HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ՀՀ նախագահին

Հարգելի նախագահ

Ես մոտ 25 տարի զբաղվել եմ անհատ ձեռներեցությամբ, հանդիսացել եմ բարեխիղճ հարկատու, երբևէ հարկային և պետական մարմինների հետ խնդիրներ չեմ ունեցել, իմ հնարավորությունների սահմաններում իրականացրել եմ բարեգործական գործունեություն:

Իմ ձեռնարկատիրական գործունեությունն ընդլայնելու նպատակով 2008թ. փետրվարի 4-ին «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ից վերցրել եմ 50.000.000 ՀՀ դրամ վարկ: Գրավ եմ դրել Լենինգրադյան 4/9 հասցեում գտնվող խանութս:

Գրավի պայմանագիրը բանկի կառավարիչի հետ կնքել և իմ կնիքով հաստատել եմ վկաների ներկայությամբ Բաղրամյան 1/14 հասցեում գտնվող կենտրոնական նոտարական գրասենյակում՝ նոտար Էմմա Շաբոյանի մոտ, որը և հաստատեց պայմանագիրը: Վարկիս պայմանագիրը ևս ստորագրել և հաստատել եմ իմ կնիքով: 

Մոտ մեկ տարի պարտաճանաչ կատարել եմ վարկային պարտավորություններս, մուծել եմ շուրջ 15.000.000 դրամ: 2008թ. դեկտեմբերի 24-ին տարել եմ սուր ինֆարկտ, ենթարկվել եմ վիրահատության (2-րդ խմբի հաշմանդամ եմ): Հիվանդությանս, ինչպես նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով չկարողացա ժամանակին ամբողջությամբ մարել վարկս:

Բանկի դիմումի համաձայն` դատարանը 2009թ. (ապօրինի) ինձ ճանաչել է սնանկ, որից հետո կազմակերպվել է կեղծ աճուրդ առանց ինձ և բանկին տեղյակ պահելու և իմ գույքը, որը գնահատված է եղել 145.000.000 ՀՀ դրամ (նշված արժեքը կրկնակի ցածր է իրական արժեքից) վաճառել են ընդամենը 38.000.000 ՀՀ դրամով՝ չնայած այն հանգամանքին, որ ես բազմիցս դիմել եմ բանկին վարկային պարտավորություններս կատարելու համար լրացուցիչ ժամանակ տրամադրելու խնդրանքով: Օգտվելով իմ առողջական վիճակից` կեղծ սնանկության տանելու եղանակով և կեղծ փաստաթղթերով իմ գույքը հափշտակվել է, ակնհայտ ցածր գնով իրացվել, ավելին՝ նույնիսկ նպատակ են հետապնդել բնակարանս ևս չնչին գնով խլել ինձանից, որի պատճառով ես հայտնվել եմ անելանելի վիճակում: Փաստորեն, 35.000.000 ՀՀ դրամ պարտքի դիմաց ցանկանում են խլել մոտ 300.000.000 դրամ արժողությամբ խանութս և 40.000.000 դրամ արժողությամբ բնակարանս:

Պարոն նախագահ, 02.03.2013թ-ին դիմում բողոք էի ուղարկել Ձեզ և խնդրել, որպեսզի այս դիմումս չուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ գլխավոր դատախազություն ուղարկված բողոքներս ուղարկվում են Աջափնյակ համայնքի դատախազություն, որտեղ էլ իմ դիմումներս կոծկվում են, քանի որ իմ բարձրացրած խնդիրները հենց սկսել են Աջափնյակ համայնքի դատարանից և տեղում ամեն անգամ փակվում են Աջափնյակ համայնքի դատախազությունում:

Խնդրել էի դիմումիս հետքերով պահանջել այն բոլոր գործերը, որոնց մասին ես արդեն մի քանի տարի է` աղաղակում եմ, սակայն որոշ բարձրաստիճան պաշտոնյա անձանց ձեռնտու չէ իմ մատնանշած հանցագործության բացահայտումը, քանի որ հենց իրենք էլ խառնված են այս ամենի մեջ, իսկ Ձեր կողմից դիմումների ուղարկումը դատախազություն միայն օգնում է այդ անձանց կոծկել իրենց հանցագործությունը:

Դիմում-բողոքիս կապակցությամբ Ձեր վերահսկողական ծառայության կանչով եղել եմ այնտեղ և վերահսկող ծառայության աշխատակից Գարեգին Ազարյանին ներկայացրել իմ գործով թույլ տրված ապօրինությունները և կեղծիքները` այդ ամենը հաստատելով փաստաթղթերով: Գարեգին Ազարյանը տեսնելով փաստաթղթերը, ծանոթանալով դրանց` հաստատեց իմ իրավացի լինելը, որ աճուրդը կայացել է կեղծիքներով և կեղծված փաստաթղթերով, ՀՀ օրենքների և ՀՀ կառավարության որոշումների բազմաթիվ խախտումներով: Ավելին` վերահսկող ծառայությունը շատ զարմացավ, որ այդ կեղծ և իրարամերժ փաստաթղթերն ինձ է տրամադրել դատարանը, և որ ոստիկանության քննիչը և դատախազը աչք են փակել այդ ակնհայտ ճչացող կեղծիքների վրա: Այնուհետև վերահսկողական ծառայությունը ինձ առաջարկեց, որ իմ փաստաբանիս հետ պատրաստ լինեմ, որ իրենք ինձ 2 օրից կանչելու են:

Նշեմ նաև, որ վերահսկողական ծառայությունը հետաքրքրվեց, թե ես ինչ գիտեմ այս կեղծիքների ետևում կանգնած մասնակիցների մասին:

Վերահսկող ծառայության տրամադրվածությունից ես այնպես հասկացա, որ վերջ է դրվելու իմ նկատմամբ այս բոլոր ապօրինի գործողություններին և վերականգնվելու է ճշմարտությունը, սակայն հետագա գործընթացները ցույց տվեցին ճիշտ հակառակը: Ինձ կանչելու փոխարեն, գրությամբ պատասխանեցին, որ չեն կարող միջամտել իմ գործերին, քանի որ ներկայումս այն դատական գործընթացի մեջ է:

Դատական գործընթացների ավարտից հետո (նույն սցենարով) դարձյալ դիմեցի Ձեզ: Ձեր վերահսկողական ծառայությունից այս անգամ պատասխան եկավ, թե դիմումումս բարձրացված հարցերի վերաբերյալ առկա են օրինական ուժի մեջ մտած վճիռներ և որոշումներ, և այն պարտադիր է բոլորի համար:

Վերահսկողական ծառայության իրարամերժ պատասխաններից պարզ դարձավ, որ տեղեկանալով՝ ովքեր են կանգնած իրենց կողմից ևս հաստատված այս կեղծիքների հետևում` իրենք ևս ստիպված են աչք փակել:

Պարոն նախագահ, այն, որ կատարվածը բացահայտ կեղծիք է, հաստատել են ԱԺ պատգամավորները, մասնավորապես` ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, Երևան քաղաքի դատախազության և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, վերաքննիչ դատարանի դատավոր:

Պարոն նախագահ, որպեսզի Ձեզ պարզ լինի, թե ինչ մակարդակով է կատարվել ինձ ունեզրկելու պրոցեսը և ով է իրական գնորդը, և թե ինչու են դատավորները, քննիչները և դատախազները իրենց ցանկությանը հակառակ որոշումներ և վճիռներ կայացնում, հայտնում եմ Ձեզ, որ թղթի վրա կայացած կեղծ աճուրդը կայացել է ՀՀ նախագահականում բարձր պաշտոն զբաղեցրած Գ.Բ.-ի հովանավորությամբ, իր և իր ընտանիքի անդամների անմիջական մասնակցությամբ:

Սնանկության կառավարիչ Մ. Հ.-ի, բանկի կառավարիչ Ա. Կ.-ի և դատավոր Ա. Ս.-ի հետ նախապես պայմանավորվելով այդ կեղծ աճուրդում` որպես «Կոնցեռն Էներգոմաշ» ՓԲԸ-ի դրածո տնօրեն, 77-ամյա Բ. Թ.-ի լիազորված անձ և աճուրդի միակ մասնակից հանդես է եկել Գ. Բ.-ի աղջիկը՝ «Կոնցեռն Էներգոմաշ» ՓԲԸ-ի իրավաբանը:

Կարևոր եմ համարում նշել, որ Գ. Բ.-ի կինը և տղան 2 անգամ զանգահարել են ինձ, եկել են իմ բնակարան, հանդես եկել որպես դիմացի շենքի բնակիչներ, իբրև թե իրենց նոր գնած բնակարանը իրենց դուր չի գալիս և իրենք ցանկանում են գնել իմ բնակարանը:

Հետագայում պարզվեց` խաբում են, որ նրանք, փաստորեն, ցանկանում են բնակարանիս ևս տիրանալ: Նշեմ, որ Գ. Բ.-ի «օգնությամբ» բնակարանս մինչև հիմա ապօրինի կերպով կալանքի տակ է: Ասեմ, որ այս կեղծիքը նրանց առաջին դեպքը չէ, մասնավորապես՝ նույն այս ընտանիքը նույն այդ ժամանակահատվածում դարձյալ ընտանիքով մասնակցել են ուրիշ կեղծիքների: Բազմաթիվ կեղծիքներից մանրամասնեմ մի քանի օրինակ.

  1. Վարկի պայմանագիրը կեղծված է, ստորագրությունը իմը չէ և բացակայում է իմ դրած կնիքը:
  2. Գրավի պայմանագիրը ես և «Արդշինինվեստբանկ»-ի Երևան մասնաճյուղի տնօրեն Ա. Կ.-ն վկաների ներկայությամբ կնքել ենք Բաղրամյան փողոցի 1-ին փակուղի 14 շենքում գտնվող նոտարական գրասենյակում, և ես այն հաստատել եմ իմ կնիքով: Այդ փաստից չի հրաժարվում նաև բանկի կառավարիչը: Այդ հասցեի նոտարական գրասենյակում Հասմիկ Հարությունյան անուն ազգանունով նոտար չի աշխատում: Փաստաբանիս՝ Սեդա Սաֆարյանի նամակը, ուղղված նոտար Հասմիկ Հարությունյանին, հետ էր եկել փոստի պատասխանով, թե այնտեղ Հասմիկ Հարությունյան նոտար չի աշխատում: Եթե ես գրավի պայմանագիրը կնքել եմ այդ հասցեում, և եթե այդ հասցեում այդ նոտարը չի աշխատում, ինչպես ես կարող էի նրա հետ պայմանագիր կնքել: Եվ հետո, 2010թ.-ի սեպտեմբերի 26-ին Նորք Մարաշ հիվանդանոցում իմ ստորագրած 2 դատարկ թղթերը, ինչպես դարձան փոխված բովանդակությամբ պայմանագիր և հայտնվեցին «Արդշինինվեստբանկ»-ում և կադաստրում:
  3. Սնանկության կառավարիչը և գնորդի լիազորված անձը Աջափնյակ և Դավթաշեն դատարան են ներկայացրել տարբեր դատավորներին 4 հատ վճարման տարբեր հանձնարարագրեր 20.000.000 ՀՀ դրամի մասին կատարված «Էյչ-էս-բի-սի» բանկից 12.11.2010 թ., բոլորն էլ կեղծ և տարբեր ժամերի: Ավելին` դատարանից ստացել եմ այդ նույն 20.000.000 դրամի վճարման հանձնարարագրի բնօրինակը, որտեղ «Էյչ-էս-բի-սի» բանկի կնիքի տեղը առկա է «Արդշինինվեստբանկ»-ի կնիքը: Այդ բնօրինակը տարբեր ձևերով տարբեր մարդիկ` այդ թվում և ոստիկանության աշխատակիցներ, ցանկանում էին ինձանից վերցնել, որը հիմա ինձ մոտ է: Եղել եմ «Էյչ-էս-բի-սի» բանկում, ցույց տվել այդ փաստաթղթերը, բանկի պատասխանատու պաշտոնյաները հաստատեցին, որ այդ բոլոր փաստաթղթերը կեղծ են և չեն տրամադրվել  իրենց բանկի կողմից:

Նշեմ` «Արդշինինվեստբանկ»-ում տեղեկացվել և տեսել եմ, որ «Ասլան Դիլբարյան» սնանկության հաշվին 2010 թ. նոյեմբերի 12-ին ոչ մի գումար չի փոխանցվել: Եվ հետո, եթե ես 2010 թ. հոկտեմբերի 22-ին եմ իմացել «Հայբիզնեսբանկ»-ի կառավարչից և անմիջապես նույն օրը ընկերոջս մեքենայով գնացել «Արդշինինվեստբանկ»-ի կառավարիչ Ա. Կ.-ի մոտ, որը հաստատեց, որ, այո, եղել է այդպիսի բան, և գումարի մի մասը փոխանցվել է «Կոնցեռն Էներգոմաշ» ՓԲԸ-ից, հաջորդ օրը եղել եմ բանկի գլխամասում՝ անվտանգության աշխատակիցների և իրավաբանների մոտ, որոնք նույնպես հաստատեցին և ասացին, որ ման են գալիս` գտնելու բանկի աշխատակիցների կողմից այդ կեղծիքներին մասնակցած մարդկանց: Ինչպե՞ս կարող էր գումարը փոխանցվել նոյեմբերի 12-ին և աճուրդը կայացած լիներ նոյեմբերի 10-ին:

Ինձ հասած և հետո հաստատված տեղեկություններով` այս կեղծ աճուրդը պայմանավորվել և կայացրել են 2010 թ. հոկտեմբերի 19-ին, բայց հետո որոշել են ավելի ցածրացնել գինը և այն տեղափոխել են կեղծված փաստաթղթերով 2010 թ.. նոյեմբերի 10-ին: Վճարումները կատարվել են «Կոնցեռն Էներգոմաշ» ՓԲԸ-ի կողմից 20.000.000 ՀՀ դրամ, Բ. Թ.-ի կողմից «Էյչ-էս-բի-սի» բանկից վճարում չի եղել:

Սնանկության կառավարիչը միտումնավոր կերպով խախտել է աճուրդի անցկացման կարգը՝  թերթերում և արձանագրություններում նշել տարբեր ժամեր:

Պարոն նախագահ, այս անօրինականությունների հետևում, բացի ազդեցիկ բարձրաստիճան պաշտոնյաներից և քրեաօլիգարխներից, կան նաև քրեական հեղինակություններ: Ինձ զանգահարում են և ահաբեկում (հաշվեհարդար, մահ) տարբեր հեռախոսահամարներից և փակ համարներից, որպեսզի ես չբողոքեմ և հաշտվեմ իրողության հետ: Այդ համարները հեռախոսիս մեջ են:

Պարոն նախագահ, բաց նամակով Ձեզ դիմելու կարևոր պատճառներից մեկն էլ այն է, որ ես կասկածում եմ, որ Ձեզ տեղյակ են պահել այս ամենի մասին, քանի որ հնարավոր չէ.

  1. Ձեր տեղյակ լինելուց հետո այդպիսի իրարամերժ պատասխաններ ստանայի Ձեր վերահսկողական ծառայության կողմից
  2. Վերահսկողական ծառայությունը չցանկացավ ինձ գրանցել և անցաթուղթ տալ, երբ նախօրոք իրենք էին ինձանից պահանջել, որպեսզի ես ներկայանամ անձնագրով:
  3. Իրարամերժ պատասխանները ստացել եմ այն ժամանակ, երբ Դուք բացակայել եք երկրից:

Մեծարգո նախագահ, ցավալի է, բայց փաստ, որ մեր թշնամիներն անգամ մեր նկատմամբ նման հրեշավոր կերպ չէին վարվի, ինչպես մեր երկրում վարվում են մեզ հետ: Դիմելով Ձեզ, խնդրում եմ համապատասխան մարմիններին հանձնարարել վերականգնել արդարությունը և այն Ձեր մշտական հսկողության տակ պահել, քանի որ այս կեղծ աճուրդի հետևում կանգնած են շատ ազդեցիկ հովանավորներ, որոնց պատճառով ես հայտնվել եմ ծայրահեղ ծանր վիճակում:

Վերջում նշեմ, որ վերահսկող ծառայություն եմ ուղարկել կեղծիքները հաստատող բոլոր փաստերը և դատական նիստերի կրիչը: 

Հարգանքներով`
Ասլան Դիլբարյան

Մեկնաբանություններ (2)

Հովիկ Մանվելյան
Քանի դեռ դուք չեք հասկացել, որ նախագահի աթոռը երկու անգամ գողացած մարդուն 'հարգելի նախագահ' չի կարելի ասել, ձեր հարցերը չեն լուծվի եւ դեռ շատ մարդիկ սուր ինֆարկտ կստանան սրանց ձեռքը:
hasmik
sovorakan erevujt apahov Hajastanum, petakan mafiaji hertakan drsevorvum

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter