HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոտենալը խիստ վտանգավոր է. 10 երեխա ապրում է «վտանգավոր գոտում»

«Ուշադրություն: Շենքը 4-րդ կարգի վթարային է, փլման ենթակա: Մոտենալը խիստ վտանգավոր է: Քաղաքապետարան»:

Այս բովանդակությամբ ցուցանակը Սեւանի քաղաքապետարանը փակցրել է Սեւան քաղաքի Նալբանդյան 36 շենքի բնակարաններից մեկի պատուհանին: Սակայն շենքում դեռ բնակիչներ են ապրում, մոտ 10 երեխայի կյանք է վտանգված:

Չորսհարկանի շենքը կառուցվել է 1960-ականների կեսերին: Այս տարվա մայիսի վերջին «Երեւաննախագծի» մասնագետները գնահատել են շենքի տեխնիկական վիճակը: Եզրակացությունում նրանք նշել են, որ նկատվում է վնասված կոնստրուկցիաների ճաքերի բացվածքների աճ, իսկ միջին երկայնական առաջին հարկի պատը, որի վրա են հենված միջհարկային ծածկի սալերը, գտնվում է կրողունակության սահմանային վիճակում, եւ առկա է փլուզման վտանգ: 2-րդ մուտքի առաջին հարկի բնակարանների մուտքի դռները, պատերի նստվածքային դեֆորմացիաների հետեւանքով, դժվարությամբ են բացվում, եւ վթարի դեպքում բնակիչները չեն կարող դուրս գալ բնակարաններից: Ելնելով այս ամենից` մասնագետներն առաջարկել են անհապաղ տարհանել 2-րդ մուտքի բնակչներին:

Շինարարական կոնստրուկցիաների եւ սեյսմակայունության փորձագետ Հ. Պեպանյանն էլ արձանագրել է, որ մտահոգիչ է 2-րդ մուտքի աջակողմյան բնակարանների (մասնավորապես՝ 19 եւ 20) միջին կրող երկայնական պատի ներկայիս վիճակը: Վնասված տեղամասը գտնվում է անկայուն հավասարակշռված վիճակում, որը կարող է խախտվել ցանկացած պահի` հանգեցնելով անկանխատեսելի հետեւանքների: Մինչդեռ առ այսօր այնտեղ մարդիկ են ապրում, որովհետեւ գնալու տեղ չունեն:

«Երեւաննախագծի» մասնագետների նախնական հաշվարկով, օգտվելով նմանատիպ շենքերի ուժեղացման եւ վերականգնման նախահաշվային միջինացված արժեքներից՝ բնակելի տան վնասված հատվածի վերականգնման, տանիքի ծածկույթի իրականացման եւ շենքի տարածքի ջրահեռացման աշխատանքների կատարման համար կպահանջվի մոտ 30 մլն դրամ: Այդ գումարը քաղաքապետարանը չի կարող հատկացնել: Քաղաքապետը բնակիչներին առաջարկել է տեղափոխվել երաժշտական դպրոցի շենք, սակայն 32 բնակարանի բնակիչ Մարետա Նիկողոսյանն ասում է, որ շենքի բնակիչները հրաժարվել են, որովհետեւ ոչ մի կոմունալ հարմարություն չկա այնտեղ: «Այն սենյակներում, որտեղ մեզ ասում էին գնանք` նույնիսկ լուսամուտներն են կոտրված»,- հավելում է Մարիետա Նիկողոսյանը:

Վերջինս նաեւ տեղեկացնում է, որ շենքից շատերն են արդեն հեռացել, մնացել են հիմնականում նրանք, ովքեր գնալու տեղ չունեն, այդ թվում՝ նաեւ իրենք:

Պարզաբանման համար զանգահարեցինք Սեւանի քաղաքապետարան: Ընդունարանի աշխատակցուհին, իմանալով, որ լրագրող ենք, ասաց, որ 30 րոպեից զանգահարենք, քանի որ քաղաքապետը զբաղված է, հյուրեր ունի: 30 րոպե անց ասաց` դեռ չի ավարտել, 10 րոպեից զանգահարեք: Երրորդ անգամ ասաց, որ քաղաքապետը չի կարող պատասխանել: Խնդրեցինք միացնել իրավասու մեկ այլ անձի, ասաց, որ այդ հարցերով զբաղվում է փոխքաղաքապետը, նա նույնպես տեղում չէ:

Բնակիչները դիմել են ԱԺ իրենց տարածքային պատգամավորին` Հրանտ Մադաթյանին` «հարցի ճիշտ լուծման» ակնկալիքով: Պատգամավորը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ անձամբ զբաղվում է այդ հարցով. «Զբաղվում եմ, էդ իմ ժողովուրդն է, իմ ընտրատարածքն է, չեմ կարող անտարբեր լինել նրանց նկատմամբ»: Պատգամավորը տեղեկացրեց, որ դիմել է քաղաքաշինության նախարարին եւ սպասում է նրա պատասխանին: Հ. Մադաթյանի խոսքով՝ սա մեկ օրում լուծելու հարց չէ, ամենաարագ տեմպերով աշնանը կարող են մտցնել բյուջեի ծրագրում, որպեսզի ամրացման աշխատանքների համար գումար հատկացվի:

Կա նաեւ մեկ այլ տարբերակ. հնարավոր է՝ կառավարության նիստում խնդիրը քննարկման դրվի, պահուստային ֆոնդից գումար տրամադրվի, որպեսզի ավելի շուտ իրականացնեն ամրացման աշխատանքները: «Վատագույն դեպքում ինձ ասացին, որ բյուջեի ծրագրի մեջ աշնանը մտցնեն, որ շենքն ամրացվի»: «Արդյոք մինչ ամրացումը հնարավոր չէ՞ բնակիչներին տարհանել եւ ավելի ապահով տեղում բնակեցնել» հարցին պատգամավորը պատասխանեց. «Ո՞ւր տեղափոխենք: Հնարավոր կլիներ այն ժամանակ, եթե Սեւան քաղաքն ինչ-որ բնակելի հատվածներ ունենար, ժողովուրդը տեղափոխվեր: Ցավոք, քաղաքապետի հետ էլ եմ խոսել, գիտեմ, որ Սեւանում տենց տեղ չկա, որ ժողովրդին տարհանեն, ժամանակավոր տեղափոխեն, այդ խնդիրները կարգավորվեն»:

Հասկանալով 4-րդ աստիճանի վթարային շենքում գտնվելու վտանգը, նաեւ տարհանման անորոշությունը` Նալբանդյան 36 շենքի բնակիչները խնդրում են երկրի նախագահի օժանդակությունը` հարցի վերանայման եւ համապատասխան միջոցների տրամադրման համար: 6 բնակարանի բնակիչները նամակով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին: Նրանք ահազանգում են, որ իրենց շենքը վթարային է, եւ ամեն վայրկյան փլուզման վտանգ կա: «Սույն հարցով բազմիցս դիմել ենք քաղաքապետարան, սակայն հարցի լուծմանն արձագանք չի տրվել»,- գրել են բնակիչները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter