HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ծիրանը մթերում են 50 դրամով. արմավիրցիները սպառնում են փակել ճանապարհը

Արմավիրի մարզի Մյասնիկյան, Խանջյան և մի քանի այլ գյուղերի բնակիչներ այժմ հավաքվել են Արմավիր-Բաղրամյան գլխավոր ճանապարհի մայթերին և ամեն պահի կարող են փակել գլխավոր ճանապարհը, եթե իշխանությունները չարձագանքեն իրենց բողոքին:

Խնդիրն այն է, որ «Նոյան» գործարանի Վանանդի մասնաճյուղը հունիսի 22-ից սկսել է ծիրանի մթերման գործընթացը, սակայն գինը գյուղացիներին չի գոհացնում: Գործարանը ծիրանի կիլոգրամն ընդունում է 50 դրամով:

Գյուղացիները դժգոհ են գնից և պահանջում են մթերումն իրականացնել գոնե 120 դրամով, որպեսզի կարողանան իրենց ծախսերը փակել: Նրանք իշխանություններին այլընտրանք են առաջարկում՝ կամ մթերել 120 դրամով, կամ կարգավորել մաքսային հարցերը և թույլ տալ վրացիներին Հայաստանից ծիրան արտահանել:

Մյասնիկյանի համայնքապետ Անդրանիկ Պետրոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ գյուղացիների բողոքի մասին տեղեկացրել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին և սպասում են, որ նա էլ իր հերթին տեղեկացնի վարչապետին:

«Վանանդի գործարանին խնդրում ենք, որ գոնե 120 դրամով ընդունեն ծիրանը: Այնտեղ էլ հերթը շատ է, ծիրանն ընդունում են 50 դրամով, և գյուղացուն 1 լումա օգուտ չի մնում: Գոնե 120 դրամով մթերեն, որ գյուղացուն մի բան մնա, մենք էլ կարողանանք հողի հարկ հավաքենք: 50 դրամը մենակ աշխատողի գումարն է»,-ասաց Անդրանիկ Պետրոսյանը:

Համայնքապետը նշեց, որ գյուղացիներին մի կերպ են համոզել չփակել ճանապարհը, մինչև պատկան մարմիններն արձագանքեն: «Ճանապարհ փակելով հարց չի լուծվում: Ասել եմ՝ սպասեն, տեսնենք՝ ինչ է լինում»,- ավելացրեց համայնքապետը:

Խանջյանի համայնքապետ Սամվել Ավագյանի կարծիքով էլ այս վիճակից դուրս գալու միակ ելքը արտահանումն է: Ըստ նրա՝ այս տարի վրացիները գյուղ չեն եկել, գյուղացուց ապրանք չեն գնել, ինչն անում էին նախորդ տարիներին: «Վրացիները գործարաններից թանկ են ապրանքը գնում, եթե գան ծիրանը տանեն, խնդիրն ինչ-որ չափով կլուծվի»,- ասաց համայնքապետը:

Մեկնաբանություններ (3)

Գեւորգ
Արաբական Էմիրություններում Հորդանաից ներմուծված ծիրանը (Հայկականին ամեն ինչով զիջող) վաճառվում է մոտ 5 դոլարով (2000 դրամից ավել!) Լավ, գոնե սրա 1/10 մասը (200 դր) արտադրողին չհասնի? Սա ինչ ահավոր անարդարություն է!
Գևորգ
:Գեւորգ, ցանկացած ապրանքի գին, որոշում է շուկան, որն ինրպես գիտենք մեր երկրում ազատ է, ինքդ մտածիր, եթե այսօր Երևանյան շուկաներում ապրանքային ծիրանի արժեքը 100-150դրամ է, ինպես կարող է տեխնիկական ծիրանը (միայն վերամշակաման համար է պիտանի) վաճառվել ապրանքայինի գնով այն էլ տեղում: Չէ որ մարդը եթե կարողացել է մեր երկրում արտադրություն դնել, այքան խելք ունի որ հաշվարկի իր արտադության անհրաժեշտ ծախսերը և սպասվող եկամուտները:
Գեւորգին (2)
Ցավալի է, բայց ձեր բացատրությունը տրամաբանական է: Կարծում եմ սակայն, եթե լինի լայնամասշտաբ մոտեցում, տարվի տնտեսվար ճիշտ քաղաքականություն, ապա լուծում կգտնվի: Դուք ասում եք շուկան էժան է, ծիրանն էլ տեխնիկական է ու վերջ: Սակայն նույն տեխնիկական ծիրանից պատրաստվող ջեմն ու չիրն էլ էժան չեն արտասահմանում: Բնական է որ արտադրման տեղում այն ավելի էժան պիտի լինի, հատկապես աղքատ սպառողների դեպքում: Ուրեմն դուրս պիտի գնա այս ապրանքը, պիտի ուղեղ աշխատի, քաղաքականություն տարվի, ապրանքանիշ (բրենդ) ստեղծվի, առանձ կառավարության միջամտության սա շատ դժվար խնդիր է անհատ գյուղացու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter