HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհաքաղաքական կողմնորոշման դեգերումները որպես արտագաղթային մտածողության սինդրոմ

Էս ծանր ձևակերպման տակ խոստանում եմ մտքերս դասավորել հնարավորինս պարզ ու կրճատ, բայց զգացմունքներից մաքրել, զատել դրանք չեմ կարող: Ես քաղաքագետ չեմ, ոչ էլ մերօրյա ամենագետ-փորձագետ, էն, ինչ պիտի ասեմ, լռելու անհնարինությունից է, երբ պիտի գլուխդ կախ քո գործին լինես, քո բաժին պարտականություններին, բայց իրականությունը, ցավի բնական ճիչդ կորզելով, ստիպում է նաև խոսել:

«Ես կին եմ և մայր»,- այսպես կսկսեր Անթառամ Մայրիկը ու Մուսա Լեռան փեշերին իրենց խաղաղությունը խաթարված գտած գյուղերի հինգ հազար շունչ հայերին իր հողապաշտ բնազդով վերջնականապես կհամոզեր, որ Մուսա լեռ բարձրանալը և ինքնապաշտպանությունը միակ փրկությունն են համաշխարհային տերությունների անբարոյական խաղերի արդյունքում թափ առած թուրքի եղեռնագործ սանձարձակությունից:

Երեխաներիս շորերն եմ արդուկում, ծալ-ծալ, գալար-գալար, խնամքով շարելով իրար վրա, ու ընտանեկան հարկի տակ հավերժ կանացի ու օրհնաբեր էս հոգսի մեջ փորձում եմ ազատել ինձ մի ամբողջ ժողովրդի հիշողությունից, էն, որ պատմական կամ ինստիտուցիոնալ են ասում, էն որ մեր դեպքում թույն ու հակաթույն է միաժամանակ, անեծք ու օրհնություն է միաժամանակ, անելանելիություն ու վճռականություն է միաժամանակ:

Պատմությունը կրկնվում է: Լրահոսի թունավոր էջերն արդեն մի քանի շաբաթ է զբաղեցնում են միտքս: Արդուկն այլևս կենցաղով կենցաղից կտրվելու հաճելի զբաղմունք չէ, երբ հետն էլ երեխաներիդ հետոն ես գծագրում` նույնքան կոկիկ ու ծալ-ծալ դասավորելով լավատեսությանդ պահարաններում: Հեռու-մոտիկ հարևաններդ թակել են դուռդ, բան են հիշեցնում, զգուշացնում են արագացնել: Նույն չար հեքիաթը: Կողմնորոշվի´ր, հա´յ ազգ: Ու էս ամենում քո մեջ ծնվող կենտրոնական հարցը նույնքան թունավոր է ու նենգ, որքան հարևաններիդ  ինտեգրացիոն վերջնագրերն են: Ո՞ր ուղղությամբ ենք գնալու:

Այդ երբվանի՞ց ուղղությունը գերադիր դարձավ լինելիությունից, գոյության պարզ ու փորձված հաստատունությունից: Հայաստանը կայարան չէ, որտեղ պետք է կողմնորոշվել ուր գնալ, հայե´ր: Արևելքն ու արևմուտքը, հյուսիսն ու հարավն իրակություններ չե´ն, դրանք երկրորդային համեմատական հասկացություններ են, իրակությունը հո´ղն է, Երկի´րը, որի վրա ապրում ես, ու էդ Երկիրն իր տեղում, միա´յն իր տեղում է Երկիր, իր բաժին հողի վրա, իր թեկուզ դժխեմ բախտով ու իր` բացառիկ դերով պայմանավորված տեսակով:

Գաղթականի հոգի ունենք: Ճիշտ է ասված: Ու ինչո՞վ նման չէ աշխարհաքաղաքական կողմնորոշման մեր հիվանդությունն արտագաղթին: Երկու դեպքում էլ Երկիր ես լքում: Մի դեպքում հուսահատ մարդն է տեղաշարժվում, ում մեղադրելը նույնքան մեղք է, որքան արտագաղթելը,  մյուս դեպքում Երկրում մնացած գաղթական հոգով հայը փորձում է ամբողջ մի Երկիր տեղաշարժել... արևելք, թե` արևմուտք..., Ռուսաստան, թե` Եվրոպա....կարևոր էլ չէ:

Փույթ չէ, թե երեխաներիս այսօր հեքիաթ չեմ կարդա: Ձեռքիս տակ եղած «Հայոց պատմության» գրքերն եմ քրքրում, ինձ համոզելու բան չունեմ, բայց գուցե մի ցուցակ սարքեմ, պարզ մի ցուցակ, որտեղ հայոց այսուայնկողմ կողմնորոշվելու ողբալի հետևանքները մի առ մի շարեմ ազգիս գաղթական մտքի դեմ ու հողին ու սեփական ուժերին կառչած լինելու մեր հատուկենտ վճիռներով բացատրեմ երևանյան փոքրիկ բնակարանում բնադրման ու երեխաներ մեծացնելու իմ այսօրվա իրավունքն ու օրհնությունը:

Ֆիզիկական արտագաղթը լուծելի խնդիր է: Դեռ կգան: Եթե ոչ բոլորը, ապա շատերը: Բայց Երկիրն իրավունք չունի արտագաղթել: Իրավունք չունի շարժվել Տեղից: Մի´ տվեք էդ անիծյալ հարցը` ու՞ր: Քաղաքական-ինտեգրացիոն արտագաղթը, որ ուղղությամբ էլ լինի, ինքնասպանության է հավասար: Դեր Զորը Մուսա լեռից նախընտրելուն է հավասար: Հայերին Ռուսաստանի անծայրածիր եզերքներում բնակեցնել-փոշիացնելու ու Երկիրն առանց հայերի տեսնելու կայսրուհու քաղաքականությունը չի՞ շարունակվում այսօր, հավատակից մեծ եղբայրդ թշնամուդ չի՞ զինում: Եվրոպա՞: Ի՞նչ Եվրոպա: Տանդ գոյասյուները կտրում ես եվրավերանորոգման մի քանի տարա ծեփամածուկի դիմա՞ց: Կեղծ արժեքների՞, որոնց շրջանակում ողջ ազգիդ ցեղասպանվելը քաղաքակիրթ ազգերին անտարբեր թողեց հարյուր տարի առաջ, այդպես լինելու է և հիմա, երբ Երկիրդ վտանգվի. քաղաքակիրթ ազգերն այլևս Երկիր չեն ճանաչում, վերազգայինն է նրանցը, նյութն ու նյութականը: Հարցնում ես` հիմա՞: Հա, հենց հիմա, որովհետև հեռու-մոտիկ հարևաններդ թակել են դուռդ, բան են հիշեցնում, զգուշացնում են արագացնել: Կողմնորոշվել ու այսպիսով ազատել քեզ քո տեսակից` ազատելով նաև բնօրրանդ: Երկիրդ պետք է նրանց առանց քեզ:

Ու ես ծալում եմ արդուկած շորերն ու ստիպված եմ դրանք ու էլի շատ և ավելի կարևոր բաներ հետս Մուսա լեռ վերցնելու ու այնտեղ ամրանալու մասին մտածել: Երկիրս այսուայնկողմ տեղափոխելուց փրկելու համար: Ինձ հետ վերցնելու եմ նաև իմ մենակությունը: Ես դաշնակից չունեմ: Իմը հայ տեսակն է, մենակ, ծուռ ու դրանով իսկ ամենադիմացկուն տեսակը: Ես գիտակցում եմ, որ իմ ուժը հենց իմ մենակության մեջ է: Մենակության թելադրանքով նորից զտվելու, արտաքին թշնամուն դիմակայելու համար ներքին զազրելի արատներից հրաժարվելու բացառիկ հնարավորության մեջ: Ես գիտակցում եմ, որ անհնարին ոչինչ չկա, ու որ չինտեգրվելու անհնարին լինելն ու իբր դրա պատճառով աշխարհից մեկուսանալը սպառնալիք է միայն, որով դանդաղ, բայց հետևողականորեն նախապատրաստվել է առաջին հերթին ինքս ինձ չհավատալու ցավալի անկումը:

Ես գիտակցում եմ, որ իմ Երկիրն այլոց պետք է առանց ինձ: Չկամ ես, չի լինի և այն Ուխտը, որ Աստված Հայկի սերնդի հետ կնքել է էս սրբազան հողում: Ես գիտակցում եմ, որ ուղղություն վերցնելը Գաղթ է ու պարտություն Բելին, գիտակցում եմ, որ Տերն ինձ իմ հողի, միայն էս Երկրի վրա է օգնելու, երբ ես չփախչեմ Նրանից, ամրանամ Նրա բարձունքներում, պետք լինի` նաև խաչվեմ Նրան:   

Անի Մարտիրոսյան

9.07.2013 թ.

Մեկնաբանություններ (4)

HARUTYUN
ANI JAN QO NMAN MAYRER VOR DASTIRAKEN HAY EREXANERIN MER ERKIR@ K@ hZORANA . MEZ BOLORIS PETQ E HAYRENASIRUTYUN MIMIANTS NKATMAMB SER .HAYENIQ@ KORTSANVUM E HAYRENASIRUTYAN PAKASITS. SIRENQ MER ERKIR@
mane
apres !!!
Նարինե
Շնորհակալություն
Մարիամ
Ապրե՛ք: Շնորհակալ եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter