HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ջերմուկ միջին խավից ցածր խավն է գալիս, էն բարձր խավի մարդիկ էլ ստեղ չեն գալիս»

Արդեն 5 տարի է` Ջերմուկի հանքային ջրերի ցուցասրահի` «գալերեայի» տարածքում Սեդա տատը խոտաբույսերի վաճառքով է զբաղվում: Սկզբում միրգ է վաճառել, բայց այդ «բիզնեսն» իրեն չի արդարացրել. տեղացիները պարտքով են առեւտուր արել, ինքն էլ չի կարողացել գումարները հավաքել ու անցել է խոտաբույսերի վաճառքին:

«Էն գլխից էլ ծաղիկ սիրել եմ, երեւի դրա համար էլ անցել եմ այս գործին»,- ասաց Սեդա տատը` մատնացույց անելով չորացած խոտաբույսերի կողքին տեղ գտած թարմ ծաղիկները: Նրա տաղավարում մոտ 30 տեսակի խոտաբույս կար` ուրց, առյուծագի, մեղրածաղիկ եւ այլն:

Սեդա տատի ասելով` այս բույսերն ընտանիքով են հավաքում, հետո չորացնում, փաթեթավորում, որ վստահ լինեն, թե մարդկանց ինչ են վաճառում:

Նա դժգոհ էր առեւտրից: Ասում էր, որ գնալով առեւտրի տեմպերն ընկնում են: Նրա համար ամենալավ օրը 3000 դրամի առեւտուրն է:

«Որ տեսնում ենք՝ արտասահմանցիներն այն կողմից գալիս են, ուրախանում ենք, բայց գալիս են, առեւտուր չեն անում: Ասում են` աերոպորտում թույլ չեն տալիս անցկացնենք, հանում շպրտում են այս խոտաբույսերը: Ես փաթեթների վրա մեկ առ մեկ գրել եմ, թե ինչ բույս ա եւ ինչի համար ա օգտակար, բայց ասում են՝ հանում շպրտում են, թե իբր նարկոտիկ ա, կամ եսիմ ինչ ա: Մի ժամանակ ավելուկը լավ առնում էին, հիմա չեն տանում: Հիմա մենակ տեղացիներն են ստից-մտից առեւտուր անում»,- դժգոհում էր Սեդա տատը:

Ժամը 13-ն էր: Սեդա տատի դեմքին ժպիտ չկար: Ասում էր, դեռ «սֆտա» չի արել ու «դիլխոր» նստած է:

«Ստեղի ժողովուրդն էլ է քչացել: Ամեն տարվա նման շատ չեն: Հիմա Ջերմուկ միջին խավից ցածր խավն է գալիս, ոնց որ էն բարձր խավի մարդիկ էլ ստեղ չեն գալիս, դրա համար էլ առեւտուր չի լինում: Նրանք էլ մի թեյ կամ ուրց են տանում, ու մենք էլ մնանք նայելով»,- ասաց Սեդա տատը:

Նրա հարեւան վաճառականներն էլ էին դժգոհում առեւտրի տեմպերից: Նրանց մի մասը խոտաբույսերի վաճառքով էր ընտանիքը պահում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter