HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովսեփ Ղազարյան. «Անհրաժեշտ է անհապաղ տասնապատկել գիտության ֆինանսավորումը Հայաստանում»

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Հովսեփ Ղազարյանն աշխատում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող։ 2-րդ կուրսի առկա ասպիրանտ է, ատենախոսության թեման վերնագրված է՝ «Իմունային պատասխանի կարգավորման ուղիների կարգավիճակը շիզոֆրենիայի ժամանակ»:

Սիրում է ընթերցանություն, արվեստ, երաժշտություն: Սիրում է հատկապես ռոք և դասական երաժշտություն: Խոստովանում է, որ միշտ ցանկացել է զբաղվել էքստրեմալ սպորտաձևերով:

Որևէ շրջադարձային պահ իր կյանքում դժվարանում է առանձնացնել, կարծում է, որ գլխավոր շրջադարձերը դեռ առջևում են:

Իսկ թե ինչն է ձգում իրեն գիտության մեջ, բացատրում է այսպես՝ «Ինչպես ցանկացած գիտնականի, ինձ էլ հաճույք է պատճառում գիտությամբ զբաղվելը: Ցանկացած մարդ ուզում է, որ իր աշխատանքը լինի իր համար սիրելի զբաղմունք, հակառակ դեպքում աշխատանքը կլինի անարդյունավետ»:

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում սովորելու ընթացքում զբաղվել է կենսապոլիմերներում պարույր-կծիկ անցումների ուսումնասիրությամբ: Այժմ զբաղվում է շիզոֆրենիայի գենետիկ բաղադրիչի ուսումնասիրությամբ. «Մասնավորապես, ինձ հետաքրքրում է, թե ինչ դեր ունեն իմուն համակարգի փոփոխությունները, թույլ արտահայտված բորբոքային պրոցեսները, ինչպես նաև ապոպտոզն այս բարդ հոգեկան հիվանդության պաթոգենեզում»:

Ունի տպագտված 5 հոդված, շուտով կտպագրվեն ևս 3-ը (միջազգային գրախոսվող ամսագրերում): Աշխատանքները բազմիցս ներկայացրել է Հայաստանում տարբեր գիտաժողովների ժամանակ: Օգոստոսին պատրաստվում է մասնակցելու Միլանում Իմունաբանության միջազգային 15-րդ կոնգրեսին, որը կազմակերպվում է երեք տարին մեկ անգամ։ Այնտեղ Հովսեփը հանդես է գալու 2 թեզիսներով:

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը համագործակցում է մի շարք աշխարհահռչակ գիտական կենտրոնների հետ, ինչպիսին են՝ Օքսֆորդի համալսարանը, Ուփփսալայի համալսարանը, Կալիֆորնիայի համալսարանը Սան-Ֆրանցիսկոյում (UCSF), Պալացկու համալսարանը, Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտը (ՌԴ), Հոգեկան առողջության ազգային ինստիտուտը (ԱՄՆ) և այլ արտասահմանյան և տեղական գիտական կենտրոններ: Կոնկրետ գիտական այն խումբը, որում ընդգրկված է Հովսեփը, ակտիվորեն համագործակցում է Պալացկու համալսարանի հետ, կատարվում են համատեղ աշխատանքներ և տպագրվում համատեղ գիտական հոդվածներ. «Կարծում եմ՝ այսօր գիտնականը պարտադրված է ինտեգրվելու միջազգային գիտական տարածքին, քանի որ գիտությունը ազգային լինել չի կարող, գիտնականը պետք է իր աշխատանքը հասանելի դարձնի միջազգային հանրությանը»:

Ըստ Հովսեփի՝ գիտական ներքին համագործակցություն Հայաստանում իհարկե կա, սակայն այն հեռու է արտասահմանյան մակարդակի հետ համեմատվելուց: Այնինչ առավել սերտ համագործակցությունը հնարավորություն կտա ավելի որակյալ գիտական աշխատանք կատարելու և ավելի լուրջ միջազգային դրամաշնորհներ շահելու համար:

2012 թ. արժանացել է Վիշեգրադի միջազգային հիմնադրամի «Արևելյան համագործակցության կրթաթոշակին», ինչի շնորհիվ 5 ամիս սովորել և հետազոտություններ է կատարել Պալացկու համալսարանում (Օլոմոուց, Չեխիա)։ «Այդ 5 ամիսները համարում եմ ամենաարդյունավետը իմ մասնագիտական կարիերայի ընթացքում: Ունենալով արդիական գիտատեխնիկական բազա և աշխատելու հնարավորություն՝ ես 5 ամսում կատարել եմ այնքան գիտական աշխատանք, ինչքան չէի հասցնի անել Հայաստանում 3 տարվա ընթացքում»,–պատմում է Հովսեփը:

Աշխատանքներում ընդգրկված են 4-6 համահեղինակներ՝ «Մարդիկ ովքեր օգնել են ինձ իմ փորձերում, գիտական հոդվածները գրելիս (Հայաստանից և Չեխիայից), և իհարկե գիտական ղեկավարս: Աշխատանքի մեծ մասը կատարում եմ ես»:

Թե արդյոք որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները, Հովսեփը պատասխանում է այսպես՝ «Չեմ կարծում, թե հայ հասարակության կողմից գիտությունը չի կարևորվում: Բոլոր երկրներում էլ, օրինակ, սպորտն ավելի է հետաքրքրում հասարակությանը, քան ֆիզիկան: Սակայն դա չի նշանակում, որ գիտությանը ավելի քիչ միջոցներ են տրամադրվում աշխարհում: Հայաստանում, կարելի է ասել, ունենք հակառակ պատկերը. գիտությունը, լինելով շատ ցածր վարձատրվող զբաղմունք, պարզապես չի հետաքրքրում հասարակության մեծ մասին: Անկախության տարիներին գիտությունը Հայաստանում կաթվածահար եղավ և ցայսօր չի կարողանում ոտքի կանգնել: Պետական օղակների վատ աշխատանքը նույնպես շատ մեծ դեր ունի: Ծիծաղելի է, որ Վանաձորում 2 փողոց և 1 հրապարակ ասֆալտապատելու համար պետությունը հատկացնում է 1.5 անգամ ավելի շատ գումար, քան երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին: Ամիրյան փողոցը տարին 2 անգամ ասֆալտապատելու կամ Երևանում անիմաստ թանկ ու չաշխատող էլեկտրոնային չվացուցակներ կախելու համար ֆինանսական միջոցներ կան, իսկ գիտության համար՝ չկան»:

Ըստ Հովսեփի՝ վերջին տարիներին անցկացվող տարատեսակ մրցանակաբաշխությունները չափազանց կարևոր քայլ էին գիտության ֆինանսավորման ավելացման հարցում. «Սակայն արդարության համար պետք է նշեմ, որ տարեկան 100.000 դրամը չի կարող էական խթան լինել գիտնականի համար: 100.000 դրամը պետք է լինի գիտնականի 10 օրվա նվազագույն աշխատավարձը, այդ դեպքում կասեմ, որ ֆինանսավորումն ավելացավ: Այսպիսով, սկիզբը թերևս դրված է, բայց դեռ շատ անելիք կա՝ լուրջ փոփոխությունների հասնելու համար»:

Մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելիս արդյոք ո՞րը կարևորել՝ տպագրությունների քանա՞կը, թե՞ հղումների թիվը հարցի մասին նրա կարծիքն այսպիսին է՝ «Ցանկացած գիտնականի համար կարևոր են միջազգային գրախոսվող ամսագրերում տպագրությունները: Իհարկե շատ կարևոր են, ինչպես հոդվածների քանակը, այնպես էլ հղումների քանակը, սակայն միջազգային գիտական հասարակության կողմից ավելի կարևորվում են տպագրված հոդվածի ամսագրի ազդեցության գործակիցը (impact factor), ինչպես նաև հեղինակի հղման ինդեքսը (citation index)»:

–Իսկ ի՞նչ կասեք այն բանին, որ ազդեցության գործակիցը (ԱԳ) բաժանվի տվյալ բնագավառի առավելագույն ԱԳ-ի վրա։

–Մրցանակաբաշխություններում նորմավորված ազդեցության գործակցի կիրառումը ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Դրական է այն առումով, որ, բնագավառից կախված, որոշ տպագրություններ չեն կարող ունենալ սահմանվածից ավել ԱԳ: Բացասական է այն առումով, որ կան բնագավառներ, որոնք ունեն շատ բարձր ԱԳ-ով ընդամենը 1-2 ամսագիր և դրանից կընկնի ընդհանուր գնահատականը: Կարծում եմ՝ ամենաարդարը՝ ըստ բնագավառների մրցանակաբաշխություններն են:

–Ի՞նչ անել, որ մրցանակաբաշխություններում հավասար պայմաններ լինեն տեսաբանների և փորձարարների համար։

–Այս դեպքում նույնպես, կարծում եմ, որ արդար կլինի առանձին մրցանակաբաշխությունների անցկացումը:

–Ըստ Ձեզ՝ որո՞նք են Հայաստանում երիտասարդ գիտնականի առջև ծառացած հիմնական խնդիրները և որոնք են դրանց լուծման ուղիերը։

–Դրանք բազմաթիվ են:

Առաջին գերխնդիրը գիտության ցածր ֆինանսավորումն է: Սոված մարդը չի կարող զբաղվել գիտությամբ: Մարդն իր ուղեղի աշխատանքը գիտության վրա կենտրոնացնելու համար չպետք է մտածի՝ վաղն ինչ է ուտելու, ինչ է հագնելու, ընտանիքին ինչպես է ապահովելու:

Երկրորդ գերխնդիրը մասնագիտական առաջընթացի հեռանկարի բացակայություն է: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո Հայաստանում գիտնականը հասնում է մի կետի, որից առաջ չի կարող գնալ, ու սկսվում է լճացում: Արդյունքում գիտությունների թեկնածուի կոչում ստացած շատ գիտնականներ իրենց համար ուրիշ աշխատանք են գտնում:

Լուրջ խնդիր է նաև արդարության բացակայությունը, որն, ինչպես բոլոր ոլորտներում, գիտության ոլորտում էլ գերխնդիր է:

Նշված խնդիրների լուծման համար անհրաժեշտ է անհապաղ տասնապատկել գիտության ֆինանսավորումը Հայաստանում: Ինչու՞ անհապաղ և ոչ աստիճանական, որովհետև մենք այսօր հասել ենք այնպիսի մի կետի, որ եթե հապաղենք, ապա շուտով Հայաստանոում գիտություն էլ չենք ունենա: Ինչպես նաև անհրաժեշտ է երիտասարդ կադրերին տալ աճելու հնարավորություն:

–Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը վիրտուալ կամ իրական հարթակներում։

–Շա՛տ դրական: Ֆեյսբուքում Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում էջի բացվելուց հետո շատ բան է փոխվել: Կարծում եմ, որ բոլորս պետք է մասնակցենք տարբեր հարթակներում մեր խնդրիների բարձրաձայնմանը և հնարավոր լուծումների քննարկմանը:

–Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում։

–Ինչպես արդեն նշել եմ, վերջին երկու տարում շատ բան է փոխվել: Սակայն գիտության խրախուսման հարցում ես դեռևս տեսնում եմ միայն ոչ պետական կառույցների աշխատանքը, իսկ պետական կառույցները դեռ հանգստանում են: Այնուամենայնիվ, սառույցը տեղից շարժվել է և հույս կա, որ մեր խնդիրները լուծում են ստանալու:

–Որքա՞ն է  տարածված կոռուպցիան գիտական աշխարհում և ի՞նչ դրսևորումներով։

–Մեր երկրում կոռուպցիան կա ամենուր, ցավոք սրտի՝ նաև գիտական աշխարհում: Հատկապես այն առկա է գիտական գրախոսության ոլորտում (համենայն դեպս, ես տուժել եմ դրանից): Գրախոսներից մեկը ցածր էր գնահատել դրամաշնորհի համար ներկայացրած իմ նախագիծը և այնպիսի ծիծաղելի պատճառաբանությաններ էր բերել, որ զարմանալ կարելի էր, թե ինչպես է նա գիտությունների թեկնածուի կոչում ստացել: Այս ամենի պատճառը գաղջ մթնոլորտն է և ներքին անառողջ մրցակցությունը:

–Աշխատե՞լ եք արտասահմանում, որտե՞ղ։ Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք՝ Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։

–Հինգ ամիս աշխատել եմ Չեխիայի Պալացկու համալսարանում: Հայաստանի հետ համեմատելն անիմաստ է. և՛ գիտատեխնիկական բազան է զարգացած, և՛ աշխատելու հնարավորություններն են շատ:

Գիտական աշխարհում գենդերային խնդիր կա՞. սեռը որևէ ազդեցություն թողնո՞ւմ է գիտական կարիերայի վրա Հայաստանում կամ արտասահմանում։

–Հայաստանում գիտության ոլորտում առկա է շատ լուրջ գենդերային խնդիր. տղաների մեծ մասը գիտությամբ զբաղվում է՝ բացառապես բանակից խուսափելու նպատակով: Գիտությունների թեկնածուի կոչում ստանալուց հետո գիտության ասպարեզում մնում են միայն նվիրյալները, ովքեր ամբողջովին, անմնացորդ նվիրվում են գիտությանը, իսկ մնացածը անցնում են այլ աշխատանքի, քանի որ գիտնականի աշխատավարձով ընտանիք պահելն անհնար է:

–Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր մասնագիտական հետագա աճն ու ապագան, թե՞ արտասահմանում։

–Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանում չեմ պատկերացնում: Մնամ Հայաստանում, որ ի՞նչ անեմ: Իմ մասնագիտական աճը պատկերացնում եմ արտասահմանի հեղինակավոր գիտական կենտրոններից մեկում: Եթե գտնվի մեկը, ով ինձ ապացուցի, որ ամսական 100 եվրոյով հնարավոր է Հայաստանում գոյություն ապահովել, միգուցե մտափոխվեմ:

–Ի՞նչ կմաղթեք երիտասարդ գիտնականներին ու ընդհանրապես հայաստանյան գիտական հանրությանը։

–Անկոտրում կամք, մեծ ամբիցիաներ և հաջողություններ՝ իրենց բռնած քարքարոտ ու ոլորապտույտներով լի ճանապարհին:

Մանե Հակոբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter