HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՃՈւԿ-ն արժանացել է ԵՄ-«Եվրոպա նոստրա»-2013 ժյուրիի հատուկ գնահատականի և պատվոգրի

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը (ՀՃՈւԿ-RAA) արժանացել է մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ԵՄ-«Եվրոպա նոստրա»-2013 մրցանակաբաշխության ժյուրիի հատուկ գնահատականին և պատվոգրի՝ «Կազմակերպության կողմից օրինակելի ներդրում ժառանգության բնագավառում» անվանակարգում:

Մրցանակաբաշխությունը, որին այս տարի ներկայացվել է եվրոպական 30 երկրի 200 հայտ, ավարտվել է 30 մրցանակի և 16 պատվոգրի շնորհմամբ 4 անվանակարգում:

Հայաստանից բացի՝ «Կազմակերպության կամ անհատի կողմից օրինակելի ներդրում ժառանգության բնագավառում» անվանակարգում միջազգային ժյուրիի հատուկ գնահատականին և պատվոգրի են արժանացել նաև Բելգիայից, Գերմանիայից և Հունգարիայից ներկայացված 1-ական հայտեր:

Մրցանակաբաշխության արդյունքները, ինչպես և նախորդ տարիներին, ամփոփվել են «Եվրոպա նոստրա»-ի հրատարակած հատուկ գրքույկում, որի մեջ տեղ է գտել նաև RAA-ի վերականգնած Դադիվանքի համալիրի լուսանկարը:

Ի թիվս Եվրոպայում գործող այլ կազմակերպությունների՝ ժյուրին շնորհակալություն է հայտնել նաև «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունը՝ ԵՄ-«Եվրոպա նոստրա»-2013 մրցանակաբաշխությանը Հայաստանից ներկայացված հայտերի անկախ մասնագիտական փորձաքննությունն իրականացնելու համար:

RAA-ի վերաբերյալ իր գնահատականում ԻԿՕՄՕՍ/Հայաստանը, մասնավորապես, նշել է. «Գործունեության արդեն շուրջ 35 տարվա ընթացքում կազմակերպությունը մասնավորապես ճանաչվել է որպես Հայաստանի վարչական սահմաններից դուրս տեղակայված հայկական պատմամշակութային ժառանգության հաշվառման և վկայագրման առաջամարտիկ: Կազմակերպությունը, որն ի սկզբանե բաղկացած էր նվիրյալների փոքրաթիվ խմբից, կարողացավ կերտել իր կենսագրությունը՝ մոռացումից փրկելով և ամբողջացնելով Հայաստանի Հանրապետությանը սահմանակից երկրներում (Վրաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան) առկա հայկական պատմական ժառանգության պատկերը: Կազմակերպության գործունեությունը մեծապես նպաստել է այդ ժառանգության վերաբերյալ իրազեկվածության աստիճանի բարձրացմանը ոչ միայն մասնագիտական և մշակութային հանրության, այլև լայն հասարակության շրջանում»:

Գնահատականում նշվել է նաև RAA-ի անուրանալի ներդրումը այդ ժառանգության վերաբերյալ փաստերի և տվյալների հավաքչական աշխատանքի առումով: Շեշտվել է կազմակերպության հիմնադիր նախագահ Արմեն Հախնազարյանի ավանդը Ջուղայի վանդալիզմի միջազգայնացման և դատապարտման գործում: Այս մասին հայտնում է «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter