HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Վառվել վարդով` սիրո բացարձակ խորհրդով. Վարդավառ, ազգային տոն

«Վարդավառի տոնը սկսվում է Աստղիկ աստվածուհուն նվիրված ծեսով. օրհնվում է ջուրը, վարդերը լցվում են ջրի մեջ, որից հետո այդ վարդաջրով իրար ցողում են տոնի մասնակիցները: Վարդը սիրո բացարձակ խորհուրդն է, իսկ վարդել` վառվել բառը նշանակում է վառվել բացարձակ սիրով»,- այսօր ասուլիսի ժամանակ այսպես ներկայացրեց ամեն տարի ամռանը Հայաստանում նշվող և ժողովրդի կողմից սիրված տոնը քրմապետ Գագիկ Հարությունյանը:

Նրա դիտարկմամբ, Վարդավառի տոնի ժամանակ կատարվող դարերի խորքից եկած հիմնական սովորույթի` իրար վրա ջուր լցնելու մեջ պետք է ուղղակի մի փոքր ավելի գեղեցկություն մտցնել:

«Բնականաբար, սիրեցյալիդ ցեխաջրով չես ջրի, իսկ եթե Վարդավառին մի բաժակ ջուր վերցնես, սիրո խոսքեր շշնջաս այդ ջրին ու ցողես դրանով քո սիրո առարկային, նա միանգամից կհմայվի քեզնով, դա հին հմայանքների ձևերից էր, որն օգտագործում էր մեր ժողովուրդը»,- ասաց Գագիկ Հարությունյանը և ցավով նշեց, որ սեր բառն ավելի շատ է օգտագործվում, քան պետք է, մինչդեռ այն երդման պես մի բան է, որը, երևի թե, պետք է մեկ անգամ օգտագործել: Տղաներն ու աղջիկները Վարդավառի օրը դիմել են Աստղիկ դիցուհուն, որպեսզի նա հովանավորի իրենց սերը, և մարդիկ հավատացել են, որ ջրի միջոցով կարելի է սիրո մասին հզոր տեղեկատվություն փոխանցել:

Պատմաբան Վահե Անթանեսյանի համոզմամբ, չնայած այն հանգամանքին, որ Վարդավառն այժմ ներկայացվում է որպես Հիսուսի պայծառակերպության կամ այլակերպության տոն, իրականում այն ոչ մի կապ չունի քրիստոնեության հետ, եւ ազգային տոն է: Ուրիշ բան, որ եկեղեցին նվիրագործել է այն և ներկայացնում է քրիստոնեական դավանաբանությանը համապատասխան, սակայն դա չի նշանակում, որ պետք է հեռանանք մեր ակունքներից:

Ակունքներից հեռանալու, ազգային արժեքները մոռացության մատնվելու պատճառներից մեկն էլ, ըստ պատմաբանի, այն է, որ այսօր մեր պետական օրացույցում չունենք գոնե մեկ ազգային տոն. միայն մեռելոցներ ենք նշում:

Ազգագրագետ Ռաֆիկ Նահապետյանը նշեց, որ անցյալում այն մարդը, ով ջրով ցողվում էր, բախտավոր էր համարվում: Երջանկաբեր վարդաջրով օծվելը, ըստ ազգագրագետի, նաև մաքրագործման և ապաշխարելու յուրահատուկ ծես էր:

Հիշեցնենք, որ այս տարի Վարդավառը նշվում է վաղը` հուլիսի 7-ին: Հայկական միակ պահպանված հեթանոսական Գառնիի տաճարում այն ավանդաբար նշվում է հատուկ ծիսակարգով և մեծ շուքով: Տոնախմբության կազմակերպիչները` արորդիները, տեղեկացնում են, որ Գառնի մեկնող ավտոբուսները առավոտյան մինչև ժամը 11:00-ն մասնակցել ցանկացողներին կսպասեն Երևանի Դրամատիկական Թատրոնի մոտ:

Lուսանկարում ձախից աջ` Վահե Անթանեսյան, Ռաֆիկ Նահապետյան, Գագիկ Հարությունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter