HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը դատական գործը շահել է կեղծ փաստաթղթով

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը գյուղատնտեսական մթերքներ արտադրող «Հասառ» ՍՊԸ-ին պետք է վճարեր մոտ 45 մլն դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցում: Այդպիսի որոշում էր կայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը՝ հիմք ընդունելով «Հասառ» ՍՊԸ-ի ներկայացրած ապացույցները` փորձաքննությունների եզրակացությունները եւ մասնագիտական կառույցների կազմած ակտերը: Վնասը փոխհատուցելուց խուսափելու նպատակով դատական ակտը բողոքարկած «ՀայՌուսգազարդ» ընկերությունը, ինչպես հետագայում փաստել է փորձաքննությունը, վերաքննիչ դատարանին կեղծ փաստաթուղթ է ներկայացրել:

Համաձայն ներկայացված փաստաթղթի` «ՀայՌուսգազարդ»-ը 2008 թ. հոկտեմբերին «Հասառ» ՍՊԸ-ին գազամատակարարման պարտավորություն չի ունեցել եւ ջերմատնային ընկերությանը գազ պետք է մատակարարեր միայն հունվար, փետրվար, մարտ, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին: Վերաքննիչ դատարանն այդ փաստաթութղը հիմք ընդունելով մերժել է «Հասառ» ՍՊԸ-ի` վնասի հատուցման պահանջը:  «… պետք է արձանագրել այն փաստը, որ նշված ջերմոցի բույսերը ցրտահարվել են դեռեւս հոկտեմբեր ամսին, երբ գազամատակարարում չի էլ նախատեսվել եւ այս դեպքում Պատասխանողը դրա հետ որեւէ կապ ունենալ չի կարող, քանի որ այդ ժամանակ գազի մատակարարում ըստ պայմանագրին կից առկա համաձայնագրի չի նախատեսվել»,- ասվում է վերաքննիչ դատարանի կայացրած որոշման մեջ:

Վերաքննիչ դատարանում գործը քննող դատավորների եռյակ կազմը` նախագահող դատավոր Լեւոն Գրիգորյան, Գոհար Մատինյան, Արմեն Թումանյան, անտեսել են այն հանգամանքը, որ առաջին ատյանի դատարանում «ՀայՌուսգազարդի» ներկայացուցիչը ոչ միայն չի ասել, որ տարվա մի քանի ամիսներին պետք է գազ մատակարարեին, այլեւ ընդունել են, որ 2008թ. հոկտեմբեր ամսից մինչեւ նոյեմբերի 11-ը չի վերականգնել գազամատակարարումը, բացի այդ նշված փաստաթուղթը չեն ներկայացրել առաջին ատյանի դատարանում, հետեւաբար, չէին կարող ներկայացնել նաեւ վերաքննիչում:

 «Կողմերի միջեւ կնքված պայմանագրի 2-րդ հավելվածում այդպիսի կետ չկա, որ գազամատակարարումը պետք է իրականացվեր միայն հունվար, փետրվար, մարտ, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին, այնինչ գործի նյութերում իսկական հավելվածից բացի հայտնվել է եւս մեկ հավելվածի պատճեն, որտեղ ձեռագրով նշված են այդ ամիսները: Այդ հիմքով վերաքննիչ դատարանը վեճը լուծել է հօգուտ «ՀայՌուսգազարդ» ընկերության»,- նշում է «Հասառ» ՍՊԸ-ի փաստաբանը օրերս ներկայացրած վճռաբեկ բողոքում:

Ներկայացված փաստաթուղթն անակնկալ է եղել «Հասառ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Հարությունյանի համար, որի մոտ եղած պայմանագրի օրինակը ձեռագիր նշումներ չի ունեցել: Ս. Հարությունյանը նշված փաստաթուղթը ներկայացրել է ՀՀ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ին՝ փորձաքննության նպատակով: Վերջինիս եզրակացության համաձայն՝ փաստաթուղթը կեղծված է:  «Փորձաքննությանը տրամադրված  «Բնական գազի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Լոռու ԳԳՄ եւ «Հասառ» ՍՊԸ-ի միջեւ 01.09.2006թ. կնքված N0442065 պայմանագրի հավելվածի 2-ի  (էջ 15) պատճենը (հետազոտելի) չի պատճենահանվել անմիջականորեն «Բնական գազի (մատակարարման ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդ) «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Լոռու ԳԳՄ եւ «Հասառ» ՍՊԸ-ի միջեւ 01.09.2006 թ. կնքված N 0442065 պայմանագրի հավելվածի 2-ի  (էջ 15) բնօրինակից:

Փորձագետը ներկայացրել է փաստաթուղթը պատրաստելու եղանակը. «… բնօրինակի որեւէ պատճենի վրա կատարվել են փոփոխություններ (լրացվել է աղյուսակի առաջին սյունակը, ձախ կողմի միջնամասում կատարվել են ձեռագիր գրառումներ, ավելացվել են կլոր կնիքի թվով երկու դրոշմ): Այնուհետեւ ստացված փաստաթուղթը պատճենահանվել է մեկ կամ բազմակի անգամ»,- եզրակացրել է փորձագետը:

Սամվել Հարությունյանն ասում է, որ գազ մատակարարող ընկերության հետ իր հնգամյա վեճի պատմությունն սկսվել է ունեցած պարտքերի պատճառով, որի համար «ՀայՌուսգազարդ» ընկերության Լոռու մարզի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը (ԳԳՄ)-ն 2008 թ. սեպտեմբերի 1-ին առանց իրեն գրավոր զգուշացնելու, դադարեցրել է գազամատակարարումը: 2008թ. հոկտեմբերի 10-ին Ս. Հարությունյանը  «ՀայՌուսգազարդ» ընկերության Լոռու մարզի ԳԳՄ տնօրեն Վ. Բաղդասարյանին գրավոր տեղեկացրել է, որ վճարել է 2 մլն դրամի պարտքը եւ անդորրագրերը ներկայացնելով խնդրել է վերականգնել գազամատակարարումը: Գազ մատակարարող ընկերությունը, սակայն մերժել է խնդրանքը եւ պահանջել է մինչ այդ վճարել նաեւ դեռեւս 2007թ.-ին  տնտեսական դատարանի` Լոռու ԳԳՄ հայցն ընդդեմ «Հասառ» ՍՊԸ-ի կայացրած վճռով սահմանված 117,330 եւ 42420 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը, ինչպես նաեւ` 192,804 դրամ հաշվարկված տույժի գումարը: 

Ս. Հարությունյանը 22.10.2008թ.-ի գրությամբ պատասխանողին հայտնել է, որ 15.10.2008թ. վճարել է 240,000 դրամ եւ խնդրել է այդ գումարից ձեւակերպել տույժի եւ պետտուրքի գումարները: Սակայն «ՀայՌուսգազարդ» ընկերության Լոռու մարզի ԳԳՄ տնօրեն Վարդան Բաղդասարյանն այս անգամ «Հասառ» ՍՊԸ-ի տնօրենին նոր պահանջ է ներկայացրել՝ առաջարկելով կնքել գազմատակարարման պայմանագրի հավելված՝ մատակարարվող գազի համար 4 մլն 400 հազար դրամի կանխավճար կատարել կամ մատակարար ընկերության մոտ գրավադրել ջեռուցման սեզոնում սպառվելիք բնական գազի արժեքին համարժեք գույք, գույքի գրավադրման հետ միասին նաեւ 1 մլն դրամ կանխվճար մուծել:

Ս. Հարությունյանը հրաժարվել է կատարել անօրինական պահանջը եւ գրավոր հայտնել է, որ ընկերության տնօրենի ներկայացրած պահանջը իրենց միջեւ կնքված պայմանագրից չի բխում: «Բոլոր անհրաժեշտ վճարումները մեր կողմից կատարվել են, Դուք պարտավոր եք վճարումը կատարելուց հետո ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում, այսինքն՝ 16.10.2008 թ.-ին վերականգնել ջերմոցային տնտեսության գազամատակարարումը: Հայտնում եմ, որ ջերմոցի ցանքսն ամբողջությամբ կատարված է, աշխատանքները կատարվում են ժամանակին, եւ բույսերն առողջ են: Գազմատարակարարումն ուշացնելու դեպքում կարող է վնասվել ամբողջ բերքը, որի պատասխանատվությունը կընկնի Ձեզ վրա»,- հայտնել է պատասխան գրությամբ:

Չնայած «ՀայՌուսգազարդ», ընկերության Լոռու մարզի ԳԳՄ տնօրեն Վարդան Բաղդասարյանը 28.10.2008թ.-ին գրավոր տեղեկացրել է, որ համաձայնագիրը կնքելուց եւ նախատեսված չափով կանխավճարը վճարելուց հետո միայն ընկերության գազմատակարարումը կվերսկսի, այնուամենայնիվ, նոյեմբերի 11-ից կամովին վերականգնել է այն: Սակայն մինչեւ նոյեմբերի 11-ը, ջեռուցման բացակայության հետեւանքով, 1100 քմ լոլիկի եւ 1100 քմ վարունգի բույսերն արդեն ցրտահարվել էին:

Ջերմոցային տնտեսությանը պատճառված վնասը գնահատելու համար Ս. Հարությունյանը դիմել է «Ջերմոցային ասոցիացիա»-ին, որն էլ իր հերթին դիմել է գյուղնախարարությանը՝ անհրաժեշտ մասնագետներ տրամադրելու խնդրանքով: Մասնագիտական հանձնաժողովի  իրականացրած կենսաբանական փորձաքննության համաձայն՝ «բույսերի վերականգնումն այլեւս հնարավոր չէ եւ մասնագիտական հանձնաժողովն ակտ է կազմել, ըստ որի լոլիկի եւ վարունգի բույսերը ցրտահարվել են ջեռուցման բացակայության պատճառով»:

Եղանակն այդ տարի՝ 2008 թ.-ի աշնանը, ցրտել էր հոկտեմբերի 20-­ից եւ «Հայաստանի հիդրօթերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկություններով` նոյեմբերի 1-ից մինչեւ 10-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանավան քաղաքում (Գարգառ գյուղը քաղաքից 10 կմ հեռավորության վրա է գտնվում) ջերմաստիճանը տատանվել է -1,1-ից մինչեւ -4,1 C ջերմաստիճանի սահմաններում: Գիտությունների Ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 2012թ. հունիսի 5-ի տված եզրակացության համաձայն՝ «2008թ. հեկտեմբերից մինչեւ 2008թ. նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում օդի ցածր` 0 աստիճանից մինչեւ -4,1 աստիճանի եւ գազի բացակայության պայմաններում վարունգի եւ լոլիկի բույսերը կցրտահարվեին եւ այլեւս չէին վերականգնվի հետագա ջեռուցման պայմաններում»:

Փորձաքննության եզրակացության համաձայն՝ ջերմոցում վարունգի եւ պոմիդորի բույսերի ցրտահարության պատճառը հանդիսանում է երկարատեւ ցածր ջերմաստիճանը, ինչը հանգեցրել է բույսերի ոչնչացմանը:

«Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները դատարանում հարցաքննվել են եւ ներկայացրել են դատարանին, որ ջերմոցն ամբողջությամբ բուսապատ էր, բույսերն առողջ էին, բերքի տակ, սակայն ցրտահարության պատճառով ամբողջությամբ վնասվել էին եւ վերականգնման ենթակա չէին:

 «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ն գնահատել է ջերմատնային տնտեսության կրած վնասը եւ նրա տրամադրած տեղեկանքի համաձայն՝ 20.000  կգ լոլիկի միջին շուկայական արժեքը կկազմեր  20,285,714 ՀՀ դրամ, 22,000 կգ վարունգի միջին շուկայական արժեքը՝ 24,640.000 ՀՀ դրամ: Հանրագումարի արդյունքում ընկերությանը պատճառվել է մոտ 45 մլն դրամի վնաս:

Մեկնաբանություններ (1)

spartak
Միայն անտեր երկրում կհանդիպես նման պատկերների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter