HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Արցախի նախագահականում ուսումնասիրում են Գանձասարի պարսպի երեսպատման մասին բաց նամակը

Արցախի նախագահականում ուսումնասիրում են Գանձասարի 13-րդ դարի վանական համալիրի պարսպի երեսպատման վերաբերյալ նախագահ Բակո Սահակյանին 350 մտավորականի ուղղած բաց նամակը: Այս մասին «Հետքին» ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա չնշեց, թե որքան կտևի ուսումնասիրությունը, և ինչ մասնագետներ են զբաղվում խնդրով:

«Նամակների բաժնով ես չեմ զբաղվում: Բաց նամակը եղել է, հիմա կարձանագրվի, կուսումնասիրվի:... Այդ հարցը արդեն այնքան է քաղաքականացվել, որ շահարկվում է անընդհատ և այլն, այլն»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին 350 մտավորական բաց նամակ էր հղել ՀՀ, ԼՂՀ նախագահներին և ամենայն հայոց կաթողիկոսին՝ խնդրելով անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ օրենքով սահմանված կարգով արգելելու և չշարունակելու համալիրի պարսպի երեսպատումը, ինչպես նաև պարտավորեցնել կառավարություններին անմիջապես հրավիրել մասնագետների ու սկսել հեռացնել շրջապարսպի երեսպատված մասի սրբատաշ քարե սալիկները:

Նամակագիրները նշում էին, որ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ և ԼՂՀ օրենքների 30-րդ հոդվածի պահանջը չի թույլատրում Գանձասարի պարսպի երեսպատում կամ հուշարձանի նախնական, պատմականորեն կառուցված ու ձևավորված կերպարի որևէ փոփոխություն:

Ութ օր առաջ հրապարակված այս բաց նամակի մյուս հասցեատերերը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն, իրենց դիրքորոշումները չեն հայտնել:

Երեկ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին գրավոր հարցումով խնդրել էինք հայտնել բաց նամակի վերաբերյալ նախագահի դիրքորոշումը: Մամուլի քարտուղարի գործավարն ասաց, որ Արման Սաղաթելյանը կպատասխանի հարցմանը:

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի աշխատակիցը երեկ ասաց, որ այս պահին տեղեկատվական համակարգում չկա որևէ մեկը, ով իրավասու է պատասխանել բաց նամակին կաթողիկոսի արձագանքի վերաբերյալ լրագրողների հարցերին: Լրագրողների հարցերին պատասխանելու իրավասություն ունի համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը, ով անձնական հարգելի պատճառով բացակայում է և աշխատանքի կգնա հուլիսի 3-ին: Իսկ կաթողիկոսը Հայաստանում չէր, միայն նոր է վերադարձել:

Գանձասարի պարիսպը մինչ երեսպատումը

Հիշեցնենք, որ 2011թ. ամռանը արցախցի ռուսաստանաբնակ գործարար Լևոն Հայրապետյանը սկսեց կատարել վանական համալիրի պարսպի երեսպատման աշխատանքներ: Այն ժամանակ երեսպատման դեմ մեծ աղմուկ բարձրացավ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում, և Արցախի կառավարությանն առընթեր Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության և ՀՀ մշակույթի նախարարության ջանքերով երեսպատումը դադարեցվեց:

Դեպքի առթիվ 2011թ. հուլիսի 7-ին Գանձասար էին այցելել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

2011թ. հուլիսի 6-ին Լևոն Հայրապետյանը «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանն ասել էր, որ Գանձասարը շրջապատող պարիսպը կառուցվել է ոչ թե 13-րդ դարում, այլ 20-րդ դարի 80-ականներին: Ներկայում պարիսպն իր անորակության պատճառով սկսել է քանդվել, ինչը կանխարգելելու համար ինքը որոշել է երեսպատել այն տրավերտինե սալիկներով, որոնք նույն հանքից են, որի քարերով 13-րդ դարում կառուցվել է Գանձասարի վանական համալիրը:

Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տեր Գրիգոր քահանա Մարկոսյանը ևս 2011թ. կողմ էր արտահայտվել երեսպատմանը: «Պարիսպը ընդամենը դրսից պնդացվում է եկեղեցու նույն քարից: Կամ էլ` թե պատը պետք է անպայման կեղտո՞տ լինի, որ հին լինի»,- ասել էր նա՝ հավելելով, որ բարերարն «ուզեցել է լավ գործ անի, լավ գործ արել է»:

Սակայն մասնագետները հերքում են պարսպի՝ 20-րդ դարի 80-ականներին կառուցված լինելու վերաբերյալ Լևոն Հայրապետյանի վարկածը՝ ասելով, որ պարիսպն անհամեմատ ավելի հին է և երեսպատումից հետո կդիտվի ոչ թե որպես 13-րդ դարում (կամ ավելի վաղ) Արցախի գահակալ Հասան Ջալալ Դոլայի կառուցած հուշարձան, այլ Լևոն Հայրապետյանի կառուցված, 21-րդ դարի ցանկապատ:

2011թ. հուլիսի 15-ի մամուլի ասուլիսում Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը և նույն ասոցիացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանը հայտարարեցին, որ Գանձասարի պարսպին ամրացված սալիկները քանդվելու են:

Սակայն 2012թ. նոյեմբերի երկրորդ կեսին Լևոն Հայրապետյանը վերսկսեց պարսպի երեսպատումը:

2012թ. դեկտեմբերի 21-ին Արցախի Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը Ստեփան Նալբանդյանին ասաց, որ վանական համալիրի պարսպի երեսպատման որևէ նախագիծ, փաստաթուղթ չկան, և լիազոր մարմինը՝ վերոնշյալ վարչությունը, չի թույլատրել երեսպատել պարիսպը:

Ստեփան Նալբանդյանը վստահ է, որ պարսպի երեսպատվելուց հետ Գանձասարն այլևս չի գրացվի ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, քանի որ հուշարձանի պատմական միջավայրը խախտվել է:

Դեկտեմբերի 26-ին՝ երեսպատման վերսկսումից ավելի քան 1 ամիս անց, Արցախի զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը ներկայացրեց իր դիրքորոշումը՝ մասնավորապես նշելով. «Մինչ այժմ Գանձասարի վանական համալիրում իրականացվող ցանկացած աշխատանքները պետք է ընկալել որպես ժամանակավոր բնույթ կրող, որը չի կարող որևե ազդեցություն ունենալ համալիրի գիտավերականգնման նախագծային լուծումների և ապագայում իրականացվելիք գիտավերականգնողական աշխատանքների վերջնական արդյունքների վրա: Գանձասարի վանական համալիրի գիտավերականգնողական աշխատանքները կսկսվեն անմիջապես դրանց ֆինանսավորման աղբյուրների հստակեցումից հետո»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter