HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սելիմի լեռնանցք տանող ճանապարհը շարունակում է քանդված մնալ

Սելիմի լեռնանցք տանող միջպետական ճանապարհին` Վայոց ձորի Քարագլուխ գյուղից հազիվ 200 մետր ներքև, խոշոր փլվածք է տեղի ունեցել: Ճանապարհի հսկայական զանգված ձորն է թափվել: Քանդված հատվածը շրջափակված է ժապավենով: Վթարի պատճառով ճանապարհը անանցանելի է դարձել բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և միկրոավտոբուսների համար: Հրատապ միջոցներ չձեռնարկելու դեպքում ճանապարհի այդ հատվածը կանգնած է ամբողջությամբ քանդվելու շեմին, որի պատճառով էլ կփակվի Սելիմ տանող մայրուղին:

Փլվածքի վայրում ճանապարհը վերահսկող ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակից Բադալ Սարգսյանը «Հետքին» հայտնեց, որ վտանգավոր փլվածքը առաջացել է դեռ երկու ամիս առաջ. «Սկզբում ճանապարհի եզրի փոքրիկ հատված էր քանդված, հետո այն անուշադրությունից աստիճանաբար մեծացավ»:

Սելիմի միջպետական ճանապարհը գտնվում է Եղեգնաձորի ճանապարհային շինարարության տեղամասի հսկողության տակ: Ճանապարհի անվտանգության ապահովման գործում պատասխանատվություն է կրում նաև ՀՀ տրանսպորտի նախարարությունը: Չնայած վաղեմությանը՝ փլուզման վայրում ճանապարհի կարգաբերման ուղղությամբ դեռևս աշխատանքներ չեն կատարվում:

Տրանսպորտի եւ կապի նախարարության հաղորդագրությունը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  ենթակայության  Մարտունի-Եղեգնաձոր (Սելիմի լեռնանցք) Մ10 միջպետական ճանապարհի 112-րդ կիլոմետրում՝ Քարագլուխ գյուղի մոտ, գարնանային անձրևների հետևանքով փլվել է  ճանապարհի բարձր լիցքի մի մասը, ինչի արդյունքում ճանապարհը դժվարանցանելի է, երթևեկությունը՝ սահմանափակված։ 

Ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։

Ծանր բեռնատարների երթևեկությունն արգելված է, քանի որ դրանց երթևեկելու դեպքում ճանապարհի հետագա  փլուզման վտանգ կա։

Վթարված հատվածում կատարվել են հետազոտական աշխատանքներ, որոշվել է ճանապարհի վթարայնության աստիճանը, իրականացվել են  նախագծային աշխատանքներ, ճշտվել է ճանապարհահատվածը  վերականգնելու  համար անհրաժեշտ գումարի չափը։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը  ճանապարհահատվածի վերականգնման անհրաժեշտ ֆինանսավորման համար դիմել է ՀՀ կառավարությանը,  և  2013 թ. ՀՀ պետբյուջեով նախարարությանը  հատկացված գումարների սահմաններում կիրականացնի ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։

 Առաջիկա օրերին, սահմանված կարգով, շինարարի ընտրության  մրցույթ կհայտարարվի։ Որպես հրատապ լուծում պահանջող խնդիր՝  նախարարությունը դիմել   է ՀՀ կառավարությանը, որպեսզի մրցութային ժամկետը հնարավորինս կրճատվի, և գործընթացն արագացված ընթացակարգով իրականացվի։ 

Շինարարի ընտրությունից հետո Մարտունի-Եղեգնաձոր (Սելիմի լեռնանցք) ճանապարհի փլուզված հատվածի վերականգնման  շինարարական աշխատանքների համար կպահանջվի առնվազն 15-20 օր։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter