HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աուրելիա Գրիգորիու. Բաքվի վարձկան «մոջահեդուհին» եւ ռուսական ռուլետկան

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Հուլիսի 4-ին Հայաստանի խորհրդարանում Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հակահայկական սադրիչ ելույթի ու դրան հաջորդած քայլերի եւ իրադարձությունների վերլուծությունը հայկական ԶԼՄ-ներում, այդ ամենին պաշտոնական ու հասարակական արձագանքները ակնհայտ են դարձնում, որ հայկական կողմը դեռեւս ամբողջությամբ չի պատկերացնում, թե ի՞նչ երեւույթի հետ է բախվել, եւ որո՞նք են դրա իրական մասշտաբները:

Այն, ինչ մոլդովացի օմբուդսմենի կատարմամբ «բեմադրվեց» Երեւանում, ուշագրավ է ոչ միայն նրանով, թե ինչպե՞ս են Ադրբեջանի իշխանությունները վարձել հերթական օտարերկրյա պաշտոնյային սեփական տեսակետները նրա միջոցով հնչեցնելու նպատակով, այլեւ որ այդ «միջադեպն» ազդարարեց Ադրբեջանի հակահայկական քաղաքականության մի նոր դրսեւորման մասին. այն է՝ օտար շուրթերով ներխուժել Հայաստանի ներքին միջավայր, այնտեղ իրականացնել սադրանք եւ փորձել հակառակորդ երկրի մասին ձեւավորել «ցանկալի» իմիջ՝ հասարակական-քաղաքական շրջանակների իրավիճակային արձագանքի, իրարամերժ-քաոսային տեղեկատվության կամ դրա պակասի պայմաններում:

Ըստ այդմ, Հայաստանը պետք է Ադրբեջանի նմանատիպ նոր «գրոհներից» ոչ միայն պաշտպանվելու, այլեւ համարժեք արձագանքելու հստակ ռազմավարություն ունենա, քանի որ Աուրելիա Գրիգորիուն ընդամենը ադրբեջանական մարտավարության ծիծեռնակն է: Իսկ դրա համար անհրաժեշտ է հնարավորինս ամբողջական պատկերացում ունենալ խաղի բոլոր նրբերանգների մասին:

Տեղի ունեցածի կապակցությամբ լրջագույնս մտորելու խնդիր ունի նաեւ Քիշնեւը, քանզի իր սույն «անկախ», «իրավապաշտպան» պաշտոնյան, ըստ ամենայնի, իրեն անմնացորդ նվիրել է ոչ միայն Ադրբեջանի (ինչի ապացույցներն անվիճելի են), այլեւ միգուցե միաժամանակ մեկ այլ պետության շահերի սպասարկմանը, ինչը կարող է(ր) թանկ նստել Մոլդովայի, Մոլդովա-Հայաստան հարաբերությունների վրա:

Այդպիսի վարկած առաջ քաշելու համար բավարար հիմքեր, այդուամենայնիվ, կան: Բանն այն է, որ ապրիլի 11-ին Քիշնեւում պլանավորված է Եվրոպայի ժողովրդական կուսակցության առաջնորդների՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, որին մասնակցելու են ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսը, Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ֆիլատը, Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն, Հայաստանի եւ Վրաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Միխայիլ Սահակաշվիլին:

Մոլդովայի պաշտոնատար անձի հակահայկական ելույթի հետեւանքով Հայաստան-Մոլդովա հարաբերությունների վատթարացումը կարող էր պարզապես կասկածի տակ դնել գագաթնաժողովի անցկացումն ընդհանրապես, եթե Սերժ Սարգսյանը հայտարարեր դրան չմասնակցելու մասին՝ պահանջելով պաշտոնական Քիշնեւի ներողությունը Ա. Գրիգորիուի վարքագծի կապակցությամբ:

Բարեբախտաբար, երկու կողմերը տեղի ունեցածի ադեկվատ վերլուծություն կատարեցին ու նվազագույնը սթափ գնահատականներ հնչեցրեցին «միջադեպի» վերաբերյալ, եւ խնդիրը չվերաճեց երկու երկրների կամ դրանց ղեկավարների միջեւ թեկուզ ժամանակավոր, բայց դիմակայության, որի հաղթահարումը որոշակի ժամանակ եւ ջանքեր կպահանջեր:

Եթե պաշտոնական Երեւանը ավելի շատ լռություն պահպանեց ու սպասեց Քիշնեւի գնահատականներին եւ արձագանքին (գնդակն, իսկապես, նրա դաշտում էր), ապա վերջինս նախընտրեց նախ մի փոքր սպասել՝ հասկանալու համար կատարվածը, ապա նոր միայն արձագանքել:

Երեւանում հենց Ազգային ժողովում «միջադեպին» պաշտոնապես արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` մոլդովացի պաշտոնյային ու նրան ծափահարողներին մեղադրելով այլ երկրի պատվեր կատարելու մեջ. «Անընդունելի է, որ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում։ Ես չգիտեմ, թե դուք ում պատվերն եք իրականացնում, հարգելի փաստաբաններ, բայց ձեր ելույթները կարող եք ձայնագրել, որպեսզի ձեր պատվիրատուները ձեզ շնորհակալություն հայտնեն»։ Կոնֆերանսից դուրս տեղի ունեցածին նույնատիպ բացատրություն տվեց նաեւ Դավիթ Հարությունյանը՝ նշելով, թե դա այն է, ինչին հայկական խորհրդարանական պատվիրակությունները բախվում են տարբեր միջազգային կազմակերպություններում, այն է՝ «ադրբեջանական փողը, նավթը ու խավիարը քաղաքական շատ լուրջ բաղադրիչ են ապահովում»:

Միաժամանակ ԱԺ փոխնախագահը տեղում ակնկալիք հայտնեց, որ այլ երկրներից կոնֆերանսին մասնակցող բարձրաստիճան հյուրերը «պետք է անպայման իրենց անհամաձայնությունը հայտնեն, որ գիտական կոնֆերանսը որոշ մարդիկ փորձում են վերածել անթույլատրելի քննարկման»՝ հավելելով, որ «այսպիսի հարցի շուրջ քննարկումներ տեղի են ունենում այնպիսի լսարանում, որտեղ կան մասնագետներ, ովքեր տիրապետում են թեմային, իսկ հայտարարել, որ այստեղ կամ այնտեղ ցեղասպանություն է եղել, շատ նման է մեր հարեւանների կողմից ամեն օր հնչող միօրինակ հայտարարություններին։ Ես գտնում եմ, որ տիկին փաստաբանը պետք է ավելի կոռեկտ լիներ իր արտահայտություններում»:

Թեպետ հյուրերի կողմից որոշ միջամտություններ հենց տեղում եղան (Լիտվայի օմբուդսմենը, ռուսաստանցի մասնակիցը հասկացրեցին, որ «տեղը ճիշտ չէ ընտրված նման հարցի մասին խոսելու համար» եւ առաջարկեցին դադարեցնել քննարկումն ու կանխել ծավալվող բանավեճը), այդուհանդերձ, սոսկ կոնֆերանսի մասնակիցների դատապարտումը չէր կարող բավարար ընկալվել, որքան էլ նրանցից շատերը պաշտոնյաներ լինեին:

Ակնհայտ էր, որ մի կողմից պաշտոնական Երեւանը չէր ցանկանում այլ պաշտոնական հայտարարություններով կշիռ հաղորդել կողմնակալ օմբուդսմենի անձին ու նրա հայտարարություններին, սակայն մյուս կողմից էլ՝ չէր կարող անտեսել, որ Ա. Գրիգորիուն ներկայացնում է չափազանց կարեւոր ոլորտում՝ մարդու իրավունքների բնագավառում, պաշտոնական գնահատական ներկայացնող լիազոր մարմնի՝ Մոլդովայի օմբուդսմենի գրասենյակը: Հետեւաբար, Երեւանի համար առավելապես կարեւոր էր Մոլդովայի պաշտոնական գնահատականը՝ նախընտրելով ուղղակի եւ բացահայտ չհայտարարել այդ մասին: Մասնավորապես, Երեւանը պետք է լսեր Քիշնեւի հստակեցումը, թե արդյո՞ք Ա. Գրիգորիուն ներկայացնում է Մոլդովայի պաշտոնական տեսակետն այդ խնդրի առնչությամբ:

Խաղը, որ դրվել էր եւ որին Ա. Գրիգորիուն գիտակցված կամ չգիտակցված մասնակցում էր, չափազանց ուշագրավ էր իր ոչ միայն կարճաժամկետ հետեւանքի (հայ-մոլդովական հարաբերություններին լարվածություն հաղորդելով՝ տապալել առաջիկա գագաթնաժողովը), այլեւ երկարաժամկետ հետեւանքների առումով: Այս առումով թիրախը բավական լավ էր ընտրված. Ա. Գրիգորիուի միջոցով փորձել ձեւավորել ղարաբաղյան հակամարտության խնդրով Մոլդովայի օմբուդսմենի «պաշտոնական», «մասնագիտական», «իրավական» գնահատական, որը հետագայում հաղթահարելն ավելի դժվար կլիներ, քան էժանագին սկանդալի պատճառով Մոլդովայի ու Հայաստանի նախագահների հարաբերությունների ժամանակավոր պաղությունը: Իսկ դա, իսկապես, բաժանարար խնդիր կդառնար ոչ միայն հայ-մոլդովական հարաբերությունների, այլեւ ողջ Արեւելյան գործընկերության համար:

Հետեւաբար, սկանդալի օրերին թերեւս հայկական կողմի առավել ադեկվատ քայլերից մեկը հենց հաջորդ օրը Մոլդովայի օմբուդսմենի եւ նրան նշանակած մարմնի՝ Մոլդովայի խորհրդարանի թիրախավորումն էր: Այս առումով Երեւանը նախ Քիշնեւին անուղղակի հասկացրեց, որ կմիջազգայնացնի մոլդովացի օմբուդսմենի պահվածքի հարցը առնվազն օմբուդսմենների միջազգային ընտանիքում, եթե Քիշնեւը մինչեւ շաբաթվա վերջը հստակություն չմտցնի եւ հանդես չգա անհրաժեշտ արձագանքով: Մասնավորապես, հուլիսի 5-ին Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը սպառնաց առաջիկա շաբաթվա ընթացքում նոտա հղել օմբուդսմենների միջազգային կառույցներին ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին, քանի որ, ըստ գրասենյակի մամուլի խոսնակի հայտարարության, Հայաստանի օմբուդսմենի համար «դատապարտելի է այդ պահվածքը, եւ նա էլ է կարծում, որ ընդհանրապես Մոլդովայի օմբուդսմենի ելույթը օմբուդսմենների ինստիտուտին հարիր չէր, այլ հակառակը` վարկաբեկում էր այդ ինստիտուտը»:

Մոլդովայի օմբուդսմենի արձագանքը չուշացավ: Մեկ օր անց՝ հուլիսի 6-ին, Մոլդովայի Խորհրդարանական փաստաբանների աշխատանքը համակարգող օմբուդսմեն Անատոլի Մունթեանուն Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո գրավոր ուղերձ հղեց նրան, որում հավաստիացրեց, թե Ա. Գրիգորիուի հայտարարությունը ԼՂ հակամարտության մասին «չի արտացոլում Մոլդովայի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտի դիրքորոշումը նման նուրբ հարցի շուրջ»,  ինչպես նաեւ՝ «ափսոսանք հայտնեց միջադեպի կապակցութամբ»՝ հույս հայտնելով, որ նրա հայտարարությունները «չպետք է երկու հաստատությունների միջեւ գժտության պատճառ հանդիսանան», իսկ միջադեպն էլ՝ «ազդի Մոլդովայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների ավանդական հարգանքի եւ արդյունավետ համագործակցային հարաբերությունների վրա»:

Նույն օրը Քիշնեւում ԱԳ նախարար Նատալյա Հերմանը կարծիք հայտնեց, թե մոլդովացի օմբուդսմենի հայտարարությունները չպետք է ազդեն Քիշնեւի ու Երեւանի հարաբերությունների վրա: Հաստատելով, որ երկկողմ հարաբերությունների վրա ազդելու «ռիսկ միշտ էլ կա», եւ հայ-մոլդովական հարաբերությունների համար այդպիսի հեռանկարը «կախված է նրանից, թե ինչպես մենք կվերլուծենք իրավիճակը, եւ ինչպիսի քայլեր կձեռնարկվեն հաջորդող օրերին»: Իսկ խորհրդարանի խոսնակ Իգոր Կորմանը հայտարարեց, թե Գրիգորիուի խոսքերին գնահատական կտա մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովը՝ ձեռնպահ մնալով մեկնաբանություններ տալուց  ու հայտարարելով, որ «պետք է հստակ իմանալ, թե այնտեղ ինչ է տեղի ունեցել, իմանալ հայտարարությունների բնույթը» եւ  «պետք է դատել ոչ թե շշուկներով, այլ ստույգ տեղեկատվության հիման վրա»:

Այդուհանդերձ, Իգոր Կորմանը կատարվածի կապակցությամբ հայկական կողմին միջնորդավորված ափսոսանք հայտնեց Մոլդովայի Սահմանադրական դատարանի անդամ Վիկտոր Պոպանի միջոցով, ով նույնպես այդ օրերին Ա. Գրիգորիուի հետ գտնվում էր Երեւանում նույն կոնֆերանսին մասնակցելու նպատակով. «Ես երեկ կատարվածից հետո խոսել եմ Մոլդովայի խորհրդարանի ղեկավարի հետ, եւ նա ինձ լիազորել է ցավ հայտնել կատարվածի համար: Մեր ղեկավարությունը խոստանում է, որ դա կլինի քննության առարկա, որպեսզի պարզվի, թե ում անունից եւ ինչ լիազորություններով էր օժտված նա նման հայտարարություն անելու համար: Այնուհետեւ պաշտոնական հայտարարություն կարվի»,- Երեւանում հայտարարեց Վիկտոր Պոպան: 

Չնայած վերոնշյալ մոլդովացի պաշտոնյաների զգուշավոր արտահայտություններին՝ Մոլդովայի դեմոկրատներից Մարիան Լուպուն առաջինը հայտարարեց, որ Ա. Գրիգորիուն Երեւանում քաղաքական հայտարարություններ անելու իրավունք չուներ. «Չեմ բացառում այնպիսի գործոնի գոյությունը, ինչպիսին մարդկային հիմարությունն է, եթե, իհարկե, խոսքը ավելի սարսափելիի՝ քաղաքական պարտավորությունների եւ բեմականացված ակցիայի մասին չէ»: Մոլդովայի կոմունիստական կուսակցությունից խնդրո առնչությամբ անհասցե քննադատական վերաբերմունք արտահայտեց նաեւ Վլադիմիր Վորոնինը՝ նշելով, թե նմանատիպ ցանկացած հարցի պետք է զգուշավոր մոտեցում. «Բոլոր այդպիսի հայտարարությունները, անկախ հեղինակից, քանի որ հարցը չեն լուծում, դրանց նպատակը տարածքային հակամարտությունների լուծումից մեզ ավելի հեռացնելն է»:

Արդեն հուլիսի 8-ին, անձամբ լսելով Քիշնեւ վերադարձած Ա. Գրիգորիուի պարզաբանումները, Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Կորմանը սխալմունք որակեց Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ. «Մենք չպետք է մեզ թույլ տանք այդպիսի հայտարարություններ, որոնք կասկածի տակ կդնեն Մոլդովայի իմիջը եւ այլ երկրների հետ հարաբերությունները: Դա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հին հակամարտություն է, եւ նրանց երկուսի հետ էլ պետք է հաստատել լավ հարաբերություններ: Պետք է խուսափել մեր հարաբերությունները փչացնող հայտարարություններից: Այդ պատճառով էլ ես խորհրդարանական փաստաբաններին բաց ասացի, որ դա սխալմունք է եղել, կոպիտ սխալ, եւ նման բան չպետք է տեղի ունենար»:  Նա նաեւ իրազեկում է, որ տիկին Աուրելիան պետք է բացատրություններ տա խորհրդարանական հանձնաժողովներին, ինչպես նաեւ՝ իր տեսակետը հայտնի մամլո ասուլիսում, սակայն հասկացնում է, որ  նրա պաշտոնանկության մասին խոսք լինել չի կարող:

Սակայն Ա. Գրիգորիուի ելույթը գագաթնաժողովը վիժեցնելու եւ հայ-մոլդովական հարաբերությունները փչացնելու ունակ միակ իրադարձությունը չէր: Նրա սկանդալային ելույթից ուղիղ 1 օր անց՝ հուլիսի 5-ին, միանգամայն «սինխրոն» կերպով ԵԺԿ գագաթնաժողովի հանդեպ դիմադրություն ի հայտ եկավ Քիշնեւում, երբ ռուսական կողմնորոշմամբ հայտնի Մոլդովայի կոմունիստների խորհրդարանական խմբակցությունը դեմ արտահայտվեց խորհրդարանական նիստերի անցկացման վայր համարվող Հանրապետության պալատում «Արեւելյան գործընկերության» պետությունների ղեկավարների գագաթնաժողովի անցկացմանը: Մոլդովական «Publika TV» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ կոմունիստներն իրենց «դիրքորոշումը» հիմնավորել էին, թե դեմ են գագաթնաժողովի անցկացմանը, քանի որ դրա պատճառով օրենսդիր մարմնի նախատեսված նիստը չի կայանա: Իսկ խմբակցության պատգամավոր Յուրի Մունտյանն էլ հեգնել էր, թե  այն շենքը, որտեղ անցկացվում են խորհրդարանի նիստերը, «որոշել են օգտագործել մասնավոր խնջույքների համար», ինչպես նաեւ՝ ուղղակի վիրավորանք էր հասցրել գագաթնաժողովին մասնակցել պատրաստվող ԵԺԿ առաջնորդներին, այդ թվում՝ Հայաստանի ու Վրաստանի նախագահներին. «Գաղափար անգամ չունեմ, թե ովքեր են այդ անհաջողակները, որոնք պետք է գան այստեղ, բայց մենք պահպանում ենք նիստին գալու մեր իրավունքը: Ու առավոտից այստեղ կլինենք»,- սպառնացել էր Մունտյանը:

Այսպիսով, բարեբախտաբար, թե՛ հայկական, թե՛ մոլդովական կողմերը սթափ գտնվեցին թե՛ միջադեպի օրը, թե՛ դրանից հետո՝ ԵԺԿ գագաթնաժողովը փրկելով տապալումից, իսկ Հայաստան-Մոլդովա հարաբերությունները՝ վատթարացումից մի այնպիսի բախտորոշ շրջանում, երբ Մոսկվան ամեն կերպ ցանկանում է խոչընդոտել նոյեմբերին Վիլնյուսում մի կողմից Արեւելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Մոլդովայի ու Վրաստանի, եւ  մյուս կողմից՝ ԵՄ-ի միջեւ Ասոցացման, Խոր եւ համապարփակ առեւտրի համաձայնագրի ստորագրմանը: Իսկ Քիշնեւում ԵԺԿ առաջնորդների հավաքը, որին պետք է մասնակցեն Հայաստանի, Վրաստանի ու Մոլդովայի նախագահները, ակնհայտորեն դրա նախապատրաստական վերջին փուլն է, որտեղ պետք է վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերվեն հիշյալ փաստաթղթերը ստորագրելու մասին:

Եւ ակնհայտորեն այդ գագաթնաժողովի նախաշեմին Քիշնեւում Մոլդովայի կոմունիստների դիմադրությունը եւ Երեւանում Մոլդովայի խորհրդարանական փաստաբանի վարքագիծը խորքային կապի մեջ են՝ անկախ նրանից՝ երկու խաղացողները միմյանց հետ ուղղակի կապի մեջ ե՞ն, թե՞ ոչ, գիտակցո՞ւմ են, թե իրենց ինչ դեր է վերապահված մեծ խաղում, թե՞ ոչ: Ռուսական կողմնորոշմամբ Մոլդովայի կոմունիստների ու Ա. Գրիգորիուի վարքագծերի կապն առավել ուշագրավ է դառնում այն խորապատկերին, որ ժամանակին Աուրելիա Գրիգորիուն խորհրդարանական փաստաբան՝ օմբուդսմեն է առաջադրվել հենց Մոլդովայի կոմունիստների խմբակցության կողմից...

Զուգադիպությամբ, Քիշնեւում ԵԺԿ առաջնորդների՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի օրը՝ հուլիսի 11-ին, Մոլդովայի խորհրդարանական հանձնաժողովը պետք է որոշում ընդունի Ա. Գրիգորիուի արած հայտարարությունների կապակցությամբ, որի մասին 2 օր առաջ տեղեկացրել էր Մարդու իրավունքների հանձնաժողովի նաագահ Վադիմ Միշինը. «Մենք շատ ուշադիր կլսենք տիկին Գրիգորիուին, նրա բոլոր բացատրությունները, այն ամենը, ինչ նա կցանկանա եւ կկարողանա մեզ  բացատրել: Մենք կլսենք աշխատանքային խմբին, կլսենք հանձնաժողովի բոլոր անդամների կարծիքները, եւ միայն այդ ժամանակ կմշակվի որոշումը»:  Հանձնաժողովի պատգամավորները առաջարկել են լսել նաեւ Սահմանադրական դատարանի անդամ Վիկտոր Պոպային, ով Ա. Գրիգորիուի հետ միասին եղել է Երեւանում, ինչպես նաեւ՝ Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչներին

Որքան էլ պատգամավորներն իրավունք ունեն գործադիր մարմնին դիմել բավարար ապացույցների դեպքում խորհրդարանական փաստաբանի մանդատը ետ կանչելու  առաջարկով, քիչ հավանական է թվում, որ Աուրելիա Գրիգորիուն պաշտոնանկ կարվի: Այդպիսի ակնարկ արդեն իսկ արվել է Մոլդովայի խորհրդարանի ղեկավար Իգոր Կորմանի կողմից, հատկապես, երբ Ա. Գրիգորիուի մանդատի ժամկետը լրանում է եկող հոկտեմբերին, եւ նրա օրերը հաշված են: Այդ ժամկետից հետո Ա. Գրիգորիուն լավագույն դեպքում պատվավոր տեղ կզբաղեցնի «Ադրբեջանի վարձված բարեկամների» շարքում:

Չնայած դրան, այդուհանդեձ, նախընտրելի կլինի, որպեսզի Հայաստանը Մոլդովայի հայկական համայնքի ձայնով ու ուժեղացված քայլերով կարողանա հասնել Ա. Գրիգորիուի պաշտոնանկությանը: Ադրբեջանական բացահայտված լոբբիստին պատժելը ոչ պակաս հարված կլինի նրա հակահայկական դիվանագիտությանը, ու նաեւ՝ դաս ադրբեջանական քարոզչության այլ օտարերկրյա վարձկանների համար: Թե ինչի՞ կհասնի Երեւանը, տակավին դժվար է ասել, եւ դա մեծապես կախված է նրանից, թե որքա՞ն գրագետ կկարողանա հայկական կողմը ներկայացնել Ա. Գրիգորիուի հայտնի ու անհայտ, վերլուծված ու չվերլուծված, նկատված ու չնկատված սխրագործությունները (որոնց կանդրադառնանք հաջորդիվ): 

Գագաթնաժողովը փրկված է: Այն կկայանա հուլիսի 11-ին: Սակայն Արեւելյան գործընկերության հետ կապված ռուսական խաղն ավարտված չէ, եւ նորանոր «անակնկալներ», այդ թվում՝ ադրբեջանական ֆինանսավորմամբ ու հետքով,  դեռեւս պետք է սպասել: Իսկ թե ինչպե՞ս դա հնարավոր դարձավ Աուրելիա Գրիգորիուի միջոցով, եւ ի՞նչ նրբերանգներ ունի Ադրբեջանի նոր մարտավարությունը Հայաստանի հանդեպ, որն այս անգամ օգտագործեց Մոսկվան, առանձին քննարկման նյութ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter