HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ասֆալտապատողներից մեկը դարձյալ Վանաձորի քաղաքապետի եղբոր ընկերությունն է

Կառավարությունը այս տարվա ապրիլի 11-ի թիվ 365-Ն որոշումով կառավարության պահուստային ֆոնդից Լոռու մարզպետարանին հատկացրել է 300 մլն դրամ` Վանաձորի Տիգրան Մեծ, Վարդանանց փողոցների, Թումանյան հրապարակի և Մայր Աստվածածին եկեղեցուն հարակից հրապարակի ասֆալտապատման համար:

Մինչև այս տարվա դեկտեմբերի 23-ը «Արգիշտի 1» ՍՊԸ-ն իրականացնելու է Վանաձորի Տիգրան Մեծ փողոցի և Թումանյանի հրապարակի ասֆալտապատման աշխատանքները: Աշխատանքների իրականացման պայմանագիրը հունիսի 7-ին կնքել են Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանն ու «Արգիշտի 1» ՍՊԸ-ի տնօրեն Սեյրան Դարբինյանը:

Նշենք, որ Սեյրան Դարբինյանը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբայրն է: Քաղաքապետը նույնպես «Արգիշտի 1» ՍՊԸ-ում շահաբաժին ունի, ինչը 2011թ. 23 միլիոն 175 հազար դրամի եկամուտ է բերել նրան:

Այս պայմանագրի գինը կազմում է մոտ 197 մլն 777 հազար դրամ: 150 մլն 817 հազար 520 դրամը նախատեսված է Տիգրան Մեծ փողոցի, իսկ 46 մլն 959 հազար 564 դրամը` Թումանյանի հրապարակի ասֆալտապատման համար:

Նշենք, որ Սամվել Դարբինյանը զգալի կարողության տեր է և գումարները տնտեսում է՝ նաև «Արգիշտի 1» ՍՊԸ-ին Վանաձորում ասֆալտապատման «մենաշնորհ» տալով:

Վանաձորի Մայր Աստվածածին եկեղեցուն հարակից հրապարակի ասֆալտապատումն իրականացնելու է «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ն մոտ 47 մլն դրամի շրջանակներում, իսկ Վանաձորի Վարդանանց փողոցը 26.170.369 դրամով ասֆալտապատի «Վառմաշ» ՍՊԸ-ն:

Նշենք, որ նախագծային և փորձաքննական եզրակացության ստացման աշխատանքները իրականացնում և համաշինարարական աշխատանքների հեղինակային հսկողության ծառայությունները մատուցում է «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ն: Այս ընկերությունը երկար տարիներ իր գործունեությունը ծավալում է Վանաձորի քաղաքապետարանի շենքում վարձակալած տարածքում: Քաղաքապետարանի շենքում տարածք վարձակալելը ՍՊԸ-ի համար ինքնին ոչինչ չի նշանակում, բայց քանի որ քաղաքապետի եղբոր ընկերության աշխատանքները ևս այս ընկերությունը պետք է ստուգի, սա արդեն հայկական իրականության մեջ այլ դրսևորումներով է հայտնի:

Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վաչության պետ Արմեն Ջանազյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ կառավարության որոշումով մարզպետարաններին թույլատրված է, առանց մրցույթ հայտարարելու, բանակցային գործընթացով որոշ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքել ընկերությունների հետ:

Քաղաքաշինության վարչության պետից հետաքրքրվեցինք, թե ինչ սկզբունքով են ամենածավալուն պայմանագիրը կնքել հենց Վանաձորի քաղաքապետի եղբոր ընկերության` «Արգիշտի 1»-ի հետ, որտեղ մասնաբաժին ունի նաև հենց քաղաքապետը:

Արմեն Ջանազյանն ասաց, որ պայմանագրերը կնքելուց առաջ հրավիրել են տարածաշրջանի ճանշիններին, բանակցությունների ընթացքում նրանք չեն ցանկացել իրականացնել Վանաձորի Տիգրան Մեծ փողոցի և Թումանյանի հրապարակի ասֆալտապատման աշխատանքները, փոխարենը պատրաստակամություն է հայտնել «Արգիշտի 1» ՍՊԸ-ն:

«Թե իրենք ինչի չեն մասնակցում, արդեն երևի ՍՊԸ-ների մեջ ներքին խնդիր է, որտեղ մենք որևէ բան անել չենք կարող»,- նշեց Ա. Ջանազյանը: Նա հավաստիացնում էր, որ մարզպետարանում 300 մլն դրամի վերաբերյալ մի քանի անգամ եղել են քննարկումներ, որոնց ներկա են եղել ոչ միայն շինաշխատանքներ իրականացնող ՍՊԸ-ները, այլև ԶԼՄ ներկայացուցիչներ:

Վարչության պետի խոսքով` «Արգիշտի 1» ՍՊԸ-ն ավելի խոշոր է և ի վիճակի է մեծածավալ աշխատանքներ իրականացնել:

Հարցին, թե արդյոք Վանաձորի քաղաքապետն իր լծակները չի՞ օգտագործում` իր և եղբոր ՍՊԸ-ին շինաշխատանքների ծրագրերում ներգրավելու համար, վարչության պետը բացասական պատասխան տվեց: «Բացառապես ոչ, որովհետև պատվիրատուն Լոռու մարզպետարանն է, և դուք կարող եք ԶԼՄ ներկայացուցիչներից տեղեկանալ, որ եղել են քննարկումներ, 2-3 մեծ խորհրդակցություն է եղել: Բնականաբար, քաղաքապետի որևէ լծակ չի օգտագործվել, ամեն ինչ եղել է թափանցիկ»,- ասաց Արմեն Ջանազյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter