CERN, DESY, JLab և այլն): Նման համագործակցությունները, կարծում եմ, անհրաժեշտ են տվյալ բնագավառի զարգացմանը մասնակցելու ու մեր երկրում այդ ուղղությունը զարգացնելու համար: Այսօր կան խնդիր, որոնց լուծումն առանձին երկրի կամ, առավել ևս, լաբորատորիայի ուժերով հնարավոր չէ: Միջազգային համագործակցություններ ստեղծելով՝ առանձին երկրների համար անհնարինը դառնում է հնարավոր:

Մեր խումբը ինտեգրված է CMS համագործակցության մեջ ոչ պակաս, քան մյուս երկրների գիտական կենտրոնների խմբերը, իսկ մասնակցությունը, կարծում եմ, բավականին արդյունավետ է: Մեր խումբը փոքր է, բայց ունենք առանցքային դեր` մի շարք կարևոր աշխատանքներում (և նախագծերում):  Հետագա զարգացում, կարծում եմ, հնարավոր է՝ մտնելով նոր խնդիրների մեջ, բայց դրա համար անհրաժեշտ են ավելի մեծ խումբ ու ավելի լավ աշխատանքային պայմաններ:

-Ի՞նչ միջազգային գիտաժողովներում եք ներկայացրել Ձեր աշխատանքները։

-Ներկայացրել եմ աշխատանքներ CMS միջազգային համագործակցության կողմից կազմակերպված գիտաժողովում (15th Annual RDMS CMS Collaboration Conference), ակտիվորեն մասնակցում եմ պարբերաբար կազմակերպվող CMS խմբերի քննարկումներին և ներկայացնում մեր հայկական խմբի կատարած աշխատանքները: Որպես հղում, կարծում եմ, կարելի է համարել, օրինակ, կոլեգաների այն աշխատանքները, որոնք կատարված են` օգտվելով մեր արդյունքներից։ Օրինակ, ինչ-որ ֆիզիկական պրոցեսի հաշվարկ՝ օգտագործելով մեր ներկայացրած տրամաչափային գործակիցները, կամ դետեկտորի (սարքավորման) կառուցում՝ հիմնվելով մեր մոդելավորման կամ կատարած վերլուծությունների վրա:

-Ի՞նչ մրցանակներ և դրամաշնորհներ եք ստացել, ինչպե՞ս եք վերաբերում դրանց։

-2011 թ. միջազգային գիտական հանդեսներում տպագրված աշխատանքների համար ստացել եմ խրախուսավճար  (ԱԱԳԼ և «Առավելագույն հղում ունեցող հոդվածների մրցույթ» - Տաշիր բարեգործական հիմնադրամ և ՊԳՖԱ), նույնաբար, պարգևավճար եմ ստացել 2012 թ. գիտական արդյունքներիս համար (ԱԱԳԼ): Նման մրցանակները, կարծում եմ, անհրաժեշտ են: Դրանք ինչ-որ չափով փոխում են իրավիճակը: Լավ կլիներ, եթե այս միջոցառումները դառնային ավանդական։

-Ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում Հայկյան մրցանակի անվանակարգը՝ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում»՝ միջազգային ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրությունների քանա՞ կը, թե՞ հղումների թիվը։

-Երկու չափանիշներն էլ, ըստ իս, կարևոր են, բայց առավելություն կտայի հղումների թվին, որն անմիջականորեն ցույց է տալիս կատարված աշխատանքի արդիականության աստիճանը: Հետագայի համար կառաջարկեի միաժամանակ հաշվի առնել երկու չափանիշները՝ փոքր առավելություն տալով հղումների թվին:

-Ձեր աշխատանքներում քանի՞  համահեղինակ է ընդգրկված, և որքա՞ ն մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։

-CMS hամագործակցության կողմից տպագրած աշխատանքներում համահեղինակների թիվը մոտ 2500 է, իսկ միայն հայկական խմբի աշխատանքներում՝ 4 հեղինակ: Որոշ աշխատանքներում ունեմ առանցքային ներդրում, որոշներում՝ ոչ բացահայտ:

-Մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելիս՝ միշտ դժվարություն է առաջանում կոլաբարացիաների շրջանակներում կատարված աշխատանքները գնահատելիս։ Ի՞նչ կարող եք ասել՝ ի՞նչ մոտեցում է պետք կիրառել այս հարցում։

-Չգիտեմ թե ինչպես կարելի է վարվել համագործակցությունների աշխատանքերի գնահատման հարցում:

-Որո՞նք են Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները, ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծման ճանապարհները։

-Կարծում եմ, մենք մի փոքր մեկուսացած ենք արտաքին աշխարհից. ավելի ինտենսիվ շփման դեպքում, անկասկած, մեր աշխատանքներն ավելի ճիշտ ուղղորդված ու հետաքրքիր կլինեն: Մենք պետք է հնարավորություն ունենանք` ինտենսիվորեն մասնակցելու միջազգային միջոցառումներին (գիտաժողովներ, դպրոցներ), որպեսզի սերտ կապի մեջ լինենք արտասահմանյան կոլեգաների հետ:

Կուզենայի նշել կենցաղային խնդիրները. երիտասարդ գիտնականը գիտության մեջ մնալու համար պետք է ունենա կյանքային կարևոր հարցեր լուծելու հնարավորություն (օրինակ, ընտանիք ստեղծելու), որը շատերիս համար առայժմ անլուծելի է: Եթե մեր բնագավառում աշխատելով` չունենանք այդ հնարավորությունը, ապա ելք չի լինի:

-Որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառները։

-Չեմ կարող պատասխանել այս հարցին: Բայց քանի որ կա թերֆինանսավորում, ապա ուրեմն գիտությունը չկարևորելը գլխավոր պատճառներից մեկն է: Վիճակը շտկելու համար, կարծում եմ, ղեկավարությունը պետք է ավելի ուշադիր հետևի գիտնականների աշխատանքներին, իսկ գիտնականները ձգտեն` ավելի կարևոր արդյունքներ ստանալ: Կարծում եմ, լրագրողները նույնպես պետք է փորձեն մեր հաջողությունները հասցնեն հանրությանը: Օրինակ, 2008 թ.-ին LHC-ի թողարկման ժամանակ բոլոր երկրների լրագրողները ակտիվ հետևում էին նորություններին (ոմանք հենց CERN-ից) և մատուցում հանրությանը, իսկ մեր հայկական խումբը, որն այդ ժամանակ կատարեց առաջին կարևոր քայլերից մեկը, մնաց ստվերում: Սա միակ դեպքը չէ: Կարծում եմ, որ հայ գիտնականի հեղինակության բարձրացնելը կարևոր է:

-Ինչպե՞ս եք վերաբերում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում։ Արդյո՞ք գիտնականը չի դադարում գիտնական լինել այն պահին, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին։

-Ուրախանում եմ, որ կա խնդիրների մասին բարձրաձայնող, ու առավել ևս ուրախանում եմ՝ տեսնելով արձագանք և արդյունքներ: Իսկ ո՞վ բարձրաձայնի գիտնականի խնդիրների մասին, երբ այսքան խնդիրներ են կուտակվել: Թող լինի ֆեյսբուքում, եթե այդ սոցիալական ցանցն է համախմբման միջոց... Բայց լավ կլիներ, որ ֆեյսբուքը միակ տեղր չլիներ քննարկումների և նորությունների տարածման համար: Եղել են դեպքեր, երբ ֆեյսբուքից չօգտվելու պատճառով դուրս են մնացել ինչ-որ միջոցառումից: Կուզենայի կարևոր (ինչպես, օրինակ՝ «Հայկյան») մրցանակների հայտարարությունները  տեսնել նաև մեր լաբորատորիայի ցուցատախտակներին:

Չեմ կարծում, որ նյութական խնդիրներն անտեսելով՝ գիտնականը կկարողանա վարել տևական գիտական գործունեություն: Նյութականի պատճառով առաջացած խնդիրները գիտնականի մտքերը կարող են շատ հեռացնել գիտությունից:

Գիտնականը չի դադարում գիտնական լինել, երբ մտածում է իր գործով վաստակելու մասին, բայց նա կդադարի գիտնական լինել, երբ վաստակելու համար թողնի գիտությունը ու զբաղվի մի ուրիշ գործով:

-Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր մասնագիտական հետագա աճը, ապագան, թե՞ արտասահմանում։

-Ինձ չեմ պատկերացնում արտասահմանում, բայց մասնագիտական իմ հետագա աճն էլ` այստեղ չեմ պատկերացնում` այսօրվա պայմանների դեպքում: Ավելի շուտ կգնամ արտասահմանում գիտական գործունեությունս շարունակելու, քան կսկսեմ մասնագիտությանս շրջանակներից դուրս նոր աշխատանք փնտրել: Բայց դեռ հույս ունեմ, որ փոփոխությունները խոսքերից գործ կդառնան ավելի արագ, քան մինչև հիմա է եղել, ու արդյունքում կլուծվեն առաջնային խնդիրները:

Զրուցեց Մանե Հակոբյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter