HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը 300 մլն դրամ է հատկացրել Վանաձորի հիմնական փողոցների կապիտալ նորոգման համար

Մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման համար կառավարությունը լրացուցիչ գումարներ է հատկացնում մարզպետարաններին, որոնք բաշխվում են՝ ըստ ստույգ ծրագրերի:

Լոռու մարզպետարանին արդեն 5-րդ անգամ պետք է նման գումար հատկացվեր, սակայն կառավարությունը չի սպասել 5-րդ հրատապ ծրագրի հաստատմանը և 2013թ. ապրիլի 11-ի 365-Ն  որոշումով  պահուստային ֆոնդից նպատակային` 300 մլն դրամ է հատկացրել Լոռու մարզպետարանին` Վանաձորի  Տիգրան Մեծ պողոտայի  և մի քանի այլ փողոցների կապիտալ վերանորոգման համար:

Լոռու մարզպետարանի  քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը «Հետքին» հայտնեց, որ  կառավարության 5-րդ հրատապ ծրագիրը հաստատվելու դեպքում, ըստ  պայմանավորվածության, վերոնշյալ որոշմամբ Վանաձորի ներհամայնքային ճանապարհների վերանորոգման համար  հատկացված  300 մլն դրամը հետ կվերադարձվի կառավարությանը: «Ենթադրենք 1 միլիարդ 300 մլն դրամ է հատկացվելու Լոռու մարզպետարանին, կտրամադրվի 1 միլիարդ դրամը»,- ասաց նա:  

Վանաձորում արդեն սկսվել են Տիգրան Մեծ պողոտայի, Թումանյան հրապարակի և  վերջինից ճյուղավորվող փողոցների նախատեսված 15 մետր երկարությամբ հատվածների, ինչպես նաև Վանաձորի Ս. Աստվածածին  եկեղեցուն հարող  Լոռի հրապարակի և Վարդանանց փողոցի կապիտալ վերանորոգման աշխատանքները:

Ըստ պարոն Ջանազյանի՝ միայն Վարդանանց փողոցում «Իդեալ» շինարարական խանութի մոտից մինչև թերթի կրպակը կկատարվի կապիտալ վերանորոգում: «Թերթի կրպակի մոտից մինչև Հովսեփի կամուրջը  կատարվելու են փոսային նորոգումներ»,- ասաց նա: Պարզվեց՝ կապիտալ վերանորոգման ենթակա փողոցների նախագծային աշխատանքների համար որոշակի գումարի պակաս կա և, ըստ Ջանազյանի, նախատեսվել է 5-րդ հրատապ ծրագրից մոտ 60 մլն դրամ հատկացնել նախագծային աշխատանքների համար: Արմեն Ջանազյանը ասաց նաև, որ Վանաձորի ճանապարհների վերանորոգման  պրակտիկայում առաջին անգամ է ասֆալտապատում կատարվում Հայջրմուղկոյուղու հետ համագործակցված: «Հետքի» շրջայցի պահին Տիգրան Մեծ պողոտայում  աշխատում էին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորը պատկանող «Արգիշտի -1» ՍՊԸ-ի շինարարները: Նրանք կատարում էին  ճանապարհի եզրագծերի վերանորոգման աշխատանքներ: Թումանյան և Լոռի հրապարակներում  «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից կատարվում էին ջրի և կոյուղու  ներքին կոմունիկացիաների կապիտալ վերանորոգման աշխատանքներ:

Ավտոտրանսպորտային միջոցներով գերբեռնված հատկապես Տիգրան Մեծի պողատայում շինարարական աշխատանքների պատճառով լուրջ դժվարություններ են ստեղծվել ավտոմեքենաների և հետիոտնի երթևեկության համար, որն առաջացնում է վարորդների և բնակիչների դժգոհությունը: Ստեղծված իրավիճակում պողոտան չէր վերահսկվում Վանաձորի ճանապարհային ոստիկանության կողմից: Արմեն Ջանազյանը կարծում է, որ  վանաձորցիները պետք է դիմանան ժամանակավոր դժվարություններին, որովհետև նման գումար երբևէ չի տրամադրվել Վանաձորի ներհամայնքային ճանապարհների կապիտալ  վերանորոգման համար:

Հիշեցնենք, որ մասնավորապես Տիգրան Մեծ  պողոտայի հիմնանորոգումը եղել է հանրային պահանջ: Արմեն Ջանազյանը հայտնեց, որ չի մոռացվել նաև քաղաքի մյուս փողոցների վերանորոգման խնդիրը. «Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն առաջին կիսամյակում 70մլն դրամ է հատկացրել համայնքի մյուս փողոցների փոսային նորոգումների համար, քաղաքապետի կողմից այդ նպատակով 70 մլն դրամ էլ կհատկացվի այս տարվա 2-րդ կիսամյակում: Դրանից հետո մյուս փողոցները կբերվեն գոնե անցանելի վիճակի»:

Պողոտայի վերանորոգման առնչությամբ դժգոհեցին պողոտայի մայթերի մոտ տեղակայված խանութների սեփականատերերը: «Մենք 4 անգամ գրել ենք, գումար չունեն, թե չեն ուզում, չգիտեմ՝ մայթերը չեն վերանորոգում, ամոթ է` դրսից  մարդիկ են  գալիս: Նրանք երևի մայթերը թողնում են, որ խանութների տերերը սարքեն, բայց արել ենք, քանդվում է, չի դիմանում մեր սարքածը»,- ասաց խանութպաններից մեկը` Տիգրանը:

Ի պատասխան «Հետքի» հարցման՝ Արմեն Ջանազյանը հայտնեց, որ 2012թ.  Վանաձորի միջհամայնքային ճանապարհների վերանորոգման համար  կառավարության հրատապ ծրագրով հատկացվել է 100 մլն դրամ: Ըստ Ջանազյանի՝ այդ  գումարով վերանորոգվել են Ազատամարտիկների, Շիրվանզադեի,  Տաթևի փողոցները և Զորավար Անդրանիկ փողոցի 3-րդ նրբանցքը: Հիշեցնենք, որ  Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը  28.07. 2011-28.07.2012թթ. մարզպետի գործունեության իր հաշվետվության մեջ նշել է, որ  2012թ. 1-ին և 2-րդ հրատապ ծրագրերով Վանաձորի միջհամայնքային ճանապարհների վերանորոգման համար հատկացվել է 310,4 մլն դրամ, որից  քաղաքաշինության վարչության պետը, փաստորեն, տեղյակ չէր:

Մեկնաբանություններ (1)

Կորյուն
60 միլիոն դրամ միայն նախագծային աշխատանքների համար???? Գժվել են սրանք??? Փող լվանալը էլ ոնց է լինում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter