Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

«Ես երբևիցե հավակնություն չունեմ ներկայանալու որպես հրեշտակ, որը ցանկացել է մարդու շատ փող տալ»



Հարցազրույց  «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի  գործադիր վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանի հետ

-Դուք ալավերդցի եք և ունեք մասնագիտական փորձ, ինչպե՞ս եք գնահատում Լոռու մարզում և մասնավորապես Թումանյանի տարածաշրջանում  հանքարդյունաբերական ձեռնարկությունների  մեծ կուտակումները:

-Ես կպատասխանեմ որպես լոռեցի մարդ: Ես գիտեմ, որ հանքարդյունաբերության ոլորտում բավականին բարձր է աշխատողի վաստակը:

-Դուք բա՞րձր եք համարում 100 -130 հազար դրամ աշխատավարձը:

-Մեր մոտ՝ «Բեյզ Մեթըլզում», միջին աշխատավարձը 213 հազար դրամ է: Դա այսօր ավելի քան 500 դոլար է: Բնականաբար հանքում աշխատավարձը հասնում է 2-3 հազար դոլարի:

-Դուք միջին աշխատավարձը հաշվարկում եք ընկերության վարչական աշխատողների և Ձեր  բարձր աշխատավարձի հետ միասին:

-Միջին աշխատավարձը նշանակում է աշխատավարձի ամսական ֆոնդը բաժանած  աշխատակիցների թվաքանակի վրա: Անկախ նրանից՝ ես ինչքան աշխատավարձ եմ ստանում, մեր հանքի հորատողը ստանում է 3 հազար դոլար աշխատավարձ` լավագույն ամիսներին: Բնականաբար ես 3 հազար չեմ ստանում, ստանում եմ մի քիչ ավելի: Ենթադրում եմ, որ դուք էլ հասկանում եք՝  արտադրական գիգանտի ղեկավարը չպետք է մտածի աշխատավարձի մասին:

-Դուք իրավունք ունեք շատ ավելի բարձր աշխատավարձ ստանալու, բայց չե՞ք կարծում, որ բարձր աշխատավարձ ստանալու իրավունք ունի նաև արտադրական ծանր միջավայրում աշխատող մարդը, ով  այդտեղ կորցնում է իր առողջությունը:

-Դուք ճիշտ հարցադրում եք անում, դրա համար «Բեյզ Մեթըլզ»-ում աշխատող հորատողը Հայաստանում ամենաբարձր աշխատավարձն է ստանում:

-Քանի՞ աշխատողներ ունի «Բեյզ Մեթըլզ»-ը:

-Ընկերությունն ունի 1400 աշխատողներ, որի 85-90 տոկոսը Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունն է, բուն Ալավերդուց մեզ մոտ աշխատում են մոտ 180 աշխատակիցներ և միայն աշխատավարձի տեսքով Դրմբոնից Ալավերդի տարեկան ուղարկվում է մոտ 1 մլն դոլար աշխատավարձ` ընկերության աշխատակիցների միջոցով:

-Ի՞նչ միջոցներ է «Բեյզ Մեթըլզ»-ը ձեռնարկում իր աշխատղների  աշխատանքային անվտանգության  համար:

-Ես Ձեզ ասացի, որ մեր ընկերութայն հորատողների` լեռնային աշխատողների աշխատավարձը ամենաբարձրն է, որովհետև դա աշխարհում ամենավտանգավոր մասնագիտություններից մեկն է: Ես երբևիցե հավակնություն չունեմ ներկայանալու որպես հրեշտակ, որը ցանկացել է մարդու շատ փող տալ: Դա պետք է արդարացված  լինի, և ստորգետնյա հանքի աշխատողների աշխատանքը  իսկապես աշխարհի 5 ծայրահեղագույն մասնագիտություններից մեկն է: Եվ դրա համար մենք փորձում ենք բարոյական լինել այնքան, երբ մարդը վտանգի տակ է դնում իր կյանքը և առողջությունը` արժանավայել աշխատավարձ ստանա:  Ինչ վերաբերում է  մեր ընկերության աշխատանքային պայմաններին, առաջին օբյեկտները, որ ես կառուցում եմ, ճաշարանն է, բուժկետը, լվացքատունը, բաղնիքները: Մեր բանվորների հանրակացարանները բավականին հարմարավետ են, ապահովված են հեռուստացույցով և սառնարանով: Հանքավայրերի բոլոր շրջակա գյուղերի բնակիչները մեր միջոցներով ապահովված են ավտոբուսային տրանսպորտով:

-Որքա՞ն հարկ  է վճարում «Բեյզ Մեթըլզը» Լեռնային Ղարաբաղի պետտբյուջե:

-Մենք 10 և ավելի տարիների ընթացքում եղել ենք Ղարաբաղի պետբյուջեի առաջին հարկատուն: Միայն 2011 թ.-ին վճարել են 4,8 միլիարդ դրամ, իսկ 2012-ին՝ 3,25 միլիարդ դրամ, որը կազմում է Ղարաբաղի պետբյուջեի հարկերի և սոցվճարների 13 տոկոսը: Մենք նույնիսկ 5,5 միլիարդ դրամ հարկերի վճարման դեպքեր ենք ունեցել, երբ Դրմբոնի պաշարները մետաղի պարունակությամբ հարուստ էին և արտադրողականությամբ կարողանում էինք ապահովել: Մեր արտահանվող արտադրանքը կազմում է Ղարաբաղի  արտահանումների 55 տոկոսը: Երկու թիվ էլ Ձեզ ասեմ, բոլոր 11 տարիներին Ղարաբաղում մեր ընկերությունը իրականացրել է 95 մլն դոլարի ներդրում: Մեր գործունեության տարիներին Ղարաբաղում մոտ 5 մլն դոլարի բարեգործություններ ենք կատարել:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Գևորգ17:50 - 3 հուլիսի, 2013
Տարեկան 4.8 ,նույնիսկ 5.5 միլիարդ դրամ Արցախի պետբյուջեին կատարած վճարումը չնչին գումար է և չի կարող փոխհատուցել կուսական բնությանը հասցրած վնասը:95 մլն դոլար ներդրումից ստացած օգուտի և շահույթի մասին չգիտես ինչու "լոռեցի մարդը" համեստորեն լռում է:Հանքարդյունաբերող հրեշը Հայաստանի բնաշխարհը հիմնովին ավերելուց հետո , աչք է դրել Արցախին:Չգիտես ինչու,նրանք մտածում են, որ մեծ զոհաբերությունների գնով Արցախն ազատագրել են հատկապես իրենց համար:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ