HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղացիները դժկամորեն բացեցին «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը

Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 5-ին, Շնող և Թեղուտ գյուղերի երիտասարդները «Թեղուտ» ՓԲԸ-ի մուտքի մոտ փակել էին հարևան գյուղերից և Ալավերդուց ընկերության աշխատողներին աշխատանքի բերող ավտոբուսների և տրանսպորտային այլ միջոցների ճանապարհը: Արդյունքում ընկերության աշխատանքային առօրյան խաթարվեց մինչև կեսօր:

Գյուղացիներին զայրացրել էին «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից գյուղի տարածքում տեղադրված դարպասները, որոնց պատճառով չեն կարողանում գնալ Լոռուտի Խաչ սրբավայր, բարձրանալ սար եւ մտնել անտառ՝ սունկ եւ հատապտուղներ հավաքելու:

Գյուղացիները բողոքում են, որ դարպասները փակում են նաև սարերում գտնվող իրենց արոտավայրերի ճանապարհը: Նրանք համարում են, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն այս կերպ ոտնահարել է իրենց՝ բնությունից անկաշկանդ օգտվելու իրավունքը:

Շնողի նորընտիր գյուղապետ Հովիկ Սահակյանն ասաց, որ իր պաշտոնավարման օրվանից առայսօր Շնողի համար կենսական բազմաթիվ խնդիրներ է ներկայացրել «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարությանը, սակայն դրանք այդպես էլ մնացել են անլուծելի: Նա գտնում է, որ ճանապարհի հարցով պետք է գնալ դահլիճային քննարկումների: Իսկ Թեղուտի գյուղապետ Ֆրունզե Նորեկյանն էլ ասում է, որ համայնքի ավագանու նիստում «Թեղուտ» ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանի ներկայությամբ քննարկվել է ճանապարհը փակելու խնդիրը: Ռուբեն Պապոյանը խոստացել է, որ սրբավայր և սար գնալիս գյուղացիներն արգելքներ չեն ունենա, սակայն գյուղացիները պնդում են, որ ընկերության անվտանգության աշխատակիցները խոչընդոտում են իրենց անարգել տեղաշարժին:

Խոտհնձի արդեն եռուն օրերին սարերի խոտը գյուղացիները ստիպված տեղափոխում են «Թեղուտ» ՓԲԸ-ի անվտանգության աշխատողների թույլտվությամբ: Թեղուտցի Արմենը աններելի է համարում, որ ընկերությունն իրենց հայրենի գյուղի անտառների ու սարերի ճանապարհը փակում է իրենց առաջ:

Կեսօրին Թեղուտ ժամանեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը:  Գյուղացիները տեղեկացրին իրեն պահանջների մասին: Արթուր Նալբանդյանը և ոստիկանապետ Համբարյանը գյուղացիների պահանջները քննարկեցին այդ պահին «Թեղուտ» ՓԲԸ-ում գտնվող Վալերի Մեջլումյանի հետ:

Վերջինիս անձամբ չհանդիպեց  վրդովված գյուղացիներին: Քննարկումից հետո Արթուր Նալբանդյանը գյուղացիներին հայտնեց, որ դեպի սարեր և սրբավայր գնացող ճանապարհները փակող դարպասները չեն քանդվի, սակայն որև արգելք չի ստեղծվի այնտեղ գնացող գյուղացիների համար:

«Ինձ համոզում են ընկերությունում, որ որևէ արգելք չի եղել սար և Խաչ գնացող գյուղացիների համար: Տարբերակ չկա, որ որևէ մեկն ուզենա մոմ վառել և որևէ մեկը իրեն արգելի»,- ասաց մարզպետը:

«Դարպասի իմաստ ո՞րն է»,- մարզպետին հարցրին գյուղացիները:

«Թեղուտ» ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի ներկայությամբ  ընկերության պահակային ծառայության պետ Խաչատրյանին հանձնարեց: «Մեր հարգարժան մարզպետի և մեր ոստիկանության հարգարժան պետի ներկայությամբ ասում եմ՝ Խաչատրյան ջան, գիշերը ժամը 3-ին անգամ, եթե գնում են մոմ վառելու, միայն մոմ վառելու, թղում եք՝ գնան: Եթե գնում է սարը, թողում եք՝ գնան: Եթե գնում է իրեն այգին, թողում եք՝ գնան: Բայց մենք ունենք հազար ու մի սարքավորումներ, ունենք ծանր մեքենաներ, վայրեր, որտեղ արգելվում է լինել: Երբ մարդը ասում է՝ Խաչն եմ գնում, մենք հետևում ենք՝ էդ մարդը պարյադչնի՞ մարդ էր, իրոք խաչն էր գնում, թե՞ ուրիշ նպատակ ուներ»,- ասաց Ռ.Պապոյանը:

«Մեր ուզածը նա է, որ մենք որ ժամին էլ գանք, կարողանանք մեր սարը և անտառը գնալ»,- ասաց թեղուտցի Կարենը:

«Կարեն ջան, Ձեր տեղաշարժը ոչ ոք չի խոչընդոտում, բայց կան անվտանգության կանոններ: Դուք կարող եք ազատ գնալ ձեր տարածքները, ոչ մի խնդիր գոյություն չունի»,- վստահեցրեց մարզի ոստիկանապետը:  

«Վալերի Մեջլումյանը և ընկերության տնօրինությունը գյուղերում կուտակված խնդիրները լուծելու համար պատրաստ են շաբաթը մեկ անգամ գյուղապետերի և ավագանու հետ քննարկել այդ խնդիրները: Եթե հարցեր կա, մի թողեք կուտակվի, և համբերության բաժակը լցվի»,- ասաց Արթուր Նալբանդյանը:  

Ժամը 13:30-ին Շնողի և Թեղուտի գյուղացիները դժկամորեն բացեցին «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը:

Մեկնաբանություններ (5)

Mtacox
Inche nshanakum menq hetevunq enq te ardyoq xhachn en gnum et mardik te voch.....???Mardik srbavayr en gnum amot uneceq,incher eq dzez tuyl talis..
Թեղուտցի ուսուցչուհի
առաջին. էդ դարպասները գյուղում չեն, դրանք ընկերության մուտքի վրա են երկրորդ. ոչ մեկը ոչ մի պրոբլեմ չունի խաչը գնալու երրորդ. վայ նրան ու հազար անեծք, ում համար խաչը գնալը ընդամենը պատրվակ ա, ու իրականում ընկերության տարածք ա մտնում սալյարկա գողանալու կամ ծառ կտրելու համար
Կորյուն
Ձեր սեփական ձեռքերով ՁԵՐ Թեղուտը տվեցիք, նվիրեցիք, հիմա եկել եք ճանապարհ եք փակում, որ ինչ անեք??? Միամիտ ժողովուրդ եք, միամիտ: Թասիբներդ նոր բացվեց??? Նոր հասկացաք, որ էլ ոչ մի բան ձերը չի??? Զգացիք, որ թակարդն եք ընկել??? Դե հիմա խելոք աշխատեք գլուխներդ կախ, հարստացրեք մի երկու հոգու ձեր քրտինքով: Գոնե հիմա գիտեք, վերջը ինչ է լինելու??? Մի քանի տարի հանքը կշահագործեն, ձեր ձորերը կքանդեն ու կավերեն, հարստությունը կտանեն երկրից դուրս, վերջում էլ ձեզ ու մեզ կնվիրեն թունավորված, այլանդակված մի հողակտոր ու մի թունավորված, կեղտոտված երկիր, ու մի հատ էլ հավեսով կթքեն ու կհեռանան: Ինչ ասեմ, մնում է երևի ասել ձեզ ու մեզ.
Gayane
Հայ գյուղացիներին արդեն ռեզերվացիաներում են փակում: Մի քիչ թունավորված ջուր, թունավորված միրգ ու բանջարեղեն եւ չկա այլուս միամիտ լոռեցի գյուղացին, ռեզերվացիաներն էլ կազատվեն հանքարդյունաբերության համար:
btvc
Ոնց եմ կարոտում առաջվա Թեղուտը............

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter