HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Փորձաքննություն իրականացնողը կաշկանդված է եզրակացություն տալիս

«Շրջակա միջավայրի, մարդկանց համար էկոլոգիական, սոցիալական ռիսկեր պարունակող նախագծերին կանաչ լույս է վառում այն նախարարությունը, որը հենց պետք է պահպաներ շրջակա միջավայրը: Սակայն այդ նախարարության գործունեության արդյունքում մենք ունենք քայքայված շրջակա միջավայր, աղտոտված ջուր, հող, օդ և աղքատ բնակչություն,- «Էկոլուր» ՀԿ-ի «Ազգային փորձաքննության առանձնահատկությունները» նոր վավերագրական ֆիլմի շնորհանդեսի ժամանակ ասաց բնապահպան, «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը:

Նրա խոսքով ֆիլմի համար իրենք ուսումնասիրել են 30-40 նախագի՝ փորձելով հասկանալ՝ ինչ է կատարվում մեզ մոտ, ինչու են այդ ռիսկային նախագծերը անխոչընդոտ իրականանում:

Անկախացումից ի վեր Հայաստանում տրվել է դրական փորձագիտական եզրակացություն 400 հանքի և 150 փոքր հէկի համար: Նշենք, որ այդ փորձաքննության անցկացման համար վճարում է հանքարդյունաբերությամբ զբաղվել պատրաստվող ընկերությունը և վճարում է ոչ թե պետությանը, այլ մասնավոր կազմակերպությանը, որն էլ իր հերթին, ըստ իրավաբան, «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» անդամ Արթուր Գրիգորյանի, կաշկանդում է փորձաքննություն իրականացնողին եզրակացություն տալիս: Իսկ գործող օրենքը ընդհանրապես չի կարգավորում փորձաքննության գործընթացը:

Բնապահպանը նշեց, որ այժմ բնապահպանության նախարարությունը քաղաքացիական սեկտորի, այդ թվում և՝ իր մասնակցությամբ մշակում է օրենքի նոր նախագիծ, որի համաձայն՝ նոր հանք կամ հէկ շահագործողի և փորձաքննություն իրականացնողի միջև կապը կդադարի անմիջական լինելուց. այն կմիջնորդավորվի պետության միջոցով:

Նոր օրենքի ընդունման դեպքում բնապահպանության նախարարություն հայտ ներկայացնելուց հետո նախագծի հեղինակին պետք է տեխնիկական առաջադրանք տրվի՝ գնահատել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, որից հետո միայն նախագիծը ներկայացնել փորձաքննության: Այդպիսով բնապահպանության նախարարության վրա պատասխանատվություն է ընկնում տվյալ նախագծի ամբողջականության վերաբերյալ: Արթուր Գրիգորյանի գնահատմամբ՝ մյուս կարևոր կետն օրենքի իրենց առաջարկած մոդելում կլինի այն, որ կներմուծվեն էկոլոգիական վնասի տնտեսական գնահատման և հատուցման ինստիտուտներ:

Իրավաբանի դիտարկմամբ տնտեսական վնասը պետք է գնահատվի ոչ թե կամայական գնահատումով, ինչպես, օրինակ, բնափայտի արժեքով, այլ կառավարության կողմից մշակված մեթոդաբանությամբ, որն իր հերթին պետք է լինի գիտականորեն հիմնավորված և էկոհամակարգային մոտեցմամբ: Խոսելով հատուցման ինստիտուտի մասին՝ Արթուր Գրիգորյանը նշեց, որ այսօր, օրինակ, Թեղուտում կամ այլ վայրերում, որտեղ ոչնչացվում է ամբողջ շրջակա միջավայրը, թեև փորձում են ինչ-որ գնահատական տալ՝ թե դրամական էկվիվալենտով որքան արժե դա, բայց որևէ մեկը պարտավորություն չի կրում հատուցել պատճառված վնասի համար:

Բնապահպանը նշեց նաև, որ օրենքն ընդամենը մի բաղադրիչ մաս է, բայց բավական չէ խնդրի լուծման համար, դրանով շատ քիչ հարցեր կլուծվեն, քանի դեռ չկա պետական քաղաքականություն, և քանի որ մեր պետական կառավարման համակարգը կոռուպցիայի մեջ է թաթախված, և հենց իրենք էլ ներգրավված են հանքարդյունաբերական այդ բիզնեսի մեջ օֆշորների միջոցով, նրանք շահագրգրռված չեն, որպեսզի այդ քաղաքականությունը փոխվի:

Խոսելով նոր օրենքի մշակման աշխատանքային խմբում իր ներգրավվածության մասին՝ Արթուր Գրիգորյանը նշեց, որ իրենք շահագրգռված են լավ օրենք ունենալու հարցում, քանի որ այն իրենց՝ քաղաքացիական հասրակության ներկայացուցիչների ձեռքում գործիք է՝ օրենքից մեջբերումներ կատարելով արգելելու համապատասխան գործողությունների իրականացմանը, ինչպես, օրինակ, Մաշտոցի պուրակի դեպքում, քաղաքացիական անհնազանդության ակցիաները հիմնավորելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter