Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

«Ինքնասպանի գրառումները»` նվիրված նրանց, ովքեր չհասցրին թողնել իրենց պատմությունը



Տարօրինակ բան է` քո ձեռքով ոչնչացնել քեզ և հանգամանքների բերումով ինքնաոչնչացումից չոր դուրս գալ:

Երիտասարդ կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը իր «Ինքնասպանի գրառումները» երաժշտական պոեմի մասին խոսելիս երկար դադարներով էր առաջնորդվում: Իր խոսքով՝ բավականին ծանր հոգեկան վիճակում գրելու պատճառը ոչ թե սեփական զգացականի հաղթահարումն է, այլ ինքնասպանության դրդված այն բոլոր անձանց պատմությունների, որոնք շարունակում են ապրել:

Ստեղծագործության ընթացքը կարելի է բաժանել երեք փուլի. առաջինն զգացական և սեփական ես-ի վերաիմաստավորման փուլն է, որին հաջորդում են առերես զրույցները այն մարդկանց հետ, ովքեր ինքնասպանության փորձ են կատարել: Երրորդ փուլն ընդգրկում է այն տասնօրյակը, որի ընթացքում ստեղծվել է պոեմը:

Պոեմը հանրության դատին կներկայացվի հուլիսի 4-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում:

Դեռ մեր նախորդ զրույցի ժամանակ, որը տեղի ունեցավ երկու տարի առաջ, հստակ որոշում ունեիր լքելու Հայաստանը: Որոշ ժամանակով դուրս եկար Հայաստանի Հանրապետությունից, բայցև շուտ վերադարձար: Գիտեմ, որ Միացյալ Նահանգներում էիր: Ի՞նչ է փոխվել վերադարձիցդ հետո:

Իմ վերաբերմունքը կյանքի նկատմամբ: Անձնականում է շատ բան փոխվել, բայց ես դրանք չեմ ուզում առանձնացնել:

Նահանգներից հետո զգում եմ կոնտրաստը ոչ թե նրա, որ Հայաստանում վատ է, Ամերիկայում` լավ, կամ հակառակը, այլ այն, որ դու ապրում ես մոլորակի հակառակ կողմում, և իր հետ դա ենթատեքստեր է բերում: Առօրյա կյանքը չէ, որ դնում է այդ տարբերությունը. դու ճակատով բախվում ես ուրիշին` իր մշակույթով, վարքագծով: Իսկ մասնավորապես Նյու-Յորքը, որտեղ էլ ապրեցի մի քանի ամիս, Ամերիկայի մի մաս չի կազմում ինձ համար. այն առանձին երկրի պես է, որտեղ մշակույթի, կրոնի, վարքագծի բազմազանության բախումն է: Երբ մի գնացքում կարող են հավաքվել հարյուր երկրի ներկայացուցիչ, միտքդ չի կարող միատարրության ուղղության վրա կանգ առնել:

Նույն բանը Եվրոպայի մասին չեմ կարող ասել. օրինակ, Փարիզում ապրելու շրջանում հասկացա, որ այն ունի փարիզյան երաժշտություն` բոմոնդ, որը պաթոսային երանգ ունի իր մեջ, իսկ Նյու Յորքը ջազ է` մենքենայի, գնացքի ռիթմով, խայտաբղետությամբ, որն էլ հենց Ամերիկային բնորոշող տարրն է: Դա ինձ դուր եկավ:

Այսօր ես շարունակում եմ ստեղծագործել և մինչ իմ երազած ավելի մասշտաբային նախագծերի իրականացումը հնարավորություն ունեմ ներկայացնելու ոչ պակաս կարևոր մի ստեղծագործություն, որի համար հատկապես շնորհակալ եմ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությանը և ՀՀ մշակույթի նախարարությանն ինձ աջակցելու համար:

Երկու տարի է անցել Արամ Խաչատրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթից, որում ստացար առաջին մրցանակը: Այդպես էլ Հայաստանում չհնչեց քո N2 սիմֆոնիան` «Վեց պատասխանը»: Գրվե՞լ է արդյոք երրորդ սիմֆոնիան:

Իհարկե, գրվեց, ավելին` արդեն պատկերացում ունեմ չորրորդի մասին: Երրորդ սիմֆոնիան կոչվում է «Նոտերդամ», որը հիմնված է ճարտարապետական համամասնությունների վրա: Ավելին դեռ այս սիմֆոնիայի մասին ասել չեմ կարող, այն շուտով հասանելի կլինի ռեժիսոր Տիգրան Շահինյանի «Լսել վիզուալը» վավերագրական ֆիլմում: Կարող եմ միայն այն ասել, որ «Նորտերդամը» ուղղակի երաժշտություն չէ. այն կոմպոզիցիոն մի մեծ համակարգ է, որը միաժամանակ թույլ է տալիս տեսնել երաժշտությունը:

Անդրադառնանք հուլիսի 4-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում կայանալիք քո համերգին: Երաժշտական պոեմը կոչվում է «Ինքնասպանի գրառումները»:Ինչո՞ւ:

Եթե իմանայի, թե որն էր հստակ պատճառը կամ դրդիչը՝ գրելու այդ ստեղծագործությունը, կկարողանայի լիովին պատասխանել:

Ի՞նչ կանեիր դու, եթե լինեիր դարբին ու բացի մուրճից ու ձուլվող մետաղից՝ ոչինչ չունենայիր. հաստատ կհագնեիր կոպիտ գոգնոցդ ու էնքան կկռեիր մետաղը, մինչև համոզվեիր, որ ապրում ես: Այսինքն` նյութը (քո պարագայում` մետաղը, իմ պարագայում` երաժշտությունը) թույլ է տալիս թերևս կարճ, բայց անընդհատ մտաբերել գիտակից ապրելու մասին: Կամ գուցե մենք ժամանակ առ ժամանակ հենց այդ նյութական արդյունքի վավերագրության շնորհիվ շարունակում ենք ինքնահաստատել մեր չգոյությունը:

Այդպես գրվում են գործեր, որոնք որոշ ժամանակ հետո պետք է նորից համոզեն քեզ, քո հանրությանը, այլ հանրությունների, որ ամեն բան շարունակվում է:

Ինչ վերաբերում է այս պոեմին, այն միանշանակ կապ ունի իմ հոգեկանի հետ, և անվանումն արդեն ամրագրելով` որոշեցի չթաքցնել դա: Ես բացասական որևէ երանգ չեմ մտցնում այս ամենի մեջ: Ինձ թվում է` Նահանգներից հետո հոգեկան տապալման մեջ էի և խնդիր էի դրել պարզելու իմ հոգեկանի գոյության և չգոյության սահմանը: Գուցե հենց այս ստեղծագործությունը նման մի բանի փորձ է, որով ֆիզիկական գոյության հարց չի դրվում:

Համերգի ընթացքում՝ մինչ քո ստեղծագործության կատարումը, նախընտրել ես հնչեցնել Իգոր Ստրավինսկու «Գարուն սրբազան» բալետը: Ինչո՞վ էր պայմանավորված այդ համադրությունը:

Ես սկզբից չէի մտածում համադրության մասին: Հետո մի շատ կարևոր հատկանիշ անցավ մտքովս. Ստրավինսկու բալետը զոհաբերության տեսարան է, երբ ռուս հեթանոսության ժամանակների մարդուն զոհաբերում էին հանուն պտղաբեր տարվա: Հերոսուհին ուզում է ապրել, բայց չի կարող, քանի որ կանխորոշված է իր զոհվելը, իսկ իմ ստեղծագործության մեջ հակառակն է` մարդ, ով կարող է ապրել, բայց չի ուզում:

Գիտեմ, որ մինչ համերգը շատ բան չես ցանկանում մանրամասնել, այնուամենայնիվ, կարևոր է իմանալ, թե ինչո՞ւ հատկապես կյանքից հեռանալու և ոչ թե այլ գրառումները դարձան պոեմի հիմքը:

Զգացական ինչ-որ ազդակից է այդ ամենը եկել, և հստակ դրան չեմ կարող պատասխանել: Բայց այն պահից սկսած, երբ երաժշտություն գրելու միտքը սկսեց անհանգստացնել ինձ, սկսեցի խոսել այն մարդկանց հետ, որոնք ինքնասպանության փորձ արել են, բայց հանգամանքերի բերումով փրկվել են:

Եթե ես ասեմ, թե ինչ պատմություններ են դրանք, ամեն մեկը, ով լսելու է իմ պոեմը, պատկերացնելու է նրանց` ուրիշի պատմությունը: Իմ նպատակը դա չէ. ես չեմ ուզում ինքնասպանության փորձ անողների մտայնությունները փաթաթել ունկնդիրներիս պարանոցին, ուզում եմ՝ նրանք, լսելով երաժշտությունը, կրկին վերաիմաստավորեն այն ապրելու ցանկությունը, որն ունեն իրենց ներսում` կրելով վախը այն զգացականի, որն ունեցել են իմ հերոսները:

Էթիկապես թերևս ճիշտ չէ հնչեցնել նման հարց, բայց այդ հերոսներիցդ մեկն էլ գուցե դո՞ւ ես:

Մարդ չի կարող գրել նման ստեղծագործություն` չզգալով ամենը: Բայց այստեղ խնդիրն ուրիշ էր. ես փորձում էի նախ նրանց տեղակայել իմ մեջ: Բանն այն է, որ մեզնից շատերն, ուղղակիորեն ընկալելով գործողությունը կամ կատարելով դա, համեմատությունից դուրս են թողնում մնացածին, իսկ ամեն վայրկյան աշխարհի ամեն անկյունում մտքի նույնությունը գերակա է: Եթե մենք ինֆորմացիայի այս դարաշրջանում էլ շարունակում ենք մեզ հեռու պահել այն ամենից, ինչն իրականում կարող է ցավեցնել մեզ, որովհետև մեր մտքի հետ համընկնում է, ուրեմն այլևս ի վիճակի չենք ոչինչ կիսելու:

Համոզված եմ, որ համերգի օրը հանդիսատեսի միջով կանցնի միևնույն նյարդային թելը, և որքան էլ տարբեր ուղղություններով մտածի հանդիսատեսից յուրաքանչյուրը, բոլորի համար այդ պահին առանձնանալու է մի կարևոր բան, որին ես անվանում տալ դեռևս չեմ կարող: Ամեն դեպքում արդյունքում դրական զգացողություն է առաջ գալու:

Բայց նույնիսկ պոեմի անվանումն արդեն պարունակում է հստակ հաղորդագրություն, և այն չի կոչվում վերապրածի կամ, օրինակ, կենդանի մնացածի գրառումները, այլ առաջին պլան է մղվում նախևառաջ ինքնասպանն` իր գրառումներով: Ո՞րն է այդ ամենի մեջ դրական երանգը:

Ստեղծագործության հիմքում ինքնասպանի էմոցիան է: Իրականում ոչ մեկը, նույնիսկ իմ հերոսները չեն կարող հստակ ասել, թե իրենք վերապրե՞լ են այդ ամենը, նորից կենդանի՞ են, թե՞ շարունակում են ապրել մեկ այլ վակուումի մեջ, բայց հստակ է` տեղի է ունեցել մի բան, որը տևել է շատ կարճ, բայց պայմանավորել է նրանց հետագա ամբողջ կյանքը. այն, ինչ կոչվում է կատարսիս:

Կարևորն այն է, որ ես, հիմք ընդունելով իրենց պատմությունները և դրանց ավելացնելով իմ սեփական էմոցիան այդ համատեքստում, գլխավոր հարցադրման մեջ կամ գուցե արդեն իսկ պատասխանում դրել եմ այն կարևոր հաղորդագրությունը, որը մատնանշում է փրկությունը: Նրանք փորձել են հեռանալ, բայց փրկվել են: Տարօրինակ բան է` քո ձեռքով ոչնչացնել քեզ և հանգամանքների բերումով ինքնաոչնչացումից չոր դուրս գալ:

Իսկ այդ ամենն զգալուց, երաժշտության վերափոխելուց և համերգից հետո ինչպիսի՞ վիճակում կլինես դու:

Ես կշարունակեմ լինել... որովհետև լինելիությունն ամենադժվար իրողությունն է:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ