HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նվազագույն աշխատավարձ. «Հասնել եւ անցնել գիտնականների աշխատավարձերին»

Հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը 35 հազարից դառնալու է 45 հազար դրամ։ «Ինչ վերաբերում է առհասարակ աշխատավարձերի համակարգային բարձրացմանը, դա կլինի 2014-ի հունվարի 1-ից միայն».հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Ոչ նվազագույն աշխատավարձ, ասենք 45, 46 ու կամ 50-55 հազար ստացող, գիտահետազոտական ինստիտուտում աշխատող գիտնականը կամ ինժեները պետք է հանկարծ վատ չզգա ու նոր եռանդով ու նվիրվածությամբ լծվի գործի։ Աշխարհը փուլ չի գա, եթե գիտական հիմնարկում աշխատող պահակը, շոֆերը, սլեսարը, լաբորանտը, տեխնիկը, գրադանավարը, կադրերի բաժինը, հավաքարարը, գիտնականն ու ինժեները նույն կամ համարյա նույն աշխատավարձն ստանան… Նույնը՝ ու շատ քիչ… Հանրապետության միջինից 2.5-3 անգամ քիչ… Հունվարից կբարձրացնե՞ն…  Իիիի՛… Ինչքա՞ն… Դե գոնե թող մի պարզեցված ձեւ մտածեն։ Օրինակ՝ էն բոլոր թվարկածներիս աշխատավարձերը խառնեն ու հավասար բաժանեն։ Ախր ինստիտուտների տնօրինությունները ինչքան էլ գիտնական լինեն, ինչքան էլ խելոք լինեն, թեկուզ դրսերից էքսպերտներ բերեն՝ չափազանց բարդ ու անշնորհակալ գործ է 0-ից 10 հազար, լա՛վ՝ թեկուզ 0-ից 20 հազար, տիրույթում արդարաբար բաշխել գիտնականների, տեխնիկների ու հավաքարարների ստանալիքները։

Չեմ հասկանում՝ չեն հասկանու՞մ, որ էլ սիրտ չի մնում հետազոտություններ ու մշակումներ անելու, միջազգային հեղինակավոր ամսագրերում հոդվածներ տպելու, բանակում կամ տնտեսության մեջ ներդնելու համար մի նոր բան սարքելու… Թքած ունեն էլի… Հետո էլ՝ արտագա՛ղթ, ուղեղների արտահո՛սք… Բայց երեւի դրա վրա էլ թքած ունեն… Ախր չափից դուրս թքած ունենալը նախ «սիրուն չի» էսթետիկական տեսանկյունից, հետո էլ, ինչպես երեւի կասեր Գերման Շաիչը՝ «վնասում է առողջությանը՝ ջրազրկման հետեւանքով»…

Կամ էլ ինչու՞ բարձրացնե՞ն որ։ Օրինակ, անցած տարի գիտության ֆինանսավորումը մի կերպ ավելացել է 7 %-ով, այս տարի՝ 13, բայց մի քանի ինստիտուտների աշխատողների հարցուփորձ անելուց հետո պարզվեց, որ այդ ընթացքում ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ՈՉ ՄԻ ԼՈՒՄԱՅՈՎ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՑԵԼ։ Այսպես որ շարունակվի՝ մոտ ապագայում նվազագույն աշխատավարձը կարող է վազանցել գիտնականների աշխատավարձին։ Ես էլ իմ լրագրող ընկերների հետ հոդվածներ էի գրում, թե ինչպես կարելի է ծախսել աշխատավարձերի սպասվող 3 կամ 5 հազար հավելումը՝ երթուղայինով մի տեղ գնալ ու ոտքով վերադառնալ, բանկ գցել եւ այլն… Երևի ճիշտն, այնուամենայնիվ, բանկ գցելն է, եթե ավելացում լիներ...

Այդ 7 կամ 13  տոկսն էլ հաստատ չէին ավելացնի (այս տարվա համար բյուջեում 243 մլն դրամով պակաս էին նախատեսել՝ միայն «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության բարձրացրած աղմուկից հետո շտկեցին), բայց… Պարզվում է, որ ժամանակին շփոթվել՝ օրենք են գրել գիտության մասին, հետո զգացել են, որ ֆինանսավորման չափը պահի տակ շատ են ասել՝ «բյուջեի տարեկան ծախսային մասի երեք տոկոսից ոչ պակաս» ու փոփոխություն են մտցրել,  եւ հիմա՝ «նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ»։ Պա՜հ, ոչ պակա՞սՎրիպա՞կ չի, ժողովուրդԱխր կուսակցության եւ կառավարության գծի տրամաբանությունը ցույց է տալիս, որ պետք է լիներ «ՈՉ ԱՎԵԼ»…

Այնինչ, երկրի տնտեսության զարգացման ու մրցունակության համար, գիտությանը հատկացումները պետք է ավելացնել առնվազն 3-4 անգամ։

Գուցե բոլորին չեմ հարցրե՞լ, թե ինչու՞ չեն բարձրացվել աշխատավարձերը։ Բայց դե ում հարցրել եմ՝ գոնե լսած կլինեին էլի։ Տնօրինությունների՞ն, ԳԱԱ-ի՞ն, ԳՊԿ-ի՞ն, ԿԳՆ-ի՞ն կամ կառավարությա՞նը հարցնեի… Չէ՜, չեմ ուզում։ Չեմ ուզում լո-լո, լապշա, Գյուլնազ տատ…

Կարող է եւ այդ ավելացումները իսկապես եղել են, բայց ուղղվել են ժեշտի տանիք, բիո կոյուղի, եվրո պատուհան-մատուհան սարքելուն եւ վերանորոգելուն։ Տարբերակ է էլի։ Բա վաղը, մյուս օրը, երբ Հայաստանում գիտությունը պրծնի՝ այդ շենքերը հո լրիվ խարխուլ չպիտի լինեն։ ...Ծախելու բան պիտի մնացած լինի, չէ՞ :)

Աշոտյանն ասում է դասախոսները քիչ են ստանում՝ ուսման վարձերն ավելացնում ենք, Հայռուսգազարդի շեֆը ասում է աշխատողները քիչ են ստանում՝ գազը թանկացնում ենք… Ժողովուրդն էլ տարբերակ չունի՝ ստիպված պիտի իր գրպանի հաշվին ապահովի դասախոսների ու գազի աշխատողների աշխատավարձերի ավելացումը։

Գիտնականները իրենց խնդիրները լուծելու նման տարբերակներ չունեն։ Ոչ էլ կգնան մայրուղի կփակեն գյուղացիների նման (կառավարութունը նման արտառոց քայլերին է արձագանքում միայն)։ Գիտնականները միայն ասում են իրենց պրոբլեմների մասին։ Հասկանալու ակնկալիքով… Նույնիսկ՝ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում»: Բայց, մեծ հաշվով, բանի տեղ դնողն ո՞վ է։ Արդեն «արտահոսք» է եղել առ այն, որ 2014թ գիտության ֆինանսավորումը բարձրանալու է «բաղձալի» մակարդակի՝ եւս 10 տոկոսով…

Ստացվում է, որ եթե ճար ունես՝ ժողովրդից պոկիր, եթե ոչ՝ ճանապարհ փակիր։ Եթե ոչ մեկը չես կարող անել՝ սսկվիր ու աշխատիր կամ էլ գնա ուրիշ երկիր…

Որպեսզի տխուր նոտայով չավարտեմ՝ասեմ, որ վերեւներում արդեն գոնե տեղյակ են, որ գիտության ոլորտում անհապաղ լուծումներ պահանջող խնդիրներ կան :)

Սակայն …

Հ.Գ.1

Նստեցնում է քեզ մի երկու բաժակ

Տաք ջուր խմեցնում կամ մի թաս օղի.

– Դու գնա, պապի, միամիտ քընիր,

Ես աչքի լուսը կըհանեմ գողի...

Հ.Գ.2 Նպատակահարմա՞ր չէ սահմանել Գյուլնազ տատի անվան ամենամսյա մրցանակ պաշտոնավոր հեքիաթասացների համար

Հ.Գ.3 Ըստ երեւույթին Հայաստանում գիտության նկատմամբ վերաբերմունքը  կարող է բարելավվել, եթե լինենք հեքիաթում կամ էլ եթե առանց  տեղյակ պահելու օֆշորային գոտում գիտության անունով ներդրումներ անեն, որը սակայն նույնպես հեքիաթ է…

Ստեփան Գյոզալյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter