HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետք է հասարակագետների նո՛ր սերունդ

Վերջերս շատ է քննարկվում, նույնիսկ քննադատվում այն փաստը, որ մեր հասարակագիտական ոլորտի մասնագետները, չնայած այն հանգամանքին, որ քանակային առումով չեն զիջում բնագիտական ոլորտի մասնագետներին, այնուամենայնիվ, միջազգային ասպարեզում բավական հետ են մնում գիտական արդյունքի ցուցանիշներով:

Ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ մեր հասարակագետները չեն կարողանում միջազգային ասպարեզում համաքայլ գնալ մեր բնագետների հետ, ավելին՝ չափազանց հետ են մնում, և արդյոք ի՞նչ քայլեր անել՝ վիճակը շտկելու համար։ Այս հարցերին շուրջ մեկ տարի առաջ «Սիրանկյուն» հաղորդման ժամանակ անդրադարձել էր Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն դոկտոր Արա Սանջյանը. «Իմ մասնագիտությունը պատմությունն է, հետևաբար ես ավելի լավ ծանոթ եմ հասարակագիատական, հումանիտար ոլորտներին։ Երբ 2011 թ. եղան արտասահմանյան գիտական ամսագրերում հայաստանաբնակ երիտասարդ մասնագետների կողմից տպագրված հոդվածների համար առաջին մրցանակաբաշխությունները, և 90-ից ավել մրցանակներից միայն մեկը բաժին ընկավ հասարակագետներին, ես չզարմացա, քանի որ դա ինձ համար անակնկալ չէր, բայց նաև ուրիշ իմաստով ուրախացա, քանի որ մինչ այդ ես տեղյակ չէի, որ Հայաստանի ֆիզիկոսները այդքան լուրջ արդյունքներ ունեն, և դա ինձ համար մեծ ուրախություն էր»։

«Ես կխոսեմ այն մասին, թե ինչ պիտի անել. առաջին հերթին ժամանակի ոգուն համահունչ՝ պատմաբան կադրեր պատրաստելու գլխավոր մարտահրավերն այսօր արևմտյան քաղաքակրթության մեջ հումանիտար և հասարակագիտական այլ ոլորտներից պատմության բնագավառ մուտք գործած գիտական նոր տեսություններին ու մոտեցումներին նրանց հաղորդակից դարձնելն է։ Ես շատ բացեր նկատեցի, երբ Հայաստանում սովորելուց հետո ուսումնառությունս շարունակեցի Լոնդոնի համալսարանում։ Եվրոպայում 2–րդ համաշխարհայինից հետո ձևավորվեց նոր մտածելակերպ. նոր տեսություններ, նոր մոտեցումներ, որոնք դժբախտաբար Հայաստանում ուսումնական ծրագրերի մեջ դեռեևս բավարար չափով տեղ չեն գտել։ Հիմա նկատում եմ, որ Երևանում արդեն կան խմբակներ, որոնք փորձ են անում փոքրիկ քայլերով այդ բացը լրացնել։ Կարծում եմ՝ այդ ծրագրերը պետք է լայնացնել, կրթական նշածս բացը լրացնելու համար։ Նաև՝ պարտադիր չէ որդեգրել այդ բոլոր տեսակետներն ու մոտեցումները, պարզապես անհրաժեշտ է նրանց մասին տեղյակ լինել, որպեսզի գոնե հիմնավորես մերժումդ, թե ինչ իմաստով ընդունելի չես համարում դրանք։

Երկրորդ խնդիրը այս նոր տեսությունների մասին հավասարապես հայերենով եւ առնվազը մեկ արևմտաեվրոպական լեզվով արտահայտվելու հնարավորությունն ապահովելն է։ Այս նպատակակետին հասնելու համար պետք է զուգահեռաբար ձեռնարկել երկու աշխատանք։ Առաջին` իրականացնել թարգմանչական հետևողական ծրագիր, որ ժամանակակից հայերենը մեկ անգամ ևս արդիականանա և հնարավոր դառնա արևմտաեվրոպական նոր տեսություններն ու գաղափարներն արտահայտել մայրենիով։ Երկրորդ` պետք է շեշտակիորեն բարելավել արևմտաեվրոպական լեզուների ուսուցումը Հայաստանի հանրակրթական դպրոցներում։

Եթե այս աշխատանքները հաջողությամբ իրականացվեն, ապա կունենանք հայաստանաբնակ հայագետների նոր սերունդ, որը լավ տիրապետելով հայերենին միաժամանակ իրեն ազատ կզգա միջազգային հումանիտար ու հասարակագիտական ոլորտներում»։

-Պարո՛ն Սանջյան, հաղորդման ընթացքում, բազմաթիվ հարցերից զատ, Դուք խոսեցիք նաև այն մասին, թե ի՞նչ անել, որպեսզի մեր՝ հայաստանյան հասարակագետները միջազգային ասպարեզում կարողանան համաքայլ գնալ այլ երկրների հետ, ինչո՞ւ չէ, նաև մեր բնագետների հետ: Իսկ կասե՞ք՝ Հայաստանում և դրսում տարբե՞ր են այս նպատակներին հասնելու համար անմիջական խնդիրները։

-Բնականաբար։ Հայաստանի պարագայում աշխատանքն ավելի առանցքային է և ավելի ինտենսիվ պետք է լինի, քանի որ հայաստանյան բուհական համակարգի միջոցով է, որ ամենամեծ թվով հումանիտար ու հասարակագիտական ոլորտի հայազգի ապագա մասնագետներ առաջին անգամ պիտի ծանոթանան համաշխարհային մտքի ժամանակակից տեսություններին։ Այդ պատճառով էլ նշածս դասականների հայերեն բարձրորակ թարգմանությունները հրապարակելը հրատապ խնդիր է, որպեսզի դրանց քննարկումը լսարաններում տեղի ունենա հայերենով։ Պետք է ունենալ նոր դասականների առնվազն հիմնական գործերի հայերեն բարձրորակ թարգմանությունները:

-Նոր դասականներից ի՞նչ անուններ կթվարկեիք:

-Օրինակ՝ Էդուարդ Պալմեր Թոմսոն, Կլիֆֆորդ Գիրց, Էդուարդ Սաիդ, Միշել Ֆուկո, Ժան Ֆրանսուա Լյոթար և այլն: Թարգմանական այս նախաձեռնությունը հումանիտար ու հասարակագիտական գիտությունների ուսուցման տեսական մասը խորացնելու կարևոր մեկ օղակը պետք է հանդիսանա` սկսելով բակալավրիատի տարիներից մինչև մագիստրատուրայի և ասպիրանտուրայի շրջան:

-Ի՞նչ պրակտիկ քայլեր է պետք կատարել։

-Բակալավրիատից սկսած, ուսանողներին տրվող հանձնարարությունների մի անքակտելի մասը պետք է հանդիսանա արտասահմանում հրատարակված մենագրությունների և ազդեցության գործակից ունեցող կամ գրախոսվող միջազգային հանդեսներում լույս տեսած հոդվածների ընթերցումը, մշակումը և գրավոր աշխատանքների ժամանակ դրանց հղումը, որպեսզի ուսանողն աստիճանաբար ծանոթանա ժամանակակից հումանիտար ու հասարակագիտական ժարգոնին, գրականության ավանդույթներին, հարցադրումներին, գրելաոճին, գիտական ապարատի կազմման ընթացքում գերիշխող սովորույթներին, սովորի ազատորեն փնտրում կատարել և օգտվել էլեկտրոնային շտեմարաններից, որոնք բարեբախտաբար արդեն հասանելի են Երևանում։

Այս ոլորտներում տակավին բավարար չէ գիտական հանդեսների էլեկտրոնային շտեմարաններին բաժանորդագրվելը։ Այս մասնագիտություններում գիտական նորարարությունների մի կարևոր մասը շարունակում է հրապարակվել տպագիր կամ էլեկտրոնային գրքի տեսքով։ Եթե այս ամենին ավելցնենք խորհրդային տարիներին արտասահմանում լույս տեսած, այդ տարիներին Հայաստան չհասած, բայց իրենց թարմությունը տակավին չկորցրած տպագիր գրքերը, ապա պարզ կդառնա, որ Երևանի գիտահետազոտական գրադարանների համալրումն արտասահմանյան բարձրորակ տպագիր գրականությամբ մնում է կարևոր մարտահրավեր։

Հայաստանում հումանիտար ու հասարակագիտական ոլորտներում համաշխարհային վերջին ուղղությունների մասին հայերենով դասավանդելու, ինչպես նաև Հայաստանում ապագա մասնագետ ուսանողների օտար լեզվի իմացությունը խորացնելու առաջադրանքները զուգահեռաբար առաջ տանելու համարձակ փորձ կարող է հանդիսանալ մագիստրոսական և, առավել ևս, ասպիրանտական մակարդակի վրա ընտրովի մի քանի առարկայի դասավանդումը (դասախոսություն, քննարկում, գրավոր առաջադրանքներ) միաժամանակ երկու լեզվով` հայերեն և օտար (ռուսերեն, անգլերեն կամ ֆրանսերեն)։ Այս կետերին հետևելը թույլ կտա հայաստանաբնակ մասնագետին՝ իրեն հավասարապես վստահ զգալու և՛ հայկական, և՛ միջազգային շրջանակներում։

-Միայն եվրոպակա՞ն լեզուներ։

-Ճիշտ եք, անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել այլ լեզուներով գրականության ձեռքբերմանը և այդ լեզուներով իրականացվող հետազոտությունների ուսումնասիրությանը։ Օրինակ, պատմության և հարակից գիտակարգերի պարագայում առանձնահատուկ է Ադրբեջանում տպված գրականության ու պարբերական մամուլի ձեռքբերման անհրաժեշտությունը` ոչ թե նրանց տեսական խորության կամ թարմության համար, այլ` որովհետև Հայաստանին շատ անհրաժեշտ է մանրամասնորեն տեղյակ լինել, թե ինչ անցուդարձ և ինչ զարգացման միտումներ կան իր անմիջական հարևանի մոտ, որի հետ ավելի քան քսան տարի է, որ փաստացի պատերազմական վիճակ է տիրում։ Առավել ևս, ադրբեջանագիտությունը համաշխարհային առումով քիչ զարգացած մասնագիտություն է, և բարձրորակ հայ ադրբեջանագետներն այս ասպարեզում շատ արագ կկարողանան աչքի ընկնել։ Քանի որ Ադրբեջանի հետ երկկողմանի փոխհարաբերություններ չկան, ապա այս գրականության ձեռքբերումը և Հայաստան փոխադրումը հավանաբար կարելի է կարգավորել Մոսկվայի միջոցով։

-Ինչպե՞ս իրականացնել Հայաստանում ուսում ստացող ուսանողության կապերն արտասահմանյան հումանիտար ու հասարակագիտական ժամանակակից մտքի հետ։

-Պետք է ավելացնել անմիջական շփումները` Երևանում դասախոսելու հրավիրելով արտասահմանյան մասնագետներ (ընդ որում ո՛չ միայն հայագետներ, այլ նաև ուրիշ ժողովուրդների պատմության, մշակույթի ու ժամանակակից խնդիրների մեջ մասնագիտացած պրոֆեսորներ) և միաժամանակ հեշտացնելով միջազգային հեղինակավոր գիտաժողովներին հայաստանյան ասպիրանտների մասնակցությունը։

-Ինչպե՞ս օգտվել արտասահմանյան և սփյուռքահայ դասախոսների հմտություններից։

-Դրանից կարելի կլինի ավելի մեծ չափով օգտվել, եթե հայաստանյան բուհերը, արտասահմանյան շատ և շատ համալսարանների նման, ունենան երրորդ` ամառային սեմեստր` գուցե ավելի խտացված ժամանակացույցով։ Նման դեպքում ուսանողները կարող են դասեր ունենալ նաև ամռանը, ճիշտ է, ավելի քիչ թվաքանակով առարկաներ, քան աշնանային ու ձմեռային սեմեստրների ժամանակ, բայց ամռանը դասավանդված յուրաքանչյուր առարկա կունենա նույնքան վարկանիշ (կրեդիտ), որքան ուսումնական սովորական տարեշրջանի ընթացքում նույնքան դասաժամի ծանրաբեռնվածությամբ դասավանդվող որևէ այլ առարկա։

Ամառային սեմեստրի առկայության պարագայում, ավելի հեշտ կլինի ժամանակավորապես Հայաստան հրավիրել նաև ծնունդով Հայաստանից մասնագետներ, որոնք իրենց դոկտորական աստիճանը ստացել են արտասահմանում և հետո, այնտեղ աշխատանք գտնելով, չեն վերադարձել։ Ամառնային սեմեստրը առիթ կտա, որ այդպիսի մասնագետներն իրենց ամառային արձակուրդն անցկացնեն իրենց ընտանիքների հետ, կապված մնան իրենց ծննդավայրին և իրենց գիտելիքներից բաժին հանեն Հայաստանի նորահաս սերնդին։

Վերջապես, պետք է նյութապես օժանդակել Հայաստանում մասնագիտացող խոստումնալից մագիստրանտներին և ասպիրանտներին, որպեսզի իրենց ուսումնառության շրջանում, ինչպես նաև դրանից հետո, կարողանան ճամփորդել և արտասահմանում մասնակցել հեղինակավոր գիտաժողովների, շփվեն այլազգի մասնագետների հետ։ Իսկ պատմաբանների պարագայում շատ օգտակար կարող էր լինել Մոսկվայում ունենալ թեկուզ մեկ կացարան` ռուսական ու խորհրդային արխիվներում հետազոտություններ կատարողների համար։ Դա շեշտակիորեն կնվազեցնի գործուղման ծախսերը։

-Այս հարցում մասնավորը կամ ռուսաստանյան սփյուռքը կարո՞ղ է աջակցել։

-Այո, իհարկե։ Նման օրինակներ եղել են։ Իսկ ընդհանրապես, պետք է ասել, որ կան բազմաթիվ ուղիներ, որոնց միջոցով տնտեսության մասնավոր հատվածը կարող է օժանդակել Հայաստանում հումանիտար ու հասարակագիտական ոլորտի զարգացմանը։ Օրինակ, տարբեր հիմնադրամներ կարող են իրականացնել այս հարցազրույցների ընթացքում նշված մեկ կամ մի քանի ծրագրեր` իրենց նախասիրություններից ելնելով։ Թվարկած ծրագրերին կարող եմ ավելացնել ևս մեկը` Երևանի պետական համալսարանի կամ Գիտությունների ազգային ակադեմիայի կառույցի ներսում ստեղծել հատուկ գրասենյակ, որը խմբագրական ու խորհրդատվական օժանդակություն ցուցաբերի ազդեցության գործակից ունեցող կամ գրախոսվող միջազգային հանդեսներում հոդված տպագրել ցանկացող ասպիրանտներին կամ երիտասարդ գիտաշխատողներին ու դասախոսներին։

Զրուցեց Մանե Հակոբյանը

Մեկնաբանություններ (1)

Սաթենիկ Մկրտչյան
Եվ որպեսզի քննադատությունս կառուցողական լինի և միայն քննադատություն չլինի, ասեմ, որ շատ լավ է և գովելի, որ վերջապես լրագրության մեջ կա (ն) լրագրող և լրատվամիջոց, որ գիտության ոլորտի հարցադրումներ են անում: Այդ իսկ պատճառով, չեմ զլացել և մեկնաբանություն եմ գրել, որ նա իր հետագա հոդվածներով իմ ասած տեսանկյունից փորձի հարցին մոտենալ և հումանիտար-հասարակական գիտությունների համար ավելի կիրառելի և նրանց իսկ առանձնահատկությունից բխող արդյունքի չափման միավորներ ու ձևերի հարցերին անդրադառնա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter