Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Հայկական կինո. 10 տարի Լատինական Ամերիկայում



Զրուցակիցս արգենտինահայ կինոգործիչ, դերասան, «Cinematica Armenia»-ի նախագահ Ջեք Պողոսյանն է:

Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի 10-ամյակին զուգահեռ Արգենտինայում լրանում է «Cinematica Armenia» («Հայկական ֆիլմադարան») ասոցիացիայի 10 տարին նույնպես:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Ջեքը մշտապես ընգրկված է եղել ժյուրիի կազմում: Այս տարի նա հյուրերի ցանկում է:

Արդեն երրորդն անգամ է, որ քեզ հանդիպում եմ մայրաքաղաք Երեւանում, եւ շատ ճամփորդությունների ու մշտական բնակության` Բուենոս-Այրեսում ընկած միջանկյալ հատվածներում: Կցանկանայի իմանալ` այս տարի ի՞նչ զգացողություն ունեիր առաջին օրերին, երբ ոտք դրեցիր մայրաքաղաք:Կարծես թե շատ բան փոխվել է:

Զգացմունքը մի քիչ ուրիշ բան է` նյութական չլինելու հետեւանքով դու չես կարող հաճախ բնորոշել շատ բաներ:Քաղաքը, ուր գալիս ես ու սիրում ես, խորը զգացում ես ունենում կրկին հանդիպման:Զգում եմ տեղի ունեցած արտաքին եւ ներքին փոփոխությունը:

Արտաքին փոփոխություններ բնականաբար լինում են` խանութն է փակվում, մարդիկ այլ տներ են տեղափվում, նոր բաներ են տեղի ունենում` ուրբանիզացիային հատուկ ձեւով: Բայց կա ներսային փոփոխություն, որը զգում եմ խորքում. օրինակ, ես շատ եմ սիրում Փարիզը, ունեմ ֆրանսիական կրթություն, բայց ես զգում եմ իմ արյան եռքը հենց այստեղ:Գուցե դա դրամատիկ է հնչում, բայց այդպես է: Առաջին բանը, որ ուզում եմ անել, տեսնելն է ամենը: Ամեն տարի, երբ գալիս եմ, հարցնում եմ ինքս ինձ` արդյոք կզգամ նույնը: Եվ, այո, զգում եմ: Այս տարի որոշել եմ այդ հարցը չտալ:

Այս տարի «Ոսկե ծիրանի» հոբելյանական տարեդարձն է:Հետաքրքիր է` ներկա ես եղել բոլոր տարիների փառատոներին եւ հստակ կարող ես բնորոշել փառատոնի անցած ճանապարհը քո տեսանկյունից:Այս անգամ կարծեմ թե ժյուրիի կազմում ընդգրկված չես:

Այո, այս անգամ հյուրի կարգավիճակում եմ: Այս տարի սովորական տարի չէ, ճիշտ ես:Իհարկե, շատ կարեւոր է 10 տարվա հոբելյանական գաղափարը, բայց համոզված եմ` նույն լրջությամբ ենք աշխատելու փառատոնի ընթացքում, ինչ անցյալ տասը տարիներին: Այսինքն` այս հոբելյանական տարին չի փոխում բովանդակության հիմնական էությունը. այն ուղղակի տոնական տրամադրություն է հաղորդում:

Մենք տասը տարի է` տոնում ենք «Ոսկե ծիրանը», տասը տարի այն մեր կյանքի կարեւորագույն մշակութային հատվածներից մեկն է. այդ տարիների ընթացքում մարդիկ մահացան, մարդիկ ծնվեցին, առաջացան խնդիրներ, լուծվեցին, եւ այս տարեդարձն ապացուցում է, որ անցյալ տարիներին ամեն բան արվել է կինոփառատոնի այսօրվա հաջողության համար:

Ինձ համար շարունակում է հատկանշական մնալ այն ազնվությունը, որով առաջնորդվում է «Ոսկե ծիրանը»` ցուցադրելով կինոաշխարհի կարեւորագույն նմուշներն ու նորարարությունները, ինչպես, օրինակ, շատ եմ կարեւորում «Հայկական համայնապատկեր»-ի առկայությունը, որտեղ տեսնում ենք բոլոր հայ ռեժիսորների հետ տեղի ունեցածն ու զգում ենք այդ ամենը մեկ հարթակում:

«Ոսկե ծիրանին»-ին զուգահեռ «մեծանում» է Բուենոս-Այրեսում հիմնադրած «Cinematica Armenia» («Հայկական ֆիլմադարան») ասոցիացիան: Այս տարի լրանում է ասոցիացիայի 10-ամյակը նույնպես: Ինչպիսի՞ առաջընթաց է գրանցել մյուս ափում հայկական ֆիլմերի պահոցը:

Հիմնադրման ժամանակ նպատակս հայկական ֆիլմերի համար տարածություն, վայր ստեղծելն էր: Այս մտքով երկար ժամանակ առաջնորդվում էի: Ուզում էի ցույց տալ նմուշներ, որոնք մարդիկ չէին տեսել եւ հենց դրանց միջոցով ուզում էի ծանոթություն հաստատել այստեղի եւայնտեղի միջեւ:

Այն միայն արխիվացման տեղ չի, այլ հայկական ֆիլմերի տարածման եւ մասսայական դարձնելու աղբյուրներից է:Մասնավորապես այս տարի տասից ավելի փառատոներին ցուցադրվեցին հայ ռեժիսորների ֆիլմերից եւ Արգենտինայում, եւ Ուրուգվայում: Այդ ցանկում էին ժամանակակից մի շարք ռեժիսորների` Հարություն Խաչատրյանի, Վիգեն Չալդրանյանի, Արման Երիցյանի եւ այլոց ֆիլմերը:

Ինչպիսի՞ լսարան է հավաքվում այդ ֆիլմերի դիտմանը:Ինչպիսին է նրանց արձագանքը:

Նման ֆիլմերի լսարանն արդեն իսկ նախապես գիտի` ուր է գնում:Օրինակ` Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմը ցուցադրվեց եւ Արգենտինայում, եւ Ուրուգվայում: Շատ կարեւոր բան տեղի ունեցավ ֆիլմի ցուցադրությունից հետո. ինձ պարզ դարձավ, որ այն ոչ միայն պարզապես դուր եկավ կամ դուր չեկավ լսարանին, այլ բոլորին հասկանալի դարձավ, որ ուրիշ մշակույթից է եկել այս ֆիլմը, ուրիշ աշխարհագրությունից, եւ տեղի ունեցավ մշակութային երկխոսություն:

Ասոցիացիայի կարեւոր գործառույթներից մեկն էլ այն է, որ ամիսը մեկ անգամ ցուցադրում ենք հայկական ֆիլմեր (արդեն ութ տարի), եւ լսարանի խայտաբղետությունն ինձ ոգեւորում է:Արգենտինացիներն ավելի շատ են տարվում հայկական ֆիլմերով, քան հայերը:Նրանք ուզում են իմանալ, թե ինչ ասել է հայկական մշակույթ, հայկական ֆիլմ, եւ մտածողություն:

Ուզում եմ անդրադառնալ ավելի նեղ մասնագիտական հարցի` հաշվի առնելով քո ունեցած փորձն ու ֆիլմերի հասանելիության մասշտաբները:

Լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսիի հետ ունեցած զրույցի ժամանակ ինձ համար պարզ դարձավ, թե ինչու Հայաստանը եւ նույնիսկ եվրոպական երկրները չեն կարող խաղարկային ֆիլմով` առաջնային տեղ զբաղեցնել  ֆիլմարտադրության ոլորտում, որովհետեւ Արեւմուտքն արդեն «զավթել» է այդ հնարավորությունը:Ըստ նրա մնում է անել բարձր որակի հեղինակային, վավերագրական ֆիլմեր:Ի՞նչ ես կարծում այս մասին:

Իմ կարծիքով նույնիսկ վավերագրականը պետք է լինի հեղինակային, երբ դու ցույց ես տալիս կյանքը քո մտածողության, աշխարհայացքի միջով:Ես խաղարկային ֆիլմ սիրում եմ, որովհետեւ ինքս դերասան եմ: Ուրախ եմ ասելու, որ մենք դասական հրաշալի ֆիլմեր ունենք:

Այն, ինչ կատարվում է այժմյան հայկական խաղարկային ֆիլմերում, ինձ համար մի քիչ անհասկանալի եզրեր ունի:Մասնավորապես խոսքս վերաբերում է դերասանական խաղին, դերասանի խոսքի վարպետությանը, մարմնի լեզվին:Ես հասկանում եմ, որ դեռեւս ռուսական դպրոցի ազդեցություն կա, բայց, ամեն դեպքում, չեմ կարողանում ընկալել ավելորդ պաթոսն ու առոգանությունը:Կցանկանայի առաջնային ուշադրությունը սեւեռել դրա վրա. վերը նշվածը շատ է խանգարում դիտողին անկեղծ էմոցիա փոխանցելու հարցում:

Ուրախալի է, այնուամենայնիվ, որ կան օրինակներ, որոնց մասին կարող եմ բարձրաձայնել. Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» խաղարկային ֆիլմի գլխավոր դերակատար Մարիամ Դավթյանը հրաշալի է խաղում:Նա այնպիսի դերասանուհի է, որը միաժամանակ տիրապետում է թե լռելու, թե խոսելու, թե մարմնի շարժման արվեստին:Եթե նման դերասաններ շատ լինեն, ֆիլմերն ավելի լավ կստացվեն:

Խոսեցինք «Ոսկե ծիրան»-ի եւ «Cinemateca Armenia»-ի մասին, կուզեի պատմեիր նաեւ այն գրքի մասին, որտեղ պատրաստում էիր հավաքել հայկական ազգային խոհանոցի բաղադրատոմսերը:

Արդեն 9 տարի է` աշխատում եմ ազգային խոհանոցին վերաբերող գրքի վրա. շատ ուրախ եմ դրա համար, բայց նաեւ մի քիչ հոգնած:Ուզածս միայն բաղադրատոմսի գիրք չէ. դրա միջոցով ուզում եմ ներկայացնել երկրի խոհանոցը` իր բուսականությամբ եւ բնականությամբ:Իհարկե հրաշալի բաղադրատոմսեր կան, բայց այս պահին կենտրոնացած եմ այն տարրերի վրա, որոնք հատկապես բնորոշ են մեր խոհանոցին: Արդեն ունեմ մոտ 5000 բաղադրատոմս եւ սկսել եմ ընտրության ընթացքը:Հուսով եմ գիրքը շուտով կլինի:

Մյուս բանը, որ ներառելու է գիրքը, խոհանոցային տերմինաբանական բառարանն է լինելու, որովհետեւ ինձ համար կարեւոր է գրքի մասնագիտացված լինելու հարցը:

Եվ վերջում` մենք մի քանի անգամ զրուցել ենք այն մասին, որ առաջին իսկ հնարավորության դեպքում, եթե համապատասխան աշխատանք լինի Հայաստանում, այստեղ կտեղափոխվես մշտական բնակության նպատակով, բայց այս անգամ փառատոնից անմիջապես հետո մեկնում ես:

Այստեղ մնալու միտքը ուղեղումս եւ սրտումս է:Ես միշտ ունեմ այդ ցանկությունը` անգամ այս պայնամաններում, երբ իմ կյանքն Արգենտինայում բարեկեցիկ է, ստեղծագործական աշխատանք ունենալու դեպքում ես կգամ Հաաստան եւ կծառայեմ երկրին:

Արդեն 10 տարի շարունակ ես գալիս եմ Երեւան` երբեմն տարին երկու անգամ եւ երբեք ինձ զբոսաշրջիկ չեմ զգացել. միշտ այն եղել է տան պես` իր բոլոր նշանակություններով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ