HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ջերմուկի քաղաքապետը` Ամուլսարի հանքի վերաբերյալ. «Ապացուցում են, որ դա Ջերմուկին չի խանգարում»

Ջերմուկը զբոսաշրջային քաղաք է, իսկ զբոսաշրջիկի համար թիվ մեկ խնդիրը մաքուր օդն ու ջուրն է: Բնապահպանների կարծիքով` Ջերմուկը լուրջ բնապահպանական խնդրի առաջ կկանգնի, եթե շահագործվի քաղաքից քիչ հեռու գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը, հետեւաբար չի զարգանա նաեւ զբոսաշրջությունը: Հանքի շահագործմանը կողմ չեն եղել նաեւ Ջերմուկի քաղաքապետն ու համայնքի ավագանին: Ի՞նչ է փոխվել, եւ ի՞նչ իրավիճակ է այսօր:

Ամուլսարի ոսկու հանքավայրի թեմայով «Հետքի» հարցերին պատասխանում է Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:

-Մենք դեմ չենք արտահայտվել: Հիմա ասեմ, թե ոնց ենք արտահայտվել: Այո, դա բոլորիս է մտահոգում: Ընդհանրապես, Հայաստանն այնքան փոքր է, որ ցանկացած հայի պետք է մտատանջի: Մենք պայմանավորվել ենք, որ Ջերմուկը լինի ազդակիր համայնք: Մեզ մտատանջում էր փոշին: Սկզբում մեր էկոլոգները ասում էին, որ այնտեղ կա ուրան, կա ռադիացիա, հետո իմացանք, որ այն սարքերը, որ այնտեղ տեղադրվել են, ընդհանրապես չեն խախտում ռադիացիոն ֆոնը: Այստեղ միայն փոշու խնդիրն է, որ 12 կմ ուղիղ հեռավորության վրա կարող է հասնել Ջերմուկ:

Ես գիտեմ, որ իրենք բոլոր փորձաքննություններն անցել են: Մեկ փորձաքննություն է մնացել, որ պետք է անցնեն: Մենք հետեւում ենք դրանց, եւ մի օրինակները նաեւ մեզ են ուղարկում, կամ գալիս են մեզ մոտ, քննարկումներ ենք կազմակերպում: Մենք հասկացանք, որ փոշին չի խանգարելու Ջերմուկին, եւ մենք ունենք պայման. եթե փոշին խանգարի Ջերմուկին, ուրեմն հանքը չի շահագործվի:

Ճիշտ է, ես չեմ գնացել, բայց մեր համայնքի ղեկավարները փորձի փոխանակման նպատակով գնացել են Ամերիկա: Այն համայնքներում, որտեղ 2-3 կմ հեռավորության վրա ոսկու հանքը է գործել, հանդիպումներ են ունեցել տեղացիների հետ, առավոտյան դուրս են եկել, պտտվել են համայնքում, որպեսզի փոշու առկայությունը զգան: Իրենք փոշի չեն նկատել, որովհետեւ նոր տեխնոլոգիա է օգտագործվել: 

Մի ուրիշ բան, որ այդ տեխնոլոգիան թանկ հաճույք է, ու հանքը չօգտագործի եւ տրադիցիոն սարքավորումներով շահագործի, ինչպես սովետական տարիներին էին անում: Այստեղ էլ մենք ունենք բնապահպանական հանձնաժողով, մարդիկ, որ կարող են կասեցնել գործունեությունը: Ցանկացած միջամտություն բնապահպանական խնդիր է առաջացնում: Օրինակ՝ բերենք հէկերից խոսենք: Բոլոր ցիվիլ երկրներում հէկեր կառուցվում են, չկա երկիր, որ հէկ չկառուցվի, բայց կա խնդիր` լավ կառուցել եւ շահագործել, որպեսզի բնությանը շատ վնաս չտան կամ` անխնա վերացնել եւ բնությունը եւ շահագործումով վնաս տալ:

Մենք Շվեյցարիա գնացել, հէկեր ենք տեսել, որ մտածել ենք, թե դրանք չնաշխարհիկ պատմամշակութային թանգարաններ են գեղեցիկ բնության մեջ: Մենք ոչ մի տեղ չնկատեցինք, որ խողովակ է անցնում, կամ ձայն լսեինք եւ այլն: Եթե բոլորը նորմայով է լինում, այստեղ բնապահպանական խնդիր չի առաջանում:

Մենք ճոպանուղի կառուցեցինք, պետք էր այս քաղաքին: Մի ծառ էլ կարող էր կտրվել, բայց կարող ենք 100 ծառ տեղը տնկել: Եթե պետք է արգելվի, այստեղ ճոպանուղի, շենք շինություն չկառուցվի, հէկեր չկառուցվեն, այսինքն՝ ի՞նչ պետք է անենք:

-Ձեր կարծիքով՝ այսօր Հայաստանում կառուցվող եւ շահագործվող հէկերը, հանքերը համապատասխանու՞մ են Ձեր նշած չափանիշներին:

-Ես կարծում եմ, որ կան հէկեր, որ ընդհանրապես չեն համապատասխանում, երեւի նաեւ կմտածեն դրա մասին, բայց կան հէկեր, որ, այո, շատ նորմալ աշխատում են: Ես չգիտեմ, թե հէկերը որտեղ ոնց են կառուցվում, բայց ինձ բերել, մի քանի հէկ ցույց են տվել, եւ ես հասկացել եմ, որ նորմալ կառուցված է, եւ չես էլ զգում, որ դա հէկ է: Մեր մոտ մտածում են, որ հէկի շենքը կարող է ճարտարապետական տեսք էլ չունենա, եւ ինչ-որ փոքր բան կառուցեն ու արտադրանք ստանան:

-Ճի՞շտ եմ հասկանում, որ Ձեր վերաբերմունքը փոխել եք Ամուլսարի ոսկու հանքի շահագործման առնչությամբ:

-Ես իմ վերաբերմունքը չեմ փոխել: Այն ժամանակ էլ եմ ասել, որ եթե դա Ջերմուկին չի խանգարելու, ես անձամբ պատրաստ եմ իմ ժողովրդի հետ գնալ այնտեղ աշխատելու: Իսկ իրենք այսօր ապացուցում են, որ դա Ջերմուկին չի խանգարում, իսկ եթե չի խանգարելու, ես հասկացա, որ նաեւ կարող է օգուտ տալ մեր համայնքին:

-Ի՞նչ օգուտ:

-Նախ, բարձր աշխատավարձով աշխատատեղեր այնտեղ կբացվեն, բացի այդ, ինչպես հասկացա, մոտ 500 մարդ շուրջ տարի պետք է աշխատեն հանքում եւ բնակվեն Ջերմուկում կամ հարակից տարածքներում: Իսկ այդ 500 մարդը, եթե 10-15 տարի շարունակ ապրեն Ջերմուկում եւ աշխատեն հանքում, մեծ օգուտ է լինելու քաղաքին: Այդ 500 մարդը կարող են իրենց հետ զբոսաշրջիկներ բերել: Ամեն երկրորդ մարդը, որ գալիս է Ջերմուկ, իր հետեւից մարդ է բերում, կամ գնում իր բարեկամին է ուղարկում:

Մենք պայմանավորվել ենք, բայց եթե հանկարծ մեր ջրին, մեր օդին վնաս լինի` փոշին խանգարի, ջրի բաղադրությունը փոխվի, ուրեմն այդ հանքի չի շահագործվի: Մենք ամբողջ համայնքով անձամբ հանրապետության նախագահին ենք դիմել: Սա միայն իմ մտավախությունը չի, սա իմ որոշելու խնդիրը չի, ես միանձնյա չեմ կարող որոշել, թե բերեք այսպես անենք:

Մի քանի օր առաջ «Գեոթիմ» ընկերությունից եկան, հանդիպումներ ունեցանք, եւ իրենք իրենց բացատրություններով, ստացված թույլատրություններով մեզ ապացուցում են… դեռ չեն սկսել, մինչեւ այս պահը մենք որեւէ բան չենք նկատել, որ դա ազդել է Ջերմուկի տուրիզմի, օդի կամ ջրի բաղադրության վրա:

Այնտեղ հորատում են, չգիտեմ, լայնածավալ աշխատանքներ են գնում: Սրանից հետո, որ սկսեն ոսկու բուն կորզման աշխատանքները, մենք փուլ առ փուլ կհետեւենք: Նորից եմ ասում՝ եթե կազդի, մենք ամբողջ Ջերմուկով, անձամբ ես, կբարձրանանք դրա դեմն առնելու:

-Հանք շահագործելը թանկ հաճույք էլուրջ գումարներ են ծախսվում: Ձեր կարծիքով՝ եթե ընթացքում խախտումներ հայտնաբերվեն, հնարավորություն կունենա՞ք կանխել շահագործումը:

-Այո:

-Այդքան հե՞շտ է:

-Դե, եթե ազգովի մտածենք, որ Ջերմուկը այդպես հեշտ թույլ չտանք, որ կորցնի իր նշանակությունը, կարծում եմ այդ դեպքում հեշտ կլինի: Ես խնդիր չեմ տեսնում: Հիմա այնքան հեշտ է, եկեք ճիշտ հասկանանք, այնպիսի միջազգային կազմակերպություններ կան, մանավանդ այս հանքի երաշխավորը Եվրոբանկը պետք է լինի: Հանդիպել ենք Եվրոբանկերի ներկայացուցիչների հետ, նրանք ուսումնասիրություններ են կատարել, նրանցից ավելի լավ ուսումնասիրություններ են անում, արդյոք այդ գումարը տրվի այդ ընկերությանը, թե ինչ-որ խնդիրներ կլինեն, թե որոշ ժամանակ անց կփակվի եւ այլն, նոր գումարները տրամադրեն:

Այստեղ միայն Ջերմուկի խնդիրը չի: Այստեղ ավելի մոտ համայնքներ էլ կան, ճիշտ է, փոքր համայնքներ են: Ես մի քանի անգամ ասել եմ՝ եթե հարց լինի, եթե դա Հայաստանին, մեր երկրին օգուտ է, շատ կարեւոր է, փոքր համայնքները շատ խաղաղ ձեւով կարելի է տեղափոխել այլ վայր` ավելի լավ պայմաններով: Օրինակ` Սարավան համայնքում փոքր տնտեսություն է գործում եւ կարելի է տեղափոխել մի քանի կիլոմետր հեռու` ավելի լավ պայմաններով, ավելի լավ արոտավայրերով եւ այլն:

Մնում է Ջերմուկ քաղաքի հարցը, մենք էլ դիմել ենք բոլոր ատյաններին եւ հետեւում ենք նրանց բոլոր քայլերին: Նրանք էլ ամեն մի քայլից հետո, թույլտվություններից հետո մեզ հետ քննարկումներ են ունենում, որ այս փուլն էլ անցանք եւ այլն:

-Բնապահպաններն ասում են, որ Ամուլսարում կան Կարմիր գրքում գրանցված կենդանիներ եւ բույսեր: Այդ հարցը դժվար լուծվի տեղափոխությունով:

-Ես մասնագետ չեմ: Դա արդեն իրենց խնդիրն է, թե հաշվետվություններն ինչպես կներկայացնեն բնապահպաններին: Ես գիտեմ, որ մարդիկ են բերել, ամիսներով մեծ հեռադիտակներով թռչունների չուն են ուսումնասիրել, թե ոնց են գնում, ուր են գնում: Դա մասնագիտական խնդիր է, եւ չեմ կարող կոնկրետ բան ասել:

-Հանք շահագործելու համար անհրաժեշտ է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հավանությունը, ընդհուպ նախագահի մակարդակով: Ամուլսարի հանքը շահագործելու համար արդյո՞ք հանրապետության նախագահը որեւէ ազդեցություն ունեցել է Ձեզ վրա, որպեսզի Դուք զիջումների գնաք, եւ հանքը շահագործվի:

-Ոչ: Ջերմուկցիներով, որ դիմեցինք հանրապետության նախագահին ամբողջ խնդիրը ներկայացրեցինք, եւ նա հասկացավ, թե ինչն է մեր քաղաքի անհանգստությունը: Քաղաքացիները բոլորն էլ ասացին, որ մենք ցանկանում ենք, մենք չարակամ չենք, պարզապես մեր մտավախությունն այն է, որ վստահ լինենք: Սա այն մարդկանց ձեռքերում է, որ չգան ասեն՝ խնդիր չկա, բայց հետո խնդիր առաջանա, իսկ սա կարող է անել հանրապետության նախագահը: Մենք նրան խնդրեցինք, որ հատկապես Ջերմուկը վերցնի իր հսկողության տակ: Մեկ է, առանց մեր ասելու էլ հանրապետության նախագահը կվերցներ իր հսկողության տակ, որովհետեւ Ջերմուկն իր ամենասիրած քաղաքներից է եւ կա տրամադրություն, որ Ջերմուկը պետք է կառուցապատվի եւ դառնա եվրոպական չափանիշների քաղաք, որը հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում է:

Նախագահն էլ ասել է, որ իր հսկողության տակ կվերցնի բոլոր համապատասխան ատյաններում բնապահպանական փորձաքննությունները, մենք էլ վստահեցինք հանրապետության նախագահին: Այո, եթե դա Ջերմուկին վնաս չէ, ուրեմն մենք համոզված ենք, որ վնաս չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter