HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Կամավորականը հիմա ոչ մի կարգավիճակ չունի». ազատամարտիկ

«Եռամսյա հավաքի բոլոր ազատամարտիկներն ունեն պետության կողմից ամրագրված իրավունքներ, պետությունն իրենց մասին օրենքը գրել է, կիրառվում է, թե ոչ, դա երկրորդ խնդիրն է, իսկ ահա կամավորական ազատամարտիկի մասին օրենք ընդհանրապես գոյություն չունի Հայաստանում»,- ասուլիսի ժամանակ ասաց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը: Ազատամարտիկի կարծիքով՝ դա շատերի համար օրինակ կլինի, որ Հայաստանին վտանգ սպառնալու դեպքում չգնան ինչ-որ տեղ թաքնվեն, այլ իրենք էլ դառնան կամավոր:

Պահեստազորի փոխգնդապետ Գևորգ Տեր-Գևորգյանի խոսքերով՝ կամավորների հարցը դեռ շարունակում է մնալ օրակարգային, և վտանգի դեպքում պետք է լինելու, որ լինի այդ ոգին, որ հնարավոր լինի մի բան անել: «Ո՞նց կարող ես համեմատել մի մարդու, ով 88 թվականի Կիրովաբադի ջարդերի ժամանակ շալակած զենք էր տանում-հասցնում Կիրովաբադ՝ առանց այդտեղից լինելու, և կապ ունենալու այդ ամենի հետ, ու մի մարդու, ում ավտոբուսից զոռով իջեցրած, կռիվ են տարել»,- ասաց փոխգնդապետը:

Անդրադառնալով վերջերս երկրապահ կամավորականներին հատուկ կարգավիճակ տալու մասին ԱԺ-ի կողմից ընդունված օրենքին՝ Կարեն Մելիքբեկյանը կարծիք հայտնեց, որ մինչ այդ օրենքն ընդունելը պետք էր ընդունել օրենք պատերազմի մասնակցի մասին: «Ասենք, Պողոսը պատերազմի մասնակից ազատամարտիկ է, բայց «Երկրապահ»-ում չէ, ու գտնվում է, օրինակ, Շամշադինում կամ Նոյեմբերյանում, պիտի գա հասնի այստե՞ղ, որպեսզի օրենքում մտնի, ու ամեն անգամ խնդիր ծագելու դեպքում գա Երևա՞ն: Եվ ինչո՞ւ է այսօր պետությունն իր պարտականությունները գցում ՀԿ-ների վրա»,- ասաց Մելիքբեկյանը և հավելեց, որ իրենք ոչ մի խնդիր չունեն ԵԿՄ-ի և գեներալ Մանվել Գրիգորյանի հետ, բայց  ՀՀ կառավարությունից պահանջում են տվյալ օրենքը կանոնակարգել բոլոր կարգավիճակների համար ու հստակ ձևաչափերով:

Իսկ նախքան օրենքն ընդունելը, Մելիքբեկյանի դիտարկմամբ, անհրաժեշտ է հասարակական վերլուծական հանդիպում կազմակերպել ազատամարտիկների հետ, որոնք պարտադիր պետք  է ներկա լինեն տվյալ օրենքի լսումներին, և առանց ազատամարտիկի կարծիքը հաշվի առնելու, առանց վերջինիս հոգեբանությանը ծանոթ լինելու, ոչ ոք բարոյական իրավունք չունի ազատամարտիկի մասին օրենք ընդունել:

Գևորգ Տեր-Գևորգյանի դիտարկմամբ՝ նույնիսկ երկրապահների համար ընդունված օրենքն ուղղակի կարգավիճակ է սահմանում, բայց ոչ մի արտոնություն չի տալիս:

«Ծնվածս օրվանից ես Ղարաբաղի տեղը չեմ էլ իմացել, իսկ այսօր ես պիտի լինեմ կամ ղարաբաղցի կամ Հանրապետական կուսակցության անդամ, որ գործ ունենամ, կամ իմ որևէ մի հարցը լուծվի, բայց այն ժամանակ ես չէի ասում՝ ես հայաստանցի եմ, կամ նա ղարաբաղցի է, հասկանում ե՞ք՝ ցավն ինչ է, արհեստական ձևով սարքեցին այս շիլաշփոթը, դրա համար էլ չեմ ուզում խոսել»,- ասաց պահեստազորի ավագ լեյտենանտ, երկրորդ խմբի հաշմանդամ Գեղամ Հակոբյանը:

Պատերազմի մասնակից լինելը, հաշմանդամության կարգ ունենալը, պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Կարապետյանի խոսքերով՝ ձևական թղթի պես մի բան է, որի օգնությամբ ոչնչից հնարավոր չէ օգտվել. «Երբ մի տեղ մտնում ես, ասում ես՝ ես պատերազմի մասնակից եմ կամ երկրորդ, կամ առաջին խմբի հաշմանդամ, պատահում է, որ ասում են՝ չգնայիր, քեզ ոչ մեկ չէր խնդրում»:

լուս.՝  Գեղամ Հակոբյան, Կարեն Մելիքբեկյան, Գևորգ Տեր-Գևորգյան, Տիգրան Կարապետյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter