ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Մաֆիայի նախկին կնքահոր ներկայի վավերագրությունը



Վիդաս Զենոնաս Անտոնովասը գրանցված է եղել Խորհրդային միության ամենահետաքրքիր հանցագործների գրքում: Նա տարբեր պետական կառույցներից գողացել է մեկ միլիոն ռուբլու չափով գումար: Իր թիմի հետ առեւանգել է ինքնաթիռը` ուղեւորներով հանդերձ, Աֆրիկա փախչելու համար: 

Ֆիլմի մի հատվածում առողջական խնդիրներ ունեցող կինը խնդրում է ամուսնուն մեկ րոպեով գրկել փոքրիկին, որպեսզի ինքը կարողանա սպանել կամ դուրս վռնդել իշամեղուին, որը մտել է տուն:

Մի քանի րոպե այդ տեսարանն է, երբ ամուսինը երեխային հանձնում է կնոջը, ինքը գնում իշամեղուին ազատելու երկու ապակիների արանքում մնալու հավերժությունից եւ հանում ներսային ապակին, ապա սպասում, թե ինչպես է դուրս գալու իշամեղուն:

Միջատին ազատելու կամ արագ սպանելու մասին նրանց երկխոսության ընթացքում պարզ երեւում է, որ տան ամեն անկյունից ցանկացած պահի կարող է ներս մտնել որեւէ միջատ կամ սողուն, պարզապես նրանք այդ պահին հենց այդ իշամեղուին են նկատում, որովհետեւ 10 երեխաներից ոչ մեկ սենյակում չէ:

Լիտվայում բնակվող հայազգի ռեժիսոր Մարատ Սարգսյանի 1 ժամ տեւողությամբ վավերագրական ֆիլմը պատմում է Լիտվայի մաֆիայի նախկին, այժմ մեծ ընտանիքի հոր պատմությունը, ով ապրում է խիստ սուղ, բայց միեւնույն ժամանակ ժամանակակիցներիս անսովոր պայմաններում:

Վիդաս Զենոնաս Անտոնովասը` ընտանիքի հայրը, գրանցված է եղել Խորհրդային միության ամենահետաքրքիր հանցագործների գրքում:Նա տարբեր պետական կառույցներից գողացել է մեկ միլիոն ռուբլու չափով գումար:Իր թիմի հետ նա առեւանգել է ինքնաթիռը` ուղեւորներով հանդերձ, Աֆրիկա փախչելու համար:

Զենոնասը կյանքի 20 տարիները անց է կացրել 15 տարբեր բանտերում:Ֆիլմի նկարահանման ընթացքում գլխավոր հերոսն արդեն 71 տարեկան է` անսովոր առույգությամբ, ամենօրյա մարզանքներով, իսկ որ ամենից հատկանշականն է` արդեն 10 երեխաների հայր է, ունի 2 թոռ եւ 1 նորածին:

Զենոնասի խոսքերով` սա դեռեւս կանգառը չէ. նա պատրաստվում է գերազանցել պապի ռեկորդը, որն ունեցել է 18 երեխա, եթե, իհարկե, կնոջ առողջական խնդիրները լուծվեն:

Բուսական յուղը կրակի ուժեղությունից այս ու այն կողմ է ցատկում, Զենոնասը ձկան չորս կտոր է դնում թավայի մեջ ու փակում կափարիչով:Մյուս անհրապույր սենյակում, ռեժիսորն ընտրել է հետաքրքրիր անկյուն եւ միջանցքից նկարահանում է երեխաներին, ովքեր սպասում են իրենց բաժին կակաոին եւ մեկ կտոր հացին:Անկյունից ամեն մի երեխայի դուրս գալուց հետո երեւում է ամուսնուց 25-30 տարի փոքր, բայց անառողջ տեսքով կինը, որը ճաղատ է:Ճաղատ են նաեւ ընտանիքի մյուս անդամները:Ճաղատ է նաեւ Զենոնասը:

Ամռան այդ տապին երեխաների հետ դրսում է. Բացատրում է փոքրիկ աղջնակին, թե ինչպես պետք է պաշտպանվել:Այստեղ ակնառու են հետաքրքիր արտահայտություններ.

-Նա հանցագործ չէ հիմա,-ասում է մեկը:

-Նա ծեր է,-ասում է մյուսը:

-Բայց նա դեռ ուժեղ մկաններ ունի,-ավելացնում է մյուսը:

Այս ընտանիքում ժամանակն աշխատում է կարծես թե միայն նրանց հասակի եւ Ամանորյա մոգական գիշերվա արագ ժամանելու օգտին:

Ռեժիսորը նկարահանում է ընտանիքի պատմությունը եղանակային տարբեր շրջաններում:Ամռանը` ազատ դաշտի մեջ: Այդ տունը, որտեղ տեղափոխվել է ընտանիքը ամռանը, ամառոնոցի պես մի բան է` անորակ հայելիներով եւ հնամաշ բազկաթոռներով, որոնք դրված են դրսում` խոտերի վրա:

Նրանք լողանում են գետում, մայրը հերթականությամբ օճառում է երեխաների գլուխը, Զենոնասը` պարբերաբար սուզվում է եւ դուրս հանում գլուխը ջրի մակերեսին:Նա ծովախեցի է գնտում, որը ձեռքից ձեռք է փոխանցվում:

Այս ընտանիքի բազմամարդության եւ անընդհատության սինդրոմը ռեժիսորական հնարամատության արդյունքում շատ ակնառու երեւում է «I love tea» թեյի բաժակի կադրում. բաժակը սպիտակ է արտաքինից, ներսից պատերը սեւացել են տարբեր հեղուկների եւ մանրակրկիտ չլվանալու հետեւանքով:Բաժակը ֆիլմում երեւում է երկու անգամ` ձմռանը, եւ ամռանը. այն նույն աղտոտվածության մեջ է:

Կնոջ համաձայնեցված լռության ու ամենօրյա պարտականությունների, Զենոնասի հաճախակի առանձնացումների (փակվում է սենյակում` արգելելով որեւէ մեկին ներս մտնել) ֆիլմում պարբերաբար ցուցադրվում են տեսարաններ, որը հարցադրումներ կարող է առաջացնել դիտողի մոտ:

Այդ սուղ կենցաղային պայմաններում, սոցիալական անհամադրելի կեցության (սեփական տանը երեխաները քնում են խսիրի վրա եւ ճանճերի ուղեկցությամբ, բնակարանում` ինքնաշեն մահճակալների, որոնք հիշեցնում է խորհրդային ճամբարը) միջավայրում Զենոնասի կինը կարդում է հորոսկոպը:

-Լսիր, սերս, խոյեր...Ֆինանսապես...Դե դու չես աշխատում:

Ֆիլմի վերջին տեսարանում ընտանիքը ներկայանում է այլ կերպ` Զենոնասը Ձմեռ պապիի արտասովոր շորերով, կինն ու երեխաները սպասում են, որ հայրիկը շուտով կուղարկի նրան իրենց բնակարան:

Բոլորին բաժանվում է նվերները, սեղանը լի է:Երեխաներից մեկը դժգոհ է, մյուսն` անհամբերությամբ սպասում է իր անակնկալին, իսկ անկյունում դրված է Զենոնասի հատած մեծ ու շքեղ եղեւնին:

Այս տեսարանում բոլորի մազերը երկարել են, բոլորը ժպտում են, ընտանիքը դուրս է գալիս բակ` հրավառությունը տեսնելու:

Ֆիլմում այդպես էլ զարմանալիորեն չի երեւում դժգոհության ոչ մի ակնառու տեսարան, անգամ լացի եւ աղմուկի ձայնը պայմանավորված է միմիայն մանկական չարաճճիությամբ:Եվ դիտողին պարզ է դառնում, որի աշխարհի ինչ-որ անկյունում մաֆիայի նախկին պարագլուխն այլեւս մեկ այլ սոցիալական իրականության մեջ է դրսեւորում իր հակումները, խոսում իր մկանների եւ իր «սխրագործությունների» մասին` հաճախ ձեռքը վերցնելով հնամաշ կիթառն ու երգելով  մի գեղեցիկ կնոջ եւ նրա երկար ոտքերի մասին:

***

Մարատ Սարգսյանի «Հայրը» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում:

Այն մեկ տարվա ընթացքում արդեն իսկ արժանացել է մի քանի մրցանակների` «Visions du Reel» միջազգային կինոփառատոնի լավագույն ֆիլմ (Շվեյցարիա, 2013թ.), «Արծաթե եղջույր»` լավագույն միջին տեւողությամբ վավերագրական ֆիլմ, լեհ կինոմատոգրաֆների միության մրցանակ լավագույն նկարահանման համար (Կրակով, Լեհաստան, 2013):

Ֆիլմը «Ոսկե ծիրանի» շրջանակներում կցուցադրվի հուլիսի 10-ին (19:30, Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1), հուլիսի 12-ին (12:00-ին եւ 17:30, Մոսկվա կ/թ, Փոքր դահլիճ 1):

Ֆիլմի ցուցադրությունից հետո «Հետքը» կներկայացնի լիտվաբնակ ռեժիսոր Մարատ Սարգսյանի հետ ունեցած հարցազրույցը:

«Հայրը» ֆիլմի անոնսն այստեղ`http://vimeo.com/58185108

Հ.Գ. գլխավոր նկարը` http://livinginnyon.com կայքի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ