HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավետիք Գրիգորյանի Տիեզերագիտական խմբակի «թոռնիկները»

Աստղերը միշտ տրամադրել են երազել...

Մարդիկ բոլոր ժամանակներում, հայացքն առ երկինք, փնտրել են իրենց Աստղը՝ նրանից ջերմության և լույսի սպասումով: Սիրահարները միշտ զրուցել են աստղերի հետ, պոետները գովերգել…

Այնինչ անհուն գեղեցկությամբ վառվող Տիեզերքն իրականում մութ, խավար, նաև չափազանց ցուրտ անսահմանություն է: Այնտեղ -270 աստիճան սառնամանիք է տիրում, նրա համեմատ մեր Հարավային բևեռն Անտարկտիդայում ահագի՜ն տաք է՝ միջինում ընդամենը մինուս 50: Այդ մութն, իհարկե, տիեզերական փոքր տարածությունների վրա լուսավորում են տիեզերական կանթեղներ, որոնց կոչում ենք աստղեր, արեգակներ: Բայց նույնիսկ այդ հրե գնդերն ի զորու չեն լույս սփռելու մութ տիեզերքի բազում մութ հարցերին։

Իսկ մարդկանց մի խումբ կա, որը չի բավարարվում միայն հիանալով ու երազելով։ Այդ մարդկանց մեջ, իբրև Արեգակ, վառվում է տիեզերական առեղծվածներին բացատրություն տալու ցանկությունը։ Այդպիսիք շրջապատող աշխարհի հանդեպ իրենց հետաքրքրասիրությամբ աչքի են ընկնում փոքր կամ դեռահաս տարիքից։

Եվ ահա՝ աստղագետ Ավետիք Գրիգորյանը, որին իր սաները մեծագույն հարգանքով Ուսուցիչ են կոչում, գրել է գիտահանրամատչելի գիրք, որը տալիս է պատանիներին արդեն լուծված շատ խնդիրների պատասխաններ, ինչպես նաև՝ երազանքի ու իմացության թևեր՝ հետագայում շարունակելու տիեզերական որոնումները։

Իր տպագրությանը երկար սպասած «Դարերի խորքից դեպի Տիեզերք»–ի շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիսի 4-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության փոքր դահլիճում: Հնչեցին շնորհավորանքի ու մեծարանքի խոսքեր՝ առ այն, որ գիրքը հիրավի երևույթ է գիտահանրամատչելի գրականության շարքում, որ այն նաև խորը, բազմակողմանի, միաժամանակ մատչելի կերպով նյութի մատուցմամբ ուսումնաօժանդակ ձեռնարկ է։

Գիրքն սկսվում է հեղինակի հետևյալ պատգամով՝ Սիրելի՛ պատանի ընթերցող, մարդու ամենամեծ երազանքը աշխարհի ճանաչումն է: Թող այս գիրքը սովորեցնի քեզ երազել ու կանթեղի պես լուսավորի ճանաչման քո ճանապարհը:

Եվ քանի որ Ավետիք Գրիգորյանը լավ ծանոթ է՝ աստղագիտությամբ, տիեզերագնացությամբ, ավիացիայով ու Տիեզերքի բազում խնդիրներով հետաքրքրված շատ երիտասարդների՝ իր «Դարերի խորքից»–ով և 25 տարի արդեն գործող «Տիեզերագիտական խմբակով», շնորհանդեսին եկել էին նաև այդ խմբակի, ինչպես նաև խմբակի սաներից մեկի՝ Լևոն Արամյանի ղեկավարած «Տիեզերք» ակումբի սաներից։ Ասել է թե՝ Ավետիք Գրիգորյանն արդեն տվել է երկու սերունդ. առաջին՝ իր սաները, երկրորդ՝ իր սաներից մեկի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բացած «դուստր» խմբակի սաները, ուր սովորում է 2–րդ սերունդը՝ սանի սաները, որոնց այլ կերպ, տալով հումորի երանգ, շնորհանդեսի ժամանակ անվանեցին Ավետիքի «թոռնիկներ»։

Եվ ահա ինձ հաջողվեց շատ հաճելի զրույց վարել թոռնիկներից երկուսի՝ 9-րդ դասարանցի Միդոյան Արարատի և 11-րդ դասարանցի Ղարիբյան Վահեի հետ։ Ակումբում տարիքային սահմանափակում չկա: Արարատն, օրինակ, ակումբի ստեղծման օրվանից՝ իր 7-րդ դասարանից, մասնակցել է բոլոր դասերին: Իսկ Վահեն՝ 9–րդ դասարանից։ Երիտասարդները պատմեցին, որ պարապմունքներն անցկացնում են պարոն Ավետիքի ստեղծած պրեզենտացիաներով, որոնց հիման վրա էլ գրվել է գիրքը: Ակումբի գործունեությունը տարադասարանային է, և չկա ոչ մի տեսակի սահմանափակում, իսկ նոր աշակերտներն սկսում են ոչ թե սկզբից, այլ դասերի ժամանակ անցնում են այն, ինչ՝ մյուսները։ Նոր եկողն ուսուցչի հետ առցանց ուսուցում է անցնում, լրացնում այն ինֆորմացիայի բազան, որն անհրաժեշտ է ներկա թեման հասկանալու համար, իսկ հարցեր առաջանալու դեպքում, թե՛ դասի ժամանակ և թե՛դասից դուրս, կարող է դիմել ուսուցչին։

Պարզվեց, որ երիտասարդներն անհամբերությամբ էին սպասում գրքի հրատարակմանը։ Երկուսն էլ խոստովանեցին, որ դեռ չեն հասցրել, բայց պլանավորում են մոտակա ժամանակներում անպայման ձեռք բերել այն:

Ինչպե՞ս ստացվեց, որ մասնակցեցիք շնորհանդեսին. հրավե՞ր, սեփական ցանկություն ու նախաձեռնությո՞ւն։

Արարատ. Նախաձեռնությունը տիար Բլեյանինն էր, իմն էր մեծ ցանկությունը:

Վահե. Գրքի շնորհանդեսի մասին տեղեկացել եմ նույն օրվա առավոտյան. կրթահամալիրից ինձ առաջարկեցին մասնակցել՝ որպես «Տիեզերք» ակումբի սան: Գրքի հրատարակումն, իհարկե, նշանակալի էր։ Սպասում էինք բոլորս, ովքեր ծանոթ էին AYAS-ի և Ավետիք Գրիգորյանի գործունեությանը: Կարծում եմ՝ գիրքը կհանդիսանա խթան՝ մեր երկրում այս գիտության զարգացման համար։ Անգամ եթե գիրքը նոր գիտնականներ լույս աշխարհ չբերի, գոնե հետաքրքրվողների ավելանալը կարող է գիտնականներին շահագրգիռ դարձնել իրենց գործունեությունն ավելի մեծ հանրությանը ներկայացնելու փորձեր անելու համար, և դա արդեն մեծ հաջողություն կլինի։

–Ո՞վ է վարում պարապմունքները, Ավետիք Գրիգորյանը երբևէ լինո՞ւմ է պարապմունքներին, շաբաթը քանի՞ պարապմունք է անցկացվում։

Վահե. «Տիեզերք» ակումբի պարապմունքները վարում է Լևոն Արամյանը՝ Ավետիք Գրիգորյանի աշակերտը, իսկ Ավետիք Գրիգորյանի և իր խմբակի աշակերտների հետ հանդիպումներ կազմակերպվում են տարբեր միջոցառումների շրջանակներում, օրինակ՝ դիտումներ «Տիեզերք» ակումբի աստղադիտակով կամ միասնական կինոլեկտորիումներ և այլն: Շաբաթական ունենում ենք երկու պարապմունք՝ հինգշաբթի և շաբաթ օրերին, հիմնականում հինգշաբթի օրը պրեզենտացիաներով դասեր են, իսկ շաբաթ օրերին տվյալ թեմայի հետ կապված կինոդիտում:

–Ի՞նչ է տալիս ձեզ այդ խմբակը։ Ո՞ր դասարանից են սկսում մասնակցել օլիմպիադաներին։

Արարատ. Գիտելիք, հետաքրքրություն և անսահման հարցերի պատասխաններ: Իսկ օլիմպիադաներին, եթե կարողանում են, մասնակցում են երկրորդ դասարանից:

 –Հայտնի է, որ «Ծառուկյան» հիմնադրամի հատկացրած միջոցներով ձեռք է բերվել աստղացուցարան։ Մի քանի խոսքով ներկայացրեք աստղացուցարանը. դա պիտի որ շատերի համար անհասկանալի, զարմանալի և անծանոթ լինի։

Վահե. Մեր աստղացուցարանը Հայաստանում առաջին հանրակթրական աստղացուցարանն է, որի նպատակն է հանդիսանում սովորողների շրջանում գիտության հանդեպ սեր և հետաքրքրություն սերմանելը։ Այն գտնվում է Մալաթիա– Սեբաստիա թաղամասի Սրբ. Երրորդություն եկեղեցու դիմաց գտնվող Մեդիակենտրոնում, այցելել կարող են բոլորը, ցուցադրությունը տեղի է ունենում ոչ միայն 360 աստիճանով, այլ նաև գլխավերևում, ինչը տալիս է ավելի լավ տարածաչափական զգացում, քան 3D տեխնոլոգիան։ Որպես առավելություն՝ նշեմ, որ կարիք չկա կրելու ակնոց կամ ինչ–որ այլ աքսեսուար, ինչն էլ ապահովում է հանգիստ և առանց ավելորդ լարվածության կինոդիտում:

Ֆիլմադարանում կան մի քանի ֆիլմեր և մեկ անիմացիոն ֆիլմ, որի նպատակն է՝ ցույց տալ աստղացուցարանի հնարավորությունները, և այն դուր կգա անգամ ամենափոքրիկներին: Դե իսկ մեկ սեանսի արժեքը բավականին մատչելի է՝ թե՛ 10-15 հոգանոց խմբերի համար և թե՛ ավելի փոքր:

Մենք նաև պարբերաբար կազմակերպում ենք դիտումներ՝ բավականին զարգացած և ժամանակակից աստղադիտակով (Celestron NexStar 8 SE), և բոլոր ցանկացողները կարող են միանալ մեզ ու մասնակցել դիտումներին:

–Մի քանի խոսք էլ ձեր ծրագրերից կամ ընդհանրապես… նրանից, ինչ չեմ ընդգրկել հարցերիս մեջ, բայց կարծում եք, որ արժե դրանից խոսել։

Արարատ. Ընկեր Լևոնը, Վահեն և ես անցած հոկտեմբերին մասնակցել ենք Վրաստանում «Լեոնարդո դա Վինչի» նորարարական մրցույթին, որտեղ զբաղեցրել ենք 2-րդ տեղը: «Տիեզերք» ակումբը շրջադարձային դեր խաղաց իմ մասնագիտական կողմնորոշման վրա, հենց առաջին պարապմունքից հետո, ես որոշեցի, որ դառնալու եմ տիեզերագնաց կամ տիեզերագետ: Ինձ համար տիեզերքը անսահման հետաքրքրություններիս սկիզբն է:

Վահե. Որպեսզի համատեղեմ հետաքրքրություններիս գոնե մի մասը, գուցե նախընտրեմ հետագայում գիտական լրագրությամբ զբաղվելը։ Ունեմ համոզմունք, որ գիտության զարգացման համար նախ անհրաժեշտ է, որ տվյալ երկրում լինեն նաև այնպիսի ծրագրեր, նախագծեր և ԶԼՄ-ներ, որոնք ամեն կերպ կաջակցեն և կտարածեն գիտության մասին ինֆորմացիա. հենց քիչ ուշադրության պատճառով է, որ մեր երկրում այսօր գիտությունը չունի պատշաճ հարգանք:

Որպես Վահեի մտքի լրացում, նշեմ, որ շնորհանդեսի ժամանակ տարբեր առաջարկություններ հնչեցին՝ գրքի հետագա անելիքի հետ կապված։ Գիրքը պիտի անվճար տրամադրվի Հայաստանի, Արցախի, Ջավախքի դպրոցներին՝ նմանատիպ խմբակների համար։ Առաջարկություններ կային, որ կազմակերպվեն դասընթացներ՝ մեթոդական խորհուրդներ և ուղղություն տալու պարապմունքները վարող ուսուցիչներին, որ գիրքը պիտի թարգմանել ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով, որ կարելի է ստեղծել հեղինակային հաղորդաշար, որի շնորհիվ գրքի նյութը հեռուստատեսությամբ մատուցվի այդ թեմաներով հետաքրքրված հեռուստադիտողին և այլն։

Իսկ աստղացուցարանով և դիտումներով հետաքրքրվողներին տղաներն առաջարկում են միանալ իրենց ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/292159007520827/, այնտեղ թողնել կարծիքներ առաջարկներ, և իհարկե տեղեկացվել «Տիեզերք» ակումբի հետագա նախագծերից, նորություններից՝ կապված թե՛ կրթության, թե՛ զանազան այլ միջոցառումների հետ: 

Մանե Հակոբյան

Մեկնաբանություններ (1)

Հայկանուշ
Եթե կարելի է ավելի շատ տեղեկություն տրամադրեք խմբակի աշխատանքների մասին և մեթոդակսն ուղղություն նույնպես։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter