HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոսկու հանքի շահագործումն ավելի շատ անհանգստացնում է արտասահմանցի զբոսաշրջիկներին եւ առողջարանների տերերին

Ջերմուկում հանգստացող զբոսաշրջիկներից փորձեցինք տեղեկանալ, թե ինչ վերաբերմունք ունեն հանգստավայրից քիչ հեռվում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ:

Հարցված 20 հայաստանցիներից 18-ն ընդհանրապես տեղյակ չէր, որ Ամուլսարում ոսկու հանք է շահագործվելու, սակայն տեղեկանալուց հետո էլ կարծիքը չփոխեցին: 20-ից 15-ը ասացին, որ կշարունակեն գալ Ջերմուկ, քանի որ 7-10 օրով են այնտեղ լինում եւ այդ կարճ ժամանակահատվածում դժվար թե իրենց վրա վատ ազդեցություն թողնի հանքի շահագործումը: Միայն 5-ը նշեցին, որ հանքի շահագործումից հետո կմտածեն` արդյոք Ջերմուկն ա՞յն քաղաքն է, որտեղ ցանկանում են մաքուր օդ վայելել, թե՞ այլ տարբերակ կգնեն: Այս 5-ին հուզում էին նաեւ բնապահպանական խնդիրները:

Նույն հարցով դիմեցինք նաեւ 13 արտասահմանցի զբոսաշրջիկների, որոնք հիմնականում ԱՊՀ երկրներից էին: Նրանցից 9-ը նշեցին, որ հանքի շահագործումից հետո այլեւս Ջերմուկ չեն գա, իսկ 4-ը` չէին կողմնորոշվում:

Ամուլսարում ընթացող ցանկացած միջամտություն տեսանելի է ջերմուկցիներին: Հանքային ջրերի ցուցասրահի` «գալերիայի» տարածքից պարզ երեւում է Ամուլսարը, այնտեղ բացված ճանապարհները եւ այլն:

Հանքի շահագործմանը դեմ են նաեւ Ջերմուկում գործող գրեթե բոլոր առողջարանային կենտրոնների տնօրենները: Նրանց անհանգստացնում է, ինչպես զբոսաշրջիկների հոսքի անկումը, այնպես էլ բնապահպանական մի շարք խնդիրներ:

«Օլիմպիա» առողջարանի գործադիր տնօրենՏիգրան Մարգարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը չի կարող անհետեւանք մնալ Ջերմուկ քաղաքի եւ զբոսաշրջության զարգացման վրա: Ըստ նրա` հանքի շահագործումը հետք կթողնի թե՛ բնապահպանության, թե՛ Ջերմուկում հանգստացողների հաճախելիության, թե՛ մարդկանց ինքնազգացողության, ձեւավորվող կարծիքի վրա:

«Առաջին վատ կողմը կլինի քաղաքի փոշոտումը: Նրանք ինչքան էլ պնդում են, որ փոշին մեծ հեռավորության վրա չի գնում, չի խանգարելու, բայց իրենց աշխատանքներից արդեն զգում ենք, որ քաղաքը համեմատաբար փոշոտվել է»,-ասում է Տիգրան Մարգարյանը:

Նրա ասելով` այժմ գեոլոգիահետազոտական աշխատանքներ են կատարվում եւ իր տեղեկություններով, այս տարի սկսելու են լայնածավալ աշխատանքներ իրականացնել:

Տիգրան Մարգարյանը հանքի շահագործումով մեկ այլ մեծ վտանգ է տեսնում: Նա մտավախություն ունի, որ հանքավայրում իրականացվող պայթեցումները կարող են ազդեցություն թողնել թե՛ Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրների, թե՛ դրանց բաղադրության վրա:

«Ոսկու հանքի շահագործումը վտանգ է ստեղծել, որ կբարձրանա տարածքի ուրանի ռադիացիոն ֆոնը: Ցավոք, հիմա չեն կատարվում ուսումնասիրություններ, որ պարզ լինի, թե հիմա ռադիացիայի ֆոնն ինչպիսին է, ուստի՝ հետագայում չենք կարող ապացուցել, որ նրանց գործողությունների հետեւանքով այդ ֆոնը բարձրացել է, կամ մնացել է նույնը: Դա, երեւի նրանց ձեռք չի տալիս, իսկ իմ ունեցած տեղեկություններով` համապատասխան մարմինները դրանով չեն զբաղվում»,- ասաց առողջարանի գործադիր տնօրենը:

Տիգրան Մարգարյանը նշեց նաեւ մի քանի դրական կողմեր: Նրա խոսքերով` ոսկու հանքի շահագործումով տարածքը կաշխուժանա, կլինեն ներդրումներ, բնակչությունը մարզից չի փախչի, կստեղծվեն բարձր աշխատավարձով աշխատատեղեր, որը թեեւ զբոսաշրջության հետ կապ չունի եւ դրան չի նպաստում: Այդ ներդրումները կապ չեն ունենա նաեւ բնապահպանության հետ: Այստեղ ամեն ինչ վատ է լինելու, քանի որ ցանկացած միջամտություն անհետեւանք չի կարող մնալ:

Հարցին, թե խոշոր ներդրումներից հետո, եթե պարզվի, որ հանքի շահագործումը վնասակար ազդեցություն ունի, արդյոք հնարավո՞ր է կանգնեցնել շահագործումը, Տիգրան Մարգարյանը պատասխանեց, որ այդ խնդիրը կարող է լուծել միայն կառավարությունը:

«Դա կածված է կառավարության վերաբերմունքից: Այսինքն`կարեւոր է իր բնությունը, իր ժողովուրդը, թե այն մուտքերն ու ներդրումները, որոնք լցնելու են պետական բյուջեն: Պետությունն էլ պետք է դրական եւ բացասական կողմերը դնի նժարին եւ ընտրություն կատարի: Հարուստ երկիր չենք, որ միանգամից դնենք ու մերժենք նման ծրագրերը եւ ուրիշ տարբերակով փորձենք բյուջեն լցնել»,- ավելացրեց Տիգրան Մարգարյանը:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Միայն ՏՀԱՍ երկիրը առողջարանի քթի տակ (բաց) հանք կբացի. այն էլ երբ եկամտի առյուծի բաժինը գնում է օտարին կամ օտար բանկ:.............................................Բավականին մարդիկ հստակ չեն հասկանում,թե ինչ է կատարվում մարզերում (հատկապես Սյունիքում): Ուրեմն՝ ( հիմնականում ) Քաջարանի հանքի շուրջ ձևավորվել է մի ՀՀԿ-ական/հանքային ԿԼԱՆ,որն, ԱՄԵՆ ԳՆՈՎ, այնպես է անում, որ Սյունիքում/մարզերում այլընտրանքային տնտեսություն ՉԶԱՐԳԱՆԱ,որպեսի իրենց հանքային կլանի դեմ քաղաքական-տնտեսական ուժ չստեղծվի: Տեղի է ունենում նաև ներկլանային պայքար-գզվռտոց` պաշտոնների և նոր հանքային բաժնետոմսերի համար:....................................................Եթե այսպես շարունակվի, Սյունիքը (և այլ հանքեր ունեցող մարզերը),որպես այդպիսին, մոտ 10 տարի հետո ԱՆԿԱՍԿԱԾ ուղղակի կործանվելու է.այսինքն` մարդիկ այլևս մաքուր բնական միջավայր ՉԵՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ այնտեղ ապրելու համար. 4 կողմը թունավոր պոչամբար, պոչեր ու բաց հանքային թափոններ են լինելու: Սյունիքի ամայացումը ՄԻԱՆՇԱՆԱԿ նշանակելու է Հայաստանի/Արցախի պետականության կործանում:..........................................................Ուստի ՊԻՏԻ օր առաջ այս հանքային կլանի քոքը կտրել: Իսկ սրան հասնելու համար ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ է գոնե 2 բան. 1) ընտրովի մարզպետ և «Մարզային Ժողով», ու 2) հանքարդյունաբերության ԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ կամ ժողովրդականացում (այսինքն` բաժնետոմսերը վերաբաժանել աշխատողներին/ժողովրդին):................................................ Հատկապես Սյունիքի (և այլ մարզերի) քաղաքացիական հասարակությունը ՊԻՏԻ ՀԻՄԱ ՊԱՅՔԱՐ ՍԿՍԻ վերոհիշյալի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter