HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

7 տարվա ազատազրկում՝ ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության համար

Անցյալ տարվա ապրիլի 22-ին ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ և 233-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ ՀՀ քաղաքացիներ Սումբատ Տոնոյանի և Հրանտ Օհանյանի կողմից գերհարստացված 90.8% ուրան տեսակի ռադիոակտիվ նյութ 2010 թվականի մարտ ամսին Երևան քաղաքում Գարիկ Դադայանից (նախկինում 2004թ. ուրան տեսակի ռադիոակտիվ նյութի մաքսանենգության ու իրացման համար դատապարտված) ձեռք բերելու, Երևան-Թբիլիսի գնացքով մաքսանենգությամբ Վրաստան տեղափոխելու և Թբիլիսի քաղաքում իրացնելու դեպքի առթիվ: 

2010 թվականի ապրիլի 22-ին Գարիկ Դադայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով (ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության օժանդակություն) և 233-րդ հոդվածի 1-ին մասով (ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառություն) այն բանի համար, որ նա 2010 թվականի մարտ ամսվա սկզբներին գտնվելով Մոսկվա քաղաքում, Երևան քաղաքի բնակիչներ ՀՀ քաղաքացիներ Հրանտ Օհանյանից և Սումբատ Տոնոյանից հեռախոսազանգով ստանալով առաջարկ Վրաստանում գերհարստացված ուրան ռադիոակտիվ նյութ իրացնելու նպատակով այն հայթայթելու և իրենց տրամադրելու վերաբերյալ գործարքից ակնկալվող շահույթը նյութի իրացումից հետո բաշխելու պայմանով, հանցավոր համաձայնության է եկել վերջիններիս հետ: 

Հանցավոր մտահղացման իրագործմանը մասնակցելու և օժանդակելու նպատակով՝ Գ.Դադայանը պահանջել եւ Ս.Տոնոյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար որպես ճանապարհածախս՝ Յունիստրիմ բանկային փոխանցման համակարգի միջոցով եւ 2010 թվականի մարտի 10-ին Մոսկվա-Երևան չվերթով վերադարձել Երևան: Նույն օրը նա Հրանտ Օհանյանին տրամադրել է ապօրինի ձեռք բերված 17 գրամ գերհարստացված ուրան ռադիոակտիվ նյութ՝ ծխախոտի տուփի մեջ տեղադրված: Նշված ռադիոակտիվ նյութը 2010 թվականի մարտի 11-ին ՀՀ մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել է Վրաստանի Թբիլիսի քաղաք, որտեղ Հ.Օհանյանը եւ Ս.Տոնոյանը նույն օրը այն փորձել են իրացնել Վրաստանի քաղաքացի Զազա Կիվկիվաձեին, սակայն հայտնաբերվել են Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: 

Այսպիսով՝ Գ. Դադայանը 2010 թվականի մարտի 11-ին օժանդակել է Ս. Տոնոյանին և Հ.Օհանյանին, եւ 17 գրամ գերհարստացված ուրան ռադիոակտիվ նյութը մաքսանենգ եղանակով տեղափոխել Վրաստանի Հանրապետություն: 

Ս.Տոնոյանը և Հ.Օհանյանը Վրաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում 2010 թվականին Վրաստանի դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության և ապօրինի շրջանառության համար ու դատապարտվել են ազատազրկման համապատասխանաբար 14 և 13 տարի ժամկետներով: 

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործից անջատվել է Գ.Դադայանի վերաբերյալ մասը եւ 2010 թվականի դեկտեմբերի 9-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: 2011 թվականի մայիսի 25-ի դատավճռով Գ.Դադայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով և 233-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով գույքի բռնագրավմամբ:

Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Վրաստան տեղափոխված ուրանի ձեռք բերման աղբյուրը, քանզի գործի քննությամբ պարզվել է, որ Հայաստանում չկան համապատասխան տեխնիկական և լաբորատոր պայմաններ 90.8% գերհարստացված ուրան ստանալու համար: 

Ներկայումս քրեական գործի անջատված մասը կասեցվել է, նկատի ունենալով, որ Վրաստանում դատապարտված ՀՀ քաղաքացիներ Ս.Տոնոյանը և Հ.Օհանյանը որպես մեղադրյալներ ներգրավված են նաեւ Հայաստանում քննվող վերոհիշյալ քրեական գործով, սակայն օպերատիվ աշխատանքները Վրաստան տեղափոխված ուրանի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ շարունակվում են: 

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2011թ. դատավճիռը Գ.Դադայանի պաշտպանների կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: 

Գ.Դադայանի դատապարտումը, ՀՀ գլխավոր դատախազության գնահատմամբ, առաջխաղացում է 2010 թվականին Վաշինգտոնում կայացած Ատոմային անվտանգության գագաթաժողովում ատոմային նյութերի ապօրինի թրաֆիքինգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման համատեքստում: 

Նկատենք, որ Հայաստանի Հանրապետությունը միացել է 46 այլ պետություններին` հավաստելով իր աջակցությունը Աշխատանքային ծրագրին, ըստ որի՝ «Մասնակից երկրները կձգտեն անհրաժեշտության դեպքում բարելավել իրենց ազգային քրեական օրենսդրությունը` միջուկային նյութերի ապօրինի թրաֆիքինգի և միջուկային ահաբեկչության բոլոր տիպի դեպքերը քննելու համար անհրաժեշտ լիազորություններ ունենալու նպատակով, և պարտավորություն են ստանձնում նման հանցագործությունները դատապարտելու օրենքի ամենայն խստությամբ» :

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում Գ. Դադայանի հանցավոր գործունեությունը բացահայտվել է: ԱԱԾ-ն շարունակում է միջոցներ ձեռնարկել՝ մաքսանենգության ցանցը լիովին բացահայտելու՝ հետագա մաքսանենգության փորձերը կանխելու, ինչպես նաև դրանում ներգրավված բոլոր անձանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Միջուկային անվտանգության գագաթաժողովի և այլ միջազգային մեխանիզմների միջոցով Հայաստանի Հանրապետությունը շարունակում է զարգացնել իր փորձն ու հնարավորությունները ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը, մաքսանենգությունը կանխարգելելու ուղղությամբ: Հայաստան Հանրապետությունը սերտորեն համագործակցում է բազմաթիվ այլ երկրների հետ՝ ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող միջազգային այլ ցանցերի բացահայտմանը նպաստելու, ինչպես նաեւ դրանցում ներգրավված անձանց ձերբակալելու, քրեական հետապնդում իրականացնելու, ինչպես նաեւ քրեական գործերի քննությանը օժանդակելու նպատակով: 

ՀՀ գլխավոր դատախազություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter